ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Եվ պետք է արդյոք
Քեզ միշտ ունենալ իմ կողքին: Ինչու?
...Ու ես ծխում եմ,
Որ ծխի տեսքով
Այս ջլախախտիչ ագահությունը դուրս փչեմ ինձնից,
Ջանամ գոհանալ իմ ունեցածով,
Որ շատ է այնքան:
Միթե, տեր աստված, շատ չէ իսկապես:
Բայց կյանքի փոշոտ շարժուձևերից, ինչպես կեռերից,
Կախված ճոճվում են
Ու մեզ են կանչում ագահ ըղձանքներ:
Բայց կյանքի փոշոտ շարժուձևերից, ինչպես կեռերից,
Կախված ճոճվում են
Կարկատանները մեր ծվատ հոգու...
Ես չեմ կամենում, պատրանքը փոխվի պատանքի
Եվ հետո, ծվատ, կախվի աշխարհի կեռերից փշոտ:
Ես սիրում եմ քեզ
Ու քեզ հետ նաև... անհնարինը`
Այն գոհությունը,
Ում չի հանդուրժում մեր գոյությունը:
Ուրեմն ինչ անել?
Ինչպես սիրել քեզ-սիրվել քեզանից և...
...Էլ չուզենալ
Ոչինչ ավելի.
Սեփական իղձը, դավաճանի պես,
Գամել չորս մեխով,
Սեփական ցավին
Չորստապակ մեղր քսել ու կլլել`
Տհաճ, բայց բուժիչ դեղահատի պես,
Սեփական մտքից
Կտրել ուղղանկյուն մի քառակուսի
Ու վրան գրել սեփական արյամբ.
"Եղածն էլ շատ է",
Գրել ու մեխել սեփական ափին,
Եվ ամեն վայրկյան ընթերցել ծածուկ`
Դասը չիմացող աշակերտի պես...
Էջանիշներ