22:21 • 08.09.09
Փորձ է արվում աղավաղել Կոնգրեսի դիրքորոշումը, Արման Մուսինյան
Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի այսօրվա հայտարարությունը: Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր` «վախենամ, որ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ–որ կուզեր անել Լևոն Տեր–Պետրոսյանը»:
«Իշխանական քարոզչական մեքենան և Դաշնակցությունը փորձում են այդ միտքը ներարկել հասարակության մեջ` աղավաղելով Կոնգրեսի դիրքորոշումը և փորձելով դրական լույսի ներքո ներկայացնել սեփական դիրքորոշումը», - ասաց Արման Մուսինյանը` նշելով, որ Կոնգրեսը միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` տարիներ շարունակ հաստատելով այդ դիրքորոշումը և երբեք քաղաքական կոնյուկտուրային այդ հարցը չհարմարեցնելով:
«Իսկ և' Դաշնակցությունը, և' հատկապես Հանրապետական կուսակցությունը նման կայուն դիրքորոշում այդ հարցում չեն ունեցել: Կառաջարկեի ընթերցել Հանրապետական կուսակցության թեկնածուի նախընտրական ճառերը, որոնք ողողված էին ամպագոռգոռ հայրենասիրական «մտքերով»», - հայտարարել է ընդդիմության առաջնորդի մամուլի խոսնակը:
Այդ կապակցությամբ Արման Մուսինյանը մի կենցաղային անալոգիա է ներկայացրել.
«Եթե մենք կողմ ենք, որ ինչ-որ մեկն ամուսնանա, ապա դա չի նշանակում, որ մենք կողմ ենք, որ նա ամուսնանա անբարոյականի հետ»:
«Եթե Կոնգրեսը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա չի նշանակում, որ մենք կողմ ենք, որ այն կարգավորվի այս իշխանության ապիկար և պարտադրված քաղաքականության արդյունքում ձևավորված իրողությունների հիման վրա: Սերժ Սարգսյանը գնում է նման քայլի մեկ պատճառով` Հայաստանի հաշվին իշխանությունը պահպանելու համար», - եզրափակել է Արման Մուսինյանը:
Էջանիշներ