«Ազգային» եւ «ապազգային» հարցեր
Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտնեց, որ Կոնգրեսը չի միանա Դաշնակցության շուրջը համախմբված եւ հայ-թուրքական արձանագրություններին «ոչ» ասած 11 կուսակցություններին, քանի որ չի ցանկանում «աջակցել իմիտացիոն ակցիաներին»: Չգիտեմ, թե որքանով է դա ՀԱԿ-ի բոլոր կուսակցությունների տեսակետը, քանի որ Կոնգրեսի մեջ մտնող որոշ քաղաքական ուժեր կարծես թե հակված են ընդունել ՀՅԴ-ի կողմից առաջարկվող «խաղի կանոնները», սակայն տվյալ դեպքում պարոն Զուրաբյանի գնահատականը՝ «իմիտացիոն ակցիաներ», ինձ թվում է, արտացոլում է իրականությունը:
Խնդիրը հետեւյալն է. հնարավոր չէ «հայ-թուրքական հարցում» լինել ընդդիմադիր, իսկ մնացած հարցերում՝ իշխանամետ: Հնարավոր չէ 11 տարի առատորեն օգտվել «իշխանական կերակրատաշտից», ձեռք բերել բիզնեսներ, շքեղ բնակարաններ, ջիպեր եւ այլ բարիքներ, իսկ ահա երբ եկավ «ազգային խնդիրների» հերթը, կերած-խմածը բարեհաջող մարսելով, հանկարծ հանդես գալ անբիծ ազգասերի իմիջով: Հնարավոր չէ լռել մարտի 1-ի սպանդի մասին, նպաստել սպանությունների հանգամանքների կոծկմանը, իսկ հետո ինքնահռչակվել «ազգային երազանքի» ջատագով: Ի՞նչ է, մարտի 1-ին սպանվածները մեր ազգի՞ց չէին: Նրանք կոնկրետ, միսուարյունից մարդիկ էին՝ իրենց համար այսօր սգացող հարազատներով, որոնց հետ միասին արդարություն պահանջելը ցանկացած նորմալ մարդու պարտքն է, իսկ «հողեր ուզելը» այս պահին դատարկ եւ անհեռանկարային զբաղմունք է: Ժամանակին, ձեր այդ նույն «երազկոտության» պատճառով, այդ հողերը տվեցիք, իսկ հետագա տասնամյակների ընթացքում պահանջատիրությունը դարձրեցիք ձեր «քաղաքական բիզնեսի» առանցքը:
Կամ գուցե իրենց քաղաքական հայացքների համար այսօր նստած մարդիկ օտարազգի՞ են: Արհամարհել այդ մարդկանց իրավունքները եւ զբաղվել ազգի վերացական իրավունքներով՝ դա իսկապես իմիտացիա է:
Նույնը կարելի է ասել մեր սփյուռքյան կառույցների մասին: Այսօր նրանք, չգիտես ինչու, «քունը կորցուցած» են: Բայց մարտի 1-ից հետո նրանցից ոչ մեկը չբողոքեց ու չընդվզեց՝ այդ ինչո՞ւ էիք սպանում մեր եղբայրներին, այդ ինչո՞ւ 20 օր չէիք թողնում, որ թերթերը գրեն այն, ինչ ուզում են: Թե՞ սա «ազգային հարց» չէ: Ազգայինը միայն ինչ-որ մշուշոտ «կորուսված հայրենիքի» տեսլակա՞նն է: Կամ գուցե կասեք՝ չէինք ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերի՞ն: Դե, այդ դեպքում մի խառնվեք նաեւ Հայաստան պետության՝ այլ պետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ոոո.առավոտ.ամ /

/
Էջանիշներ