Փաշինյանի դատավճիռը` 2010թ. հունվարի 19-ին
17:37 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մինչ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը սկսելն այսօր նիստերի դահլիճը մարդաշատ էր, իսկ մթնոլորտը լարված էր:
Մեղադրող կողմի 8 տարի ազատազրկում պահանջելուց հետո այսօր Փաշինյանի փաստաբանները հանդես եկան մոտ 3 ժամանոց պաշտպանական ճառով եւ դատարանից պահանջեցին արդարացման վճիռ կայացնել:
Պաշտպան Լուսինե Սահակյանը նախքան Փաշինյանին առաջադրված Քր. օր 225 եւ 316 հոդվածներով առաջադրած մեղադրանքներին անդրադառնալը նա հիմնավորեց, որ 2008թ փետրվարի 19-ի նախագահի ընտրությունները կեղծվելուց հետո Լեւոն Տեր-
Պետրոսյանը մինչեւ մարտի 1-ը խաղաղ հանրահավաքներ է իրականացրել, որի ընթացում որեւէ անկարգություն չի արձանագրվել:
«Այդ մասին են վկայում նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հայտարարությունները»,- նշեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրելուն, ապա տիկին Սահակյանը նշեց, որ մինչ այդ պետք է ապացուցվի, որ մարտի 1-ին ընդհանարապես զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել:
Նա հրապարակեց մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովրդին ուղղված Փաշինյանի բոլոր կոչերը, որոնք նախաքննության մարմինը մոնտաժել է: Փաշինյանի խոսքում բռնության որեւէ կոչ չկար: Փաստաբանը նկատեց, որ «7-ի գործով» ընդդիմության ակտիվիստներին դատապարտեցին առանձին-առանձին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, իսկ Փաշինյանը իբր բոլորին է կազմակերպել: Եւ մեղադրողների վկանների, եւ իր հարցման արդյունքներում ձեռք բերած ցուցմունքներով Լուսինե Սահակյանը հիմնավորեց, որ Նիկոլ Փաշինյանն իրեն առաջադրված մեղադրանքներով որեւէ հանցանք չի կատարել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանից արդարացման վճիռ ակնկալելով` Լուսինե Սահակյանը նշեց, որ դատավորն այս վճռով դատավորը պարտավորություն ունի նաեւ մարտի 1-ի 10 զոհերի առաջ, որոնց սպանությունները մինչ օրս բացահայտված չեն:
Փաշինյանը արդարացում է ակնկալում
Այսօր պաշտպանական խոսքով հանդես եկավ նաեւ Նիկոլ Փաշինյանը. «Դատավարությունն արդեն ավարտվում է, սակայն ինձ այդպես էլ չպարզաբանեցին իմ մեղադրանքը»: Փաշինյանը հնարավորինս սեղմ ներկայացրեց 2007թ. հոկտեմբերի 23-ի երթին տեղի ունեցածը, որի համար իրեն մեղադրում են Քր. օր .316 հոդվածով` իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն կիրառելու համար եւ ասաց. «Նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում ես հնարավորություն չունեի հարվածել ոստիկանին, որովհետեւ կարմիր բերետավորներն իմ ձեռքերը ոլորել էին:
Խոսելով մարտի 1-ի մասին` Փաշինյանը հայտարարեց, որ թե Ազատության հրապարակում շուրջ 10 օր տեւած հանրահավաք ընթացքում ոստիկանությունն ընդդիմությանը որեւէ օրինական պահանջ չի ներկայացրել. «Չի ներկայացրել, որովհետեւ գիտեր, որ կկատարեինք օրինական պահանջը: Նրանց նպատակը մարդկանց ծեծելն ու ջարդելն էր, դա էլ արեցին»:
Փաշինյանն հայտարարեց, որ իր պաշտպանների, ինչպես նաեւ մեղադրող կողմի ներկայացրած տեսանյութերն ու ապացույցները բավարար են իրեն արդարացնելու համար: «Ես արդարացման վճիռ եմ ակնկալում. մյուս կողմից այդքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե ՀՀ-ում արդարացման վճիռ կկայացնեն: Ես արդարացում եմ ակնկալում ՀՀ քաղաքացիներից: Ես ակնկալում եմ, որ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում իրենց ընտրությամբ ՀՀ քաղաքացիները կկայացնեն իմ արդարացման վճիռը»:
Ներկանների հուզված դեմքերը տեսնելով, Փաշինյանը դիմեց նրանց` նշելով, որ այսօրվա մեր վիճակի համար պատասխանատու ենք միայն մենք` ժամանակին մեր չարածի, մեր վախենալու համար, իսկ այսօրվա մեր չարածը ընկնելու մեր երեխանների վրա:
Փաշինյանն այսօր օգտվեց վերջին խոսքի իր իրավունքից, որը շատ հակիրճ էր. «Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է: Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Դահլիճում ներկանները միացան Փաշինյանի վերջին խոսքին եւ ծափողջյուններով շարունակեցին. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»:
Դահլիճին հանդարտեցնելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ Փաշինյանի դատավճիռը կհրապարակվի 2010թ. հունվարի 19-ին, ժամը 12.00-ին:
Ի դեպ, դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր նիստերի դահլիճից դուրս հրավիրեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին` իր ներս մտնելու պահին ոտքի չկանգնելու համար: Սեֆիլյանն ընդունեց, որ չի հարգում դատարանին եւ առանց հակաճառելու դուրս եկավ: Հիշեցնենք, որ առանց բավարար ապացույցների Սեֆիլյանին 2 տարի ազատազրկման է դատապարտել նույն ինքը` Մնացական Մարտիրոսյանը:
Էջանիշներ