Գասպարին նորից պառկել է ասֆալտին
20:35 | Հոկտեմբեր 20, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ի սահմաններում Երևանի Շենգավիթի դատարանի շենքի առաջ ինձ մոտեցավ ոստիկաններից մեկը և ինձ հորդորեց' չցուցադրել և հավաքել իմ ձեռքում եղած պաստառը, ի դեպ, որի վրա գրված էր. ՙ Ամո'թ, վախկոտ, ստախոս ՙվկա՚ ոստիկաններին՚: Երբ ես խնդրեցի, պահանջեցի, որ այդ ոստիկանը ներկայանա և ինձ ասի ի՞նչ հարցով է ինձ դիմում, դրան ի պատասխան նշված ոստիկանն իմ ձեռքից խլեց նշված պաստառը և այլ թղթերը և պատռելով' իր հետ տարավ:
Հաշվի առնելով, որ մի քանի ստախոս ոստիկաններ դատարաններում կեղծ ցուցմունք են տվել,որ իբր մարտի 1-ի գործով մեղադրյալները նրանց նկատմամբ բռնություն են կատարել, ուստիես իմ բողոքն արտահայտեցի ասֆալտին պառկելով' հուսալով, որ ստախոս ոստիկանները նվազ չափով հնարավորություն կունենան բռնության ենթարկվելու մասին խոսել:
Ավելի ուշ ես բարձրացա և կազմեցի արձանագրություն կատարվածի մասին, որը ստորագրեցին ականատես քաղաքացիները: Այնուհետ դիմեցի վերոհիշյալ ոստիկանին' հայտնելով, որ եթե նա վախկոտ եւ ստախոս չէ, ապա թող գա և ինքն էլ ստորագրի կատարվածի արձանագրությունը, որպեսզի համապատասխան մարմինները որոշեն կատարվածի օրինականությունը և կարգապահական պատասխանատվության ենթարկեն կարգազանցներին: Սակայն նշված ոստիկանի փոխարեն, իբր ստորագրելու համար, մոտեցավ գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը և հասարակության նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից կեցվածք պատռեց արձանագրությունը:
Դիմում եմ Ձեզ, եթե ունեք բավարար ազնվություն, քաջություն և կամք, ապա իրականացնեք ծառայողական քննություն միջադեպի մասի, որի արդյունքում պետք է ճշտեք.
1. արդյո՞ք հոկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ի սահմաններում իմ ձեռքից պաստառը խլելու փաստը իրականությանը համապատասխանու՞մ է, թե' ոչ,
2. արդյո՞ք ոստիկանի համազգեստով իմ ձեռքից պաստառ խլող անձնավորությունը ոստիկանական ծառայո՞ղ է, թե' ոչ,
3. ճշտել նշված ծառայողի տվյալները,
4. ճշտել նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանական համազգեստով գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին նմանվող անձնավորությունը իմ ձեռքի արձանագրությունը պատռել-թափե՞լ է, թե'ոչ,
5. արդյո՞ք նշված անձնավորությունը գնդապետ Ռոբերտ Մելքոնյանն է եղել, թե'ոչ:
Խնդրում եմ վերոհիշյալը հաստատվելու դեպքում, նշված անձանց նկատմամբ հարուցել քրեական' գործ խուլիգանության հատկանիշներով և գործն ուղարկել դատարան»,-ասված է դիմումում:
Էջանիշներ