Ողջույն բոլորին…
Այստեղ պարբերաբար կներկայացնեմ հատվածներ այն գործերից, որոնք կան կամ լինելու են ԻՄ ԹԱՏՐՈՆԻ խոսքապաշարում:
Սիրով կընդունեմ ու կպատասխանեմ բոլոր առողջ կարծիքները, տեսակետներն ու քննադատությունները:
Հարգանքներով՝
ԳարՍու
Սկսենք.
ԱՍՏԾՈ ԱՍՏՎԱԾԸ
ԱՍՏԾՈ ԱՍՏՎԱԾԸ
ԵՐԿՄԵՆԱԽԱՂ
մեկ բեմում` վիդեո համադրությամբ
Կին - Բարև ձեզ:
Բժիշկ - …………………
Կին - Ձեզ որ բարև ձեզ են ասում, ինչու՞ եք ասում §Հանվեք, պառկեք¦…
Իրականում, բժիշկն այնքան է §Բարև ձեզը¦ կարդացել էկրանից, որ խեղճի համար անլսելի է դարձել այդ հրաշալի բառակապակցությունը…
Բժիշկ - …………………..
Կին - /Համակերպված հոգոցով/ Կարելի է չէ՞… /բժշկին տանում է սեղանի մոտ/… ոչ, գոհ ու շնորհակալ եմ, դուք նստեք, ես կպառկեմ:/Մնում է կանգնած/:
Բժիշկ - …………………….
Կին - /քմծիծաղով/ Միայն միամտությունն է մնացել ձեր տղամարդկությունից. ախր, մի քանի հարցով ո՞նց կարող եք իմանալ իմ այս որոշման պատճառը, հը՞: Դրա համար, ամենաքիչը, մի քանի կյանք պիտի ապրեք… էն էլ` կնոջ կյանք, հասկացա՞ք… /պարզ չէ` բժիշկը հասկացավ, թե չէ…/ ես ավելին չէի էլ սպասում… լավ, լավ, մի լացեք, կպատասխանեմ…
Բժիշկ - ……………………..
Կին - Ես ամեն օր իմ անուն ազգանունը փոխում եմ:
Բժիշկ - …………………………
Կին - Դե… որ սպիտակեղենի պես մաքուր մնա:
Բժիշկ - ……………………..
Կին - Այո, այո, տարիքս էլ, բայց տարիքս` հագուստի նման` ըստ ներքին, կլիմայական փոփոխությունների:
Բժիշկ - ……………….
Կին - Ըըըըըը, ո՞ր հասցես… ես մի քիչ քայլեմ, եթե դեմ չեք… /նստում է գլոբուսին/: Գրեք, հասցես. չորս W` հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք… մեկ կին, կատվիկ, մեկ հենման կետ, մեկ գին…
Բժիշկ - …………………………..
Կին - Բեմ չէ` ԳԻՆ, արժեք… ի՞նչ կապ ունի բեմը, զզվում եմ բեմից…
Բժիշկ - ………………………….
Կին - Ոչ… չէ, այո… այսինքն` ոչ…
Բժիշկ - …………………
Կին - Այո, իհարկե այո…
Բժիշկ - …………………..
Կին - Ըհը~… ամենասիրածս հարցը: Ես գիտեմ դրա պատասխանը, շատ եմմ սիրում դրան… Լսեք, ինչ անհամն եք բայց… նկատի ունեմ` անհամբեր եք… սուս մնացեք` հո շատախոս կնի՞կ չեք, վա’յ… Լսեք. Հիմա` տղամարդկանց երկու խումբ կա.
1-ին` ՁԻԱՀ - ՄԻԱՎԻ պահեստապետեր.
Նրանք ինձ չեն կարող օգնել… Դե… ռետինե սահմանապահներով երեխա սարքելը նման է չծնվածի կյանքն ապահովագրելուն ու նրան արվեստի վաստակավոր գործիք կոչումը շնորհելուն: Անիմաստ է չէ՞…
Բժիշկ - ……………………
Կին - Հա, 2-րդ խումբ. իբր թե` առողջներ.
Սրանց մի մասը, սուրբ գործից հետո, ինքնաներշնչվում է, որ մե~եծ բան է արել ու կպնում` պոկ չի գալիս` աաաաաաաաաաաաաայստեղ դաջված թիթեռի պես /ցույց է տալիս կոնքը/: Հո չե՞մ ձանձրացնում…
Բժիշկ - ……………………..
Կին - Մյուս մասն էլ… սրբագործումից հետո չգիտեմ ինչով է ներշնչվում, բայց սրբագործման ժամանակ արտաշնչվող լիքը լիքը լիքը հոգոցների պես դառնում է կորած հիշողություն… Սա ավելի ցավալի է, քան անբնական, առանց ցավազրկողի եկած տարիքը…
Բժիշկ - ………………………………..
Կին - Ո՞ր մյուս մասը… Հա~… Ինչ անամոթ բժիշկ եք: Ես կին եմ, ոչ թե… /ծաղրանմանակում է հոմոսեքսուալ տղամարդու/ Լավ, մի հարց էլ ես տամ: Վերջին անգամ, ե՞րբ եք հարաբերվել… կնոջ հետ…
Բժիշկ - …………………. ……………. …………….
Կին - Ցավակցում եմ և շնորհավորում, որը կուզեք` ընտրեք: Իսկ ձեր հայրը՞:
Բժիշկ - …………………………………………………………………………………
Կին - Վա~յ… վայ լսի, լավ, մի լաց… /մեկնում է մի բազմածալ, կարմիր շոր/: էս արցունքի միջադիրը վերցրու, սրբվի: /Գովազդային/ Ամենաանհարմար պահերին` հարմարավետ կդարձնի ձեր զգացմունքների տեղաշարժը, կկուտակի, կպահեստավորի հեղուկը, անհրաժեեշոտության դեպքում` կարող եք նորից օգտագործել հեղուկը…
Գիտեմ, շատ եմ խոսում: Ես իմ մենության թարգմանչուհին եմ: Նա ինձ շատ բաներ է ասել: Ես էլ պիտի հաղորդեմ նրան ձեր ասածները…
Բժիշկ - ……………………….
Կին - Դե, օրինակ, սա. Մինչև տղամարդը գիտակցում է կնոջը մերձենալու հեռվությունը, մինչև ամեն մանր ու մեծ հարաբերություն դառնում է բնական, ինքնարար` արդեն ուշ է… Տղամարդկությունից մնացած է լինում ծերունական վավաշոտ, անկարող թուլություն, կանացիությունից` տարիներով թաքնված ամուլ տղամարդկություն… Վերջ:
Կինը մտնում է`բերելով տղամարդուն: Սուրճ է խմում ընթացքում:
Կին - Հասանք… /տեսնելով դահլիճը/ Վա~յ, աղջի ջա~ն, էլի հերթի մեջ ընկանք… ասի էլ է՞, շուտ արա…. /դահլիճին/ Կներեք, վերջում ով է՞: /Առաջին շարքից որևէ մեկին/ Դու՞ք… բայց չեմ հասկանում` առաջին շարքի վերջինը ի՞նչ մեղքս էր… լավ, կսպասենք…
Տղամարդ - ………………
Կին - Մի րոպե` հիշեմ. / սուրճի բաժակ է նայում - կենաց ասում: Ընթացքում` տղամարդը միջամտում է իր յուրահատուկ լեզվամտածողությոմբ, որին կինը պատասխանում է հայացքով/ Մենք համեստորեն սպասել ենք մեր մայրերի տաքուկ փչակներում, թե մեր հայրերի քմահաճ ու անդաստիարակ շերեփուկները երբ կհայտնվեն… Սպասել ենք` տեսնելով մեր քույրերի ու եղբայրների ամենամսյա արյունոտ վախճանը, ուժեղացել դրանից ու ծնվել` վրեժ լուծելու համար, բայց, քանի որ խղճում ենք մեր հայրերին, վրեժ ենք լուծում ինքներս մեզնից… ապրելով… /տղամարդուն/ Դու նստիր, ես հերթը կպահեմ… /նստում է գլոբուսին ու շարունակում/ Ինն ամիսը իբր քիչ էր, հետո էլ, մեր կաթնատու սպունգը պիտի վերադարձնենք իր տանջվող տիրոջը, գլուխը, մեջքը, ծնկները պիտի կարողանանք ուղիղ պահել… հետո` առաջին խոսքը, որ քորում է հոգին, ինչպես առաջին կտրիճ ատամը` լինդը… երանի այդ ատամի պես կտրիչ լինենք… Հետո… ու… /առաջին շարքի այն նստածին, ումից հետո իր §հերթն է¦/ մի բան ասե՞մ ձեզ… եթե չեք ուզում ասեմ ձեզ` ձեզ չեմ ասի` ուրիշին կասեմ… ձեր աչքերի տառապող ժպիտից հասկանում եմ, որ կհասկանաք ինձ. Հիմա, ամենամեծ ճգնաժամը սպիտակ շերեփուկի ճգնաժամն է… հա, հա, ճիշտ եմ ասում. մեր միջի համեստ, ամոթխած, դեղին արևից սնվող ու բազմակենցաղ կենդանի դարձող սպիտակ շերեփուկի… Դուք ամուսնացա՞ծ եք… /անկախ պատասխանից/ Տեսնու՞մ եք, ձեր համեստությունն էլ է շահագործվել… Բայց, շատ մի նեղսրտեք. դիակներից բացի, բոլորն էլ սխալվում են… /նորից անցնում է սուրճի բաժակին/ հետո, սպասում ենք, թե ե՞րբ է գալու մեր երազների տղամարդը… Լավ, ինչքա՞ն սպասենք. գուցե, նա հիմա քաղմասում է, կամ մեքենան է փչացել` ՁԻԱՀով վարակված բենզինից, հը՞… Չէ~, նա եկել ու գնացել է, երբ մենք քնած էինք… Հա~, հա’, դա է որ կա, այ քուրս. չի արթնացրել, ծածկել է իր հոգատարության վերմակով, մի քիչ տխուր ժպտացել ու գնացել… /տղ.-ծուխ/ թյու~, վերջը պիտի գերգրգռված ներվերս խառնեիր իրար չէ՞… /զրուցակցին/ Լսեցիք չէ՞, հասկացա՞ք սրա հիմար տեսությունը… Թող ինձ ներեն բոլոր հատ ու կենտ տղամարդիկ, բայց չեմ կարող չթարգմանել. ԳԼՈՒԽՆ ՈՒ ԱՐԳԱՆԴԸ ՆՈՒՅՆ ԲԱՆՆ ԵՆ… Ինքը ասեց, բռնաբարողի աչքերով մի նայեք ինձ… Հասկանու՞մ եք` ու~ր ենք հասել. բարդ տարբերությունները դառել են պարզ նմանություններ… /զրուցակցին/ Դուք ի՞նչ խնդիր ունեք… /անկախ պատասխանից կամ դրա լինել չլինելուց/ Ա~հ, մի մտածեք, հեշտ կբուժվեք… /տղ. ծուխ/ Լսի, դու քո ամբողջ պետենցիայով անհասկացող ես. հոգիդ իմպոտենտ, միտքդ նույնը, սիրտդ նույնը, մարմինդ… էդ կարևոր չի, լավ… Լսի, գլխի և արգանդի մուտքերը տարբեր նշանակություններ ունեն… արգանդում կիսագնդեր չկան… ու~ֆ, դրանք արևի շտեմարաններ են, որտեղ հազարավոր արևիկներ են մեծանում` քո լկտի ու այլանդակ ու անդաստիարակ, հոր փողերով իրենց լավ տղա զգացող, անկուշտ շերեփուկների համար… Անիծված ենք էլի, հո զոռով չի… /տղ. ծուխ/ Ոչ, արգանդից է ծնվում կյանք, ոչ թե գլխից… գլխում ծնվում է այդ կյանքը սպանող միտքը… չհաշված` այն հատ ու կենտ գլուխները… /տղ. ծուխ/ Ի՞նչ… ծը, ծը, ծը… Ի~նչ քաղաքակիրթ լկտիություն… /հեռախոսազանգ/ Կներեք, մի րոպեից կթարգմանեմ… /լսափողում/ Հա… կժպտամ… ես էլ քեզ եմ սիրում…/անջատում է հեռախոսը/ Փոխզիջումային տեսություն. իրոր նման են ուղեղի կիսագնդերն ու շերեփուկների արտադրամասերը… /պոռթկալով. քիչ է մնում խեղդի տղամարդուն/ Ճիշտ ես. երկու տեղում էլ հաշվենկատ համակարգիչներ են. մեկը` հատ հատ հաշվում է փողերն ու ժամանակը, մյուսը… /ուժեղ վառվում է բժիշկի լույսը/ Մեր հերթն էլ հասավ. ժամանակը թռավ, ջահելության ու հասունության սահմանը չզգացինք… /զրուցակցին/ Ինչ կարճ տևեց ձեր բուժումը… որ ասում էի երազախաբությունը հեշտ բուժվող հիվանդություն է, չէիք հավատում. կարևորը, որ էլ չսպասես երազներիդ ասպետին… ոնց որ տատս կասեր §եկողը կգա, բալա ջան, գնացողը կգնա, դարդ մի արա… /այս ընթացքում` տղամարդու հետ մոտենում է բժշկին/:
Բարև ձեզ բժիշկ: Ձեր համար նվեր եմ բերել… /տալիս է սուրճի բաժակը/:
Բժիշկ - ………………
Կին - Ծանոթացեք: /ցույց է տալիս տղամարդուն/ Սա իմ… մի խոսքով…
Բժիշկ - ………………
Կին - Բժիշկ, ի՞նչ շատ հաճելի բան եք տեսնում այս մարդու մեջ, որը… միջուկ էլ չունի… Ախր, դուք չգիտեք ինչ է եղել…
Բժիշկ - ………………
Կին - Լավ, կպատմեմ… Իմ, ու ձեր բարձրագույն տեխնոլոգիաների սիրավեպից հետո գնացի տուն: Հոգեկան ու մարմնական աշխարհներումս ամեն ինչ կարգին էր: Հայտնվեց սա… /հեռախոսազանգ: Արագ արագ պատասխանում անջատում է/մի քիչ հետո կժպտամ… ես էլ քեզ եմ սիրում… հետո կխոսենք հա՞, կյանքս…
Հա, հայտննվեց սա, ու… որոշեց դառնալ իմ աշխարհների նախագահը… Գիտեք չէ՞, կինը միշտ ուզում է ղեկավար ունենալ, որ ղեկավարի նրան… Ինչ երկարացնեմ. մի քանի խոսքով` միակ թեկնածուն էր, ընտրություները կեղծելու կարիք չեղավ: Նախընտրական ծրագիրը լավն էր ու… ընտրվեց…
Բժիշկ - ………………
Կին - Դե /ցույց է տալիս սուրճի բաժակը/ այսքան համբերեք էլի, ասում եմ… Ընտրվեց ու ներկայացրեց հետընտրական ծրագիրը…
Բժիշկ - ………………
Կին - Էլ ի՞նչ §և¦… /սուրճի բաժակի մեջ մի կետ է անում կարդում/ Կետ առաջին. Արհեստական եղանակով ստեղծված ցանկացած բան, նույն եղանակով էլ պիտի ոչնչանա… /հուզվելով-փորը բռնելով/ Հասկանում ե՞ք. այսքան պահեմ - մեծացնեմ ու… վիժե՞մ… /ցավից ճչում է/:
…………….. շարունակելի….
հունիս, օգոստոս, 2009
ԵՐԵՎԱՆ
ԳարՍու
Էջանիշներ