ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԿԱԴՐԵՐ` ՆՈՒՅՆԻՍԿ ՄՈՆՏԱԺՎԱԾ, ՉԿԱՆ
Դեկտեմբերի չորսին Շենգավիթի դատարանում քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարության շրջանակներում շարունակվեց մարտի 1-ի թեմաներով «կինոդիտումը»: Ի՞նչ պարզ դարձավ երեկվա «կինոդիտումից»`
1. Փաշինյանի ելույթի, այսինքն` ձայնի վրա, որը հնչել է Մյասնիկյանի արձանի մոտ, նախաքննության մարմինը տեղադրել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի կադրերը:
2. Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կոչ է արել ցուցարարներին չոգեւորվել եւ շարունակել պայքարել ՀՀ Սահմանադրությամբ քաղաքացուն տրված իրավունքների շրջանակներում: (Չնայած բազմաթիվ նկարահանված ապացույցների, այնուամենայնիվ, մեղադրող Կորյուն Փիլոյանը երեկ հայտարարեց, որ Մաշտոցի պողոտայում եւ ընդհանրապես մարտի 1-ի երեկոյան տեղի ունեցած անկարգությունները մարդիկ կատարել են Փաշինյանի ելույթից ոգեւորված):
3. Փիլոյանը, մեկ անգամ եւս դիտելով մոնտաժված կադրերը եւ այնտեղ այդպես էլ չհայտնաբերելով Նիկոլի մեղադրանքը հաստատող որեւէ ապացույց, ստիպված եղավ հայտարարել, թե իբր Փաշինյանի կողմից ցուցարարներին ուղղված հանդարտության կոչերը նրա կողմից նախապես մտածված քայլ էր` հետագայում արդարանալու եւ պատժից խուսափելու համար: (Ինչպես պետք է ցուցարարները կողմնորոշվեին` Նիկոլը ո՞ր հայտարարությունը ինչ նպատակով է անում: Ինչպես կարող էր Փաշինյանը հարյուր հազարավորներին բացատրել, որ, եթե հանկարծ հանդարտության կոչ անեմ, չհավատաք, դա ես անելու եմ հետագայում արդարանալու համար, եւ հակառակը` հենց ոգեւորության կոչեր անեմ, կոգեւորվեք, որովհետեւ դա այս պահի համար է ասվում: Փիլոյանի տրամաբանությամբ` այս ամենը հասկանալը բարդ խնդիր է: Փոխարենն այս մեղադրողի տրամաբանության բացակայությունը բազմաթիվ զվարճալի պահեր է պատճառում դատավարությանը ներկա քաղաքացիներին):
4. Տեսանյութերի կադրերով վերջնականապես հաստատվեց, որ բռնություններ են հրահրում հենց ոստիկանները, ապա դիմում են փախուստի: (Ն. Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն տեսանյութի վրա, որտեղ երեւում է` «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի կողքին զինվորական համազգեստով անձանց մոտ կանգնած են նաեւ քաղաքացիական համազգեստով անձինք: Ավելի ուշ հենց այդ անձինք էլ ջարդում ու հրկիզում են նույն այդ «Պրադոն»: «Մենք գտնում ենք, որ մեղադրող կողմը դատարան է ներկայացրել փայլուն կարդրեր: Նույնիսկ դրանք ապացուցում են, որ հրկիզումները, ջարդերը եւ թալանը իրականացվել է իրավապահների կողմից», հայտարարեց Սահակյանը):
Ուղիղ մեջբերումներ Նիկոլ Փաշինյանի այն ելույթներից, որոնք, ըստ մեղադրող կողմի, հաստատում են, որ Փաշինյանն է կազմակերպել զանգվածային անկարգությունները
Նիկոլ Փաշինյան. «Տղերք, շատ առաջ մի գնացեք, կանգնեք ձեր տեղերում, Ձկան խանութի մոտ տղերքը վերահսկում են դիրքերը, մի 200-300 հոգի առաջ գնացեք, ամրացրեք մեր դիրքերը... Մեր տղերքը գրավել են Պրոսպեկտի կամուրջը...... Ժողովուրդ, էսօր պետք է վերջացնենք, էլ ներվեր չկա, հավես չկա... :
* * *
Նիկոլ Փաշինյանը հարթակից հայտարարում է. «Էդ ինչ է այնտեղ, գնամ կարգ ու կանոն հաստատեմ»: Այս խոսքից հետո մոտենում է ոստիկանական «Վիլիս» մեքենային եւ պահանջում, որ դրա վրա բարձրացած երիտասարդը ցած իջնի:
* * *
Նիկոլ Փաշինյան. «Ոչ, ոչ, չենք ունեցել, ժողովուրդ, որտեղից էդ լուրերը, ժողովուրդ ջան, եկեք սենց անենք` հա, մինչեւ որեւէ բան վերջնական չի ճշտվում, չենք տարածում իրար մեջ, ես էս պահին հեռուստացույցով եմ հետեւում, չկա տենց տեղեկատվություն առայժմ, փառք աստծո, էլի եմ ասում, չկա տենց տեղեկատվություն, որ զոհ է եղել»:
* * *
Մյասնիկ Մալխասյան. «Այն անձինք, ովքեր չեն ենթարկվում այստեղից հնչող հրահանգներին, կասկածի տակ են դրվում: Կոնտակտկի մեջ չմտնել զինվորականների հետ, ոստիկանների հետ...Այդ զինվորները ձեր զավակներն են, գալու են միանալու են ձեզ. ինչքան շուտ գան էնքան անվտանգ ու ապահով կլինեք դուք... Մեր խնդիրը էստեղ խաղաղ, հանդարտ կանգնելն է»:
* * *
Նիկոլ Փաշինյանի խոսքը այն պահին, երբ մարդիկ Ֆրանսիայի դեսպանատան դիմացի շինարարությունից տարբեր առարկաներ են վերցնում. «Տղերք, չեղավ, վտանգավոր բան եք անում, տղերք, տղերք, կգցեք ժողովրդի վրա»:
* * *
Նիկոլ Փաշինյան. «Երիտասարդությունը գրգռված վիճակում է, ես հասկանում եմ, ձեր գրգռվածությունը, բայց էդ գրգռված ուղեղով հաղթանակ չեն տանում, հանգիստ եղեք, հանգիստ, մեր, մեր առաջնորդի նման, հանգիստ, հավասարակշիռ, գիտակցված, ամեն քայլը ինչի համար ա արվում, ինչ ա տալու այդ քայլը: Խնդրում եմ, էդ ձախ կողմի վրա, տղերք, էդտեղ ասեք, որ շատ վտանգավոր բան են անում, էդ կոնստրուկցիաները շուռ կգան մարդկանց վրա»:
* * *
Նիկոլ Փաշինյան. «Շատ առաջ մի գնացեք, մեր դիրքերում կանգնեք ուղղակի», «մի 200-300 հոգի առաջ գնացեք, իկառուսների մոտ ամրապնդեք մեր դիրքերը, չենք ոգեւորվում, շատ ոգեւորվել չկա», «Ժողովուրդ, մեր դիրքերից հետ մի գնացեք, առաջ մի գնացեք»:
* * *
Նիկոլ Փաշինյան. «Ժողովուրդ, ես մի խնդրանք ունեմ, տղաներ, հրապարակից մի հեռացեք, մնացեք էստեղ, մի գնացեք, բոլորդ հավաքվեք հենց հրապարակում, պաշտպանական դիրքերից հետ, պետք չի գնալ, մի ոգեւորվեք, տղերք»:
Գիշերը Նիկոլ Փաշինյանի խնդրանքով քահանան եւ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաքված ժողովուրդը աղոթք են ասում:
* * *
Նիկոլ Փաշինյան. «Ուրեմն, ինչ-որ խմբեր կան քաղաքում, ոնց ա հիմնավորվել, ուրեմն ինքը խմբեր ա ստեղծել, որոնք ինչ-որ ապակիներ են ջարդում, չգիտեմ ինչ են անում, իբր ասում ա դրա համար արտակարգ դրություն եմ մտցնում: էդ քո լակոտներն են, կանչիր տուն, էլ չեն անի: Մեր ժողովուրդը տասը օր կանգնել է Ազատության հրապարակում, օր ու գիշեր, ոչ մի ապակի, ոչ մի անկարգություն, մի մարդու քթից արյուն չի եկել, մի անախորժություն չի եղել: Էնպես որ, ինչպես ոչ ոք չի հավատում, որ դուք Ազատության հրապարակում ինչ-որ զենքեր եք գտել, էդ դուք եք դրել էդ զենքերը, այնպես էլ ոչ ոք չի հավատում, որ մենք` խաղաղ ցուցարարներս կարող ենք քաղաքում ինչ-որ ապակիներ ջարդել, կամ չգիտեմ ինչ անել»:
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ՉԻ




Մեջբերել
Էջանիշներ