Որոշեցի ճանապարհային նոթերիս համար առանձին օրագիր վերցնել: Հուսով եմ՝ էջերը շուտ չեն խամրի Երևանյան ճանապարհների փոշուց կամ մի օր չի կորի երթուղայինում կամ տաքսիի մեջ:
* * *
Պայուսակներով բեռնված ծեր կինը շատ մեծ դժվարությամբ բարձրացավ երթուղային… 28 համարի ոտնակները սովորականից բարձր են:
Պատուհանի մոտ էի նստած, դռնից հեռու: Դիմացս նստած աղջիկը, որի նստարանն ուղիղ դռանն էր նայում ու որին ընդամենը պետք էր ձեռքը մեկնել կնոջն օգնելու համար, անտարբեր, սառը հայացքով նայում էր կնոջը: Վերջապես բարձրացավ և մի փոքր հավասարակշռությունը կորցնելով տրորեց անտարբերի ոտքը: Բավականին ցավոտ՝ ըստ աղջկա արձակած ձայնի ու մուննաթախեղդ հայացքի:
Անկարող զսպել չարախինդ ժպիտս՝ հայացքս դարձրեցի լուսամուտին:
* * *
Պատուհանից նայելիս հայացքս ընկավ կողքով գնացող սև 31-ին: Տաքսի էր: Վարորդի կողքին նստած տղան կռացել, ինչ-որ բան էր փնտրում, ըստ երևույթին: Հետո ուղղվեց, ձեռքը բաց պատուհանից դուրս հանեց և բաց թողեց մեքենա ներխուժած ձրի երթևեկող մեղվին: Երկուսով հայացքով ուղեկցեցինք դժգոհ հեռացող մեղվին, հետո նայեցինք իրար ու միաժամանակ ժպտացինք:
* * *
Երբ մեր բակով քայլում էի դեպի կանգառ, ամեն ինչ նույնն էր: Ամեն օրվա պես: Լուսամուտներից կախված տանտիկիններ, որ ինձ ճանաչում են, իսկ ես իրենց՝ ոչ: Բակի նստարանին նստոտած, նարդի շրխկացնող ու բլոտ գոռգոռացող պարապ տղամարդիկ: Անտարբեր քայլերս միայն երեք ականի հեծանիվ քշող պուճուր, նկարի պես սիրուն պստոն կարողացավ դանդաղեցնել: Սենց խելոք, դանդաղ քշում էր հեծանիվը քարե պատի երկայնքով, երևի թե՝ տանտիկիններից մեկի աչալուրջ հայացքի ներքո: Մեկ էլ՝ շատ գնաց դեպի պատը ու անիվը դեմ առավ: Ես արդեն ուսի վրայից էի նայում: Անկախ ինձնից կանգնեցի ու շրջվեցի: Մտախոհ նստած հեծանիվին՝ չէր շարժվում: Մոտեցա ու երրորդ մասցուն վայել ճկունությամբ պպզեցի հեծանիվի կողքին.
- Օգնե՞մ, պստ, - ժպտացի:
Պայծառ աչիկներով նայեց ուղիղ աչքերիս ու գլուխը հաստատական շարժեց:
Անիվը թեքեցի պատից հեռու:
- Դե քշի, համով:
Մի թիզ միս ու արյունը ինձ ժպտաց երբևիցե տեսածս ամենաջերմ ու հմայիչ ժպիտով ու նույն մտախոհ տեսքով շարունակեց իր ճամփորդությունը:
Նույնիսկ ֆիզիկական ցավս մոռացա որոշ ժամանակ:
Էջանիշներ