Մինչ հղիության խնամք
Մինչ հղիության խնամքը միջամտությունների մի շարք է, որի նպատակն է կանխարգելման ու վերահսկման միջոցով հայտնաբերել և վերացնել կանանց առողջությանն ու հղիությանը սպառնացող կենսաբժշկական վարքագծային և սոցիալական վտանգները:
Մինչ հղիության խնամքի նպատակն է` բարելավել վերարտադրողական տարիքի կանանց առողջությունը մինչև հղիանալը, այսպիսով բարելավելով հղիության արդյունքները ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար:
Մինչ հղիության խնամքի անքակտելի մասն է կազմում սեռավարակների վաղ հայտնաբերումը և բուժումը:
Գոյություն ունեն սեռական ճանապարհով փոխանցվող ավելի քան 30 բակտերիաներ, վիրուսներ և պարազիտներ:
Սեռավարակները կարող են բերել սուր ախտանիշների դրսևորման, խրոնիկ վարակների և այնպիսի լուրջ հետևանքների, ինչպիսիք են` անպտղությունը, հղիության կրելախախտը, արտաարգանդային հղիությունը, արգանդի պարանոցի քաղցկեղը, պտղի և նորածինների մահը, զարգացման արատները:
Մինչ հղիության խնամքի շրջանակներում սեռավարակների վաղ հայտնաբերումը և բուժումը կկանխի վերոհիշյալ բացասական հետևանքները:
Սիֆիլիսով հիվանդ հղի կանանց մոտ հղիությունների 25%-ն ավարտվում է մեռելածնությամբ, 14%-ը` նորածնի մահով, այսինքն` ընդհանուր շուրջծննդաբերական մահացությունը կազմում է շուրջ 40%: Գոնոռեայով հիվանդ կանանց հղիությունների 35%-ն ավարտվում է ինքնաբեր վիժումով և վաղաժամ ծննդաբերությամբ, 10%-ը` նորածինների մահով: Կանխարգելման բացակայության դեպքում գոնոռեայով հիվանդ մայրերից ծնված նորածինների 30-50%-ի, իսկ խլամիդիոզով հիվանդ մայրերից ծնված նորածինների 30%-ի մոտ զարգանում է բլենոռեա, որը ժամանակին չբուժելու դեպքում կարող է հանգեցնել կուրության: Ամբողջ աշխարհում այդ հիվանդությունից ամեն տարի կուրանում է 1000-ից մինչև 4000 նորածին:
Սեռավարակների առկայությունը շուրջ 10 անգամ մեծացնում է ՄԻԱՎ-ի ձեռքբերման և փոխանցման ռիսկը:
Տղամարդու հետազոտությունը
Մինչ հղիության առողջության և խնամքի շրջանակներում խիստ կարևորվում է նաև սեռական զուգընկերոջ հետազոտությունը և անհրաժեշտության դեպքում բուժումը: Առողջ երեխա բեղմնավորելու համար ապագա հոր առողջությունը ոչ նվազ կարևոր է, քան մոր առողջությունը:
Սերմը կարող է պահպանել բեղմնավորելու ունակությունը, միաժամանակ հիանալի սննդամիջավայր լինելով ախտածին օրգանիզմների, այդ թվում և վիրուսների համար: Տղամարդը կարող է չիմանալ իր մոտ խրոնիկ բորբոքային գործընթացի առկայության մասին, քանզի վերջինս կլինիկորեն կարող է չդրսևորվել: Ժամանակակից տղամարդու կենսակերպը (ստրես, քնի անբավարարություն, ալկոհոլի, ծխախոտի չարաշահում, սխալ սնուցում, սակավաշարժություն, սեռավարակներ) ինքնին կարող է ռիսկի գործոն հանդիսանալ վերարտադրողական առողջության համար: Ցածր ֆիզիկական ակտիվությունը, նստակյաց աշխատանքը, մարմնի հավելյալ զանգվածը, աթերոսկլերոզը հանգեցնում են թթվածնաքաղցի, վերջինս բարենպաստ ֆոն է բորբոքման զարգացման համար (այսպես կոչված ՙկանգային՚ պրոստատիտներ):
Նյութափոխանակության վնասակար արգասիքների կուտակման և գերտաքացման հետ է կապված նաև վարիկոցելեն` սերմնածորանի երակների լայնացումը: Բնական պայմաններում ջերմաստիճանն ամորձապարկում (որտեղ տեղակայված են ամորձիները) մի քանի աստիճանով ցածր է մարմնի ջերմաստիճանից: Ուստի հաճախակի տաք վաննաները, վարորդի նստատեղի էլեկտրատաքացուցիչի մշտական օգտագործումը և նեղ շալվարները բացասաբար են անդրադառնում սերմի որակի վրա: Ապացուցվել է, որ մարմնի բարձր ջերմաստիճանի պայմաններում սերմի որակը վատանում է և դա պահպանվում է 3 ամիս:
Տղամարդուն հետազոտում է բժիշկ-անդրոլոգը կամ ուրոլոգը: Բացի սեռավարակների հետազոտությունից, տղամարդուն խորհուրդ է տրվում հաձնել նաև սերմի քննություն, որը հնարավորություն կտա գնահատել նրա բեղմնունակությունը:
Էջանիշներ