Հանրամատչելի հոգեբանությունն ասում է, թե որոշակի տարիքի հասնելուց հետո պիտի ազատություն տալ երեխային ու որևէ կերպ չստիպել, որ նա անպայման քո կողքին լինի: Ընդհանրապես, լավ ուսումնասիրված է «երիտասարդ ծնողներ- մինչ 18 տարեկաններ» փոխահարաբերությունները, բայց շատ քիչ է խոսվում այն մասին, ինչպիսի՞ն պիտի լինի երեխա ծնող հարաբերությունը դրանից հետո, երբ այդ նույն երեխան էլ արդեն ծնող է: Հայերիս կյանքում շատ տարածված է տարբերակը, երբ ծնողը մինչև կյանքի վերջն իր պարտքն է համարում «կարգավորել» երեխայի բոլոր քայլերը, խորհուրդներ տալ՝ հրամանների տեսքով ու նեղանալ, եթե դրանք չեն կատարվում, կամ կատարվում են ոչ իր պատկերացրածին համապատասխան:
Իհարկե, իդեալական է տարբերակը, երբ երկու կողմից էլ փոխադարձ սիրո ու միմյանց կարծիքը հարգելու ու հաշվի առելու դիրքերից են կառուցվում փոխհարաբերությունները: Այո', կառուցվում, որովհետև հենց հարաբերությունները պիտի կառուցել, որ դրանք կայուն լինեն ու հանկարծ մի օր չփլվեն: Բայց սա իդեալական տարբերակն է: Հիմնականում, հատկապես երբ խոսքը թոռներին է վերաբերվում, ծնողները հաճախ բացահայտ դիմակայում են իրենց երեխաների դաստիարակչական «մեթոդներին»: Արդյունքում՝ փոքր նկատողությունից հետո երեխան վազում է պապ ու տատի գիրկը՝ բողոքելու:
Կամ մեզանում սովորություն է, որ որդին կամ ամենափոքր որդին անպայման պետք է ապրի ծնողների հետ: Խոսքը նրա մասին չի, երբ ծնողը հիվանդ է ու խնամքի կարոտ,պիտի նրան մենակ թողնել, այլ նրա, երբ եռանդուն ու աշխատունակ ծնողներն իրենց կողքին են պահում զավակին, երբեմն էլ հիշեցնելով, որ« իրենց արած դրածն է ուտում»: Բաց եմ թողնում հարս- սկեսուր հաճախ ցավոտ թեման, կարծում եմ հետագա կարծիքներում դրան էլ կանդրադառնանք:
Կարճ ասած՝ եկեք խոսենք մեծ երեխաներ ու տարեց ծնողներ փոխհարաբերությունների մասին:
Ինչպիսի՞ն պիտի լինի մեր վերաբերմունքը, որ նրանց ցավ չպատճառենք, ինքներս էլ չմնանք իրենց հլու կամակատարը: