1
Հեռուստացույցի մեջի փոքրիկ աղջիկը լաց էր լինում: Մի կին բռնել էր աղջկա ձեռքը: Երևի մայրիկն էր: Հետո մի տղամարդ` երևի հայրիկը, գրկեց նրան: Տղան, որը հեռուստացույց էր նայում, նույնպես սկսեց լաց լինել:
-Մայրիկ, նա շատ է լաց եղել, դրա համա՞ր են աչքերն այդպես նեղ:
-Չէ, տղաս. նա ճապոնացի է, բոլոր ճապոնացիների աչքերն էլ նեղ են,- պատասխանեց Մայրիկը` շոյելով Տղայի գլուխը: -Իրենց մոտ երկրաշարժ է եղել,- Մայրիկը սրբեց տղայի արցունքները:
-Երևի տխրել է, որովհետև պետք է տնակում ապրեն,- բարձրաձայն մտածեց Տղան: -Ես միշտ տնակում եմ ապրել, ու երբեք դրա համար չեմ տխրել: Դու ու Հայրիկը մինչև հիմա տխրում եք չէ՞: Հայրիկը դրա համար գնաց Ռուսաստան, որ աշխատի ու գա` տուն առնի,- Տղայի աչքերը նորից լցվեցին արցունքներով:
-Ուղղակի Հայրիկը չի ուզում, որ դու միշտ տնակում ապրես:
-Երբ Հայրիկն այստեղ էր, ես չէի տխրում, իսկ հիմա ես տխրում եմ, որովհետև Հայրիկը հեռու է:
-Կմեծանաս, ամեն ինչ կհասկանաս,- Մայրիկը համբուրեց Տղայի մազերը:
«Մեծերը ոչինչ էլ չեն հասկանում: Երբ ես մեծանամ, այդպիսին չեմ լինի,- որոշեց Տղան: -Ես պետք է գնամ ու այդ աղջկան ամեն ինչ բացատրեմ: Չի կարելի թողնել, որ նա միշտ տխրի, ինչպես Մայրիկն ու Հայրիկը: Ու՞մ է պետք տունը, եթե քնելիս Մայրիկը ճակատդ չի համբուրելու ու առավոտյան չի արթնացնելու, որ դպրոց գնաս, եթե երեկոյան չես կարող նստել հեռուստացույցի մոտ, ու երբ Մայրիկն ասի` գնա քնելու, պատասխանես, որ Հայրիկին ես սպասում»:
-Մայրիկ, ես գնում եմ բակ,- ժամանակ կորցնել չէր կարելի: Տղան վճռեց հենց հիմա ճանապարհ ընկնել ու ամեն գնով գտնել այդ աղջկան:
-Դասերդ մինչև չսովորես, ոչ մի բակ:
«Մեծերը միշտ նույնն են ասում: Ոչ մի նոր բան չեն կարողանում մտածել: Ինչու՞ չի կարելի մի օր ասել` այսօր, տղաս, հայտարարում եմ դաս չսովորելու օր»: Տղան որոշեց Մայրիկին օգնել նորարար լինելու հարցում:
-Մայրիկ, այսօր դաս չսովորելու միջազգային օրն է:
-Դա ի՞նչ նորություն է: Այդպիսի օր չկա:
-Մինչև հիմա չկար, բայց արդեն կա: Ես հենց նոր հորինեցի այդ օրը,- հպարտությամբ ասաց Տղան:
-Անմիտ բաներ իմ ասա,- բարկացավ Մայրիկը: Այո, մեծերը երբեք էլ չեն սիրել ընդունել փոքրերի օգնությունը նման հարցերում, բայց Տղան ևս մի միջոց ուներ: Նա համբուրեց Մայրիկին: Հենց Մայրիկը բարկանում է, Տղան համբուրում է նրան: Սովորաբար օգնում է:
-Լավ, գնա, միայն շուտ կգաս,- ժպտաց Մայրիկը:
«Մայրիկները միշտ շուտ են համոզվում: Բայց Ճապոնիա գնալու մասին չարժե ասել նրան: Նա իրեն վատ կզգա ու այն դեղի կաթիլներից կուզի»,- մտածեց Տղան ու դուրս վազեց:




Մեջբերել
Էջանիշներ