1. ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ


Գիտելիքը մարդկային գործունեության արգասիքն է: Մարդիկ, ղեկավարվելով պատմականորեն ձևավորված իրենց նպատակներով, ստեղծում են հատուկ գործիքներ, սարքեր, այլ միջոցներ, որոնք օգնում են իրականության ճանաչողությանը: Պրակտիկ գործունեության համար մեզ անհրաժեշտ է այնպիսի գիտելիք, որն առավել մեծ լրիվությամբ ու ճշգրտությամբ արտացոլում է օբյեկտիվ աշխարհը, ինչպես այն գոյություն ունի ինքնին, մարդու գիտակցությունից և նրա գործունեությունից անկախ: Այստեղ էլ ծառանում է գիտելիքի ճշմարտության հարցը. ի՞նչ է ճշմարտությունը, որտե՞ղ է այն չափանիշը, ըստ որի կարելի է ճշմարիտ գիտելիքը տարբերել ոչ ճշմարիտ, կեղծ գիտելիքից:
Անտիկ փիլիսոփայությունից եկող ավանդույթի համաձայն, ճշմարտություն է կոչվում այն գիտելիքը, որը համապատասխանում է իրականությանը: Բայց այդ անվանումն այնքան լավն է, որ այն հաճախ ընդունում էին նաև փոխբացառող փիլիսոփայական ուղղությունները, ինչպես մատերիալիստական, այնպես էլ իդեալիստական:
Նույնիսկ ագնոստիկները հայտարարում են, որ իրենք չեն ժխտում գիտելիքի գոյությունը, այլ ժխտում են լոկ գիտելիքի ձեռքբերման հնարավորությունը:
Ճշմարտության մեջ արտահայտված է սուբյեկտի և օբյեկտի դիալեկտիկան: Մի կողմից ճշմարտությունը սուբյեկտիվ է, քանի որ մարդկային գործունեության ձև է, իսկ մյուս կողմից այն օբյեկտիվ է, որովհետև նրա բովանդակությունը կախված չէ ո՛չ մարդուց, ո՛չ էլ մարդկությունից:
Սահմանազատվում են ճշմարտության հասկացությունները: Գրականության մեջ <<բացարձակ ճշմարտություն>> տերմինը միանշանակ չի գործածվում: Դա <<վերջին ինստանցիայի>> ճշմարտությունն է, մարդկային բանականության ձգտումների ու հնարավորությունների սահմանի իրագործումը: Հարց է ծագում. հնարավո՞ր է նման գիտելիքի հասնելը: Մարդը սկզբունքորեն ընդունակ է ճանաչելու ամեն մի երևույթ, բայց ռեալ կերպով նրա այդ ընդունակությունն իրացվում է հասարակության պրակտիկորեն անվերջ պատմական զարգացման պրոցեսում:
Երբեմն որպես այդպիսի <<վերջին ինստանցիայի>> ճշմարտություն են դիտվում առանձին երևույթների, պրոցեսների փաստական իմացությունը, որոնց հավաստիությունն արդեն ապացուցվել է գիտության կողմից: Այդ դեպքում ճշմարտությունը կոչվում է հավերժական: Օրինակ` մատերիան ունի կառուցվածք, Մարքսը ծնվել է 1818 թ-ին:
Սակայն, իհարկե, ճանաչողությունը չի կարելի սահմանափակել լոկ նման կարգի գիտելիքի ձեռքբերումով:
Ըստ Ֆ. Էնգելսի` <<Եթե մարդկությունը երբևիցէ այնպիսի վիճակի հասներ, որ կարողանար գործառել միայն հավիտենական ճշմարտություններով` մտածողության այնպիսի արդյունքներով, որոնք սուվերեն նշանակություն և ճշմարիտ լինելու իրավունք ունեն, ապա նա հասած կլիներ մի կետի, որտեղ մտավոր աշխարհի անվերջությունը սպառված կլիներ, և այսպիսով, կկատարվեր հաշված անհամար թվի տխրահռչակ հրաշքը>>:
Գիտության զարգացումն ընթացել է այնպիսի պնդումների հերքման ուղիով, որոնք բացարձականության հավակնություն են ունեցել, բայց իրականում ճշմարիտ են եղել միայն որոշակի սահմաններում (օրինակ` <<ատոմն անբաժանելի է>> կամ <<բոլոր կարապները սպիտակ են>>):
Ռեալ գիտական տեսությունը հաճախ բովանդակում է ոչ ճշմարիտ, պատրանքային տարր, որը երևան է գալիս ճանաչողության հետագա ընթացքում և պրակտիկայի զարգացմամբ:
Բայց ճանաչողության այսպիսի ըմբռնման դեպքում մենք չե՞նք կանգնում արդյոք օբյեկտիվ ճշմարտության ժխտման վտանգավոր ուղու վրա: Չէ՞ որ, եթե ճանաչողության պրոցեսում ճշմարիտի մեջ երևան է գալիս պատրանքային մոմենտ, ճշմարիտի և ոչ ճշմարիտի հակադրությունը դառնում է հարաբերական:
Իմացաբանական ռելյատիվիզմի (լատիներեն` relativus - հարաբերական) կողմնակիցները, ջնջելով ճշմարտության և մոլորության հակադրությունը, հանգում են այն եզրակացությանը, որ ամեն մի ճշմարտություն վերջին հաշվով պարզվում է, որ մոլորություն է և գիտության պատմությունը ներկայացնում է որպես մի մոլորության փոխարինումը մյուսով:
Թերևս ռելյատիվիզմը պարունակում է մի ճիշտ պահ` այն, որ գոյություն ունեցող ամեն ինչ, այդ թվում և ճանաչողությունը, գտնվում է հոսուն, շարժման վիճակում, սակայն այն ճանաչողության շարժումը մետաֆիզիկորեն կտրում է օբյեկտիվ ռեալությունից:
Ժամանակակից տրամաբանությունը հետևյալն է. ի հակառակ և՛ դոգմատիզմի, և՛ ռելյատիվիզմի, գոյություն ունի և՛ բացարձակ, և՛ հարաբերական ճշմարտություն:
Բացարձակ ճշմարտություն գոյություն ունի, քանի որ մեր օբյեկտիվորեն ճշմարիտ գիտելիքի մեջ կա ինչ-որ բան, որը չի հերքվում գիտության հետագա ընթացքով, այլ հարստանում է նոր օբյեկտիվ բովանդակությամբ: Դրա հետ միասին ամեն տվյալ պահին մեր գիտելիքը հարաբերական է, քանի որ այն ոչ լրիվ է (օգտագործում) արտացոլում իրականությունը, հետևաբար ճշմարտություն է լոկ որոշակի սահմաններում, որոնք ընդլայնվում կամ նեղանում են ճանաչողության զարգացման ընթացքում:
Օբյեկտիվ ճշմարտությունը բացարձակի ու հարաբերականի միասնությունն է, որտեղ բացարձակ ճշմարտությունն ընկալվում է որպես հարաբերական ճշմարտությունների անվերջ գործընթացի սահման: Դեռևս անտիկ աշխարհում է ստեղծվել երկրաչափություն և այն կրել է <<էվկլիդյան երկրաչափություն>> անունը: Իհարկե, այն օբյեկտիվ, բացարձակ-հարաբերական ճշմարտություն է, քանի որ նրա բովանդակությունը վերցրված է օբյեկտիվ ռեալության մեջ գոյություն ունեցող տարածական հարաբերություններից: Սակայն այն ճշմարիտ է մինչև մի որոշ սահման, այսինքն մինչև այն ժամանակ, քանի դեռ մենք վերանում ենք տարածության կորությունից (այն հավասարեցնում ենք զրոյի): Հենց որ տարածությունը դիտարկում ենք դրական կամ բացասական կորությամբ, այդ դեպքում անցնում ենք ոչ էվկլիդյան երկրաչափություններին (Լոբաչևսկու և Ռիմանի), որոնք ընդլայնել են մեր գիտելիքների սահմանները և իրենց ավանդն են մուծել օբյեկտիվ ճշմարտության հետագա խորացման ուղիով, երկրաչափական գիտելիքների զարգացման մեջ:
Մոլորությունը իրականության ճշմարտանման, սակայն ոչ ճիշտ, աղավաղված արտացոլումն է գիտակցության մեջ, որը պայմանավորված է յուրաքանչյուր տվյալ պահին հասարակական պատմական պրակտիկայի սահմանափակությամբ:
Ձգտելով հասնել օբյեկտիվ ճշմարտության` մարդն անհրաժեշտություն է զգում մի չափանիշի, որի օգնությամբ կարողանա ճշմարտությունը տարբերել մոլորությունից: Գոյություն ունեն տարբեր տեսություններ, որոնք այս կամ այն կերպ օգնում են լուծելու վերոհիշյալ խնդիրը: Սակայն առայսօր այդ տեսությունների համակարգը լրիվ չէ. չէ± որ մարդկությունը հենց այսօր էլ գտնվում է մոլորության մեջ այնպիսի կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են սոցիալական արդարության, հավասարության և անհատի ազատության ոլորտները: Քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում ժողովրդական մասսաներն անգիտակցաբար, բնազդով ձգտել են այնպիսի փոխբացառող երևույթների իրականացմանը, ինչպիսիք են ազատությունը և հավասարությունը: Իրականում ազատությունը և հավասարությունը գտնվում են հակադարձ համեմատական կապի մեջ: Ասվածի վառ օրինակ կարող է ծառայել սոցիալիզմի ստալինյան շրջանի և մեր այսօրվա պրակտիկայի համեմատումը:
...