***
Կարելի էր ենթադրել, որ ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ ընտանիքի ավագ որդու կինը, որ մի տարի առաջ էր հարս եկել, անսովոր ցավեր զգաց, գոռաց` մամ, սկեսուրը շտապօգնություն կանչեց, հետո արդեն ծննդատանը հարսը ծննդաբերեց, իսկ ավագ որդին ծննդատան պատերի տակ անհանգիստ ծխում էր, հետո ինչ-որ մի նոր զգացողություն ունեցավ` որդու ծննդյան լուրը առնելով, կյանքի իմաստավորման, արված գործի արդյունքից դեռ մինչ այդ երբեք չզգացած բավականության մի զգացում, կամ ամենաշատը այս ամենից մոտ ինը ամիս առաջ, երբ նորապսակ զույգը գիշերները վայելում էր շշուկով, որ կողքի սենյակում տղայի ծնողները կամ կրտսեր եղբայրը հանկարծ ոչինչ չլսեն, ամուսնական կյանքի նոր, անսովոր մի երջանկություն, երբ երկու մարմին մեկն են դառնում` միևնույն ժամանակ այդ մարմինների տերերին զգացնել տալով իրենց կազմող յուրաքանչյուր ատոմի գոյությունը: Սակայն այսպես միայն կարելի էր ենթադրել, որովհետև ամեն ինչ չէ, որ պատմվածքը սկսողի ձեռքերում է, նա կարծում է, թե այս պատմվածքի հերոսը այդ երջանիկ գիշերների ծնունդ տղան է, բայց հեղինակները ավելին են քան մեկը, և նա չգիտե, թե մյուսները ինչ շտկումներ կմտցնեն պատմվածքի շարունակության մեջ: Ինչևէ, առայժմ հետևենք իրադարձությունների այն ընթացքին, որոնք պայմանավորված են միայն այս պատմվածքը սկսողի երևակայությամբ: Հնարավոր է, որ մեծ կարծիք ձեռք չբերենք այս առաջին պատմողի երևակայության մասին, որովհետև դեպքերի հետագա ընթացքը շատ հասարակ, սովորական էր, որ հիշեցնում է կողքի մարդու, իմ կամ քո պատմությունը: Նորածնին անուն տվեցին, տուն բերեցին, քեֆ արեցին, հետո երբ մի փոքր մեծացավ, երքակնանի հեծանիվ առան նրա համար, ձմռանը` նույնիսկ սահնակ, հաջորդ տարի` դահուկներ, բացի այդ պարաֆին, որով դահուկների տակը ընտանիքի ավագ որդին արդեն իր ավագ որդուն սովորեցրեց մշակել: Իսկ հետո տղան դպրոց գնաց: Դպրոցական տարիների նկարագրության հարցում ևս պատմվածքը սկսող հեղինակի երևակայությունը շատ վառ ու ինքնատիպ չգտնվեց: Տղան ոչ գերազանցիկ էր, ոչ էլ առավել ևս ինդիգո, նույնիսկ ծույլիկ էլ չէր: Անկարգություններով աչքի չէր ընկնում, սովորաբար դասերը պատրաստած էր դպրոց գնում, բայց քանի որ շատ աշխատասեր չէր, ոչ էլ բացառիկ ընդունակությունների տեր, հիմնականում չորս էր ստանում, երբեմն երեք, պատահում էր, որ դասին անպատրաստ էլ գնար ու երկու ստանար, բայց դա հազարից մեկ, ամեն դեպքում հինգ ավելի շատ էր ստանում, քան երկու: Կողմնակի այլ հետաքրքրություններ չուներ, ֆուտբոլ խաղալ սիրում էր, բայց ոչ այնքան, որ դասից փախչեր ֆուտբոլ խաղալու համար: Հետո դպրոցն ավարտեց, փորձեց բուհ ընդունվել` պատմության ֆակուլտետ, որովհետև… Դե ինչ որովհետև, նույն հաջողությամբ կարող էր դիմել մաթեմատիկայի ֆակուլտետ, մանավանդ որ չկարողացավ անհրաժեշտ միավորներ հավաքել ու ստիպված բանակ գնաց, որովհետև ընդհանուր առմամբ առողջ էր, թեև տարին 2 անգամ գրիպ էր ընկնում և 2-րդ աստիճանի հարթաթություն ուներ, ինչի պատճառով երկու անգամ զինկոմիսարիատից հանրապետական հիվանդանոց բուժզննման ուղարկեցին, բայց նման թույլ արտահայտված հարթաթաթության համար, ինչի առկայության մասին տղան մինչև զորակոչային բուժզննումները չէր էլ ենթադրում, բանակից չեն ազատում, առավել ևս չեն ազատում երբեմն գրիպ ընկնելու համար: Երկու տարին էլ անցավ ինչպես սովորական երկու տարի` 730 օր, նույնիսկ 29 օրանոց փետրվար չզուգադիպեց նրա ծառայության հետ: Հետո զորացրվեց, դե հեղինակը իմաստ չի տեսել պատմելու, որ ընթացքում նա 2 անգամ արձակուրդ է եկել, մի անգամ` որպես խրախուսանք, իսկ 2-րդ անգամ` կարծեմ նորից գրված էր որպես խրախուսանք, դրա համար միանգամից անցել է զորացրմանը: Բանակից հետո մի երկու ամիս պարապ-սարապ թրև եկավ, հետո զգաց, որ այդպես չի կարող շարունակվել, որ ամաչում է ամեն անգամ ծնողներից ծխախոտի փող ուզել, ու քանի որ իրենց վերևի հարևանը լավ ոսկերիչ էր, որոշեց գնալ նրա մոտ, ոսկերչություն սովորել: Այսպես արհեստի տեր դարձավ, ժողովրդի լեզվով ասած` ձեռքին ոսկե բիլազուկ կապեց, սակայն վերևի հարևանի արհեստանոցում աշակերտության շրջանը մի այլ նշանավորում ևս ստացավ, մի անգամ արհեստանոց էր եկել այդ ոսկերիչ հարևանի ազգականուհին իր դստեր հետ, որ հարսանիքի էին հրավիրված և եկել էին հարսի համար ոսկե վզնոց պատվիրելու: Տղան ինչ-որ մի նոր զգացում ունեցավ, որ երևի ունեցել էր ժամանակին իր հայրը, երբ առաջին անգամ իր մորն էր տեսել, կամ ոսկերիչ հարևանը առաջին անգամ իր կնոջը տեսնելիս, կամ ոսկե վզնոց պատվիրող կնոջ ամուսինը տարիներ առաջ նրան, երբ դեռ աղջնակ էր, տեսնելիս: Ոսկերիչ հարևանը բնականաբար օգնեց տղային, որ այդ աղջկա հետ հանդիպելու նոր առիթներ ունենա, աղջկա ծնողների մոտ էլ շատ գովեց տղային, թե աշխատող տղա է, խելոք, համեստ, մեր աչքի առաջ է մեծացել, դե համ էլ մեր հարևանն է, մեզ մոտ կլինի, մենք էլ հո այդտեղ ենք: Մի խոսքով, սիրո խոստովանություն, հետո` չէ, հետո` կմտածեմ, հետո` հա: Իսկ հետո` հարսանիք, հարսի շոր, եկեղեցի, վալս, որի համար տղան և աղջիկը մի ամբողջ ամիս դասերի էին գնացել: Սա կարող էր հրաշալի ավարտ լինել այս պատմության, ամեն դեպքում պատմությունը սկսողը այստեղ կանգ է առել, սակայն ով գիտե, թե ինչ են մտածում մյուս հեղինակները, մի գուցե նրանք նախատեսել են իրադարձությունների մի այնպիսի հորձանուտ, որոնց մասին պատմությունը սկսողը չէր էլ կարող երևակայել, իսկ միգուցե այս պատմության հերոսը ընդհանրապես այս տղան չի, և նրա դերը դեպքերի հետագա զարգացման մեջ դրվագային է ու ոչ էական, կամ գուցե նա ընդհանրապես չկա այս պատմության մեջ և պատմությունը սկսողը, չտեսնելով ամենակարևորը, նրան գտել է մի այլ իրականությունից կամ ինչ-որ մեկի երազից:
***
Էջանիշներ