3
Չար կախարդը ապրում էր Փլված շենքում: Մայրիկները հաճախ էին դիմում նրա օգնությանը. «Եթե չանես, Չար կախարդին կասեմ»: Չար կախարդը ծեր էր, միայնակ ու տարօրինակ: Մի անգամ, երբ Արան նրա հետ զրույցի էր բռնվել, Արայի մայրիկը տեսել էր, խուճապահար մոտ վազել և ձեռքը բռնած տուն տարել Արային` ասելով.
-Էլ չեմ չտեսնեմ քեզ այդ կնոջ մոտ:
Մոր վախեցած հայացքից Արան եզրակացրել էր, որ այդ կինը Չար կախարդ է, ու զգուշացրել էր ընկերներին: Այդպես բացահայտվել էր Փլված շենքի տիրուհու գաղտնիքը:
Երբ տղաները Փլված շենք մտան, Չար կախարդը ձեռքով խնձոր էր կիսում: Նա խնձորի կեսը մեկնեց Ա Նիին, որը Չար կախարդի հետ միասին հանգիստ նստած էր բազմոցին: Տղաները հասկացան, որ սարսափելի բան է հիմա կատարվելու, իսկ Տղան հասցրեց ասել.
-Ոչ, Ա Նի, չվերցնես: Դա կախարդված խնձոր է: Ես եկել եմ, որ քեզ փրկեմ Չար կախարդից:
Չնայած տղան կարողացավ, մի կերպ ճնշելով վախը, ասել այդ ամենը, բայց նրա ձայնը դողում էր, և նա անհանգստացավ. «Տեսնես` Ա Նին նկատե՞ց»: Չար կախարդը և Ա Նին զարմացած նայեցին վախեցած տղաների կողմը: Տղաների ոտքերը դողում էին, իսկ Արմենի դեմքը սփրթնել էր, ինչպես Փլված շենքի պատերից թափվող կավիճը: Եթե չամաչեր ընկերներից, հաստատ կփախչեր:
-Ի՞նչ Չար կախարդ,- զարմացած ասաց Ա Նին:
-Նա,- դողացող ձեռքը դեպի Փլված շենքի տիրուհին պարզեց Արմենը:
«Ի՞նչ կլինի հիմա»,- եթե հասցնեին, կմտածեին տղաները, բայց այստեղ Չար կախարդն ու Ա Նին սկսեցին ծիծաղել: Ամենատարօրինակն այն էր, որ Չար կախարդի ծիծաղը նման չէր հեքիաթի կախարդների սարսափազդու քրքիջներին: Նա ծիծաղում էր սովորական բարի տատիկի նման:
-Նա Չար կախարդ չէ,- ծիծաղի մեջից մի կերպ կարողացավ ասել Ա Նին: -Նա մեր հարևանուհին է: Մինչև երկրաշարժը մայրիկս ու հայրիկս էլ են ապրել այս շենքում: Հետո մենք տեղափոխվել ենք տնակ, իսկ նա չի ցանկացել թողնել իր տունը:
-Նա քեզ լրիվ կախարդել է, Ա Նի,- ասաց Գոռը, որը Չար կախարդի բարի ծիծաղից հետո սկսել էր ավելի քիչ վախենալ և համարձակվել էր նույնիսկ մոտենալ Ա Նիին: Ի վերջո, Տղան խոսացել էր, Արմենը մինչև իսկ մատնացույց էր արել Չար կախարդին: Միայն ինքն ու Արան էին մինչև այժմ լուռ: Իսկ եթե հաշվի առնենք, որ Ա Նիի տեղը Արան էր պարզել, Գոռը մնում էր ստվերում, և հարկավոր էր մի բան ձեռնարկել: Նա բռնեց Ա Նիի ձեռքը և քաշեց դեպի իրեն:
-Թող երեխայի ձեռքը, կցավեցնես,- միջամտեց Չար կախարդը և Գոռից խլեց Ա Նիի ձեռքը: Գոռը վախեցած ետ-ետ շտապեց և թաքնվեց ընկերների ետևում:
-Դուք բոլորդ այնքան տարօրինակ եք,- ասաց Ա Նին: Այս ամենից հետո դեռ մի բան էլ ինքն է տղաներին մեղադրում տարօրինակ լինելու մեջ:
-Ես հեռուստացույցով քեզ տեսա, Ա Նի,- փորձեց բացատրել Տղան:
-Ես ոչ մի հեռուստացույցի մեջ էլ չեմ եղել: Ինչու՞ ես իմ անունն այդպես տարօրինակ ձևով արտասանում,- Ա Նին իսկապես զարմացած էր թվում:
-Ինչպե՞ս, դու Ա Նին չե՞ս,- իրենց հերթին զարմացան տղաները:
-Անին եմ,- ասաց Ա Նին: Այդ պահին փլված շենք մտավ մի կին, որին նկատելով` Ա Նին մոռացավ տղաների և այս անհասկանալի ու անչափ խճճված պատմության մասին, վազեց դեպի այդ կինն ու ամուր փաթաթվեց նրան:
-Մայրիկ,- Ա Նիի ուրախությանը չափ չկար:
Ա Նիի մայրիկն էլ բոլորովին նման չէր ճապոնուհու: Տղան ինքն էլ չնմանեցրեց հեռուստացույցով տեսած աղջկա մայրիկին: Մինչ տղաները մոլորության մեջ փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում, նրանց ցնցեց ևս մի իրադարձություն:
-Շնորհակալություն, Ասյա մորաքույր, մենք արդեն գնանք,- ասաց Ա Նիի մայրիկը դիմելով Չար կախարդին:
«Ասյա մորաքու՞յր»,- տղաների համար սա հայտնագործություն էր: Չար կախարդի անունը Ասյա է, սովորական մարդու անուն ունի, այնպես ինչպես Գռոի ավագ քույրը` Ասյան: Մի անգամ քննարկել էին, թե ինչ կարող էր լինել Չար կախարդի անունը: «Ջավահիր»,- վստահաբար ասել էր Գոռը, չնայած Արան չէր համաձայնել, որովհետև իր մայրիկի գյուղում Ջավահիր անունով մի կին կար, որը բոորովին էլ կախարդի համբավ չուներ, նույնիսկ մի անգամ Արային կովի թարմ կաթ էր հյուրասիրել: Ամեն դեպքում մյուս տղաներին Ջավահիր անունը կախարդի համար համոզիչ էր թվացել, բայց Ասյա՞…
-Շնորհակալություն տղաներ, որ մենակ չեք թողել Անիին,- տղաների քչփչոցն ընդհատեց Անիի մայրիկը: -Համոզված եմ` դուք լավ պաշտպաններ եք նրա համար:
Տղաները շփոթած էին: Իսկ երբ Անիի հետ միասին պատմեցին, թե ինչու էին եկել այդտեղ, Անիի մայրիկը ևս մի լավ ծիծաղեց այդ պատմության վրա: Պարզվեց, որ Անիի մայրիկը մի փոքր հիվանդ է եղել և պետք է երկու օր մնար հիվանդանոցում: Քանի որ Փլված շենքի տիրուհին, այսինքն` Ասյա մորաքույրը, չի համաձայնել այդքան երկար ժամանակով լքել իր բնակարանը, Անիի մայրիկն ստիպված Անիին է բերել նրա մոտ: Չէ՞ր թողնի հո, որ տանը մենակ մնա: Իսկ այսօր առավոտյան նա իմացել է, որ Անիի հայրիկը Ռուսաստանից գալիս է և միանգամից բուժվել է: Հիմա էլ պետք է Անիի հետ միասին գնան օդանավակայան` հայրիկին դիմավորելու: Անիի մայրիկը տղաներին նաև հրավիրեց հաջորդ օրը դասից հետո այցելել իրենց:
-Մենք միասին նամակ կգրենք այդ ճապոնացի Ա Նիին ու կպատմենք այս ամբողջ պատմությունը: Համոզված եմ` երբ նա կարդա, այլևս չի տխրի:
-Լավ,- համաձայնեցին տղաները:
Էջանիշներ