ԿԱՆՁՐԵՎԵ, ՏՂԱ՛Ս
Կանձրևե, տղա՛ս... Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն...:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ...: Կանձրևե տղա՛ս...:
Լանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին...:
Բայց կուլաս, տըղա'ս... Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին...:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս...:
1901
ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա' ...
Ամեն գիշեր վերը, հո'ն, Արագածի գլխուն վրա
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:
Զանի վառեց ու կախեց հո'ն, մեզ համար, հավիտյան...
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ...
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր...
Այդպես և ե'ս, ո'վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր...
Էջանիշներ