User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 297 հատից

Թեմա: Պարույր Սևակ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2007
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պարույր Սևակ

    ԵՒ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ

    (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ #1)


    Է

    Իրաւունք չկար
    Արեան փոխարէն գէթ արցունք ոթիլ:

    Եւ ի՞նչ էր մնում:
    Այլ բան չէր մնում,
    Քան թէ աղօթել:
    Աղօթել նրան՝
    Այն նոր աստծուն,
    Որ խոստումներից աչք իսկ չէր բացում,
    Բայց ողջը՝ այնտե՞ղ,
    Բայց ողջը՝ յետո՞յ,
    Եւ ոչի՜նչ հիմա,
    Եւ ոչի՜նչ ցածում:

    Այլ բան չէր մնում,
    Քան թէ աղօթել:

    Բայց նրանք նոյնիսկ իրենց աստծուն
    Աղօթում էին օտար խօսքերով,
    Խօսքեր ոչ պակաս անհասկանալի
    Քան ինքն այդ աստւած:

    -Եւ մարդկանց յոգնած սրտերի վրայ,
    Որ երեկ այնպէ՜ս յուզառատ էին,
    Այնպէ՛ս զգալի,
    Իջել էր արդէն անտարբերութիւն մի կործանարար
    Ե՛ւ վաղվայ հանդէպ,
    Ե՛ւ ապագայի:

    Ոչ ոք չգիտէր վաղն ի՞նչ կբերի:
    Եւ ապագայի երաշխիք չկա՜ր:
    Բերք չէին տալիս արտերը բերրի:
    Նոյնիսկ խոստացեալ երկինքը վերին
    Դարձել էր մի կեղծ - անկենդան նկար:
    Անդնդանում էր մի անյայտութիւն,
    Անորոշութիւն մի ամենաքամ,
    Որ վատ է անգամ որոշեալ մահից:
    Մի անյայտութի՛ւն որ ինքն էր դարձել
    Երկրի իրական տիրակալը չար:
    Եւ կործանումի սուր հոտ էր փչում
    Ո՛չ միայն հացից, ջրից ու հողից,
    Այլ նաեւ օդի՛ց ու քամո՜ւց անգամ:
    Պէտք էր, շա՜տ էր պէտք ինչ-որ բան անել.
    Սակայն ի՞նչ անել եւ ինչպէ՞ս, ինչպէ՞ս:

    Ու բոլորն էին այդ հարցը տալիս,
    Իսկ պատասխանող չկա՛ր ու չկա՜ր...

    Ը

    Եւ այդ պահին էր, որ աշխարհ եկաւ
    Նա՝
    Այր մի՝
    Մեսրոպ Մաշտոց անունով:

    Որտեղի՞ց եկաւ,
    Ի՞նչ ակից բխեց:
    Եւ ինչպէ՞ս եկաւ,
    Հոսեց ի՞նչ հունով:

    Այդպէս՝ արցունքն է ծնւում աչքի մէջ,
    Երբ որ աչքի մէջ ընկնում է աւազ:
    Այդպէս դառնում է աւազն ապակի,
    Եւ ապակին է հայելի դառնում:

    Այդպէս՝ արեւը ամէնից առաջ
    Լուսաւորում է բարձրաբերձ ծառի
    Կատարին թառած թռչունի բոյնը:

    Այդպէս՝ գոյութեան ահեղ պայքարում
    Անփոփոխ պահած իր ներքինն էլի՝
    Գազանն է փոխում իր մաշկի գոյնը,
    Եւ դա թւում է անսպասելի...

    Նրանց ծնունդը միշտ էլ թւում է անսպասելի
    Եւ յետոյ մարդկանց դարեր շարունակ զարմանք
    պատճառում,
    Բայք նրանք կեանքում միշտ էլ ծնւում են լոկ այն
    պատճառով,
    Որ անչափ շատ են սպասել նրանց:

    Ժողովրդի մէջ ննջում են նրանք,
    Ինչպէս ջրի մէջ՝ ահեղ գոլորշին,
    Ինչպէս ընտանի աքաղաղի մէջ՝
    Իր իսկ երբեմնի թռչունութիւնը,
    Ինչպէս մանուկի պարապ բերանում՝
    Ակռայ- ատամը:

    Նրանք ծնւում են իրենց ծնողի անօգնութիւնից,
    Որպէսզի դառնան նոր զօրեղութիւն:
    Նրանք ծնւում են ինչ-որ հանճարեղ մի հոգնութիւնից,
    Որպէսզի դառնան հանճարեղութիւն:
    Նրանք ծնւում են, որ ապացուցեն
    Թէ վերջը մի տեղ դառնում է սկիզբ:

    Նրանք ծնւում են որ ապացուցեն,
    Թէ հրաշք չկա՜յ,
    Կայ միայն կարի՜ք:
    Նրանք ծնւում են, որ ապացուցեն,
    Թէ այնտեղ է լոկ սխրանքն սկսւում,
    Ուր վերջանում է ամէն մի հնար...

    Թ

    Այդպէս էլ ծնւեց մէկը նրանցից,
    Ծնւեց նա՝
    Այր մի՝
    Մեսրոպ Մաշտոց անունով:
    Եւ նա չծնւեց, որ աւելացնի
    Հարց տւողների բանակն անպակաս,
    Նա եկաւ աշխարհ՝ պատասխանելու,
    Եւ պատասխանը գտաւ իսկապէս...

    Քաջերի սահմանն իրենց զէնքն է հէնց:

    Քաջեր մի՛շտ էլ կան,
    Զէնք է հարկաւոր:
    Քաջեր մի՛շտ էլ կան,
    Պէտք է ասպարէ՛զ:

    Եւ նա էր ահա, որ ձեւաւորեց
    Մի զէնք ժանգախոյս,
    Եւ ծովաւորեց
    Ասպարէզ մի նոր:
    Որ թոյլ-ուժեղի,
    Շատ ու սակաւի,
    Քիչ ու բազումի
    Մրցութիւն չկայ՜:
    Քանզի նորատիպ այդ մաքառման մէջ
    Այրուձիի տեղ մտքերն են կռւում,
    Թանաք են յեղում արեան փոխարէն,
    Եւ յաղթանակը կոչւում է մատեան...

    Մենք կայինք այո՛, նրանից առաջ:
    Սակայն նա ծնւեց,
    Որ գայ ու դառնայ ինչ-որ մի Սկիզբ:

    ... Նրանից առաջ կային աստւածներ՝
    Երկնքի, սիրոյ, պտղաւորումի.
    Ինչպէս փոթորկի, նաեւ... դպրութեան:

    Եթէ բոլորը՝ մինչեւիսկ ստոյգ,
    Վերջինս սուտ էր, սուտ ստուգապէս,
    -Աստւած կար, սակայն դպրութիւն չկա՜ր:
    Նա՝ հաւատաւորն իր նոր հաւատի,
    Դպրութեան մեր սուտ աստծուն վըռնդեց
    Եւ ինքը մնաց նրա փոխանակ:
    Բայց մինչ դպրութեան հին աստւածը մեր
    Շարունակ միայն մի գործ էր անում՝
    Մարդկանց հոգին էր առնում ու տանում:
    Նա եկաւ, որ մեզ հոգի պարգեւի...

    Այո՛, մենք կայինք նրանից առաջ.
    Հզօր թէ տկար՝
    Մարմին էինք մենք:

    Սակայն նա եկաւ, որ Հոգի՛ դառնայ.
    Շոշափւո՜ղ հոգի,
    Եւ անմե՜ռ հոգի:

    Այո՛, մենք կայինք նրանից առաջ
    Քիչ թէ շատ կար հաց,
    Եւ ունէինք ջուր:

    Սակայն նա ծնւեց, որ Սնո՜ւնդ դառնայ:

    Ծնւե՛ց, որ ծնե՜նք,
    Եղա՛ւ, որ լինե՛նք,
    Եւ անմահացա՛ւ,
    Որ անմահանա՛նք...

    Ժ

    Կիսւած էր արդէն հայրենիքը մեր,
    Եւ յետոյ պիտի այդպէս էլ մնար.
    Դարերով հեղւած մեր արիւնը սուրբ
    Պիտի ապարդիւն կորչէր ու գնար:
    Դեռ պիտի գային օրեր ահաւոր.
    Մեր հողը պիտի մեզ կարօտելուց
    Պատւէր եղինջով ու փշով խայթիչ.
    Իսկ մեր երկինքը՝
    Մեր աչքից զրկւած,
    Պիտի որ ինքն էլ իր զուքսից զրկւէր.
    Յետոյ մեզ պիտի խաբէին այնպէ՛ս,
    Որ հին խաբեբան՝
    Նոր բիւզանդացին,
    Զարմանար ինքը:
    Յետոյ պիտի մեզ...
    Միջահատւած էր մեր հողը բնիկ,
    Ճեղքւած էր արդէն հայրենիէը մեր:

    Եւ նա չծնւեց ինչ-որ մի մօրից:
    Նա հէնց այդ ճեղքից ծառացաւ յանկարծ,
    Որ ճեղքը լցնի գէթ ինքն իրենով,
    Եւ այդ ճեղքը նա լցրեց իսկապէս,
    Մեր բաժան-բաժան հողերը նորից
    Այդ նա էր միայն, որ բերեց իրար
    Եւ միաւորեց... արդէն մեր մտքո՜ւմ:
    Եւ այդ օրից վեր
    Ու մինչեւ այսօր
    Այդ միացումը մնում է անխախտ՝
    Ընդդէմ ճչացող այն խախտումների,
    Որ բախտն է անում սուսոփո՜ւս այնպէս,
    Եւ անում անձայն մի քմծիծաղով,
    Որի տակ պիտի ամօթն իր ծածկի,
    Բայց իզո՜ւր.
    Ծածկել չի՛ կարողանում,
    Ինչպէս չի ծածկում ծածկոյթը խոտի
    Ճահճի գոլորշին՝ քրտինքն ամօթի...

    ԺԱ

    Չունէինք արդէն պետ ու պետութիւն.
    Ծաղրանկար էր եղածը արդէն՝
    Գծւած ձեռքերով երկու նկարչի,
    Որ ատում էին իրար ոչ պակաս,
    Քան թէ մենք իրենց:

    Յետոյ մենք պիտի գաղութ դառնայինք՝
    Գաղութի մարզպան-կառավարիչով:
    Յետոյ մեզ պիտի դարեր շարունակ
    Տանեին անվերջ անկումից-անկում,
    Մեր մէջքի վրայ երկանք աղային
    Եւ ստիպեին, որ ժպտանք նաեւ:

    Յետոյ մենք պիտի մեր շէնից զրկւած՝
    Քաղաք շինէինք աւերն ուրիշի:
    Յետոյ մենք պիտի մեր հերկից զրկւած
    Հերկեինք օտար կորդ ու առապար:
    Յետոյ մենք պիտի մեր ոտնահետքի
    Դրոշմը դարձրած իւրովի դրօշ՝
    Մխեինք բոլոր լայնքերի վրայ
    Երկիր կոչեցեալ այն կլոր գնդի,
    Որտեղ որ պիտի ամէն ճանապարհ
    Վերստին բերի իր տեղը նախկին,
    Բայց մեզ... հայրենիք չբերե՜ց երբէք...

    Չունէինք արդէն պետ ու պետութիւն,
    Հայրենեաց գահը փլւածք էր տւել:

    Եւ այն չծնւեց ինչ-որ մի մօրից.
    Նա այդ փլւածքից բուսնեց սխրանքով,
    Որ այդ փլւածքը ողջանայ նորից:
    Եւ այդ փլւածքը իրօք ողջացաւ:
    Այն ինչ որ անել չկարողացան
    Արշակև-Վաղարշակ,
    Մուշեղ ու Մուշէ,
    Սա՛ արեց միայն՝ անզէն ու անզօրք.
    Մեզանից խլած մեր պետութեան տեղ
    Ստեղծեց մի նոր՝
    Չեղեա՜լ պետութիւն,
    Թագաւորութիւն մի հզօրազօր՝
    Ո՛չ թէ մեզանից խլւած հողերի,
    Մեր բաժան-բաժան հայրենու վրայ,
    Այլ մի անբաժա՛ն,
    Մեր անկիսելի՛
    Երբէ՜ք չխլւող հոգիների մէջ:

    Եւ այնուհետեւ անվախճան եղաւ
    Թագաւորական նրա տունը մեծ,
    Եւ մեր հոգեւոր թագաւորութեան
    Գահին բարձացող ամէ՜ն թագաւոր
    Ծնւե՛ց նոյն տնից,
    Նո՛յն ցեղից սերեց
    Եւ պատւով-փառքով-վեհութեամբ կրեց
    Նո՜յն տոհմանունը՝
    Մեսրոպ Մաշտոցեանք...

    ԺԲ

    Այսպէ՛ս ծնւեց նա:
    Բախտի հակառա՞կ,
    Թէ՞ վայրկենական նրա զղջումով,
    Նա եկաւ, որ մեզ վերադարձընի
    Այն, ինչ խլել էր նոյն բախտը երեկ:

    Առանց հաւատի հեշտ չէ մեռնելը,
    Իսկ ապրելն... արդէն անտանելի է:

    Եւ մեր կործանւած հին հաւատի տեղ
    Մեզ նո՜ր հաւատով զինեց վերստին:
    Էժան-ծախուի, անցնող-վատի տեղ
    Բերեց չքերւող-անջինջ-հաւատքին:
    Սուտ ու կեղծիքի ծծակի տեղակ
    Մեր մանկանց տւեց անցամաք ստինք,
    Որով եւ նրանք կրկնամայր եղան.
    Ով օրով՝
    Նրանք մեծացան տարով,
    Ով տարով՝
    Նրանք մեծացան դարով,-
    Եւ բիրտութդան տեղ փռւեց կրթութիւն,
    Պարապմունքներով պարապը լցւեց,
    Ու մէկ օր անգամ չորեքթաթ չարած՝
    Մի արագոտն կայտառ քերթութիւն
    Ընդոստնեց մէկէն ու վազքի լծւեց:

    Մեր փլատակւած--փլուզւածի տեղ
    Նա նորը կերտեց, նորը կառուցեց.
    Նաւաբեկւածի ու սուզւածի տեղ
    Անտակ յատակից նորը յարուցեց
    Արգելւած երգի զւարթ գոյնի տեղ
    Խորունկի վրայ տրտումը հինեց.
    Անմիտ միտումով քանդւած բոյնի տեղ
    Հոգեբնակման մեր տունը շինեց.
    Օտարի զէնքի ու զօրութեան դէմ
    Նո՛ր հզօրութեա՜մբ-նորութեամբ զինեց՝
    Զէնքով մի նորոգ եւ սքանչելի,
    Որի դէմ պիտի դառնային անզօր
    Նետ ու եաթաղան,
    Փղեր ու տանկեր,
    Եւ որ մեր ոգու անբան կանչերին
    Պիտի որոտով միշտ արձագանգէր:

    Դա զէ՞նք էր արդեօք,
    Թէ՞ լոյս էր, մի լո՜յս,
    Որ օտար հողմից երբէք չհանգաւ,
    Այլ քանի գնաց՝ պիտի որ յանգէր
    Անծուխ-զտաբոց անշէջ կրակի
    Եւ տառապալից մեր օրերի մէջ
    Լինէր կենարար զւարթ կիրակի:

    Մեզ սպառնացող վտանգի չափ մեծ
    Եւ այդ վտանգից նաեւ ահագին՝
    Նա օտար հրի ճարակի դիմաց
    Մեր ինքնութիւնը կոփեց ու կռեց.
    Օտար եկամուտ վարակի դիմաց
    Մահ համտես արած մեր ամէնիմաց
    Առողջութիւնը որմի պէս դրեց.
    Դրեց խարդախւած կաթի դէմ՝ մերան,
    Քանակի դէմ՝ թիւ,
    Թւի դէմ՝ թռիչք,
    Արեան դէմ՝ թանաք,
    Սրի դէմ՝ գրիչ,
    Եւ դարանի դէմ՝ Մատենադարան...

    Եւ մենք նրանով միշտ զինավառւած,
    Միասին եղանք՝ ցիր ու ցան արւած,
    Անվերջ կրելով զարկեր ու հարւած
    Նաեւ յաղթւելով ժանտ բանակներից՝
    Ժանտերից ժանտին յաղթեցինք կեանքում-
    Յաղթեցինք դաժան ժամանակներին.
    Կանգուն առ կանգուն թաղւելով հողում՝
    Յառնեցինք դարձեալ,
    Մնացինք կանգուն.
    Անվերջ ընկնելով՝
    Վերաթեւեցինք.
    Մեռնելով անվերջ՝
    Գոյատեւեցինք...
    Եւ հիմա արդէն այդ մե՛զ չեն պեղում.
    Այլ մենք ենք պեղում.
    Այդ մե՜զ չեն յիշում.
    Այլ մենք ենք յիշում.
    Մե՛զ չեն վկայում,
    Մենք ենք վկայում՝
    Հասնելով ուրիշ ժամանակների,
    Երբ մենք՝ տառապած միշտ քանակներից,
    Հպարտ ենք արդէն մեր նոր որակով.
    Մենք՝ բռնադատւած արբանեակութեան,
    Հպարտ ենք հիմա այս արբանեակով,
    Որի ծիրի մէջ կայ եւ վաղը մեր.
    Եւ հպարտ՝ նաեւ հրթիռով այն նոր,
    Որի թիռի մէջ կայ հրաշքը մեր...

    Այսպէ՛ս ապրեցինք
    Եւ այստե՛ղ հասանք:
    Այսպէս շիթւելով՝
    Դարձանք գոռ հոսանք:

    Մենք՝ հինը հնից,
    Նորացա՜նք նորից.
    Եւ այս ամէնը՝
    Նրա՛ շնորհիվ...

    ԺԳ

    Այսքանից յետոյ ի՞նռ կոչել նրան.
    Մեր կեռմանաշատ երթուղու վրայ
    Մի նշանացի՞ց,
    Մի սի՞ւն,
    Կամ թէ ձո՞ղ,
    Ինչ-որ գրերի ինչ-որ ստեղծո՞ղ:

    Ու եթէ պիտի գիր ու տառ յիշւի,
    Ապա նա ինքն է այն մեծատառը,
    Որով հասարակ ու պարզուկ բառը
    Աճում է- հասնում խորհրդանիշի,
    Եւ... մարդը ձգւում ու դառնում է Մարդ.
    Անցողիկ մարտը՝ յաւերժական Մարտ,
    Խեղճ տքնութիւնը՝ զօրեղ Տքնութիւն,
    Ինքնութիւնն անուժ՝ հուժկու Ինքնութիւն,
    պաշտողը՝ Պաշտող,
    Իսկ հայը՝... Մաշտոց:

    Մաշտո՜ց...
    Այսինքն՝ Ա՛յր մի, որ եկաւ ապացուցելու,
    Թէ մի տեղ վերջը դառնում է սկիզբ:

    Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց,
    Թէ հրաշք չկա՜յ,
    Այլ կայ լոկ կարի՛ք:

    Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց
    Եւ կոչ է անում ապացուցելո՜ւ,
    Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսւում,
    Ուր վերջանում է ամէն մի հնար...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (01.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարույր Սևակ, միջակ պոետ, թե՞ հանճար
    Հեղինակ՝ Avantegarde, բաժին` Ընթերցանության ակումբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.11.2017, 23:51
  2. Մահափորձ՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 129
    Վերջինը: 12.02.2014, 13:07
  3. Ռուբեն Սևակ
    Հեղինակ՝ Մաեստրո, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 18.11.2011, 08:32

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •