Ինչո՞ւ. սպանվածները պատասխան չեն թողել
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարևանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլևս չի վերադարձել, չի վերադարձել նաև հարևանը` Դավիթ Պետրոսյանը:
Զաքարի անկողնուն գամված հայրը որդու և հարևանի մահվան մասին իմանում է հաջորդ օրը` հեռուստատեսությամբ հայտարարված մահացածների ցուցակից: Իմանում է, որ հրազենային վնասվածքով որդուն տարել են հիվանդանոց, անհույս վիրահատել են, բայց նա այդպես էլ գիտակցության չի եկել:
Ինչո՞ւ:
«Երբ Քելբաջարում 19 տարեկան հասակում զոհվեց մեծ տղաս, էս հարցը ինձ չէր տանջում, գիտեի` ինչու գնաց, հանուն ինչի զոհվեց, բայց Զաքարինը... Չգիտեմ` ումի՞ց հարցնեմ, ումի՞ց պահանջեմ»,- դողացող ձայնով հազիվ ասում է Սարիբեկ Հովհաննիսյանն ու գլուխը թաղում բարձի մեջ` թաքցնելով արցունքները:
Չորս ամիս ինսուլտից ողջ մարմնով թուլացած հորը պահում էր Զաքարը, որը տնից դուրս չէր գալիս` հորը մենակ չթողնելու համար, ու երկրի քաղաքական իրավիճակին ծանոթ էր լրատվամիջոցների ու հարևանների պատմածով:
Հոր խոսքերով` միշտ քննադատում էր վերջին իրադարձությունները, դեմ էր լարվածությանը, «քանի որ լավ գիտեր` ինչ բան ա կռիվն ու հարազատ կորցնելը, բայց չէր մտածում, որ էդ կռիվը պատահական իրան կտանի»:
Զաքարը մորը կորցրել է 2 տարեկանում, նրան, եղբորն ու քրոջը պահել են հայրն ու հորաքույրը: Դժվարությունների միջով անցած Զաքարը նախորդ հինգ տարին էլ խնամում էր անկողնային հիվանդ տատին, որի մահից հետո որոշել էր ամուսնանալ:
«Խեղճ երեխես հազիվ շունչ քաշեց, էն էլ ես հիվանդացա, ամբողջ օրը կողքիս էր, իբր ուզում էր տունը վերանորոգել, ամուսնանալ, ապրել, վերջապես: Գնդակը կույր ա, չգիտի` ում ա դիպչում ու ինչի»,- մղկտում է երկու որդի կորցրած հայրը, որի միակ մխիթարությունը աղջիկն է, թոռն ու Զաքարի թողած ծաղիկները:
Հին, խունացած տան սենյակի մի կեսը գրավել են մեծ որդու` Բենիամինի` ազատամարտիկի համազգեստով մարտական նկարները, մյուս կեսը` Զաքարի սենյակային բույսերն ու ծաղիկները, որոնք նրա ամենասիրած զբաղմունքն էին, ու հիմա քույրը դրանք շարել է նրա նկարի առաջ:
«Չեք հավատա, բայց էս բույսերը բոլորը ցուրտը տարած էին, ինքը կենդանացրեց դրանք, բույսերի խնամքի մասին տարբեր գրքեր ու ամսագրեր էր ուսումնասիրում, ամեն օր մաքրում էր,- ասում է քույրը` Մարինե Հովհաննիսյանը` ջրելով սիրելի եղբոր ծաղիկները: - Նա մարդկանց էլ էր էդպես սիրում, ընկերներին: Չգիտեմ` ինչի՞ ա բախտը էսքան դաժան մեր հանդեպ»:
Քույրը պատմում է, որ այդ օրը Զաքարը պետք է զարմիկի ծննդյան խնջույքին գնար, բայց քրոջն ասել է, թե չի ուզում մենակ թողնել հորը:
«Ես համոզում էի, ասեցի` կմնամ պապայի մոտ մինչև գաս, չթողեց, լվացք էի արել, չթողեց փռեմ, ասեց` ուշ ա, գնա տուն, ես ինքս կփռեմ,- պատմում է քույրը: - Որ դուրս է եկել բակ լվացքը փռելու, տեսել է, որ դրկից հարևանի կինը, 11-ամյա որդու հետ դուրս է գնում, հարցրել է, թե ուր են գնում: Դավիթի կինն ասել է` գնամ ամուսնուս բերեմ, հանրահավաքի է գնացել: Նա էլ չի թողել, որ մթով գնան, ասել է, ես կգնամ, դուք գնացեք տուն»:
«Ու ոչ Դավիթը վերադարձավ, ոչ էլ ինքը, երկուսն էլ էդ վայրագության զոհը դարձան, չգիտեմ` հանուն ինչի»:
Էջանիշներ