User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 151 հատից

Թեմա: Անասելիք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #38
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2

    Արմենը, Արան ու Գոռն արդեն բակում էին և անհանգստանում էին, որ Տղան ուշանում է: Նրանք որոշել էին Գաղտնի կազմակերպություն հիմնել, և հիմնադիր ժողովը հենց այդ օրն էր նախատեսված: Դեռ չէին պատկերացնում, թե ինչով էր զբաղվելու կազմակերպությունը: Ի վերջո, մինչև կազմակերպությունը չլինի, ինչպե՞ս կարող է այն որևէ բան անել: Կհիմնեն, հետո կորոշեն: Բայց հեռուստացույցի աղջիկն այնքան էր ազդել տղայի վրա, որ կազմակերպությունը լրիվ թռել էր մտքից:

    -Մենք պետք է Ճապոնիա գնանք,- հայտարարեց Տղան ընկերներին:

    -Ճապոնիա չի կարելի գնալ, այնտեղ երկրաշարժ է եղել,- ակնոցն ուղղեց Գոռը:

    -Հենց դրա համար էլ պետք է գնանք:

    -Գնանք` ի՞նչ անենք,- հարցրեց Արմենը:

    -Մենք փոքր ենք ու ոչինչ էլ չենք կարող անել,- Գոռը հանեց ակնոցն ու սրբեց թաշկինակով: Գոռը սիրում է շեշտել, որ ինքն ակնոց ունի, որովհետև ակնոց ունի նաև կրպակի վաճառողուհին, որին բոլորը հարգում և խելացի են համարում: Իսկական պատճառն իհարկե ոչ թե ակնոցն է, այլ այն, որ նա բոլորին պարտքով հաց է տալիս և երբեք հաշիվները չի խառնում, բայց Գոռն առայժմ միայն ակնոցով կարող է համեմատել նրա հետ:

    -Ես այն աղջկան պետք է բացատրեմ, որ տնակում ապրելու մեջ ոչ մի վատ բան չկա, որ նա հանկարծ չտխրի,- բացատրեց Տղան:

    -Երբ մեծանամ, քաղաքապետ եմ դառնալու, որ բոլոր տնակում ապրողներին տուն տամ,- ակնոցները նորից դրեց Գոռը:

    -Մենք չենք կարող սպասել: Դու տասնհինգ տարի հետո նոր կմեծանաս: Նրա արցունքները չեն բավականացնի, որ այդքան երկար լաց լինի: Իսկ երբ արցունքները սպառվեն, նա կմեծանա ու կդառնա բոլոր մեծերի նման,- այո, պատճառաբանությունը համոզիչ էր: Տղաներն անմիջապես հասկացան, որ մի բան պետք է անել: Ոչ ոք նույնիսկ չհիշեցրեց Տղային կազմակերպության հիմնադիր ժողովի մասին: Ի վերջո, կազմակերպությունը կսպասի ավելի հանգիստ ժամանակների: Երբ կոնկրետ գործ կա անելու, անիմաստ կազմակերպությունների կարիք չկա:

    -Ոչ, մենք չենք կարող թույլ տալ, որ աղջիկը սպառի իր արցունքները ու դառնա մեծերի նման: Որտե՞ղ ես տեսել նրան: Ինչպե՞ս կարող ենք գտնել,- վճռականորեն տրամադրված` ասաց Արմենը:

    -Հեռուստացույցի մեջ եմ տեսել,- Արմենի վճռականությունը Տղային քաջալերեց, բայց հեռուստացույցի անունը լսելով` Արմենը, Արան ու Գոռը ձեռքներն անհույս թափ տվեցին:

    -Այդ դեպքում ինչպե՞ս են հեքիաթի մեջ արքայազները գտնում արքայադուստրերին` միայն երազում տեսած լինելով,- Տղան փորձեց համոզել:

    -Դրանք ընդամենը հեքիաթներ են,- ասաց Գոռը:

    -Այո,- հաստատեցին Արմենն ու Արան:

    -Դուք մտածում եք մեծերի նման,- վրդովվեց Տղան:

    -Բայց ինչպե՞ս կարող ենք մենք գնալ Ճապոնիա: Դա այնքան հեռու է,- ասաց Գոռը` մի փոքր նեղացած Տղայի արտահայտությունից: Արան ու Արմենն էլ էին նեղացել, բայց աշխատում էին ցույց չտալ:
    -Ասում ես` նա լա՞ց էր լինում,- հարցրեց Արան:

    -Այո:

    -Հեռուստացույցի մեջ երբեմն ցույց են տալիս բաներ, որ հինգ օր առաջ է եղել: Օրինակ շաբաթ օրը կրկնում են սերիալի բոլոր սերիաները,- Արան վստահորեն ինչ-որ բան գիտեր:

    -Այսօր շաբաթ չէ,- Գոռը որոշեց համենայն դեպս հստակեցնել:

    -Այո, բայց դա էլ սերիալ չի եղել,- ասաց Արան: -Անիին հիշու՞մ եք, որ երեկ մեզ հետ խաղում էր:

    -Անհետաքրքիր աղջիկ է և շատ դանդաղ է վազում,- ասաց Գոռը:- Որտեղի՞ց հայտնվեց մեր բակում:

    -Ճապոնիայում երկրաշարժը երկու օր առաջ է եղել,- Արան շարունակեց իր միտքը: -Իսկ Անին մեր բակում հայտնվեց երեկ: Այսօր առավոտյան, երբ դպրոց էի գնում, ես նրան տեսա: Նա լաց էր լինում ու ձեռքին դպրոցական պայուսակ չկար:

    -Մենք այսօր միասին ենք դպրոց գնացել,- կասկածեց Գոռը:

    -Մենք խաչմերուկի մոտ էինք չէ՞ պայմանավորվել, իսկ ես նրան տեսել եմ մինչև խաչմերուկին հասնելը:

    -Բայց դա ի՞նչ կապ ունի հեռուստացույցի աղջկա հետ,- փորձեց հասկանալ Տղան:

    -Շատ հնարավոր է, որ Անին հենց քո տեսած աղջիկն է,- հայտարարեց Արան:

    -Իհարկե,- բացականչեց Արմենը, իսկ Գոռը նյարդայնացած ակնոցն էր ուղղում. «Ինչու՞ առաջինն իր մտքով չանցավ»:

    -Բայց ես տեսել եմ Անիին ու տեսել եմ այդ աղջկան: Նրանք լրիվ տարբեր երկու աղջիկներ են: Ճապոնացիների աչքերը նեղ են լինում:

    -Մեր դասարանի Մադոյան Անիին էլ բոլորը ճապոն են ասում, որովհետև նրա աչքերը նեղ են,- գլուխը քորեց Արմենը:

    -Ճապոնացիների ազգանունը յանով չի լինում,- ասաց Գոռը:

    -Ես չեմ ասում, թե նա հաստատ ճապոնացի է: Ուղղակի բոլորը ճապոն են ասում,- ասաց Արմենը:

    -Եվ անունն էլ չի կարող Անի լինել: Անին հայկական անուն է,- բացականչեց Գոռը` ուրախացած, որ Արայի վարկածը ջախջախվում է:

    -Դու ընդամենը հայկական անունները գիտես, իսկ որևէ ճապոնական անուն գիտե՞ս,- վրդովվեց Արան: -Արմենենց դասարանի Մադոյան Անին, այո, չի կարող ճապոնացի լինել: Նրան ուղղակի ճապոն են ասում նեղ աչքերի համար, որովհետև նեղ աչքեր ունենում են ճապոնացիները: Բայց մեր Անիի դեպքն ուրիշ է: Որևէ մեկդ գիտի՞ նրա ազգանունը: Ինչու՞ մեկս մյուսի ազգանունները մենք գիտենք: Գիտենք նույնիսկ Արմենենց դասարանի Մադոյան Անիի ազգանունը, իսկ Անիի ազգանունը չգիտենք:

    -Այո,- ասաց Գոռը` մտածելով, որ ինչ-որ տրամաբանություն կա Արայի ասածի մեջ, բայց դեռևս չէր կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ:

    -Այդ ամենն ի՞նչ կապ ունի իմ ճապոնացի աղջկա հետ,- Տղան վրդովվում էր, որովհետև մայրիկը շուտով տուն կկանչի, իսկ այսքան ժամանակում ինքը գուցե հասած լիներ Ճապոնիա: Անիմաստ ժամանակ են վատնում:

    -Շատ մեծ: Այն որ ճապոնացիների անուն-ազգանունները շատ կարճ են, մի վանկից: Շատ հնարավոր է, որ Անին ոչ թե Անիի անունն է, այլ անունը և ազգանունը: Ա Նի,- հաղթական տոնով ասաց Արան:

    -Հըմ,- Գոռին դուր չէր գալիս, որ Արան այս պարագայում իրենից ավելի խելացի էր դուրս գալիս, բայց տրամաբանությունը չընդունել չէր կարող: «Ի վերջո, թող մի անգամ էլ Արան ինչ-որ բան մտածի»,- իրեն հուսադրեց նա:

    -Գիտե՞ք` որտեղ է ապրում Ա Նին,- Արան հենց Ա Նի արտասանեց` ճապոնական առոգանությամբ, այսինքն այնքանով, որքանով պատկերացնում էր այդ առոգանությունը` կարծես թե դա արդեն հաստատված փաստ էր: Տղաներից ոչ մեկը չգիտեր Անիի տան տեղը: Որտեղի՞ց իմանային, երբ նա ընդամենը երեկ էր հայտնվել: Միակ բանը, որ հայտնի էր նրա մասին, անունն էր: Բայց Արան ավելի տեղեկացված էր: Դե, երեկ էլ Արան համոզեց, որ Անիին իրենց հետ խաղացնեն, իսկ ընդհանրապես նրան ոչ մեկն էլ չհավանեց:

    -Ա Նին ապրում է Փլված շենքում,- հանդիսավոր ձայնով հայտարարեց Արան, -Չար կախարդի մոտ:

    -Հետո՞,- հետաքրքրվեց Տղան: Ուրիշ պարագայում այս փաստը շատ հետաքրքիր կարող էր լինել, բայց հիմա, երբ հեռուստացույցի աղջիկն անհամբեր իր օգնությանն է սպասում, նույնիսկ Չար կախարդի հետ նույն շենքում ապրող աղջիկը Տղային չէր կարող հետաքրքրել:

    -Հետո այն, որ Չար կախարդը նրան կախարդել է, որ ոչ ոք չճանաչի, իսկ Ա Նին հեռուստացույցից քեզ տեսնելով` աղերսող հայացքով նայել է` հուսալով, որ աչքերից կճանաչես ու կօգնես:

    -Հենց աչքերն էլ տարբեր են:

    -Աչքերի ձևը չի կարևոր, աչքերի ներսն է պետք տեսնել:

    Գոռն զգաց, որ Արայի հիմնավորումները գնալով թուլանում են, և վերագտած իր ինքնավստահությունը` սպասում էր նրա վերջնական ջախջախմանը, բայց այստեղ կատարվեց մի բան, որն ստիպեց նույնիսկ Գոռին անցնել Արայի կողմը:

    -Հեքիաթներ ես պատմում,- ասաց Տղան:

    Տղան պատասխանեց մեծերի նման, և Գոռը շտապեց ընկերների հետ միաբերան ասել.
    -Դու մեծերի նման ես խոսում:

    «Ուրեմն իսկապե՞ս Անին, այսինք Ա Նին այդ նույն աղջիկն է: Այո, նրանց աչքերը… Ինչ-որ նմանություն կա այդ աչքերում, նույն տխրությունը»,- մտածեց Տղան և առանց ժամանակ կորցնելու վազեց դեպի կիսափլված շնությունը, որտեղ բնակվում էր Չար կախարդը:

    -Դե վազենք, քանի ուշ չէ,- բացականչեց նա ճանապարհին:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 18.04.2011, 19:02:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.09.2011), My World My Space (15.05.2011), Sambitbaba (19.04.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •