12
Ու մեր սերը բացվեց, բերնից բերան անցավ-
Օրվա հերոս դարձավ։
Տեսար, թե մինչև ուր մենք մեր սիրով հասանք -
Մինչև բյուրո հասանք։
Գիտես, թե ոնց էին հարցը այնտեղ դրել -
Մինչ <<հեռացում>> սրել։
...Ու ես խոսք տվեցի էլ չսիրել,
Կրքիս վրա իշխել, սրտիս տիրել...
Ախ, սրտի տեղ եթե լիներ լեզուն,
Որ խոստացավ հանգիստ քեզ չսիրել...
Հասկանում ես, թե ես ինչ եմ ասում,
Հասկանում ես, անգին, քեզ... չսիրել...
Հավանաբար շատ է հիմարավուն հնչում,
Բայց դե մեղավորը հո ես չեմ այդ հարցում։
Նրանք էին հարցը այդպես դրել,
Ինձ մնում էր միայն պատասխանել,-
Ու ես, հասկանում ես,
խոսք տվեցի,
որ քեզ...
Գուցե գիտակցաբար ես արեցի,
Գլուխս ազատեցի...
Չէ, պարզապես
Ինչ որ ընդունված է ժողովներում՝
Ուրիշ տեսակ խոսել:
Ինչպես ընդունված է ժողովներում՝
Նույնն արեցի ես էլ:
Այնտեղ մարդիկ հաճախ մի բան մտածում են,
Ուրիշ մի բան ասում։
Այնտեղ մարդիկ հաճախ խոսում ու կարծում են,
Թե շատ ճիշտ են խոսում։
Սակայն դա շատ հաճախ ճշմարիտ է լինում
Լոկ ժողովներում,
Մինչդեռ կյանքում, ցավոք, լուսնի լույսի պես է
Դա լոկ շողում։
Դուրս է գալիս, որ մենք
Այնտեղ ճիշտ ենք խոսում, բայց և ճիշտ չենք խոսում։
Դուրս է գալիս, որ մենք
Կյանքում ունենք երկու, և ոչ թե մեկ լեզու՝
Մեկը, ժողովային, եթե կարելի է այսպես ասել,
Նա, որ գեղգեղում է,
Նա, որ միշտ զեղում է
Նա, որ իր տակ չունի փուշ կամ ասեղ։
Նրա համար չկա ոչ մի դժվարություն -
Ասել - անելն է մեկ։
Եթե նրան լսես՝
Ամեն ինչի արդեն վաղուց հասել ենք մենք:
Նրա համար կյանքը հաճախ այլ բան էլ չէ,
Քան բանաձև։
Եթե նրան լսես՝
Կոմունիզմին վաղուց հասել ենք ու անցել։
Եթե նրան լսես՝
Մեզ մոտ ոչինչ չկա վատ կամ թերի։
Եթե նրան լսես՝
Հանցանք է տխրելը, դեռ ավելի՝
Տխրելն ամերիկացուն, մեռնող աշխարհին է
Միայն սազում։
Եթե նրան լսես՝
Չես էլ կարող ասել, թե կա և այլ լեզու:
Չէ որ լեզուն մեկ է, միասնական,
Ուրեմն դու մարքսիստ չես, այլ՝ մառական։
Բայց և այնպես հիմա այլ լեզվով են խոսում
Այս տողերը։
Բարեկամներ։
Անգին,
Այսօր ես հուզվել ու սրտնեղել եմ։
Բարեկամներ։
Անգին,
Չէ որ խոսք եմ տվել էլ չսիրել։
Չէ որ խոստացել եմ իշխել կրքիս վրա,
Սրտիս տիրել:
Թող որ և անլուրջ է, և հիմար է հնչում՝
<<Խոստացել եմ>>,
Բայց հո լսում եք, թե ոնց եմ ճչում.
Խոս-տա-ցել եմ...
Խոստացել եմ։ Սակայն
Եթե բան դուրս չգա,
Իսկ թե դուրս գա հանկարծ մաքուր ժողովային -
Իսկ թե դուրս գա ինչպես վարմունքն այն տղայի,
Որ լուրջ խոսք է տալիս՝ դասերի տեղ
Ամբողջ օրը չընկնել խաղի հետև,
Որ լուրջ խոսք է տալիս էլ չխաղալ
Միայն նրա համար, որ շուտ վազ տա խաղա...
Թող որ ասեն, որ սա
Սովետական մարդուն բնավ սազական չի։
Թող որ ասեն, անգին,
Որ մեր սերը կյանքում բնավ տիպական չի։
Թող որ այդպես։ Սակայն
Չէ որ կյանքում նա կա,
Չէ որ տեղին գտան նրան նիստի տանել,
Չէ որ արժան գտան և բանաձև հանել,
Բանաձևից հետո կես - լուրջ ու կես - կատակ
Չէ որ խորհուրդ տվին.
<<կարելի է անել>>...
Ոչ։ Միայն ոչ այնպես,ինչպես հարմար գտան։
Ես գործ ունեմ մարդկանց,
Ոչ թե ամեն կարգի նրանց խորհրդի հետ։
Ոչ թե թաքուն կապի –
Ես գործ ունեմ միայն սիրո ու սրտի հետ։
Ես գործ ունեմ քեզ հետ, միայն քեզ հետ, անգին,
Ոչ թե ամեն կարգի,
Ամեն վարքի կանանց...
Ախ ոչ, աստված չանի –
Ես գործ ունեմ քեզ հետ, ոչ թե սիրեկանի։
Ես գործ ունեմ գործի, ոչ թե դատարկամիտ,
Ոչ թե դատարկ, անմիտ
Խոստումի հետ...
13
Գիտեմ, որ քո հարցը նույն ձևով են դրել ձեր ժողովում։
Ու ես դողում...
Բայց քո պատասխանի համար չեմ ես դողում։
Ես լավ գիտեմ, անգին,
Գիտեմ անգիր
նրանց
Քո այսօրվա տված
պատասխանը։
Քո փոխարեն այստեղ ես կարող եմ ասել լոկ այսքանը.
Փրկել մի ընտանիք, որը վաղուց իրեն
կործանել է ի՞նքը,
Հանուն կործանվածի կործանումի մատնել
ուրի՞շ մի ընտանիք։
Ու՞ր է այստեղ խիղճը,
դատողությու՞նն ուր է,
ու՞ր է աոողջ միտքը –
Հանուն փլված մի տան՝
քանդել մեկ այլ - և ի՜նչ
և ինչպիսի՜ տանիք...
Եվ միթե քեզ դատող
դատափետող մարդիկ չեն իմանում,
Որ դու...
Հեղուկ չես դու,
Որ քո ձևը փոխեն այն ամանում
Ուր քեզ կածեն։
Ախ չէ՛,
Մինչև հիմա նրանք չեն հասկացել.
Դու կենդանի մա՜րդ ես,
ամենամա՜րդ մարդը՝
սիրո՜ղ մարդը,
Քեզ չի կարող ձև տալ ամեն կուժ ու կուլա,
Եվ այդ չորս տառանի <<մարդ>> կոչվածը կյանքում
Շա՜տ ավելի բարդ է,
Քան թե հազարաբառ,
Քան թե ամենաբարդ
մի ֆորմուլա։
Իսկ ինչ
Մնում է ինձ -
Ես հարգանք չեմ տածել ու չեմ տածում
Դեպի թալմուդիստը և տիրացուն,
Դեպի և հին, և նոր ամեն մոլլա,
Ուստի գայլի նման կկրծեի նաև
Ամեն մի ֆորմուլա։
Իսկ ինչ մնում է քեզ...
Ինչպես դու նրանց դեմ չըմբոստանաս,
Երբ դու շատ լավ գիտես -
Բոլոր օրենքները նրա համար են լոկ,
Որ պաշտպանեն կյանքում մարդկայինը
Մարդուն,
Եվ որ բոլոր տեսակ օրենքներից բացի
Կա մի օրենք ևս – և շա՜տ խելոք,–
Բոլոր օրենքների էությունը միայն,
Ոչ թե տառն են կարդում։
Իսկ ինչ մնում է ինձ,
Ես, որ շատ եմ հեռու օրենսդիրից,
Եվս մի նոր օրենք կստեղծեի սիրով.
Տառակերին դատել հենց օրենքի տառով –
Ոչ թե չորս - հինգ տարով
Ուղարկելով նրան ինչ-որ մի խուլ անկյուն,
Այլ...
Մեզ համար հեշտ չէ գտնել հենց այդ <<Այլ>>-ը։
Չէ որ, մենք, անգինս, օրենսդիր չենք կյանքում,
Մեր կոչումը կյանքում բոլորովին այլ է։
Իմ կոչումն է՝ սիրել,
Քոնը՝ սիրել -
Ոչ թե իշխել սրտին, սիրո վրա տիրել:
Ախըր դու ծնվել ես ընտանիքի համար,
Սուրբ օջախի, սիրո, քո տանիքի համար
Սակայն դու գործ ունես ընտանիքի,
Բայց ոչ ամեն տեսակ, նրա ամեն կարգի
Ծաղրանկարի հետ,
Ընտանիքի,
Ոչ թե ընտանեկան ծանըր պայքարի հետ...
Իսկ քեզ...
Այսօր նրանք դատափետում են քեզ
Ու փաստորեն դատում
Նրա համար, որ դու
<<Ընտանիք ես քանդում>>...
Բախտի ինչ չար կատակ և ինչ ծաղր է հիմար.
Դու, որ ծնվել ես հենց ընտանիքի համար -
<<Ընտանիք ես քանդում>>...
Ախ, ես ինչպես լսեմ
այս բառերը
Ինչպես լսեմ վսեմ
այս բառերը
Տառակերի բերնում։
Մարդիկ,
Ախըր դուք ոնց, ինչպես չեք ըմբռնում,
Որ այս՝
ասում է նա, ով
որ ինձ խորհուրդ տվեց.
- <<Կարելի է, սակայն>>...
Այսպես ցինիկորեն՝
<<տղամարդու նման>>
Խոսել տղամարդու՝ լոկ ինձ նմանի հետ,
Նրա համոզմունքով՝ լոկ իր նմանի հետ,
Իսկ կնոջը... պարզ է, նա չի ասի.
<<Արա, մարդ ես, սուրբ չես...
Միայն... սուսիկ-փուսիկ>>...
Իսկ կնոջ հետ, պարզ է, նա պետք է որ խոսի
Բա-րո-յա-կա-նու-թյան,
Ըն-տա-նե-կան հար-կի և սըր-բու-թյան
Եվ շատ ուրիշ նման <<և այլն>>-երի մասին...
Ախ չէ,
Դու սովոր չես
Նման մի լրբության։
Քեզ, իսկապես, անգին, պետք է սուրբ ընտանիք,
Ոչ թե ընտանիքի շարժանկար:
Քեզ, իսկապես, անգին,
Պետք է թանկ ու անգին
Սիրո տանիք,
Որտեղ իսկապես, իրոք չկա
Եվ չի կարող լինել ոչ մի կարիք
Խաղալ լավ ընտանիք:
Մի հարկ,
Ուր հարկ չկա
Խաղալ, թե <<սրա պես լավ հարկ չկա>>։
Մի հարկ,
Ուր իսկապես, իրոք չկա
Կեղտի անգամ նշույլ,
Բայց ոչ մի հարկ, որտեղ
Կեղտը մութ անկյունն են անվերջ քշում՝
Հանուն ըն-տա-նե-կան սուրբ
մաք-րու-թյան...
Ախ չէ,
Դու սովոր չես,
Դու սովոր չես նման մաքուր կեղտոտության...
14
...Ու ցավում է հոգիդ...
Նա ցավում է հիմա
Ատամի պես։
Մենք երջանիկ ենք,
Եվ պատժված հիմա,
Դու՝ Եվայի նման,
Իսկ ես՝ Ադամի պես։
Ախ, ցավում է հոգիդ նրա համար,
Որ աստըծո գործած հին սխալից հետո
Եվ քանի դար հետո -
Այս անաստված մարդիկ նաև հիմա
Մեր նկատմամբ, կյանքս, նույն սխալն են գործում՝
Մեզ պատժում են գտած երջանկության համար:
Թող որ դրախտ պետք չէ –
Մենք մեր ձեոքերով ենք այն ստեղծել փորձում։
Բայց դե ինչի համար, ախր ինչի համար
Պնդել, որ դու ընդմիշտ նույն դժոխքում մնաս։
Բայց դե ինչի համար, ախր ինչի համար
Մի նոր դժոխք սարքել և իմ, և քո համար,
Նույնպես վարվել նաև քո մանկան հոր՝
Մեզնից էլ ոչ պակաս դժբախտի հետ։
Թող մենք գործ չունենք սին դրախտի հետ
Բայց ավելի քան և դժոխքի հետ.
Չէ, մենք գործ ունենք
Ոչ դժբախտության, այլ լոկ բախտի հետ.
Ոչ թե կեղծիքի,
Այլ ընտանիքի
Սուրբ օջախի հետ։
Իսկ թե ինչ անել այս դժոխքի հետ,
Չասացին նրանք, որ եթե ունեն՝
Ապա լոկ ունեն անթափանց հոգի,
Մութ սիրտ՝
հաստ գլխի
և հաստ կողքի հետ...
15
Ախ, ես գիտեմ՝
Այստեղ հերոսություն է պետք,
Հերոսություն է պետք
ինչպես երեկ՝
կռվում։
Փոքրոգություն կյանքում ես չեմ արել երբեք –
Ընկերներն իմ գիտեն, թե ոնց էի կռվում։
Կյանքս, մենք չենք եղել ու հեռու չենք հիմա
Հերոսական քայլից։ Բոլորովին։
Ինքդ Զոյային ես անհունորեն նման,
Իսկ ես շատ եմ սիրում Մոտրոսովին։
Սակայն այստեղ մահով բան չես շահի,
Իզուր պիտի այստեղ կանչես մահին։
Նա չի կարող այստեղ ցույց տալ մեզ օգնություն։
Երեկ՝ կռվում մահը հերոսություն էր մեծ,
Այսօր աններելի փոքրոգություն։
Երեկ այնտեղ մահով
Ազատություն էիր գերված կյանքին տալիս։
Այսօր այստեղ մահով
Ազատություն ես դու լոկ տանջանքին տալիս...
Երեկ այնտեղ մահով շահում էիր դու կյանք,
Մահդ նոր կյանք դարձնում,
Այսօր այստեղ մահով, քո մի հատիկ մահով
Երեք կյանք ես կորցնում՝
Երկու՝ ամբողջովին ու երկու՝ կես -
Փոքրիկ որդիդ՝ կիսով,
Նրա հայրը՝ կիսով,
Ամբողջովին դու՝ ինձ ու ես՝ իհարկե քեզ...
Իսկ թե փոթորիկ է սա մի բաժակ ջրում։
Թող որ այդպես, սակայն նա կյանք է կործանում։
Իսկ թե մի հարց է սա...
նա այնքան էլ նեղ չէ,
Փակ ժողովն էլ նրան հարմար տեղ չէ,
Իսկ հարցի լուծումն էլ առնվազն կեղծ է։
Իսկ թե մի հարց է սա,
Որ փակ նիստից պիտի լայն ասպարեզ քաշվի,
Իսկ թե մի հարց է սա,
Որի մասին պիտի ամբողջ ձայնով խոսվի -
Խոսվի բարձըր և բաց,
Խոսվի բոլոր նրանց՝
Մեր պեսերի
Եվ ոչ թե մեր մասին միայն խոսվի, սեր իմ.
Եվ ոչ միայն մեր ու մեր պեսերի,
Այլև բոլոր նրանց,
Բոլոր նրանց,
Ովքեր կեսլրջորեն ու կեսկատակ
Վաղը մեր պեսերին խորհուրդ կտան.
- <<Կարելի է, ինչ խոսք, մարդը մարդ է, քար չէ...>>։
Չէ, նման խորհուրդը մեզ համար չի։
Չէ, նման խորհուրդը մեզ համար չի:
Մեր աշխարհին նման ու հարմար չի
Թեկուզ նրա համար մեզ հարմար չի,
Որ մարդն, այո, մարդ է, մարդը քար չի։
Թեկուզ նրա համար մեզ հարմար չի,
Որ նա մեր աշխարհն է, նա հին Սպարտա չի,
Որտեղ պատժում էին, դատում էին գողին
Ոչ հափշտակության,
Ոչ թե գողության մեջ խառնըվելու համար,
Այլ լոկ անբավարար
Ճարպըկության՝
Բռնըվելու համար:
Իսկ մենք...
Իսկ մենք դեմ ենք ամեն տարողության,
Ամեն չափի գողի
Եվ առավել ևս՝ լավ գողության,
Եվ առավել ևս՝ ճարպիկ գողի:
Էջանիշներ