Մարտի 1-ն ու օտար ծառայությունները
Մարտի 1-ի թեման երեկ կրկին «թարմացվեց», եւ դա առիթ տվեց մտածելու, որ այն կարող է օգտագործվել ներքաղաքական պայքարում:
Մարտի 1-ի գործերը մտել են մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ դատարանը ամեն պահի կարող է սկսել քննություն: Քննության ընթացքում կարող են պարզվել որոշ փաստեր, որոնք կարող են արտահայտվել Հայաստանում ներքաղաքական դասավորության վրա: Մասնավորապես, եթե հաստատվի հայտնի օլիգարխների, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի, թիկնազորների մասնակցությունը ցուցարարների դեմ բռնություններում, դա կարող է ՀՀԿ-ԲՀԿ «մրցակցությունում» վերջին փաստարկը դառնալ:
Երեկ մարտի 1-ի քննչական խմբի նախկին ու ներկա ղեկավարները հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանի՝ քննությունն ակտիվացնելու ցուցումից հետո հարցաքննվել է մոտ 500 մարդ: Հայտարարվեց, որ մոտ ժամանակներս կհրապարակվի քննչական խմբի 4 տարվա աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույց: Եւ հենց այդ զեկույցը կարող է տեղեկատվական դաշտ նետել մարտի 1-ի իրադարձություններին այս կամ այն մարդկանց մասնակցության վերաբերյալ տվյալներ:
Սակայն, ըստ ամենայնի, մարտի 1-ի գործի բացահայտումն ունի ոչ միայն ներքաղաքական, այլեւ միջազգային մակարդակ: Հայ պաշտոնյաները տարբեր առիթներով հայտարարել են, որ Հայաստանն այնքան ուժեղ չէ, որ բացահայտի այդ կարգի հանցագործությունները: Եւ այն, որ ԵԽԽՎ նույնպես փորձում էր փակել մարտի 1-ի էջը, բավարարվելով համաներման մասին որոշումով, վկայում է, որ գործի բացահայտումը կարող է միջազգային սկանդալի պատճառ դառնալ:
Բանն այն է, որ դեռեւս մայիսին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել էր, որ 10 սպանություններն անհնար է բացահայտել: Նա ասել էր, թե այն փամփուշտները, որ հանվել են դիակներից կամ հայտնաբերվել Պարոնյան, Գրիգոր Լուսավորիչ եւ Մաշտոցի փողոցներում, չեն համապատասխանում ոստիկանության զենքին:
Հարությունյանի այս պնդումից հետեւում է, որ այդ փամփուշտներն արձակվել են կամ ՊՆ զինծառայողների, կամ էլ անհայտ խմբավորումների կողմից, որոնք թափանցել են Հայաստան:
Այս վերջին դրվագը հատկապես հետաքրքիր է: Ստացվում է, որ ինչ որ արտասահմանյան խմբավորումներ ներխուժել են Հայաստան, գնդակահարել 10 մարդու եւ թաքնվել, վստահ լինելով, որ կասկածները կընկնեն իշխանությունների վրա: Սկզբունքորեն, այդպես էլ եղավ, եւ ընդդիմությունը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին հռչակեց հիմնական մեղավոր:
Ինքը Քոչարյանը մի քանի ամիս առաջ նույնպես հայտարարեց, որ սպանությունները կապ չունեն իր մտցրած արտակարգ իրավիճակի հետ: Քանի որ դրանք կատարվել են ոչ այնտեղ, որտեղ հավաքվել է ընդդիմությունը եւ որտեղ իրավիճակը վերահսկել է ոստիկանությունը, այլ լիովին ուրիշ տեղ: Քոչարյանը, փաստացի, ուղիղ տեքստով ասել է, որ սպանությունները կատարել են օտար ուժեր:
Ինչ օտար կազմավորումներ կարող էին ներխուժել Հայաստանի տարածք եւ իրականացնել ահաբեկություն: Այն ժամանակ մամուլը գրում էր ռուսական հատուկ ծառայությունների ներկայության մասին:
Փաստացի, մարտի 1-ի իրադարձությունների բացահայտումը ներկայում հանգում է նրան, թե արդյոք որեւէ մեկը կհամարձակվի նշել այն արտասահմանյան կազմավորումները, որոնք կրակել են մարտի 1-ին: Դա կարող է լինել միայն մեկ դեպքում՝ եթե Հայաստանում մեղքը դրվի կոնկրետ մարդկանց վրա, եւ նրանք պաշտպանվելու համար կնշեն իրական մեղավորներին:
Արդյոք Եվրոպական դատարանում քննության ընթացքում կպարզվեն մանրամասներ: Թե դատարանը կսահմանափակվի միայն զոհերի հարազատներին փոխհատուցում տալու որոշմամբ:
Նաիրա Հայրումյան
Lragir.am
Էջանիշներ