Հետիոտների պարտականությունները
3.1. Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով: Մեծածավալ իրեր տեղափոխող հետիոտները, ինչպես նաև առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով երթևեկողները կարող են շարժվել երթևեկելի մասի եզրով, եթե դրանց երթևեկությունը խոչընդոտում է մայթերով և արահետներով շարժվող այլ հետիոտներին:
Մայթերի, հետիոտնային արահետների կամ կողնակների բացակայության, ինչպես նաև նրանցով երթևեկելու անհնարինության դեպքում հետիոտները կարող են շարժվել հեծանվային արահետով կամ ճանապարհի երթևեկելի մասի եզրով, մեկ շարքով (բաժանարար գոտիներ ունեցող ճանապարհներին` երթևեկելի մասի արտաքին եզրով):
Բնակավայրերից դուրս հետիոտները երթևեկելի մասով շարժվելիս պետք է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանղամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաև մոտոցիկլետ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք` տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:
3.2. Երթևեկելի մասով կազմակերպված հետիոտնային շարասյուների շարժվելը թույլատրվում է միայն աջ կողմով, շարքում` ոչ ավելի քան 4 մարդ, տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց: Շարասյան ձախ կողմում, առջևից և ետևից պետք է գտնվեն կարմիր դրոշակներով ուղեկցողներ, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում` առջևից սպիտակ, իսկ ետևից` կարմիր գույնի միացված լապտերիկներով:
Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով, բայց միայն օրվա լուսավոր ժամերին և չափահասների ուղեկցությամբ:
3.3. Հետիոտները պետք է երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, իսկ դրանց բացակայության դեպքում` խաչմերուկներում` մայթերի կամ կողնակների ուղղությամբ: Եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցում և խաչմերուկ, ապա բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում:
3.4. Այն տեղերում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է, հետիոտները պետք է ղեկավարվեն կարգավորողի կամ հետիոտնային լուսացույցի, իսկ դրանց բացակայության դեպքում` տրանսպորտային լուսացույցի ազդանշաններով:
3.5. Չկարգավորվող հետիոտնային անցումներում հետիոտները կարող են դուրս գալ երթևեկելի մաս միայն գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունր և համոզվելով, որ անցումը անվտանգ է իրենց համար:
Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ կանգնած տրանսպորտային միջոցի կամ տեսանելիությունը սահմանափակող այլ խոչընդոտի հետևից կարող են դուրս գալ միայն համոզված լինելով, որ մոտեցող տրանսպորտային միջոցներ չկան:
3.6. Դուրս գալով երթևեկելի մաս հետիոտները չպետք է այնտեղ կանգնեն կամ հապաղեն, եթե անցումն անվտանգ է: Հետիոտները, որոնք չեն հասցրել ավարտել անցումը, պետք է կանգ առնեն անվտանգության կղզյակի կամ հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա: Անցումը կարելի է շարունակել միայն հետագա երթևեկության անվտանգության մեջ համոզվելուց հետո:
3.7. Կապույտ գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների մոտենալու դեպքում հետիոտները չպետք է սկսեն երթևեկելի մասի հատումը, իսկ այնտեղ գտնվողները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցներին` անհապաղ ազատելով երթևեկելի մասը:
3.8. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ և «տաքսի» թույլատրվում է սպասել միայն երթևեկելի մասից բարձրացված սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում մայթերին կամ կողնակներին: Բարձրացված սպասահարթակներով չկահավորված կանգառի կետերում թույլատրվում է դուրս գալ երթևեկելի մաս միայն մոտեցող տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո: Տրանսպորտային միջոցից իջնելուց հետո պետք է անհապաղ ազատել երթևեկելի մասը:
Էջանիշներ