8
Մենք ինչքա՜ն ենք տխրել՝ երազելով.
Ես աղջիկ եմ ուզում,
Իսկ դու՝ տղա։
Ես աղջիկ եմ ուզում՝ քո՛ մազերով,
Դու տղա ես ուզում՝ ի՛նձ պես թխաչ...
Ես աղջիկ եմ ուզում,
Որ քեզ նման լինի –
Քեզ պես՝ կախարդանքով իրեն զինի.
Քո հասակի նման՝ մանրանկար հասակ,
Ինչպես քո դեմքի շուրջ՝ լուսապսակ.
Լինի քեզ պես նազու՛կ,
Քեզ պես նազու՜ն,
Եվ քեզ նման զգաստ,
Ե՛վ երազուն.
Որ երբ ժպտա քեզ պես՝
Բացվի արշալույսը.
Ու երբ նայի քեզ պես՝
Վառվի մարած հույսը.
Երբ ծիծաղի քեզ պես՝
Զգաս -
Կյանքն է զնգում.
Ու երբ սիրի -
Զգաս՝
Արժե՜ ապրել կյանքում։
Ամե՛ն ինչով նման,
Թուլությունո՜վ անգամ,
Քե՛զ պես,
Միայն... քեզ պես դառնություննե՜ր չզգա...
Իսկ դու «չէ՛» ես ասում.
Դու տղա ուզում ես։
Թո՛ղ որ իր հոր նման տգեղ լինի, ոչի՜նչ,
Բայց թող աստղով լինի՝ իր հոր նման։
Մոր հոգու հետ, ոչի՜նչ, իր հոր նման
Թող նա մեկ-մեկ խաղա,
Չարություններ անի,
Բայց թող՝ իր հոր նման՝ երբե՜ք երես չառնի։
Թող որ՝ իր հոր նման՝ շա՜տ բան տեսնի կյանքում,
Բայց թող՝ իր հոր նման՝ մի՛շտ էլ մնա կանգուն.
Թող նա իր հոր նման՝ մեղկությունը ատի,
Փոքրոգություն, քծնանք իր հո՛ր նման դատի.
Իր հոր նման՝ երբեք չշլանա փառքից,
Թող շլանա, լավ է, աղջիկների քայլքի՜ց.
Իր հոր նման՝ թող որ հափըշտակվի՛, տարվի՛,
Բայց երբ ժամը հասնի, հո՛ր պես սիրահարվի,
Հո՛ր պես կարողանա ատել, սիրել,
Կարողանա քե՛զ պես բախտի տիրել...
Ես ինչպե՜ս եմ ուզում
Ինձ հա՛յր տեսնել,
Դու ինչպե՜ս ես ուզում
Քեզ մա՛յր տեսնել...
9
Բայց դու արդեն... արդեն մայր ես վաղուց.
Բակում քո տղան է հիմա խաղում...
...Ես ո՛չ փաքրոգի եմ,
Ո՛չ տգետ եմ,
Սակայն արի ու տես, որ խանդոտ եմ։
Ես խանդոտ եմ, ինչպես գարնան գետը՝
Ամեն ջրի հանդեպ,
Ինչպես արեգակից խանձված խոտը՝
Ամեն հրի հանդեպ։
Ի՜նչ փույթ, թե խանդելու չունեմ տեղիք,
Բայց իրավու՜նք...
Չէ՞ որ ամբողջովին քոնն եմ։
Քո՜նն եմ,
Բայց ո՛չ իբրև կրծքիդ թառած ծաղիկ.
Քո՜նն եմ,
Սակայն իբրև ո՛չ պաշարված քաղաք,
Ո՛չ էլ հարձակումով մեկեն շահված քաղաք։
Քոնն եմ ամբողջովին՝
Ա՛յն տան նման,
Ուր դու և՛ տանտեր ես այդ տան համար,
Ե՛վ տան միա՜կ-միա՜կ բնակիչը։
Չէ՞ որ ես այլ բան չեմ,
Ես լոկ սիրո ճիչ եմ՝
Խոսուն կասկածներիդ լուռ փարատման համար:
Քոնն եմ իմ անցյալո՛վ,
Իմ ներկայո՛վ,
Երազներո՛վ բոլոր,
Ապագայո՜վ.
Քոնն եմ ամբողջովի՜ն,
Իմ սիրելի՛ս։
Սա իրավունք մի՞թե ինձ չի տալիս
Գեթ այսքանից հետո պահանջելու,
Որ իրավունք չունես ինձ տանջելու.
Որ դու պիտի լինես ի՛մը՝ անվերապա՜հ,
Ի՛մը՝ ոտից-գլու՜խ,
Ի՛մը՝ ամբողջովի՜ն.
Որ քո գորովագին սիրո ծովին
Ես տեր լինեմ,
Ինչպես ծովի հին աստվածը՝
Ինքը՝ Պոսեյդոնը.
Որ դու ամբողջովին ի՛մը լինես այնպես,
Ինչպես ես եմ քոնը.
Որ մի՜ կաթիլ անգամ դու չցրես,
Էլ չեմ ասում՝ սիրե՜ս...
Էլ չեմ ասում՝ սիրե՞ս...
Բայց ես գիտեմ, թե դու ո՜նց ես երկըրպագում,
Ո՜նց ես պաշտում... նրան,
Որ կոչում է քեզ «մայր»։
Ու ես, որ ո՛չ կույր եմ,
Ո՛չ էլ հիմար,
Միշտ մի հարցի առաջ աչք եմ փակում.
Ո՞վ է առաջինը քո մեծ հոգում.
Ե՞ս եմ արդյոք, թե նա,
Ու վա՜յ թե նա...
Եվ ի՜նչ էլ որ լինի՝
Ես չե՛մ խանդում նրան,
Ա՛խ, չէ՜, ես լոկ քեզ եմ որդուդ համար խանդում.
Չէ՞ որ նա լոկ քոնն է և... իմը չէ։
Ու ես ո՜նց կուզեի,
Ո՜նց կուզեիր և դու,
Որ նա լիներ ի՛մը,
Որ ինձ «հայրի՜կ» կանչեր,
«Հայրիկ» այնպե՜ս կոչեր,
Այնպե՜ս գոչեր,
Որ աշխա՜րհը լսեր հոր անունը։
Բայց նա քոնն է միայն և իմը չէ։
Ցավն էլ այստեղ է, որ... խորանում է...
10
Հո ասեղ չէ սերը, որ կորցընես,
Իսկ թե ասեղ է նա՝ կթաքցընե՞ս
Ինչ որ բարձիկի մեջ կամ տոպրակում։
Եթե ասեղ է նա՝
Աչք է ծակում...
Դե՛հ, ու՞մ լավ հայտնի չէ մեր իսկ թուլությունը.
Մենք բոլորս էլ մի քիչ փսփսուք ենք սիրում։
Իսկ գեղեցիկ սեռի դրությունը
Շա՜տ է նախանձելի այս հարցերում։
Ոմանց համար արդեն դա մի թուլություն է,
Ինչպես ջուր խմելը, հաց ուտելը...
Պատկերացրեք հիմա դուք մեր դրությունը։
Պարզ է. հայտնի դարձավ և մեր սերը։
Ուրիշները դարձան կիսով նրա տերը.
Ե’վ այս, և’ այն կողմից տնտըղեցին նրան,
Մերթ թաղեցին նրան,
Մերթ պեղեցին նրան:
Ուրիշ խոսքով ասած՝
Նա մի դրոշ դարձավ,
Որ ո՛չ թե ձեռքից-ձեոք – բերնից-բերա՜ն անցավ...
Չէ՛, սսե՜ղ չէ սերը, որ թաքցընես,
Իսկ թե ասեղ է նա՝
Աչք է ծակում.
Իսկ թե ասեղ է նա,
Հենց թաքցընես՝
Քո ցանկությանն ընդդեմ կհագցընես
Պոչից երկա՜ր մի թել,
Որ երևա՛ իսկույն։
Մենք ասեղը թելել բնավ չենք էլ փորձել:
Բայց ի՜նչ...
Դուրս է գալիս՝
Հիմար բան ենք գործել.
Կարելի է, ինչ խոսք, սիրահարվել,
Միայն... հարկավոր էր խելոք վարվել,
Սուսի՜կ – փուսի՜կ այնպես...
Աստվա՛ծ վկա, այսպես
Չէ՞ որ կարելի է անգամ խելագարվե՜լ։
Ախար իմ ի՜նչ գործն է՝ մարդիկ ո՞նց են անում։
Իմ ի՜նչ գործն է.
Մարդիկ շա՛տ բաներ են անում,
Հազար ու մի տեսակ վա՛տ բաներ են անում,
Ես գործ ունեմ մարդկա՜նց,
Ո՛չ թե ամեն կարգի նրանց արարքի հետ.
Ես գործ ունեմ սիրո՜,
Ո՛չ թե թաքուն կապի հրայրքի հետ.
Միայն աղբյուրի՜ հետ հավերժախոս ու ջինջ,
Եվ ո՛չ հոսանքի հետ հեղեղային.
Եվ ո՛չ երբեք մոր հետ այն տղայի,
Որին չար ընկերն է խաղում դաղում.
– «Է՜յ, բի՛ճ...»
11
Ու մեր սերը բացվեց,
Բերնե-բերան անցավ.
Օրվա հերոս դարձավ
Ու նյութ օրակարգի։
...Ու ես էլ իմ կարգին
Խոսք տվեցի, անգի՛ն,
Այսուհետև էլ քեզ... քե՛զ... չսիրե՜լ,
Իշխել հոգուս վրա,
Սրտիս տիրել...
Ա՜խ, սրտի տեղ եթե լիներ լեզու՜ն,
Որ խոստացավ հանգիստ քեզ չսիրել։
Հասկանու՞մ ես, թե ես ինչ եմ ասում,
Հասկանու՞մ ես արդյոք. քե՛զ... չսիրե՜լ...
Գուցե գիտակցաբար ես ստեցի՞,
Գլուխս ազատեցի՞։
Չէ՜, պարզապես
Կարծես ընդունված է ժողովներում
Ուրի՛շ տեսակ խոսել:
Ինչպես ընդունված է ժողովներում՝
Նույնն արեցի ես էլ...
Բայց և այնպես հիմա ա՛յլ լեզվով են խոսում
Այս տողերը։
Բարեկամնե՛ր,
Անգի՜ն,
Այսօր ես հուզվել ու սրտնեղել եմ։
Բարեկամնե՛ր,
Անգի՜ն,
Չէ՞ որ խոսք եմ տվել էլ չսիրել,
Չէ՞ որ խոստացել եմ իշխել հոգուս վրա,
Սրտիս տիրել...
Խոստացել եմ։
Սակայն
Եթե բան դուրս չգա՞...
Թո՛ղ որ ասեն, թե սա
Սովետական մարդուն բնա՛վ սազական չի,
Թո՛ղ որ ասեն, անգի՜ն,
Որ մեր սերը կյանքում բնա՜վ տիպական չէ։
Թո՛ղ որ այդպես։
Սակայն
Չէ՞ որ կյանքում նա կա,
Չէ՞ որ արժան գտան նրան նիստի տանել,
Քննարկումից հետո կեսլուրջ ու կեսկատակ
Չէ՞ որ խորհուրդ տվին.
- «Կարելի՜՜՜ է անել...»։
Ո՛չ։ Միայն ո՜չ այնպես, ինչպես հարմար գտան։
Ես գործ ունեմ մարդկա՜նց,
Ո՛չ թե ամեն կարգի նրանց խորհըրդի հետ.
Ո՛չ թե թաքուն կապի,
Ես գործ ունեմ միայն սիրո ու սրտի՜ հետ...
12
Հիմա դու տեսնու՞մ ես, իմ սիրելի՜,
Թե մեզ ու՜ր հասցըրեց քո ուշացած սերը,
Քո ուշացա՛ծ սերը,
Դու չուշացա՜ծ իմ սեր։
Դատափետում են քեզ
Ու խստորեն դատում
Նրա՛ համար, որ դու
«Ընտանիք ես քանդում»։
Բախտի ի՜նչ չար կատակ
Եվ ի՜նչ ծաղր է հիմար.
Դու՛, որ հենց ծնվել ես ընտանիքի համար,
Սուրբ օջախի՛,
Սիրո քո տանիքի՛ համար,
«Ընտանի՜ք ես քանդում»...
Եվ դու պարտավոր ես փրկե՞լ մի ընտանիք,
Որ շա՜տ վաղուց արդեն կործանվել է ինքը.
Հանուն կործանվածի կործանումի մատնել
Ուրի՞շ մի ընտանիք։
Ու՞ր է այստեղ խիղճը,
Դատողությու՛նն ուր է,
Ու՞ր է աոողջ միտքը.
Հանուն փլված մի տան՝
Մեկ այլ տանիք քանդել,
Եվ ինչպիսի՜ տանիք...
Եվ մի՞թե քեզ դատող,
Դատափետող մարդիկ չեն իմանում,
Որ դու... հեղու՜կ չես դու,
Որ քո ձևը փոխես այն ամանում,
Որտեղ որ քեզ կածեն...
Մի՞թե մինչև հիմա ոմանք չեն հասկացել.
Դու կենդանի՛ մարդ ես,
Ամենամա՜րդ մարդը,
Սիրո՜ղ մարդը,
Քեզ չի կարող ձև տալ ամեն կուժ ու կուլա,
Եվ որ չորստառանի «մարդ» կոչվածը կյանքում
Շա՜տ ավելի բարդ է,
Քան թե հազարատառ, թեկուզ սրբագործված, մի ֆորմուլա...
Եվ դու ինչպե՞ս հիմա բերան իսկ չբանաս,
Ինչպե՞ս դու նրանց դեմ չըմբոստանաս,
Երբ շա՛տ լավ գիտես.
Բոլո՜ր օրենքները նրա՛ համար են լոկ,
Որ պաշտպանեն կյանքում մարդկայի՛նը
Մարդու՜ն,
Եվ որ բոլոր տեսակ օրենքներից բացի
Կա մի օրենք ևս – և շա՜տ խելոք.
Բոլոր օրենքների ո՛չ թե տառն են կարդում,
Այլ էությու՜նը լոկ...
Եվ դու ինչպե՞ս հիմա բերան իսկ չբանաս,
Ինչպե՞ս դու նրանց դեմ չըմբոստանաս,
Ինչպե՞ս չասես, որ քեզ
Պետք է սուրբ ընտանի՜ք,
Բայց ո՛չ ընտանիքի ծաղրանկար,
Պետք է օջա՜խ մաքուր,
Սիրո գողտրիք տանի՜ք,
Ուր չի կարող լինել ոչ մի կարիք
Խաղալ «լավ ընտանիք».
Մի հա՛րկ,
Ուր հա՜րկ չկա
Խաղալ, թե «սրա պես լավ հարկ չկա՜».
Մի հա՛րկ,
Ուր իսկապես չկա կեղտի նշույլ,
Եվ ո՛չ երբեք մի հարկ,
Որտեղ մութ անկյուն են կեղտը քշում՝
Հանուն ըն-տա-նե-կա՜ն սուրբ մաք-րու-թյա՜ն...
Ա՛խ չէ՜.
Քո մեծ սրտով
Դու սովոր չես նման մի փոքրության...
Ու ցավում է հիմա մեր վիրավոր հոգիդ,
Նա ցավում է հիմա՝ ատամի՛ պես։
Մենք և՛ երջանիկ ենք,
Ե՛վ պատժված հիմա.
Դու՝ Եվայի՛ նման,
Իսկ ես՝ Ադամի՛ պես։
Ա՜խ, ցավում է հոգիդ նրա՛ համար,
Որ աստըծո գործած հին սխալից հետո,
Եվ քանի՜ դար հետո,
Այս անաստված մարդիկ նաև հիմա
Մեր նկատմամբ, կյա՛նքըս, նույն սխալն են գործում,
Մեզ պատժում են... գտած երջանկությա՜ն համար:
Թո՛ղ որ դրախտ պետք չէ.
Մենք մեր ձեռքերով ենք այդ ստեղծել փորձում։
Բայց դե ինչի՞ համար,
Ախար ինչի՞ համար
Պնդել, որ դու ընդմիշտ նույն դժոխքու՛մ մնաս։
Բայց դե ինչի՞ համար,
Ախար ինչի՞ համար
Մի նոր դժոխք սարքել և՛ ինձ, և՛ քեզ համար,
Նույնպես վարվել նաև քո մանկան հոր՝
Մեզանից ոչ պակաս դժբախտի հետ...
Ա՛խ ի՜նչ հեշտ է
Խաղալ մարդկանց խեղճ բախտի հետ...
13
Ես լա՛վ գիտեմ.
Այստեղ հերոսություն է պետք,
Հերոսություն է պետք՝
Ինչպես երեկ կռվում։
Փոքրոգություն կյանքում ես չեմ արել երբեք,
Մահվան հանդեպ վախից չեմ կորանում-կեռվում։
Ճանաչում եմ և քե՛զ.
Մենք հեռու չենք հիմա
Հերոսական քայլից։ Բոլորովի՛ն։
Ինքըդ Զոյային ես անհունորեն նման,
Իսկ ես շատ եմ սիրում Մոտրոսովին։
Սակայն այստեղ մահով բա՜ն չես շահի,
Իզու՛ր բան է հիմա դիմել մահի։
Նա չի կարող այստեղ ցույց տալ մեզ օգնություն։
Երեկ՝ կռվում մահը հերոսություն էր մեծ,
Այսօր՝ աններելի փոքրոգություն։
Երեկ այնտեղ մահով շահում էիր դու կյանք,
Մահըդ նոր կյանք դարձնում,
Այսօր այստեղ մահով,
Քո մի՜ հատիկ մահով,
Երեք կյանք ես կորցնում.-
Երկու՝ ամբողջովին ու երկու՝ կես.
Փոքրիկ որդիդ՝ կիսո՛վ,
Նրա հայրը՝ կիսո՛վ,
Ամբողջովի՜ն՝ դու ինձ,
Ու ես էլ՝ քեզ...
Իսկ թե փոթորիկ է սա մի բաժակ ջրու՞մ։
Թո՛ղ որ այդպես,
Սակայն նա կյա՜նք է կործանում։
Իսկ թե մի հարց է սա,
Որ փակ նիստից պիտի լայն ասպարեզ քաշվի՞,
Իսկ թե մի հարց է սա,
Որի մասին պիտի ամբո՛ղջ ձայնով խոսվի։
Խոսվի բա՜րձըր և բա՛ց,
Եվ ո՛չ լոկ մերպեսի,
Այլև բոլո՜ր նրանց,
Բոլոր նրա՛նց մասին,
Ովքեր կեսլրջորեն ու կեսկատակ
Վաղը մեր նմանին խորհուրդ կտան.
- «Կարելի՜՜ է անշուշտ,
Մարդը մարդ է, քար չէ...»։
Չէ՜, նման խորհուրդը մեզ համար չէ։
Չէ՜, նման խորհուրդը մեզ հարմար չէ,
Մեր աշխարհի՛ն նման ու հարմար չէ։
Թեկուզ նրա՛ համար մեզ հարմար չէ,
Որ մարդն, այո՛, մարդ է, մարդը քար չէ։
Թեկուզ նրա՛ համար մեզ հարմար չէ,
Մեր աշխարհի՛ն նման ու հարմար չէ,
Որ նա մեր աշխարհն է,
Որ նա Սպարտա՜ չէ,
Որտեղ դատում էին ու խիստ պատժում գողին
Ո՛չ հափշտակության,
Ո՛չ էլ գողության մեջ խառնըվելու համար,
Այլ լոկ անբավարար ճարպըկությա՜ն՝
Բռնըվելու՛ համար:
Իսկ մենք չէ՞ որ դեմ ենք ամե՛ն տարողության,
Ամե՛ն չափսի գողի,
Եվ առավել ևս՝ լա՛վ գողության,
Եվ առավել ևս՝ ճարպի՛կ գողի...
14
Իսկ ի՞նչ անել հիմա։
Անուղղելի – հիմար
Սիրտըս ահա նորից
Կուրծքըս այնպե՛ս թակում,
Այնպե՜ս է տկտկում,
Կարծես թե Մորզեի այբուբենով
Ամենքին է դիմում մի զուսպ քենով,
Ամենքին է տալիս իր նույն հարցը հիմար.
- «Իսկ ի՞նչ անել հիմա»...
Սիրտըս մոլեգնորեն կուրծքս է ծեծում,
Ինչ-որ մեկն էլ դուռն է ծեծում հուշիկ։
Հարբածի պես ելնում,
Գնում դուռն եմ բացում։
Դուռն եմ բացում – եվ ի՜նչ.
Դու՛ ես, իմ անգի՜նըս,
Դու իմ տունն ես եկել,
Եվ այնպես ես եկել,
Որ որոշված ժամին վեր չկենաս
Ու մորթվողի նման դուրս չգնաս,-
Որ չգնա՛ս,
Մնա՜ս,
Ընդմի՛շտ մնաս...
Ու ես լուռ նայում եմ քո աչքերին,
Սիրո՛վ, ցավո՛վ լեցուն,
Տագնապներո՜վ լեցուն
Այս աչքերին։
Մի՛ տագնապիր, ոչի՜նչ, առանձին բան չկա՛,
Թո՛ղ որ քո մանկիկը ինձ անվանի «քեռի»,
Բայց նա «քույրի՜կ» կասի վաղը մեր աղջըկան...
Էջանիշներ