8
Սակայն ճիշտ է, որ ես այգիներ եմ գնում։
Եվ ճիշտ է, որ այնտեղ կանայք չեն ինձ տանում։
Մանուկներն են տանում, երեխեքը։
Լայն ծառուղի։ Ավազ, որ և շեկ է,
Ինչպես այն շեկլիկը, այ, այս մեկը,
Որ իր գլխին,
Ասես
Թասակի պես,
Անվտանգ արևն է մազերի տեղ կրում։
Ինչպես և այն մեկը,
Այն մեկը, տես,
Որ ավազին, մատով, ինչ-որ բան է գրում։
Նրա ժպտուն դեմքը, նրա ձեոք ու ոտը
Այնպես պեպենոտ է,
Որ ուզում ես լվալ առվի ջրով այս ջինջ.
Քեզ թվում է՝ տղան ոչ թե պեպենոտ է,
Այլ որ նրա դեմքը, ձեոք ու ոտը
Այս ավազն է նախշել, ուրիշ ոչինչ։

Իսկ հապա այն մեկը...
Ախ, այս երեխեքը...

Ամեն մեկըս ունի իր թուլությունը.
Մեկին՝ բարությունը,
Մեկին՝ մայրությունը,
Մեկին՝ խմիչքները, մեկին՝ սերը կանանց։
Ինձ մոտ մանուկների տիրություն է -
Ինչքան ինձ հիշում եմ՝ միշտ սիրել եմ նրանց։
Ես, իսկապես ասած, այսպես եմ հասկանում.
Մարդիկ ուրիշ բան չեն, քան թե մանուկ
Մանուկ - հասակ առած,
Մանուկ - տարեց դառած,
Եվ, վերջապես, նաև՝ մանուկ - ծերուկ։
Ես, իսկապես ասած, այսպես եմ հասկանում.
Մեր մեջ ամեն լավ բան մանկականն է,
Ազնիվ ու ճիշտ ճամփան մանկականն է.
<<Մանկական>> է լավի ածականը –
<<Մանկական>> չես կոչի բացասականը...

Ու ես թափառում եմ այս պարկերում,
Որովհետև նրանք են ինձ գերում՝
Զնգուն այս ծիծաղը,
Ինքնամոռաց խաղը,
Բոբիկ այս ոտերը,
Անմեղ այս ստերը։
Իսկ դուք նկատել եք,
Բոլոր մանուկները,
Ինչպես գառնուկները
Եվ նման են իրար, և իրարից տարբեր։
Չեք նկատել արդյոք, որ աշխարհում
Տգեղ մանուկներ, երբեք -
Բոլոր մանուկներն են այնտեղ սիրուն։

Ու ես ոնց եմ սիրում
Ինքնամոռաց շրջել այս վիթխարի պարկում,
Այս ծաղկառատ այգում ինքնամոռաց ման գալ։
Մի խենթ ցանկություն է այստեղ ծագում՝
Կյանքում քեզ հայր զգալ։
Զգալ,
Որ այդ դու ես կյանք պարգևել նրան՝
Կապուտաչին.
Տեսնել,
Թե ինչպես է մատ թափ տալիս վրադ
Չարաճճին.
- Մինչև արջուկ չառնես, ինձնից չես ստանա
Ոչ մի պաչիկ։
Լսել,
Թե ինչպես է մայրը լուրջ սպառնում.
- Նայիր, հորըդ կասեմ։
Տեսնել,
Թե ոնց է նա իսկույն խելոք դառնում.
- Տես, խելոք եմ, չասես։
Տեսնել,
Թե ինչպես են կավից տնակ շինում,
Գոտի շինում խոտից...
Տեսնել,
Թե ինչպես են իրենք իրենց զինում՝
Լաց լինելով ստից
Լսել,
Թե ոնց նրանք բլբլում են անվերջ
Ու մոր հոգին հանում.
<<Իսկ այս ինչ է, մամա,
Իսկ այս ինչ է, մամա>>...
Լսել,
Թե հալվելով - ինչ սիրով է նրանց
Մայրը պատասխանում,
Մերթ էլ՝
- <<Բավական է, դե մի հանիր համը>>...
Տեսնել,
Թե ինչպես են մեկը մեկի առաջ
Իրենց հայրիկներով հպարտանում.
Սրանն՝ ինժեներ է, նրանն՝ օդաչու է,
Որ... երկնքից անգամ անց է կենում...

Այստեղ ես հասկանում,
Զգում ու հասկանում ամբողջ սրտով,
Որ դու ինչ էլ լինես -
Ճարտարապետ,
Վարպետ,
Միլիցիոներ,–
Դու ամենից առաջ
Այս ամենից առաջ
Եվ կամ հետո
Պարտավոր ես կյանքում... <<հայրիկ>> լինել...
Եվ խենթ մի ցանկություն
Լափլիզում է քո սիրտն ու քո հոգին -
Որ քեզ,
Եվ քեզ,
Եվ քեզ
<<Հայրիկ>> կոչի ձայնը ինչ-որ մեկի։
Ոնց թե ինչ-որ մեկի։
Ոչ թե ինչ-որ մեկի,
Այլ, սիրելիս, ձայնը մեր մանկիկի...

9
Մենք ինչքան ենք խոսել
Ու երազել։
Մենք ինչքան ենք նրան
Մեր դեմ տեսել։
Մենք ինչքան ենք շրջել՝ երազելով։
Ես աղջիկ եմ ուզում, իսկ դու՝ տղա։
Ես աղջիկ եմ ուզում քո մազերով,
Դու տղա ես ուզում՝ ինձ պես թխաչ։
Ես աղջիկ եմ ուզում, որ քեզ նման լինի –
Քեզ պես կախարդանքով իրեն զինի։
Քո հասակի նման՝ մանկանկար հասակ,
Ինչպես քո դեմքի շուրջ՝ լուսապսակ։
Լինի քեզ պես նազուկ,
Քեզ պես նազուն,
Եվ քեզ նման զգաստ, և երազուն։
Որ երբ ժպտա քեզ պես –
Բացվի արշալույսը.
Ու երբ նայի քեզ պես –
Վառվի մարած լույսը.
Երբ ծիծաղի քեզ պես –
Զգաս՝
կյանքն է զնգում,
Ու երբ սիրի՝
Զգաս
Արժի ապրել կյանքում։
Ամեն ինչով նման, թուլությունով անգամ,
Քեզ պես,
Միայն... քեզ պես դառնություններ չզգա...

Իսկ դու <<չէ>> ես ասում -
Դու ուզում ես տղա։
Դու ուզում ես տղա,
Որ նա բակում խաղա։
Թող որ իր հոր նման տգեղ լինի, ոչինչ,
Բայց թող աստղով լինի իր հոր նման։
Ու թե աստղով լինի՝ իր հոր նման,
Թող որ իր հոր նման տգեղ լինի, ոչինչ...

Դու ուզում ես տղա,
Չարաճճի տղա։
Մոր հոգու հետ, ոչինչ, թող նա մեկ-մեկ խաղա։
Թող որ իր հոր նման չարություններ անի,
Բայց թող՝ իր հոր նման՝ երբեք երես չառնի։
Թող որ իր հոր նման շատ բան տեսնի կյանքում,
Բայց թող իր հոր նման միշտ էլ լինի կանգուն։
Թող նա իր հոր նման մեղկությունը ատի,
Փոքրոգություն, քծնանք իր հոր նման դատի։
Իր հոր նման երբեք չշլանա փառքով,–
Թող շլանա, լավ է, աղջիկների քայլքով։
Իր հոր նման թող որ հափշտակվի, տարվի,
Բայց երբ ժամը հասնի, հոր պես սիրահարվի,
Հոր պես կարողանա
Կյանքում ատել, սիրել,
Հոր պես կարողանա
Քեզ պես գանձի տիրել...
Մենք ինչքան ենք խոսել
Ու երազել,
Մենք ինչքան ենք նրան
Մեր դեմ տեսել։
Ես ինչպես եմ ուզում
Ինձ հայր տեսնել,
Դու ինձ պես ես ուզում
Քեզ մայր տեսնել...

10
Բայց... դու արդեն, արդեն մայր ես վաղուց –
Քո տղան է հիմա բակում խաղում...

...Ես ոչ փաքրոգի եմ, ոչ տգետ եմ,
Բայց դե արի ու տես, որ խանդոտ եմ։
Ես խանդոտ եմ, ինչպես գարնան գետը
Օտար ջրի հանդեպ,
Ինչպես արեգակից խանձված խոտը՝
Ամեն հրի հանդեպ.
Ինչպես արծվաձագը՝ որսասարում,
Ինչպես ջահել կաղնին՝ խիտ անտառում։
Թող որ ես խանդելու չունեմ տեղիք,
Բայց իրավունք...
Ունեմ երկնքի չափ, ծովի։
Ախ, չէ որ ես քոնն եմ, քոնն եմ, ամբողջովին։
Քոնն եմ,
Բայց ոչ իբրև կրծքիդ թառած ծաղիկ.
Քոնն եմ,
Սակայն իբրև ոչ պաշարված քաղաք,
Ոչ էլ հարձակումով, մեկից շահված քաղաք։
Քոնն եմ ամբողջովին, այն տան նման,
Ուր դու տանտեր ես այդ տան համար,
Եվ տան միակ - միակ բնակիչը։
Չէ որ ես այլ բան չեմ -
Ես լոկ սիրո ճիչ եմ՝
Քո կասկածն ու ցավը փարատելու համար:
Չէ որ ես այլ բան չեմ -
Հալված ես արճիճ եմ՝
Քո ծակծըկված կյանքը կարկատելու համար։
Քոնն եմ իմ անցյալով, իմ ներկայով,
Երազներով բոլոր, ապագայով,
Քոնն եմ ամբողջովին, իմ սիրելիս։
Սա իրավունք միթե ինձ չի տալիս
Քեզնից ուզել նույնը ու քեզ խանդել
Ամեն,
ամեն,
ամեն,
Ամեն ինչի հանդեպ։
Եվ այսքանից հետո ես էլ հապա
Գեթ իրավունք չունե՞մ պահանջելու,
Որ իրավունք չունես ինձ տանջելու,
Որ դու պետք է լինես իմը անվերապահ,
Իմը՝ ոտից - գլուխ, իմը՝ ամբողջովին.
Որ քո գորովանքի, սիրո ամբողջ ծովին
Ես տեր լինեմ՝ ինչպես ծովի հին աստվածը՝
Ինքը՝ Պոսեյդոնը.
Որ դու ամբողջովին իմը լինես այնպես,
Ինչպես ես եմ քոնը.
Որ մի կաթիլ անգամ դու չցըրես,
Էլ չեմ ասում՝ սիրես...
Էլ չեմ ասում՝ սիրես...
Բայց ես գիտեմ, թե դու ոնց ես երկրպագում,
Ոնց ես պաշտում... նրան, որ կոչում է քեզ <<մայր>>։
Ու ես, որ ոչ կույր եմ, ոչ էլ հիմար,
Ես մի հարցի առաջ աչք եմ փակում.
Ով է առաջինը քո մեջ հոգում՝
Ես եմ արդյոք, թե նա -
Ու վայ թե նա...
Եվ, չնայած դրան,
Ես չեմ խանդում նրան,
Ախ չէ, քեզ եմ, քեզ եմ որդուդ համար խանդում։
Չէ որ նա լոկ քոնն է... և իմը չէ։

...Ախ, ես ոնց կուզեի, ոնց կուզեիր և դու,
Որ նա լիներ իմը, որ ինձ <<հայրիկ>> կոչեր,
<<Հայրիկ>> այնպես կոչեր,
Այնպես գոչեր,
Որ աշխարհը լսեր հոր անունը։

Բայց նա քոնն է միայն և իմը չէ։

Ցավն էլ սրանումն է...

11
Հո ասեղ չէ սերը, որ կորցընես,
Իսկ թե ասեղ է նա՝ կթաքցընես
Ինչ որ բարձիկի մեջ կամ տոպրակում։
Եթե ասեղ է նա՝ աչք է ծակում...
Դե ում լավ հայտնի չէ մեր իսկ թուլությունը.
Մենք բոլորս էլ մի քիչ փսփսուկ ենք սիրում։
Իսկ գեղեցիկ սեռի դրությունը
Շատ է նախանձելի այս հարցերում։
Ոմանց համար արդեն դա մի թուլություն է,
Ինչպես ջուր խմելը, հաց ուտելը...
Պատկերացրեք հիմա դուք մեր դրությունը։
Պարզ է՝ հայտնի դարձավ և մեր սերը։
Ուրիշները դարձան կիսով նրա տերը.
Եվ այս, և այն կողմից տընտըղեցին նրան,
Մերթ պեղեցին նրան,
Մերթ թաղեցին նրան։
Ուրիշ խոսքով ասած՝ նա մի գրոշ դարձավ,
Որ ոչ թե ձեռքից ձեոք – բերնից բերան անցավ...

Ցավալի է։ Հարկավ։
Ցավալի է, սակայն
Ոչ թե նրա համար, որ ստացվեց այդպես՝
Որ գաղտնիքը մեր թանկ հանկարծ բացվեց այդպես։
Չէ։ Ասեղ չէ սերը, որ թաքցընես,
Իսկ թե ասեղ է նա, իսկույն աչք է ծակում.
Իսկ թե ասեղ է նա՝ թե թաքցընես
Քո ցանկությանն ընդդեմ կհագցընես
Պոչից երկար մի թել, որ երևա իսկույն։
Մենք ասեղը թելել բնավ չենք էլ փորձել:
Բայց ինչ...
Դուրս է գալիս՝
Հիմար բան ենք գործել։
Դուրս է գալիս, որ մեզ կարելի էր տարվել,
Միայն հարկավոր էր խելոք վարվել,
Սուսիկ - փուսիկ այնպես...
Աստված վկա, այսպես
Կարելի է չէ որ անգամ խելագարվել։
Ախր իմ ինչ գործն է՝ մարդիկ ոնց են անում։
Իմ ինչ գործն է.
Մարդիկ շատ բաներ են անում,
Հազար ու մի տեսակ վատ բաներ են անում,
Ես գործ ունեմ մարդկանց,
Ոչ թե ամեն կարգի
Նրանց արարքի հետ։
Ես գործ ունեմ սիրո,
Ոչ թե թաքուն կապի
Մեղսոտ վիրապի հետ,
Բայց ոչ սիրեկան
Կրքի ականի հետ։
Միայն աղբյուրի հետ հավերժահարս ու ջինջ,
Ոչ թե հոսանքի հետ հեղեղային.
Օրինական որդուս մոր հետ սուրբ ու անբիծ,
Միայն ոչ թե մոր հետ այն տղայի,
Որին չար ընկերն է խաղում
դաղում.
– <<Էյ, բիճ>>...