ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԻՐ ԳՈՐԾՆ Է ԱՆՈՒՄ
Սիրելի Հակոբ: Մենք կանխատեսում էինք խայտառակ ձախողում` եւ այն կա: Սակայն նման նվաստացուցիչ փաստաթուղթ, որ նախաստորագրել է Հայաստանի կառավարությունը` անգամ մենք չէինք պատկերացնում: Հատկապես հաշվի առնելով Ս. Սարգսյանի` անցած տարվա նոյեմբերի 2-ին Ֆրանկֆուրտեր Ալգեմայնեին տված հարցազրույցում` պատմաբանների հանձնաժողովի մասին խոսքերը, որ “դրա կարիքը բացարձակապես չկա եւ դա միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ է” (1): Իշխանությունները, կորցնելով արժանապատվության զգացումը, եւ դրժելով նախկինում տված խոստումները ստորագրեցին մի այնպիսի պարտավորությունների տակ, որ անգամ մենք չէինք պատկերացնում: Հիմա ինչ վերաբերում է տապալմանը: ՀՀ իշխանությունների նման կեցվածքն ու կոնկևետ գործողությունները միանշանակ ողջունվում են միջազգային հանրության, գերտերությունների կողմից, քանզի ազատում են իրենց կառավարություններին Թուրքիայի նման ծանր բանակցողի հետ նորանոր խնդիրների առաջացումից: Հայաստանը իր վրա վերցրեց այն դժվար առաքելությունը, որը պետք է իրականացներ ԱՄՆ, ԵՄ` ստիպելու Թուրքիային գնալ Հայաստանի հետ պայմանավորվածությունների: Հայաստանը, համաձայնվելով միակողմանի եւ աննախադեպ զիջումներին` ձերբազատեց միջազգային հանրությանը շատ գլխացավանքներից: Ինչպես օրերս պատկերավոր ասաց Լեւոն Զուրաբյանը, եթե մենք համաձայնվեինք զիջել Ամասիայի շրջանը /դրանով ավելի գոհացնելով թուրքերին/, ապա միջազգային հանրությունը ավելի ջերմեռանդ կողջուներ հայկական ՙհամարձակ՚ կեցվածքը: Թե ԱՄՆ, թե միջազգային այլ կարեւորագուն դերակատարները մեր տարածաշրջանում երբեւէ չէին կարող պատկերացնել, որ Երեւանում կհայտնվի մի այնպիսի իշխանություն, որը միանգամից կընդունի Թուրքիայի երկու նախապայման եւ իր սեփական ժողովրդին` իշխանական կերակրատաշտից օգտվող պնակալեզների եւ անսկզբունքային պատմաբան/թուրքագետների միջոցով կմատուցի հակառակը: Հիմա, երբ այս իշխանությունները ստացել են միջազգային հանրության լիարժեք աջակցությունը, թեկուզ եւ ժամանակավորապես, եւ իշխանամետ հեռուստատեսությամբ անխնա լվանում են հանրության ուղեղները` Կոնգրեսը պետք է համապատասխան շեշտադրումներ մտցնի իր մարտավարության մեջ: Կոպիտ ասած, միջազգային հանրությունից ստացած քարտ-բլանշով իշխանությունները այսօր կարող են Կոնգրեսի տաս ակտիվիստ ձերբակալել եւ “դատապարտել” տաս տարվա ազատազրկման` ներկայացնելով դա միջազգային հանրությանը որպես հայ-թուրքական ՙհաշտեցմանը՚ խանգարող տարրերի չեզոքացում:
Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը իր նպատակներին հասնելու համար: Ոմանք ասում են մշտական եւ ամենօրյա ՙկտրուկ՚ գործողություններ: Դրանց արդյունավետությունը երեւաց, մասնավորապես, թբիլիսյան պիկետների օրինակով: Այսօր վրացական ընդդիմությունը կազմալուծված է եւ կորցրել է ժողովրդի վստահությունը: Մենք չենք գնում նույն ճանապարհով, քանի որ քաղաքական պայքարի ձեւ ենք համարում ոչ միայն ցույցերն ու պիկետները, որոնք պետք է լինեն ճիշտ ժամանակին եւ հնարավորինս արդյունավետ, այլեւ ամենօրյա աշխատանքը թե լրատվամիջոցների եւ թե ուղիղ բնակչության հետ: Աշխատանքի բարդությունը կայանում է հեռուստաընկերությունների կողմից մեր գործունեության աղավաղված լուսաբանման, կամ դրա ի սպառ բացակայության: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք մեր ճնշումները եւ մեր դիրքորոշումների տարածմանը ուղղված գործունեությունը: Ես վստահ եմ, որ անգամ նման բարենպաստ տեղեկատվական միջավայրի պայմաններում, ոտնահարելով մեր ազգի արժանապատվությունը եւ ՙամրապնդվելով՚ միջազգային ասպարեզում Ս. Սարգսյանը միայն ժամանակավորապես է լուծում իր հարցերը: Կա՞ Հայաստանում մեկը, որ իսկապես կհավատա, որ Ս. Սարգսյանի զիջումները արժանապատիվ էին, քաղաքականությունը` նպաստում տարածաշրջանում եւ Հայաստանում կայունության ամրապնդմանը: Կարծում եմ, արդարացված չէ Հայաստանում ստեղծված այս իրավիճակը ներկայացնել իբրեւ վերջնական ստատուս-քվոյի ձեւավորում:
Ինֆորմացիոն դաշտի յուրահատկությունները ազդում են նաեւ մեր նկատմամբ ոչ թշնամաբար տրամադրված զանգվածի վրա, որը երբեմն զոհ է դառնում իշխանության տեղեկատվական ագրեսիայի: Վերջիններից մեկը` ձեր հոդվածում մատնանշածն է:
Թե որքան արհեստական են մեր եւ իշխանությունների դիրքորոշումների համընկնման մասին պնդումները` վկայում են մեր կտրուկ տարբերությունները հանրային կյանքի առանցքային ուղղություններում: Դրանցից են, մասնավորապես.
- կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարը,
- խոսքի ազատության, ազատ մամուլի մասին վերաբերմունքը,
- տնտեսական զարգացման հիմնական վեկտորների,տնտեսական բարեփոխումների անհրաժեշտության,
- հարկային քաղաքականության հավասարության,
- տնտեսական քաղաքականության, իրականացվող գործողությունների թափանցիկության,
- ոստիկանության` ամենօրյա ապօրինությունների մասին գնահատականների,
- դատախազության եւ ՀՔԾ ռեպրեսիվ գործողությունների վերհանման,
- պետական գործիչների` հանրության առջեւ հաշվետու լինելու անհրաժեշտության,
- Երեւանում առկա բազմաթիվ հոռի երեւույթների քննադատության,
- իշխանության ներկայացուցիչների` ստախոսության, ժողովրդի հետ շփվելու անկարողության,
- դատական համակարգի ծախվածության,
- Ազգային Ժողովի կողմից իր հիմնական առաքելությունը` քաղաքական բանավեճի ամբիոն ծառայելու ձախողումը, ԱԺ-ն որպես մեծահարուստների տանիք հանդիսանալու փաստի,
- ընտրությունների կազմակերպման եւ անցկացման,
- արտաքին քաղաքականության բազմաթիվ սխալների,
- հայ-վրացական հարաբերությունների, կրկին աննախադապ վատթարացման,
- Սփյուռքի հետ հարաբերությունների,
- թուրքերի հետ պատմաբանների հանձնաժողովի ձեւավորման եւ այլն:
Այս բոլոր հարցերում, ցուցակը խիստ համառոտ է, Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները կտրուկ, տրամագծորեն տարբերվում են իշխանության դիրքորոշումներից կամ` իրականացվող քաղաքականությունից: Այս պայմաններում այն մարդիկ, որ խոսում են իշխանությունների եւ ընդդիմության ընդհանրությունների մասին պարզապես սպասարկում են իշխանական քարոզչությունը, ինչը, երբեմն` անգիտակցաբար անում են նաեւ որոշ անկախ վերլուծաբաններ:
Այստեղ ես չեմ կարող չհամաձայնվել ին բարեկամ Հակոբի այն մտքի հետ, որ իշխանությունների թեթեւ, բայց ոչ արդար ձեռքով ներքաղաքական զարգացումներին ՙպարտադրվեց՚ այնպիսի օրակարգ, որը կլանեց մնացած խնդիրները եւ Հայ Ազգային Կոնգրեսը ստիպված կենտրոնացավ այն ծուղակների բացահայտման վրա, որոնք բազմաթիվ են օրերս հրապարակված հայ-թուրքական Արձանագրություններում: Ես սպասում էի, սիրելի Հակոբ, որ դու հիշատակես, որ առաջինը ԼՂ հարցի եւ հայ-թուրքական անընդունելի զարգացումների մասին ահազանգեց հենց Կոնգրեսը /դեռեւս անցած տարվա աշնանը ժամանակավորապես դադարեցնելով հանրահավաքները/ Հայաստանի եւ Ղարաբաղի հանրության ուշադրությունը սեւեռելով իշխանությունների պարտվողական քայլերի վրա, եւ իշխանություննե’րը չեն, որ ձեւավորեցին այսպիսի օրակարգ:
Եվս մեկ դիտարկում: Հիշեք իշխանությունների բազմաթիվ խոստումները` բարեփոխումների երկրորդ սերնդի, տնտեսական քաղաքականության թափանցիկության, չհասկցվածության պատերի, պետության հեղինակությունը բարձրացնելու, պետական մեքենայի` դեպի ժողովուրդը շրջվելու, հավասար հարկային դաշտ ձեւավորելու, լրատվամիջոցներում հրապարակումները քննության առարկա դարձնելու վերաբերյալ եւ շատ ուրիշները: Այս լոզունգներով եւ խոստումներով գալով իշխանության, զույգ Սարգսյանները խաբել եւ ամեն օր խաբում է ժողովրդին` չիրականացնելով որեւէ խոստում (2): Կաշառակեր, անձնական խոշոր բիզնեսներ ունեցող ոստիկանները կրկին ոստիկանության ղեկավար կազմում են, մարտի մեկի գործերը տապալած դատախազները` շարունակում են պաշտոնավարել, ժողովրդի վստահությունը կորցրած դատավորները` ստացան նշանակալի բոնուս` աշխատավարձի բարձրացման տեսքով, ունենք նախարարներ, որոնք հայի ինքնություն էլ չունեն, չեն մտածում հայերեն, իսկ ժողովրդի վստահության միայն չորս տոկոս ստացված ՕԵԿ-ի ղեկավարը` շարունակում է զբաղեցնել Հայաստանի ԱԽՔ-ի պաշտոնը, Հանրապետականի “ինտելեկտուալներն” էլ /Դ.Հարությունյան, Ն. Երիցյան/ եւ իշխանության քողարկված սպասարկու ՄԻՊ Արմեն Հարությունյանը` հակաժողովրդավարական գործունեության արդյունքում դարձան ավելի ատելի քան իրենց ղեկավարները: Այսինքն` տարիուկես անց` չկա որեւէ առաջընթաց հանրային կյանքի որեւէ բնագավառում: Չկա որեւէ ՙբարեշրջման՚ փորձ, քայլ /բացի ամրագոտիների ներդրումից/ եւ միակ նշանակալի գործողությունը, որ արվել է` բյուջեի պարտքերը փակելու համար մեկ միլիարդի վարկերի ստացումն է` որը կրկին մսխվելու է: Բայց այդ ընթացքում, կրկին, որոշ ՙանկախ՚ վերլուծաբաններ ասելու են` տեսեք իշխանությունները ամրապնդվեցին, իսկ Կոնգրեսը սխալվեց իր գնահատականներում:
Ես խորապես հավատում եմ, որ միայն Կոնգրեսի հավատարիմ եւ հետեւողական պայքարի, ժողովրդի հետ անկեղծ խոսելու ունակության եւ իշխանությունների վրա գործած ճնշումների պատճառով է, որ այսօր ավելի’ն քան մեկուկես տարի առաջ բացվեց այս իշխանությունների իրական դեմքը, նրանց անընդունակ լինելը անել որեւէ դրական բան երկրի համար: Ցավոք Կոնգրեսը բացահայտեց նաեւ մեկ այլ փաստ` իշխանությունը պահելու համար այս մարդիկ չեն կանգնի ոչ մի բանի առջեւ եւ կծախեն բոլոր սրբությունները, ինպես դա արեցին Հայոց ցեղասպանության հետ:
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
1. “…պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու.. անհրաժեշտությունը բացարձակապես չկա: Մենք չենք կարծում, որ դրանով հնարավոր կլիներ որևէ բանի հասնել:...... Եվրոպական երկրները ևս ժամանակին պատմական հանձնաժողովներ չեն ստեղծել` նորմալ հարաբերություններ զարգացնելու համար: Նման քայլը կարող է նաև նշանակել փորձ` մոլորության մեջ գցելու միջազգային հանրությանը, հատկապես, երբ այն տարիների գորընթաց է”:
2. Հիշեցնեմ Ս. Սարգսյանի ժամանակին ամենաշատ տիրաժավորված խոստումներից մեկը` արված 2008թ. մարտի 4-ին` բացահայտելու Մարտի 1-ի մեղավորներին, մարդասպաններին: Ո՞ւր են մեղավորները, մարդասպանները փողոցում ազատ ման են գալիս: Քանի՞ անգամ է նա խոսել Մարտի 1-ի բացահայտման մասին վերջին մեկուկես տարվա ընթացքում:
Էջանիշներ