ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱԶԳԻ «ՊԱՊԱ» ՇԱՌԼԻՆ
«Բոհեմ, բոհեմ, ով չկա քսան տարեկան, չի հասկանա երգն այս», լավ է գրված, չէ՞, Շառլ
Երբ քսանին մոտ էի, թվում էր, թե սրանից հանճարեղ միտք չի ծնել մարդկությունը։ Հետո եկավ Բիթլըզը՝ վերջին հաշվով In My Life-ով, հետո Ջիմի Հենդրիքսը, Մորիսոնն ու Ջափլինը, և ապա Հարիսոնը իր My Sweet Lord-ով, և վերջապես Լենոնը՝ Imagine-ով։
Կյանքի ու ապրելու իմաստի այս փիլիսոփայությամբ «ժամտուն արի»՝ ըստ Նարեկացու, Արցախյան գոյամարտը՝ իմ հնարավորությունների սահմաններում, իհարկե։ Այսօր, հետ նայելով, հասկանում եմ, որ շատ հաճախ հանցավոր վստահությամբ խաղասեղանին եմ դրել, ինչպես և իմ ընկերները, նաև զավակներիս կյանքը։ Փառք Աստծո, որ ամեն ինչ հաջող անցավ իմ դեպքում, ու երեխաներս շատ տաղանդավոր դուրս եկան և արդեն իսկ սկսել ենք պարծենալ նրանցով՝ բայց միայն ցուցադրաբար–բլեֆով, ինչպես միշտ՝ ընդամենը «Բոհեմի» մակարդակով։
Իսկ այսօր ի՞նչ, կանգնած եմ կոտրած տաշտակի առջև, որովհետև հասկացա, որ բացի «Բոհեմ»–ից, In My Life-ից և Imagine-ից կա նաև «հայ ազգ» կոչվածը, որի ներկայացուցիչն եմ, դժբախտաբար, այսինքն ստի մեջ ապրողն եմ, ինչպես «Բոհեմի» հեղինակն է կեղծ։ Մի գուցե ժամանակին սխալ եմ հասկացել «Բոհեմի» իմաստը, քանի որ «Բոհեմի» հեղինակի այսպես կոչված հայրենիք այցելության կապակցությամբ ՄԱՐԴ արարած սպանեցին՝ մատաղի տեսքով, իսկ ինքն ընդունեց այդ փաստն ըստ արժանվույն և ձայնը չլսեցինք այդ կապակցությամբ՝ գոնե « Լա բոհեմը» տեսքով։ Ավելին, «Բոհեմի» հեղինակը դարձավ բոհեմը ԲՌՆԱԲԱՐՈՂ համակարգի անդամ՝ դեսպանի տեսքով։ Մի գուցե, «Բոհեմի» հեղինակը միշտ էլ ծերունական մառազմով է տառապել։ Իսկ մե՞նք։ Մեզ մնում է կամ ազգափոխ դառնալ՝ նույնիսկ թուրք, քանի որ նրանք ունեն կայուն սկզբունքներ ու արժանապատվություն, կամ ձևավորել մի նոր «ԱՍԱԼԱ» բոհեմների ու նրանց ժառանգների դեմ՝ քանի որ լափած փողերը նրանց են հասնելու վերջապես։
Այսինքն՝ Շառլիկի «բոհեմը», այսօր կարելի էր վերաշարադրել՝ «Բոհեմ, բոհեմ, այսինքն մենք ընդամենը սրիկա ենք։ Եվ ով սրիկա չէ, չի հասկանա այս բլեֆը հայկական»։ Բայց թե թուրքը հո՞ հասկացել է՝ «Դուք ինչ քրիստոնյա, ձեր աստվածը փողն է» («Արարատ» ֆիլմը գոնե նայել եք, բացի խաղալուց ու ազգանվեր գործունեության համար, բացի ձեր պատվին մարդկային կյանքի մատաղացման, հերթական փողը ստանալուց բացի)։
Երեկ միայն հասկացա ու հասկացանք, որ ամեն ինչ սուտ է ու բլեֆ և էս ազգի համար ամենաճիշտը Շառլի «Մաման» է, գումարած էն բլեֆով ու թալանով փողատեր դարձածների, որոնց պատվին դեռ մարդկային կյանք մատաղ չի արվել ՝ Չիլինգարովից մինչև Վարդանյան։
ԲԱԳՐԱՏ ԽԵՐՈՅԱՆ
Էջանիշներ