Անհավասարությանը մի հզոր հարված հասցվեց 1917 թ. հոկտեմբերին: Լուծման ուղին բռնեց շատ կարևոր մի պրոբլեմ` արտադրության միջոցները դարձան հանրային սեփականություն: Դա հսկայական քայլ էր. հսկայատարածք երկրում մարդկությունը պոկվեց հին մասնավոր սեփականատիրական պատվանդանից և դրվեց կոմունիզմի հիմքը:
Սակայն հին աշխարհից ժառանգված մնացին պետությունը, ազգերը, ընտանիքը: Եվ կարծես քիչ բան է մնում մինչև հավասարարական հասարակարգի հաստատումը…
Անընդհատ փոքրացնելով անհատների միջև եղած տարբերությունները, հասարակությունը կձգտի հասարակական հակասությունների թուլացմանը: Հակասությունների հիմքը` անհատների միջև եղած տարբերությունները, և այդ տարբերությունների արդյունքը` նյութական տարբերությունները, անընդհատ փոքրանալու են, բայց երբեք չեն վերանալու:
Կարծիքներ կան, թե, իբր, հակասությունների փոքրացումը կհասցնի զարգացման թափի թուլացմանը, քանի որ փոքր հակասությունների դեպքում զարգացումը դանդաղում է, իսկ մեծ հակասությունների դեպքում` արագանում: Մեր զարգացրած տեսությունը դրան տալիս է այսպիսի պատասխան. Սոցիալական ուժեղ և դեռ ուժեղացող հակասությունների տեղը, որն ապագայում անընդհատ թուլանալու է, բռնելու է անընդհատ ուժեղացող հակասությունը մարդու և բնության միջև: Մարդը ազատվելով իր նմանի դեմ պայքար մղելու անհաժեշտությունից, լրացուցիչ ազատ էներգիան և ժամանակը տրամադրելու է բնությունն առավելագույն ձևով իր շահերին ծառայեցնելուն:
Ահա ապագա հասարակության չթուլացող զարգացման գլխավոր հիմքը: Անսահման պահանջմունքները մարդուն անընդհատ շարժման մեջ կդնեն, նրան կստիպեն իր բնական ու սոցիալական պահանջներն ավելի բարձր մակարդակով բավարարելու համար անընդհատ կատարագործել արտադրությունը, պահպանելով ու բազմապատկելով բնության մեջ եղածը:
Մարդն իր ողջ ունեցածը կտա հասարակությանը և հասարակությունից կստանա իր տվածին համապատասխան, ըստ որում, թե′ տվածը, թե′ ստացածը անընդհատ կմոտենան մյուս մարդկանց տվածին ու ստացածին:
<<Մենամուսնությունն առաջ եկավ խոշոր հարստությունները մի մարդու ձեռքում, այն է` տղամարդու ձեռքում կենտրոնանալու հետևանքով և այն պահանջից, որ այս հարստությունները ժառանգեն այս տղամարդու և ոչ թե մեկ ուրիշի զավակները…>> (Էնգելս): Սեռական սերը ավելի շատ մենամուսնության հիմքն է, քան մենամուսնական ընտանիքի: Եթե չկա հարստություն (ունեցվածք), որը երկու իրար չսիրող անձերի կապի միմյանց ու ստեղծի ընտանիք, ապա մենամուսնության կամ ժամանակավրեպ սեռական կապերով կապնվելու համար անհրաժեշտ է սերը, հակառակ դեպքում այն կդիտվի պոռնկություն:
Մարդու ձեռքում գտնվող հարստությունները ժառանգին տալու պրակտիկան մենամուսնական ընտանիքի, բայց ոչ մենամուսնության հիմնաքարն է: Ի դեպ, երկու հոգու կնքած միությունը միայն երրորդի` ժառանգի (ժառանգների) հայտնվելու դեպքում է համարվում ընտանիք, այլապես այն պարզ մենամուսնություն է:
Մենամուսնական ընտանիքը վերացնելով, իհարկե, չի կարելի մարդկանց ստիպել կամ համոզել, որ պետք չէ… սիրել: Դրանից էլ այն եզրակացությունը, որ մենամուսնական ընտանիքն ավելի շուտ կվերանա, քան մենամուսնությունը:
Այժմ ենթադրենք, որ միջոցառումներով արդեն վերացրել ենք մենամուսնական ընտանիքի տնտեսական դրդիչները: Այդ դեպքում մենամուսնությունը իր հիմքում կունենա սեռական սերը, <<իսկ անհատական սիրո տևողությունը շատ զանազան է, տարբեր անձերի, մանավանդ տղամարդկանց մեջ և եթե փոխադարձ զգացմունքը վերջնականապես սպառվել է և նրան դուրս է մղել մի նոր կրքոտ սեր, ապա ամուսնալուծությունը բարեգործություն է թե′ երկու կողմերի, և թե′ հասարակության համար>> (Էնգելս):
Պետք է հնարավորություն ստեղծել, որ մարդն ամուսնանա այնքան անգամ, որքան կսիրի և ամուսնալուծվի այնքան անգամ, որքան կդադարի սիրելուց:
Մենամուսնական ընտանիքի պայմաններում հնարավոր չէ այնպես անել, որ առանձին ընտանիքը դադարի հասարակության տնտեսական միավորը լինելուց: Դեռ ավելին, ընտանիքը լինելով մասնավոր սեփականատրիական հոգեբանության գլխավոր հիմնաքարը և, ըստ այդմ, ծնելով բազմաթիվ չարիքներ, պատճառն է անընդհատ մեծացող անձնական սեփականության, և սա ցայտուն կերպով խոսում է ոչ թե ընտանիքի հասարակության տնտեսական միավորը լինելուց դադարելու, այլ ուժեղանալու մասին:
Կյանքի զարգացումը հրամայաբար պահանջում է անհատների միջև եղած տարբերությունները անընդհատ փոքրացնելով, վերացնել չարաբաստիկ մենամուսնական ընտանիքը:
Հարկ է թողնել մենամուսնությունը որպես անընդհատ թուլացող ու փոքրացող, բայց դեռ երկար ժամանակ իր կենսունակությունը պահպանող սեռական սիրո արգասիքը:
Ընդսմին հեռու ապագայում սեռական սերն այն աստիճան կթուլանա, որ հասարակության մեջ արբունքի հասած բոլոր քաղաքացիներն իրար համար կդիտվեն ամուսիններ, կտիրապետի ազատ սեռական հարաբերությունների կուլտուրան` պոռնկությունն ու բռնությունը բացառելով հանդերձ: Աստիճանաբար կվերանա խանդի զգացումը:
Նախնադարյան պարզունակ արտադրությունը զարգանալով հասավ այն բանին, որ առավել ուժեղ, խելացի և հեղինակություն վայելող անհատն իր ձեռքում կենտրոնացրեց ոչ միայն արտադրված արդյունքների ավելցուկը, այլև այդ ավելցուկը ստեղծողներին: Առաջ եկավ արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրական առաջին հասարակարգը, որտեղ արտադրության միջոցներն էին ոչ միայն անշունչ առարկաները, այլև այդ առարկաների միջոցով բարիք ստեղծող մարդը` ստրուկը: Ստրկատիրական կարգերի հաստատումը մի մեծ քայլ էր արտադրողական ուժերի զարգացման ճանապարհին:
Մարդկային հասարակությունը դուրս եկավ զարգացման լայն ուղի, դրանով իսկ ազդարարելով մասնավոր սեփականատիրական հասարակարգերի սկիզբը: Ստրկատիրության զարգացումով ավելի էր հզորանում ստրկատերերի դասակարգը, ավելի էր սրվում դասակարգային պայքարը հզորացող ստրկատերերի և ստրուկների հոծ զանգվածի միջև: Հասարակարգի զարգացածությունն որոշվում է այն բանով, թե ինչպիսի արտադրողական ուժեր է ծնում այդ հասարակարգը և թե ինչպես է այն իր անդամների միջև բաշխում իր ունեցած բարիքները:
Մասնավոր սեփականատիրական առաջին հասարակարգը նախնադարի համեմատ ավելի բարձր զարգացած հասարակարգ էր, որովհետև ստեղծում էր ավելի շատ բարիքներ, բայց միաժամանակ հետադիմական էր, քանզի այդ շատ բարիքներÁ բաշխվում ¿ñ մեծ անհամաչափությամբ: Բանն այն է, որ հենց ստրկատիրական հասարակարգում, ինչպես նաև ֆեոդալականում և կապիտալիստականում, մի դասակարգը շահագործում է մյուսին:
Ժամանակի ընթացքում դառնալով անարտադրողական և կաշկանդելով արտադրական ուժերի զարգացումը, ստրկատիրական կարգերն իրենց տեղը զիճեցին հասարակության համար ավելի շատ բարիք ստեղծող մասնավոր սեփականատիրական մեկ այլ հասարակարգին` ֆեոդալականին: Այսպես էլ վերջինս բացասվեց կապիտալիզմի կողմից: