
Հայաստանում է գտնվում Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կվան Յուն: Նա ավելի քան 3 տասնամյակ ղեկավարել է ասիական այդ պետությունը, կերտել այսպես կոչված սինգապուրյան հրաշքը: Յուն Հայաստան է այցելել մոսկվաբնակ հայ գործարար, «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանի հրավերով, որը Սինգապուրի հետ վաղուց սերտ տնտեսական կապեր է հաստատել:
Ո՞րն է սինգապուրյան հրաշքի գաղտնիքը, ի՞նչ խորհուրդներ կտա Յուն Հայաստանին՝ այս հարցերը հետաքրքրում էին բոլոր նրանց, որոնք երեկ ներկա էին Ազգային մրցունակության խորհրդի ընդլայնված նիստին:
86-ամյա Յուն, պետք է խոստովանել, ներկաներին չհիասթափեցրեց, միայն կազմակերպիչներին խնդրել էր նիստին հաջորդող ասուլիսի ընթացքում 3-ից ավելի հարց չտալ: Նշենք, որ հարց տալու իրավունքը կազմակերպիչները վերապահեցին բացառապես պետական լրատվամիջոցներին:
Այնուամենայնիվ, Յուն հասցրեց բավական շատ բան ասել, ու նրա ասածների մեջ օգտակար շատ բաներ կային: Գլխավորը, մեր կարծիքով, այն էր, որ պետք է փոխենք մտածելակերպը:
«Աշխարհը մեզ ոչինչ պարտական չէ, մենք ենք պարտական աշխարհին»,- ասում էր Յուն: Հետևաբար, կարիք չկա տնտեսական քաղաքականություն վարել՝ հիմնվելով արտաքին օգնությունների վրա, լինեն դրանք տրանսֆերտներ, թե միջազգային կառույցների վարկեր ու դրամաշնորհներ: Յուն օրինակ էր բերում աֆրիկյան երկրներին, որոնց զարգացած երկրները միլիարդավոր դոլարներ են տրամադրում, որը սակայն «լրիվ կորած բան է»: Յուի կարծիքով՝ պետք է սովորել ձուկ որսալ, այլ ոչ թե ձուկը պատրաստի ստանալ:
Սինգապուրի տնտեսական հաջողության գաղտնիքներից մեկը կոռուպցիայի դեմ հաջող պայքարն էր: Ապշեցուցիչ է այն հետևողականությունը, որով Յուն պայքարել է կոռուպցիայի դեմ՝ կիրառելով իսկապես ոչ ստանդարտ քայլեր:
Օրինակ՝ Սինգապուրը մի օրենք է ընդունել, ըստ որի՝ եթե պաշտոնյան իր եկամուտին անհամապատասխան գույք է ձեռք բերում, ապա պարտավոր է ինքը ապացուցել, թե որն է գույքի ձեռքբերման օրինական աղբյուրը:
Ընդ որում՝ ապացուցել նա պարտավոր է դատարանում՝ ի տես ողջ հանրության: Յուն այդ օրենքի իմաստը շատ պարզ է ներկայացնում. քանի որ կոռուպցիայի ապացույց գտնելը շատ դժվար է, դրա բեռը տեղափոխվել է գույք ձեռք բերողի վրա:
Յուն ասում է, որ հակակոռուպցիոն պայքարը պետք է սկսել երկրի առաջնորդից և տարածել պետկառավարման բոլոր օղակներում: Այդ միջոցների արդյունքում Սինգապուրի հասարակությունը սկսել է վստահել կառավարությանը, իսկ դա նպաստել է, որ վերջինս ավելի հեշտությամբ ֆինանսական միջոցներ հայթայթի:
Յուի հաջորդ կարևոր առաջարկությունը վերաբերում էր ինտերնետին: «Եթե ուզում եք լինել մրցունակ և հզոր, ապա բոլոր բնակավայրերում մալուխներ անցկացրեք»,- հորդորում էր սինգապուրցի հյուրը:
Յունի որոշ առաջարկություններում, թերևս, վիճարկելի դրույթներ կային: Օրինակ՝ առաջարկվում է անգլերենը դարձնել աշխատանքային լեզու: Հայերենն այդ պարագայում մղվում է երկրորդ պլան, իսկ ռուսերենը՝ երրորդ: Չենք կարծում, որ լեզվի պետական տեսչությունում նման առաջարկներին խանդավառությամբ կվերաբերվեն, չնայած Յուն ասում է, որ անգլերենի համատարած գործածումը բավական հեշտացնում է անդրազգային կորպորացիաների մուտքը, նպաստւմ ներդրումների աճին:
Եթե լեզվի կիրարկման հարցում առայժմ խուսափենք ծայրահեղություններից, ապա Յուի այս խորհրդի մեջ ևս օգտակար շատ բաներ կան: Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել բուհերում և դպրոցներում օտար լեզուների ուսուցման մակարդակին, այն հաշվով, որ բուհն ավարտած ցանկացած մասնագետ լիարժեք տիրապետի առնվազն 2 օտար լեզվի:
Ներկաների համար անսպասելի՝ Սինգապուրի նախկին վարչապետը բարձրացրեց Հայաստանի տնտեսական կողմնորոշման վերանայման հարցը, որում կարելի էր նաև քաղաքական ենթատեքստ գտնել: Ռուսաստա՞ն, թե՞ Ամերիկա հարցադրումը Հայաստանում կարծես թե վաղուց օրակարգից դուրս է եկել, սակայն սինգապուրցի հյուրն ակնհայտորեն այդ մասին չգիտեր:
Նա նախ առաջարկեց հստակեցնել, թե ի՞նչ տիրույթում ենք գործելու՝ տարածաշրջա՞ն, Ա՞ՊՀ, Եվրոպա՞, թե՞ Ամերիկա: Իր՝ Յուի եզրակացությունը բավական միանշանակ էր՝ հարկավոր է ընտրել զարգացման ամերիկյան մոդելը, որն ամենադինամիկն է: ԱՄՆ-ին նա համարում է աշխարհում ամենաառաջադեմ գաղափարների աղբյուրը, որի տնտեսությանը բնորոշ է «ընկնել, բայց արագ ոտքի կանգնել» ոճը:
Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Յուն եվրոպական տնտեսությունը համարում է ծանրաշարժ, կառչած «հին սովորույթներից»: Այս բնորոշումը հետաքրքիր էր թեկուզ նրանով, որ Յուն, իր խոստովանմամբ, 4 տարի սովորել է Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում:
Հետաքրքիր էին Յուի դատողությունները Հայաստանի տարածաշրջանային դերակատարման առումով: Ըստ նրա՝ մեր հարևաններից օգնություն ստանալու ակնկալիք ունենալ չենք կարող, քանի որ իրենք էլ օգնության կարոտ են և զարգացվածության մակարդակով Հայաստանից շատ չեն տարբերվում:
«Պետք է ցատկել նրանց (հարևանների,-Ս.Ա.) վրայով»,- ասաց Յուն, և իր կողքը նստած արտգործնախարար Նալբանդյանին խորհուրդ տվեց ավելի ակտիվորեն համագործակցել Սևծովյան երկրների հետ:
Մի խոսքով՝ Յուն ռեսուրսների առկայությունը տվյալ երկրի համար առավելություն չի համարում և օրինակ է բերում Սինգապուրին, որը ո՛չ նավթ ուներ, ո՛չ անտառ, ինչպես հարևանները, սակայն կարողացավ նրանցից ավելի արագ զարգանալ:
«Ես պետք է ստեղծեի մի բան, որ հարևանները չունեին: Ստեղծեցի կառավարման ստանդարտներ, արմատախիլ արեցի կոռուպցիան, ստեղծեցի այնպիսի ենթակառույցներ, որ աշխարհը չուներ: Մենք երրորդ աշխարհում օազիս դարձանք, երրորդ աշխարհից հայտնվեցինք առաջինում»,- այսպես ընդհանրացրեց իր գործունեությունը Սինգապուրի նախկին վարչապետը:
www.cdaily.am
Էջանիշներ