Ստորև ներկայացնում եմ երեկվա դատական նիստի սկզբում քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ելույթը.
Հայաստանի ժողովրդին որպես «7-ի գործ» հայտնի` մտացածին ֆարսի դատաքննության ժամանակ Հայաստանի Ազգային ժողովը ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը «հարստացրեց» 314 պրիմ 1 հոդվածով, որը վերնագրված է` «Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները»։ Այդ նորամուծությունը դատավորին հնարավորություն է տալիս մեղադրվող անձին հեռացնել դատական նիստերի դահլիճից եւ դատական քննությունը անցկացնել նրա բացակայության պայմաններում։
Միեւնույն ժամանակ, Քրեական դատավարության օրենսգրքում կատարվեցին այնպիսի փոփոխություններ, որոնք մեղադրվող անձի պաշտպաններին պարտադրում են նրա բացակայությամբ, այսինքն` ի հեճուկս պաշտպանյալի շահերի, մասնակցել դատական նիստին։ Բացի այս, ներդրվել է այսպես կոչված «հարկադիր պաշտպանի ինստիտուտ», ըստ որի` դատարանը կարող է մեղադրվող անձի բացակայությամբ եւ առանց նրա համաձայնության պաշտպան նշանակել եւ իր նշանակած պաշտպանի հետ անցկացնել «մրցակցային» դատավարություն։
«7-ի գործով» դատաքննության ժամանակ իշխանությունները օրենքի ուժ ստացած այս ապօրինությունները կիրառեցին իմ ընկերների դեմ հարուցված քրեական գործի շինծու լինելուց, դրա քաղաքական հետապնդման բնույթից հանրային ուշադրությունը շեղելու նպատակով։ Քանի որ այդ էժան եւ անհաջող փորձի կրկնությունը բացառված չէ նաեւ այս դատավարության ընթացքում, հարկ եմ համարում հայտարարել.
Արդեն իսկ ընդգծել եմ, որ դատական այս քննության ընթացքում մտադիր եմ պահպանել ֆորմալ դատավարական կանոնները։ Բայցեւայնպես, եթե դատարանը իմ նկատմամբ որեւէ պատրվակով դատավարական որեւէ սանկցիա կկիրառի եւ ինձ կհեռացնի դատական նիստերի դահլիճից, նույն պահից հրաժարվում եմ ցանկացած պաշտպանից, ով իմ բացակայությամբ որպես իմ պաշտպան կմասնակցի տվյալ գործով դատական քննությանը։ Նույն կերպ` հրաժարվում եմ ցանկացած պաշտպանից, ում դատարանը, առանց իմ համաձայնության, կփորձի գործում ներգրավել որպես իմ պաշտպան։
Հարկ եմ համարում նաեւ ընդգծել.
Այս դատավարությունը դեռեւս 2007 թվականի հոկտեմբերի 23-ին իմ ընկերների եւ իմ նկատմամբ ծայր առած քաղաքական հետապնդումների, ահաբեկումների հերթական դրսեւորումն է, որի նպատակը մեզ հարկադրելն է` հրաժարվել մեր քաղաքական սկզբունքներից, կարծիքներից, աշխարհայացքից, քաղաքական եւ լրագրողական գործունեությունից։ Մեզ փորձում են հարկադրել` չնկատելու տալ երկրում օր օրի ահագնացող լկտիությունն ու ապօրինությունը, կոռուպցիան եւ կաշառակերությունը, օլիգարխիկ եւ կրիմինալ բեսպրեդելը, իշխանության` բռնազավթված լինելը, երկրի, ազգային հարստության փոշիացումն ու թալանը, տնտեսական եւ քաղաքական հետապնդումները եւ համակերպվել այդ ամենի գոյության հետ։
Որպես Հայաստանի Հանրապետության օրինապահ քաղաքացի, որպես լրագրող եւ քաղաքական գործիչ, որպես երեք երեխաների հայր, որպես Հայաստանի ժողովրդի նվիրված զավակ` հայտարարում եմ.
Որեւէ սպառնալիքի ներքո չեմ ընկրկի հանցավոր իշխանության, բեսպրեդելի եւ լկտիության առաջ, հանուն արդարության, օրինականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության պայքարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից` բանտում կլինեմ, թե ազատության մեջ։
Սույն հայտարարությունը անում եմ ի գիտություն դատարանի, ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների, ի գիտություն հանրության։
Էջանիշներ