ՉՈՒԺՈՅ ՊԱԽՄԵԼ
Հայաստանը շարունակում է ապրել «թռիչքներ երազում եւ հարթմնի» ռեժիմով:
Կարեւոր քաղաքական իրադարձությունները գալիս ու գնում են, ոչ այն է` բնական աղետների, ոչ այն է` Ջիվանու երգած «ձախորդ օրերու» նման: Ապրում ենք չբացատրված, չհասկացված իրականության մեջ, բզբզում ենք մակերեսը, իսկ պատմությունն անցնում է մեր կողքով: Եւ ամենազարմանալին այն է, որ չբացատրված իրադարձությունների այս շղթային, դեմքի լուրջ արտահայտությամբ, կողմ կամ դեմ ենք արտահայտվում: Բայց թե հատկապես ինչի՛ն ենք կողմ կամ դեմ` մենք էլ չգիտենք: Սա Հայաստանում կոչվում է քաղաքական դիրքորոշում` կողմ կամ դեմ լինել բնական տարերքի պես անկանխատեսելի հերթական մի իրադարձության, որը, հենց չբացատրված լինելու պատճառով, աղետի վերածվելու հատկություն ունի (եւ կարծես` չբացատրված տարերքին կարելի է կողմ կամ դեմ լինել): «Նայում է հայը աշխարհին, նայում է ու չի հասկանում». գրում էր Գ. Նժդեհը: Այս երկրում հոկտեմբերի 27 եղավ, մարտի 1 եղավ, ապրիլի 23 ու հոկտեմբերի 10 եղավ, ու միաժամանակ` բան չեղավ: Այդ բոլորը մեզ հետ չեղավ, որովհետեւ շարունակեցինք քնի մեջ մնալ ու խորը քնից մեր կողմն ու դեմն արտահայտել (եւ ինչի՞ պիտի լրջանայինք, եթե նույնիսկ 1915-ի Ցեղասպանությունը մեզանում մինչ այժմ չիմաստավորված, անհասկանալի իրողություն է մնում, որը մեզ չփոխեց): Մեզ հետ տեղի ունեցողը միայն անվերջ երազ է, ընդ որում` լուրջ կասկածանքներ կան առ այն, որ երազն էլ մերը չէ` ուրիշինն է (հայերեն ասած` չուժոյ պախմել):
Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումը» եկավ հասավ հերթական բնական արհավիրքի պես, եւ բոլորը շտապեցին դիրքավորվել, կողմնորոշում հայտնել: Կարծես` կարող է լինել հայ-թուրքական հարաբերություն ընդհանրապես` համատեքստից դուրս` ժամանակից ու տարածությունից կտրված: Ինչի՞ն ենք կողմ կամ դեմ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմա՞նը. Ե՞րբ` 12-րդ դարում Մարս մոլորակի վրա՞, 1918-ի հունիսի՞ն, թե՞ 2009-ի հոկտեմբերի կոնկրետ պայմաններում: Մի՞թե դիրքորոշումը կախված չէ կոնկրետ պայմաններից: Թե՞ քաղաքականությունը շփոթում ենք կրոնական անփոփոխ դրույթների հետ: Հասարակության առաջ կոնկրետ մարտահրավեր է ծառացել, բայց մեր «կողմ»-երը մոռացել են, թե հանուն ինչի՛ են իրենք կողմ, իսկ «դեմ»-երը` հանուն ինչի՛ են դեմ, եւ իներցիայով կրկնում են հազար տարվա սովորածը, յուրաքանչյուրն` ըստ իր նախօրոք նախապատրաստված դերի. ազատականը պետք է կողմ լինի, ազգայնականը` դեմ: Մոռացեք ձեր սովորած դերերը, ձեր կայացած-քարացած աշխարհայացքները, ձեր պապիս թվի «համոզմունքները», ձեր փիլիսոփայությունը, մի պատմեք ձեր կյանքերը: Դա ոչ մեկին պետք չէ: Տվեք նախ տեղի ունեցածի համոզիչ, անհակասական բացատրությունը:
չհասկացա, ապեր, անունդ Սե՞րժ էր, թե՞ սվերխսկարաստնոյ իստրեբիտել
Հիմա` ավելի առարկայական: Հայ-թուրքական ավելի քան մեկամյա գործընթացի նկատմամբ ցանկացած դիրքորոշում, իմ կարծիքով, անլուրջ պետք է համարվի, եթե այն նախ չի տալիս գործընթացի` դրա ակունքների, պատճառահետեւանքային կապերի, զարգացման եւ հնարավոր հետեւանքների համապարփակ, համոզիչ, ներքուստ հետեւողական ու տրամաբանական բացատրությունը` վերլուծական վարկածի բոլոր կանոններին համապատասխան (այսինքն` պետք է փաստարկված պատասխան տրվի երեւույթի հետ կապված բոլոր` առաջին հայացքից անբացատրելի տարրերին, տրվի գործընթացի ամբողջական ու անհակասական բացատրությունը, հերքվեն հնարավոր հակափաստարկները): Այս բացատրությունը տալուց հետո միայն որեւէ դիրքորոշում կարող է համարվել բառիս բուն իմաստով քաղաքական, վերլուծական եւ ուղղակի` բանական: Ավելի կոնկրետ: Բոլոր «դիրքավորվողները» պետք է պարտադիր պատասխանեն հետեւյալ հարցին. ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանը, բոլորի համար անսպասելի, «նախաձեռնեց» հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Սա հարցերի հարցն է, որի «պոչից կպնելով»` պետք է սկսվի ցանկացած վերլուծություն: Պետք է համոզիչ կերպով բացատրվի, թե ինչպիսի՛ ընդհանուր եւ մասնավոր գործոններ կարող էին ստիպել ոչընտրին` գնալ նման քայլի: Ողջ գործընթացը պետք է տեղադրվի իր կոնկրետ, ինչպես նաեւ ավելի լայն` միջազգային, ու նաեւ` պատմական համատեքստի մեջ: Նրանց, ովքեր ոչ մի զարմանալի բան չեն տեսնում Ս. Սարգսյանի «նախաձեռնության» մեջ, հիշեցնեմ մի քանի հանգամանք: Ս. Սարգսյանը իր նախորդ գործունեության շրջանում երբեք որեւէ կերպ` ո՛չ բացահայտ, ո՛չ էլ թեկուզ ակնարկով իմաց չի տվել, որ ինքը նման դիրքորոշումներ ունի հայ-թուրքական հարցի շուրջ: Նա այդ չի արել նաեւ իր նախընտրական քարոզարշավի շրջանում: Ավելին` քարոզարշավը կառուցել է իր հիմնական հակառակորդի «թուրքասիրության» մեղադրանքների վրա եւ եթե անկեղծ ձայներ է հավաքել, ապա շնորհիվ հենց «ազգայնականների» «լեւոնատյացության»: Բայց սա էլ դեռ ոչինչ: Ենթադրենք, որ Ս. Սարգսյանը խնամքով թաքցրել է իր հայացքներն, ավելին` շարունակ կեղծել է դրանք (ինչը մասամբ, թերեւս, հնարավոր է պատկերացնել եւ բացատրել, բայց միայն` մասամբ): Սակայն միեւնույն է, այդ դեպքում պետք է բացատրվի, թե ինչու է Ս. Սարգսյանը «նախաձեռնում» իր «բուռն գործունեությունը» այսպիսի շտապողականությամբ եւ ներքին այսպիսի աննպաստ պայմաններում: Հիշենք. հայ-թուրքական գործընթացը ոչընտրի կողմից սկզբնավորվեց 2008-ի հունիսի վերջին, երբ նա դեռ չէր բոլորել իր նախագահության կես տարին իսկ. ներքաղաքական շարունակվող անկայունության, ընդդիմության չմարող բողոքների պայմաններում, իշխանության ներսում սեփական դիրքերը դեռ վերջնականապես չամրապնդած եւ այլն: Նախաձեռնելով հայ-թուրքական գործընթացը` Ս. Սարգսյանն, իհարկե, որոշ չափով ամրապնդեց իր արտաքին դիրքերը, սակայն մեծ ռիսկի գնաց առանց այդ էլ խախուտ ներքին դիրքերի առումով: Բացի այդ, Ս. Սարգսյանը ոչ միայն «նախաձեռնեց», այլեւ գերարագ տեմպերով, կարելի է ասել` գլխակորույս նետվեց այս գործընթացի հորձանուտը, ինչը հանգեցրեց հայկական կողմի աննախադեպ զիջումների: Ենթադրենք` ի սկզբանե ուզում էր կարգավորել` ի՞նչ է, աշխարհի վե՞րջն էր, չէ՞ր կարելի այս բարդագույն գործընթացը ավելի զգույշ եւ դանդաղ տեմպով տանել առաջ: Արդ, ի՞նչը պետք է ստիպեր ոչընտրին` գնալ նման ռազմավարության որդեգրմանը: Ո՞րն է, վերջապես, այն իքս գործոնը, որը պետք է ամբողջացնի մեզ հետ տեղի ունեցողի բացատրությունը: Իմ համոզմամբ, բացարձակ անարդյունավետ զբաղմունք է` այս ամենը բացատրել զուտ սուբյեկտիվ գործոններով` Ս. Սարգսյանին վերագրվող իրական կամ անիրական հոգեբանական բարդույթներով եւ այլն: Այս ամենը, իհարկե, կա, բայց եթե սա է մեր հիմնական բացատրությունը, ապա մենք ոչնչով չենք տարբերվի այն անմեղսունակներից, որոնք 2008-ի շարժումը բացատրում էին մեկ քաղաքական գործչի «չար կամքով», «ատելությամբ» եւ բաբոյի այլ հեքիաթներով: Չեն կարող քաղաքական եւ հասարակական գործընթացները միայն սուբյեկտիվ գործոններով բացատրվել` սա հակապատմական, վիպական, ֆեոդալական մոտեցում է, որի դեմ ինչքան էլ պայքարեցին հայ լուսավորիչները` սկսած դեռ 5-րդ դարից, միեւնույն է, նախաքրիստոնեական շրջանից ժառանգած այդ ընկալումը գերակայող մնաց մեր ժողովրդի, այդ թվում` մտավորականության մոտ:
հայ-թուրքականը աչքիդ ա էրեւում, ցավդ տանեմ. էսի սարքում են մեր գլխին
Իհարկե, քաղաքական դաշտում ներկայացված ուժերի մի մասը մասնակի պատասխաններ տվել է այս հարցերին: Հատկապես ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» բազմիցս շեշտել են, որ ոչընտրի «նախաձեռնողականությունը» կապված է նրա լեգիտիմության պակասի, մարտի 1-ի դեպքերի, ներքին հենարան չունենալու հետ: Այս ամենը ճիշտ է, եւ այս ամենի մասին շատ անգամ գրել եմ նաեւ ես: Բայց սա ամբողջական բացատրություն չէ: Լեգիտիմության պակասը եւ հարակից հանգամանքները կարող են ստեղծել եւ անկասկած ստեղծել են ընդհանուր բարենպաստ ֆոն ազգային դավաճանության (իրերն իրենց անունով կոչենք)` գլխապտույտ առաջացնող դրամայի ծավալման համար, սակայն բարենպաստ ֆոնը դեռ քիչ է: Պետք է գտնվի նաեւ ավելի կոնկրետ դրդապատճառ, առիթ, որը կբացատրեր դեպքերի սրընթաց զարգացումը եւ դրա ուղղությունը: ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» դիրքորոշման մեջ հատկապես պակասում է փաստարկման այն մասը, ուր խոսքը գնում է Արեւմուտքի գործոնի մասին: Պարզ է, որ լեգիտիմության խնդիրը նախ Արեւմուտքի ձեռքին է ճնշման գործիք: Բայց ակնհայտ է նաեւ (եւ սա մանրամասն կապացուցեմ այս նյութի շարունակության մեջ` հաջորդ շաբաթ), որ հայ-թուրքական գործընթացում ամենաակտիվ կերպով ներգրավված է Ռուսաստանը: Ավելին ասեմ` կարծում եմ, հենց Ռուսաստանի դերն է առաջնային, սկզբնական, եւ մենք գործ ունենք, ոչ թե հայ-թուրքական, այլ ռուս-թուրքական կարգավորման գործընթացի հետ: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա իրական ակտիվություն ցուցաբերում է ավելի շուտ ԱՄՆ-ը, իսկ եվրոպացիներն առանձնապես չեն էլ երեւում (ստատիստների դերում են): Բայց սրանք դետալներ են: Ամփոփեմ: Ինձ մոտ մեծ տարակուսանք է առաջացնում, որ որեւէ քաղաքական ուժ Հայաստանում չի բարձրաձայնում Ռուսաստանի նախաձեռնողական դերն այս խնդրում: Եթե ավելի կասկածամիտ լինեի, կենթադրեի նույնիսկ, որ այս լռությունը պատահական չէ: Բայց նույնիսկ պատահական լինելու դեպքում, պետք է հստակ խոստովանել, որ նման լռությունը` ա. թերի ու անարժեք է դարձնում իրականության բացատրությունը եւ համապատասխան քաղաքական դիրքորոշումը, իսկ քաղաքական պայքարը, համապատասխանաբար` անարդյունավետ եւ բուն նպատակին չխփող, բ. օբյեկտիվորեն մոլորեցնում է հասարակությանը, որի համար չի բացահայտվում ամբողջական ճշմարտությունը գործընթացի մասին:
Անհամբեր ընթերցողների ներողամտությունն եմ հայցում այն բանի համար, որ մինչ դեպքերի բուն վարկածիս անցնելը, ստիպված եղա այսքան երկար նախաբան անել: Սակայն, այլ կերպ վարվել ուղղակի անհնար էի համարում, որքան էլ դեպքերը արագ են զարգանում: Առանց այս նախաբանի` հետագա մտքերս կարող էին մինչեւ վերջ չհասկացվել:
ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
(շարունակելի)
Էջանիշներ