Առաջարկել է գնել Արարատ սարը
17:19 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության վերջին կանգառը Դոնի Ռոստովն էր, որտեղ նա հանդիպել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

Ըստ «Երկրամաս» թերթի' Սերժ Սարգսյանի ելույթում նոր մտքեր չեն հնչել:

Առավել հետաքրքրություն է առաջացրել նրա այն միտքը, թե Հայաստանի ԱԺ-ը հայ-թուրքական արձանագրությունները կվավերացնի միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանք վավերացնելուց հետո: Սակայն, ըստ թերթի, պարզ չի դարձել, այդ պայմանավորվածություն է, թե պարզապես ցանկություն:

Հանդիպմանը ելույթ է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա մասնավորապես նկատել է, որ հայ-թուրքական երկկողմ արձանագրությունների ստորագրումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հետաձգվելու է երկար ժամանակով: «Մինչ արձանագրությունների ստորագրումը պետք է ստեղծվի փորձագետների խումբ, որը կվերլուծի արձանագրությունը կետ առ կետ»,-ասել է Արա Աբրահամյանը:

Մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ տարաձայնություններ չէին լինի, եթե ՀՀ Նախագահին կից գործեր Հանրային խորհուրդ' ընդգրկելով անդամներ թե Հայաստանից, թե Սփյուռքից:

Հատկապես բուռն է ընդունվել գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանի ելույթը: Վերջինս հայտարարել է. «Քանի որ ժողովուրդը դեմ է, Դուք կարող եք չստորագրել արձանագրությունները' դառնալով ազգի հերոս»:

Ի դեպ, շինարար Սերգեյ Համբարձումյանն իր խոսքում ասել է , թե Ցեղասպանության խնդիրը մեզ համար վերջացել է 1915թ-ին. «Ահա մենք հիանում ենք Արարատով, որը Թուրքիայում է, բայց չէ՞ որ կարող ենք դիմել նրանց առաջարկով ' վաճառել այն մեզ»: Նա նույնիսկ գին է առաջարկել' 20 մլդ դոլար: Ըստ «Երկրամասի»' Համբարձումյանի' ի պաշտպանություն արձանագրությունների ելույթը, ընդհատվել է լսարանի կողմից:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանի խոսնակ Սամվել Ֆարմանյանին «Երկրամաս»-ի գլխավոր խմբագրի կողմից փոխանցվել է դիմում, որում կոչ է արվում չստորագրել արձանագրությունները:

Հայտարարության տակ կա 70 ստորագրություն, որոնց մեծ մասը հայկական կազմակերպությունների ղեկավարների ստորագրություններ են: