«ՔԱՌՅԱԿՆԵՐ» շարքից
***
Մրգի լավը քո սեղանին,համն ինձնից ես հարցնում,
Ժամացույցը քո թևին է,ժամն ինձնից ես հարցնում,
Սարից իջնող պարզ ջրերը պղտորվում են ձորի մեջ,
Բայց դու ջրի աղտոտվելը ակունքից ես հարցնում:
***
Առեղծվածները տիեզերքինն է,
Ոչ ոք չի կարող ստույգ վերծանել,
Արդարությունն էլ Աստծո ձեռքին է,
Մարդուն տրվածը միայն կեղծամ է:
***
Կյանքս մի օր՝ կեսը՝ մթնում,ի՞նչ մնաց,
Իմ արևն էլ մայր է մտնում,քիչ մնաց,
Լավն ես,ափսոս,մարդախաբ ես,է՜յ աշխարհ,
Ծով խոստացար,ինձ մի ցամաք լիճ մնաց:
***
Դեռ շուռ կգան սար ու ձորում սև անգղն ու գորշ բազեն,
Իրենց որսը կհոշոտեն ու նոր զոհի կսպասեն,
Գոյատևման երաշխիքը միայն ձեր մեջ որոնեք,
Ով միամիտ թևավորներ՝անմիաբան ու անզեն:
***
Ձմռան սարը գարուն հագավ,
Հին հարց տվեց մի նոր կաքավ.
-Արդարությունն ի՞նչ պտուղ է,
Որ աշխարհում շատ է սակավ...
****
Ինձ հարցնես՝ ամեն չարիք մի դև է,
Նշան չունի՝ սպիտա՞կ է, թե՞ սև է,
Թեկուզ տարով զավթի ղեկը քո կյանքի,
Վնասների շորշոփը դար կտևե:
***
Ինչու՞ միայն մահերգ ունի քնքուշ կարապն աշխարհում
Խրախճանք ու վայելք ունի տզրուկ պարապն աշխարհում,
Թե անարդար ամեն բանի դատաստանի դար է սա,
Ինչի՞ց է,որ մի գին ունեն հաստ ու բարակն աշխարհում:
***
Մարդ ինքն իրեն շատ աղոտ է ճանաչում,
Հույսի վրա հաճախ խոտ է կանաչում,
Արևի տակ կարգին ապրել չգիտի,
Խելքին մտիկ,տիեզերք է նվաճում:
***
Ասում են,թե մտքի դար է,ստի եռքն է պակասում,
Աճում է հար թիվը մարդկանց,ջուրն ու բերքն է պակասում,
Այս անհատնում գանձերի տուն մայր մոլորակն ի՞նչ անի,
Երբ հասույթի բաժանարար սուրբ կշեռքն է պակասում:
***
Դարի հետ փոխվում է դարերգը,
Փոխվում է աշխարհի տարերքը,
Հեքիա՞թ է մնալու,թ՞ե կգան
Հազարան բլբուլն ու Արեգը:
***
Մարդու համար դեռ վարկած է իսկությունը Անհայտի,
Պատրանքների անդրադարձ է հայտնությունը Անհայտի,
Քանի խորհող էակն ունի ավերելու կիրք ու զենք,
Առեղծված էլ պիտի մնա տեղն ու տունը Անհայտի:
***
Մեկն ապրիլին գայլի որբ ձագ բերեց տուն,
Շան ձագի հետ պահեց մինչև խոր աշուն,
Բայց մի գիշեր լսեց ոռնոց անտառից,
Տեսավ՝ գայլը գայլ է մնում, շունը՝շուն...
***
Ճուտը ձվից դուրս է գալիս՝ տքնությամբ,
Սերմը ծլում,բույս է տալիս՝ տքնությամբ,
Իմաստունն էլ՝հոժարակամ վառվելով,
Մթնած հոգուն լույս է տալիս՝տքնությամբ:
***
Անտառն աչքիդ հեռվից հարթ է երևում,
Թուփն էլ մթնում խոշոր մարդ է երևում,
Թե որ նրա խորքն ես մտնում ցերեկով,
Քո պատրանքի ապարանքն է երերում:
***
Երբ արթնանաս,քնից՝հետո կխոսես,
Գործդ տեսնենք,գնից՝ հետո կխոսես,
Ոչինչ չարած՝ամենքին ես փնովում,
Նորն ստեղծիր,հնից՝ հետո կխոսես:
***
Խաղալիք է, մեջը ի՞նչ է լինելու,
Ալևորի վեճը ի՞նչ է լինելու,
Մարդն ուզում է այնքան ապրի, որ տեսնի՝
Այս աշխարհի վերջը ի՞նչ է լինելու:
ԽՈՏՀՆՁԻՑ ՀԵՏՈ
Թարմ ծրերի մեջ հնձած խոտհարքի
Պտույտ էր գալիս վշտահար մեղուն,
Մոտենում ընկած ամեն մի ծաղկի,
Համբուրում զգույշ, համրանում տեղում:
-Ձեզ ի՞նչ պատահեց, իմ քույր ծաղիկներ,-
Մրմնջում էր նա, ցավագին բզզում,
Բայց նրանք արդեն խոտի հետ քնել,
Ոչ տեսնում էին և ոչ էլ՝ լսում...
ԾԱՂԻԿՆԵՐԸ
Գարունն անարատ ծաղիկներ կտա,
Ի՜նչ փույթ, թե նրանց ով պիտի քաղի,
Ո'րր կլացի, ո'րը կժպտա,
Ո'րը քանի օր բույրն իր կպահի:
Լցնում են նրանք կյանք ու ժամանակ
Բույրերով անուշ, քնքշութամբ մաքուր,
Խինդ ու սեր դնում ամեն կրծքի տակ,
Սեփական վիշտը պահելով թաքուն:
***
Ես ու դու արդեն առաջվանը չենք,
Որ թեթև առվի վրայով թռչենք,
Ինչ քաղցրություն կա սրտամոտ ու թանկ՝
Առել է հիմա հուշի կերպարանք,
Կրակամայր է՝ անթեղած հոգում,
Հենց որ խառնում ենք,
Կայծ է արձակում...
ՈՉԽԱՐԸ
(առակ)
Գայլն աչքը գցեց ոչխարի աչքին,
Իր պոչով զարկեց նրա դմակին,
Բռնեց ձոր տանող նեղ արահետը,
Ոչխարն էլ՝ հետը:
Նա զոհին տարավ, մութ ծմակ հանեց,
Սուր ժանիքներով բուկը աքցանեց:
Երբ վերջին շնչում ոչխարն էր հևում,
Տերը երևաց գլխավերևում.
–Գիտուն տիրոջից խրատ չես առնում,
Որ գել գազանի բաժին ես դառնում:
Ոչխարն անտարբեր նայեց ու տնքաց.
–Է՜,այն օրից է իմ բախտը ծռվել,
Որ իմ խեղճ մորից ոչխար եմ ծնվել,
Ինձ համար մեկ է, թե ով է սոված,
Նա ինձ հում կուտի,իսկ դու՝խորոված:
ՋՈՐԻՆ
(առակ)
Թեև նա ուներ իշային ծագում,
Շուտ ընտելացավ ձիերի բարքին,
Ախոռ գրավեց առաջին շարքում,
Դարձավ տնօրեն մի երամակի:
Սանձեր ունեին ձիերը բոլոր,
Ջորին էր ազատ թոկ ու սանձերից,
Թե տուժած մի ձի նայում էր խոլոր,
Կանգնում ախոռին, զրկում էր կերից:
Ձիերը ցասկոտ վրնջում էին,
Գետինը ոտքով անհանգիստ փորում,
Բայց քացի տալու շնորհք չունեին,
Դա հատուկ էր լոկ խառնածին ջորուն:
ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ
( Առակ )
Աղքատը խեղճ ոչինչ չուներ,
Եղած-չեղած՝ մի էշ ուներ.
Աստված ուզեց մի դուռ բանա,
Որ մարդը խեղճ
Իր կյանքի մեջ
Գոնե մի օր ուրախանա:
Երբ աշունքին մի առվի մոտ
Էշն ընկել էր կանաչ արոտ,
Աստված վերից , որ նկատեց,
Սար ու ձորը թխպով պատեց:
Հանդերն ընկավ էշի տերը,
Պտիտ եկավ ողջ գիշերը,
Մինչև թուխպը քաշվեց, անցավ,
Մութն էլ մաշվեց ու լուսացավ:
Մի ծառի տակ, սարի փեշին,
Տերը տեսավ կորած էշին.
Ուրախացավ...
***
Ժամանակն է մեզ փոխում աննկատ,
Երբ որ հասնում ենք մեր քառասունին,
Խոստումների մեջ դառնում ենք ժլատ,
Զգաստ ենք նայում նորին ու հնին:
Քիչ-քիչ լքում են երազները մեզ,
Կյանքին է կապում խստաշունչ ներկան,
Թռիչքից իջած ուղևորի պես
Բռնում ենք խոնարհ ճանապարհը տան:
Թողած երկինքը, աստղերը վերի,
Մեր լամպն ենք վառում չորս պատի ներսում,
Ապավեն կանգնում մեր բալիկներին,
Ջանում հասկանալ հոգսերի լեզուն:
«ՄԱՀՎԱՆ ԿԱՄՈՒՐՋ»
Անդունդ է ահավոր,
Անկումը՝սրընթաց.
-Այդ ո՞վ է կամավոր,
Կամրջից նետվում ցած:
-Մեր միջի այն խորթը,
Որ մեզ չէր հավանում,
Ասում է անցորդը՝
Չարամիտ,անանուն...
***
ՁՄԵՐՈՒԿԻ ԽԱԿՆ Է ԾԱՆՐ,
ՄԱՐԴՈՒ՝ՀԱՍՈՒՆԸ,
ԵՐԿՐԱՎՈՐԻ ՄԵՂՔՆ Է ԾԱՆՐ,
ԵՐԿՆԻ՝ՑԱՍՈՒՄԸ:
ՄԵՂՔՈՒՄ ԿՈՐԱԾ
ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ,
ԻՆՉ ՎԱՍՏԱԿԵՍ,
ԷՆ ԿՏԱ ՔԵԶ՝
ՔՈ ՍՊԱՍՈՒՄԸ:
***
ՉԷ,ԹՈՒՐՔԸ ԹՈՒՐՔ Է ՄՆՈՒՄ,
ՉԱՐԻՔԻ ՏՈՒՐՔ Է ՄՆՈՒՄ,
ԱՐՅՈՒՆԱԽՈՒՄ ԻՐ ՆԱԽՆԻՆ
ԻՐ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ Է ՄՆՈՒՄ,
ՎԱՅՐԵՆԱԾԻՆ ԿՐՔԵՐԻՆ
ՄԻՇՏ ԷԼ ՍՏՐՈՒԿ Է ՄՆՈՒՄ,
«ՔԱՂԱՔԱԿԻՐԹ»ԱՇԽԱՐՀԻ
ԵՐԵՍԻՆ ԹՈՒՔ Է ՄՆՈՒՄ...
ՈՎ ԻՐ ՄԵՂՔԸ ՉՔԱՎԻ
ԻՆՁ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔ Է ՄՆՈՒՄ:
Էջանիշներ