41. Հույսի առևտուր
Քաղաքի աղքատությունից վեր խոյացած
Այս ապարանքն Աստծո համար են կառուցել,
Նվերն ընդունել ու ծիծաղել է Աստված,
Բացմանը ներկա լինել չի էլ ցանկացել:
Կարմիր ժապավենը կտրել է երևի
Սևազգեստ, հոգին էլ նույնքան սև մի տերտեր,
Ու Աստծո տունը բույն է դառել դևերի.
Սև դևերը դառել են Աստծո տան տեր:
Աստծո ինչին է պետք` ինչ են այստեղ շինում
Նրանք, որ ուզում են իր հետույքը մտնել,
Լավ տուն-տեղ, այգի ունի այնտեղ վերևում.
Ծեր է, ներքևի գործերը էլ չի հասցնում:
Էլի լավ է` ցուրտ ու արևից սևացած,
Բայց արևի լույսի պես լուսե մի աղջիկ
Աստծո, թե դևերի այդ դղյակի դիմաց
Երկու հարյուր դրամով հույս է վաճառում:
Անհույս մեկն էլ, որ դևերի տուն է գնում
Իբր Աստծո համար մի զույգ մոմ վառելու,
Մի հատ էլ հույս այդ աղջկանից է գնում.
Թող լինի. թե չօգնեց, չի էլ խանգարելու:
Աղջիկը գուցե մայր է, որդին սոված է,
Այդ մեկն էլ գուցե, երբ օրացույց է գնում,
Ուզում է հենց այդ հույսը, որ մի մայր գուցե
Մի կտոր հացի հույս է գրպանը դնում:
Էջանիշներ