
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատարան ներկայացած գրեթե բոլոր վկանները դատարանում հայտարարում են, որ չեն ճանաչում Փաշինյանին, սակայն լսել են, որ նա ասել է «զինվեք ինչով կարող եք»:
Արտաշատի բնակիչ, վկա Լաուրա Մելքոնյանի ասելով` մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ է հասել 13.40-ի սահմաններում եւ տեսել, որ Ազատության հրապարակում Դավիթ Շահնազարյանը եւ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը բանակցում են: Փաշինյանի պաշտպաններն այդպես էլ չկարողացան Լաուրա Մելքոնյանից պարզել, թե նա Մյասնիկյանի արձանի մոտ է եղե՞լ, թե՞ Ազատության հրապարակում: «Այ ցավդ տանեմ, նենց հարցեր ես տալիս, ո՞նց հիշեմ»,- զայրացած փաստաբանին ասաց Մելքոնյանը:
Նա դատարանին հայտնեց, որ պարբերաբար մասնակել է Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքներին, իսկ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ է եկել` պարզելու, թե Տեր-Պետրոսյանը գալու է, թե՞ ոչ:
«Ես տեսա, որ Փաշինյանը միկրոֆոնը ձեռքին ժողովրդին ասում էր` մնացեք ձեր տեղերում մինչեւ Տեր-Պետրոսյանը գա` հաղթենք: Մնացի մինչեւ իրիկուն` 21.40-ը, հետո գնացի, որովհետեւ Արտաշատի վերջին ավտոբուստ էդ ժամին ա Երեւանից գնում»:
Վկա Լաուրա Մելքոնյանն այն կինն է, որը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ նաեւ հայտարարել էր, որ ոստիկանները երեխա են սպանել: Ի դեպ, 2008թ. դեկտեմբերին «Ա1+»-ը Մյասնիկյանի արձանի հարակից այգում առիթ է ունեցել տիկին Մելքոնյանին նկարահանել նստարանին վրա հանգստանալիս:

Այսօր դատարանում վկայություն տվեց Կարեն Կոստանյանը, որն յուրաքանչյուր նախադասությունից հետո ծիծաղում էր: Նա մարտի 1-ին բարձրացել է ոստիկանության «Վիլիսի» վրա` տեղի ունեցածն ավելի լավ տեսնելու համար. «Այդ օրը երեխաներիս կրկես պիտի տանեի, տեսա, խառն է, զանգեցի ասեցի, որ չգան: Ես ոսկու շուկայում եմ աշխատում, ինձ մոտ էր, հետաքրքրության համար գնացի նայելու: «Փաշինյանին չեմ ճանաչում, բայց նա հայտարարեց, որ ով-ինչով կարող է թող պաշտպանվի: Մի պահ ես էլ ուզում փայտ վերցնեի, ոչ ոքի չէի ճանաչում, հետո գնացի տուն»:
Այսօր դատարանում ցուցմունք տվեց մարտի 1-ին թալանին մասնակցելու համար 4 տարի պայմանական դատապարտված Լավրենտի Գալստյանը: «Չեմ ճանաչում, անձամբ իմ հարազատը չի, բայց նենց տեսել եմ»,- Փաշինյանին տեսնելով` ասաց վկան: Գալստյանը Մալաթիայի շուկայում բանվոր է եղել եւ պարբերաբար մասնակցել է Ազատության հրապարակի շուրջօրյա ցույցերին: Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ է գնացել «Մալաթիա» շուկայի աշխատակից Գաբրիել Գաբրիելյանի ցուցումով` մոտ 100-150 աշխատակիցներով: «Իրիկունը, որ մլիցեքը եկան, ժողովուրդը քարեր, փետեր էր շպրտում: Ես էլ էի շպրտում: Մարդ չկար, որ մեզ ասեր` ինչ անենք: Մեզ պետք էլ չէր բան ասել, ժողովուրը գիտեր ինչ անել»:
Իր ասելով` երեկոյան, մի կնոջ է տեսել ձեռքին արկղ. «Էդ կինը ասեց խանութ են ջարդել, գնացեք, դուք էլ բան ման բերեք, կերեք: Ես անձամբ չէի ջարդի էդ խանութը, բայց որ ջարդած էր` գնացի բերեցի, որ ժողովուրդը ուտի: Հետո թղթեր ներկայացրեցի, որ հայրս ծանր հիվանդ է, իսկ կինս` հղի, ինձ ազատեցին»:
Փաշինյանի դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 19-ի, ժամը 12.00-ին:
Հիշեցնենք, որ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր 225 հոդվածով` մարտի 1-ի դեպքերի եւ Քր. օր 316 հոդվածներով` 2008թ. հոկտեմբերի դեպքերի առիթով:
Էջանիշներ