«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում Microsoft-ը կհայտարարի հատուկ զեղչեր


«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը կմեկնարկի արդեն հաջորդ ամիս և կընդգրկի ամբողջ հանրապետությունը: Ինչպես երեկ` հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագիրն այժմ վերջանական քննարկման փուլում է, իսկ ծրագրի հիմնական փուլի մեկնարկը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Մասնավորապես, այդ պատճառներից մեկը պայմանավորված է ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ: Բագրատ Ենգիբարյանի խոսքերով, ֆինանսավորման հարցերը հստակեցվել են մոտ երկու շաբաթ առաջ: Նշենք, որ ՀԲ-ն ծրագրի իրականացման համար կտրամադրի 3 միլիոն ԱՄՆ դոլար:

Ավելացնենք, որ ՀՀ կառավարության հետ համաֆինանսավորմամբ տրամադրվելիք միջոցների հետ կապված հարցերը ևս մոտ մեկ շաբաթ առաջ են հաստատվել:Ծրագրի պիլոտային փուլը դեռևս չի ավարտվել, և Բագրատ Ենգիբարյանի գնահատմամբ` այն բարեհաջող ընթացքի մեջ է:

Բ.Ենգիբարյանի խոսքերով, արդեն քարտեզագրվել է հանրապետության տարածքը, ուսումնասիրվել են հազարից ավելի խանութներ, որից նախնական ընտրվել է 40-ը` որպես վաճառակետեր: Լուծվել է նաև վաճառակետերի մասնագետների վերապատրաստման հարցը:

Հատկանշական է, որ ծրագրի մեկնարկից հետո Microsoft ընկերությունը Հայաստանի համար կհայտարարի հատուկ զեղչեր:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) ուսումնասիրություների համաձայն` Հայաստանում համակարգիչների կիրառումը չի անցնում 20 %-ից:

http://www.armtech.am/%C2%AB%D5%B0%D...7%D6%80%D5%BB/