Եվ այսպես սկսենք: Նյութերը կլինեն ըստ ժամանակագրական հաջորդականության, հնարավորինս սեղմ: Առաջին փոստը սկսում եմ Հին Արևելքի երկրների դիվանագիտական կապերից, որոնք և մեզ հասած ամենավաղ արտաքին հարաբերությունների և դիվանագիտության նմուշներն են:
Հին Արևելքի պատմությունը պահպանել է փաստաթղթեր, դիվանագիտական նամակներ, պայմանագիրներ, որոնք վկայում են Հին Արևելքի պետությունների միջև ակտիվ փոխհարաբերությունների մասին:
Մ.թ.ա. 2 հազարամյակի կեսերին Առաջավոր Ասիայի ամենախոշոր պետությունը Եգիպտոսն էր: Այն աշխույժ առևտրական, մշակութային և քաղաքական կապեր ուներ, իրեն հայտնի բոլոր պետությունների հետ՝խեթական պետություն, Միտաննի թագավորություն, Բաբելոն, Ասորեստան, սիրիական և պաղեստինյան իշխանություններ և այլն:
Դիվանագիտական գրագրությունը հին Եգիպտոսում իրականացվում էր հատուկ գերատեսչության կողմից:
Հին Արևելքի դիվանագիտական կապերի մասին մեզ կարևոր տեղեկություններ է հաղորդում Թել-Ամառնայի(Էլ-Ամառնա) արխիվը: Այն պարունակում է շուրջ 360 կավե սալիկներ, որոնք հիմնականում պարունակում են դիվանագիտական գրագրություն փարավոնների և այլ պետությունների թագավորությունների միջև:
Թել-Ամառնայի արխիվը մեծ մասամբ կազմված է Եգիպտոսից կախվածություն ունեցող սիրիական և պաղեստինյան իշխանների նամակներից ուղղված փարավոնին: Սիրիական և պաղեստինյան իշխանները բուֆերի դեր էին կատարում երկու հզոր՝ եգիպտական և խեթական պետությունների միջև:
Հիշատակման արժանի է դիվանագիտական գրագրությունը Եգիպտոսի փարավոն Ամենոֆիս III-ի և Բաբելոնի թագավոր Կադաշման-Խարբերի միջև, որտեղ եգիպտական փարավոնըիր հարեմի համար խնդրում է Բաբելոնի արքայադստերը, բայց մերժում է ստանում Կադաշմանի կողմից, որը պատճառաբանում է իր քրոջ ճակատագրով, որը փարավոնի հարեմում ստրուկի կարգավիճակ ուներ: Եգիպտոսի փարավոնը պատասխան նամակում մեղադրում է բաբելոնյան դիվանագետներին կեղծ տեղեկություններ հաղորդելու համար և առաջարկում Կադաշման-Խարբերին պատվիրակություն ուղարկել՝ համոզվելու համար, որ իր քույրը թագուհուն վայել կյանքով է ապրում: Ի վերջո Կադաշմանը համաձայնվում է իր աղջկան ուղարկել փարավոնի հարեմ, բայց դրա փոխարեն պահանջում է Եգիպտոսի արքայադստերը, որպես իր կին, ոսկի և նվերներ:
Այսպիսի տեսք ունի դիվանագիտական նամակագրությունը Հին Արևելքի այդ երկու հզոր պետությունների արքանների միջև: Նամակը սկվում է ողջույնի խոսքերով և ավարտվում նվերներ ու ոսկի ուղարկելու պահանջներով:
Այս նամակները կազմված են բաբելոներեն լեզվով, որը այն ժամանակաշրջանի դիվանագիտական լեզուն էր:
Էջանիշներ