My World My Space (07.02.2010), ՆանՍ (27.08.2010), Շինարար (06.02.2010)
Ակումբում համատեղ պատմվածք գրելու նախագիծ կա, որում օրեր առաջ հերթագրվեցի, նույն օրը իմ մասը գրեցի, բայց քանի որ դեռ շատ երկար եմ սպասելու իմ հերթին, հաջորդ օրը գրեցի երկրորդ մասը, իսկ հաջորդ օրը` ավարտեցի, ստորև դնում եմ այդ պատմվածքս, իսկ նախագծում իմ հերթը գալու ժամանակ նոր բան կմտածեմ: Պայմանական վերնագրել եմ "Եռապատում": Առայժմ կդնեմ առաջին մասը, իսկ շարունակությունը` ընթացքում:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 11.02.2010, 10:47:
***
Կարելի էր ենթադրել, որ ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ ընտանիքի ավագ որդու կինը, որ մի տարի առաջ էր հարս եկել, անսովոր ցավեր զգաց, գոռաց` մամ, սկեսուրը շտապօգնություն կանչեց, հետո արդեն ծննդատանը հարսը ծննդաբերեց, իսկ ավագ որդին ծննդատան պատերի տակ անհանգիստ ծխում էր, հետո ինչ-որ մի նոր զգացողություն ունեցավ` որդու ծննդյան լուրը առնելով, կյանքի իմաստավորման, արված գործի արդյունքից դեռ մինչ այդ երբեք չզգացած բավականության մի զգացում, կամ ամենաշատը այս ամենից մոտ ինը ամիս առաջ, երբ նորապսակ զույգը գիշերները վայելում էր շշուկով, որ կողքի սենյակում տղայի ծնողները կամ կրտսեր եղբայրը հանկարծ ոչինչ չլսեն, ամուսնական կյանքի նոր, անսովոր մի երջանկություն, երբ երկու մարմին մեկն են դառնում` միևնույն ժամանակ այդ մարմինների տերերին զգացնել տալով իրենց կազմող յուրաքանչյուր ատոմի գոյությունը: Սակայն այսպես միայն կարելի էր ենթադրել, որովհետև ամեն ինչ չէ, որ պատմվածքը սկսողի ձեռքերում է, նա կարծում է, թե այս պատմվածքի հերոսը այդ երջանիկ գիշերների ծնունդ տղան է, բայց հեղինակները ավելին են քան մեկը, և նա չգիտե, թե մյուսները ինչ շտկումներ կմտցնեն պատմվածքի շարունակության մեջ: Ինչևէ, առայժմ հետևենք իրադարձությունների այն ընթացքին, որոնք պայմանավորված են միայն այս պատմվածքը սկսողի երևակայությամբ: Հնարավոր է, որ մեծ կարծիք ձեռք չբերենք այս առաջին պատմողի երևակայության մասին, որովհետև դեպքերի հետագա ընթացքը շատ հասարակ, սովորական էր, որ հիշեցնում է կողքի մարդու, իմ կամ քո պատմությունը: Նորածնին անուն տվեցին, տուն բերեցին, քեֆ արեցին, հետո երբ մի փոքր մեծացավ, երքակնանի հեծանիվ առան նրա համար, ձմռանը` նույնիսկ սահնակ, հաջորդ տարի` դահուկներ, բացի այդ պարաֆին, որով դահուկների տակը ընտանիքի ավագ որդին արդեն իր ավագ որդուն սովորեցրեց մշակել: Իսկ հետո տղան դպրոց գնաց: Դպրոցական տարիների նկարագրության հարցում ևս պատմվածքը սկսող հեղինակի երևակայությունը շատ վառ ու ինքնատիպ չգտնվեց: Տղան ոչ գերազանցիկ էր, ոչ էլ առավել ևս ինդիգո, նույնիսկ ծույլիկ էլ չէր: Անկարգություններով աչքի չէր ընկնում, սովորաբար դասերը պատրաստած էր դպրոց գնում, բայց քանի որ շատ աշխատասեր չէր, ոչ էլ բացառիկ ընդունակությունների տեր, հիմնականում չորս էր ստանում, երբեմն երեք, պատահում էր, որ դասին անպատրաստ էլ գնար ու երկու ստանար, բայց դա հազարից մեկ, ամեն դեպքում հինգ ավելի շատ էր ստանում, քան երկու: Կողմնակի այլ հետաքրքրություններ չուներ, ֆուտբոլ խաղալ սիրում էր, բայց ոչ այնքան, որ դասից փախչեր ֆուտբոլ խաղալու համար: Հետո դպրոցն ավարտեց, փորձեց բուհ ընդունվել` պատմության ֆակուլտետ, որովհետև… Դե ինչ որովհետև, նույն հաջողությամբ կարող էր դիմել մաթեմատիկայի ֆակուլտետ, մանավանդ որ չկարողացավ անհրաժեշտ միավորներ հավաքել ու ստիպված բանակ գնաց, որովհետև ընդհանուր առմամբ առողջ էր, թեև տարին 2 անգամ գրիպ էր ընկնում և 2-րդ աստիճանի հարթաթություն ուներ, ինչի պատճառով երկու անգամ զինկոմիսարիատից հանրապետական հիվանդանոց բուժզննման ուղարկեցին, բայց նման թույլ արտահայտված հարթաթաթության համար, ինչի առկայության մասին տղան մինչև զորակոչային բուժզննումները չէր էլ ենթադրում, բանակից չեն ազատում, առավել ևս չեն ազատում երբեմն գրիպ ընկնելու համար: Երկու տարին էլ անցավ ինչպես սովորական երկու տարի` 730 օր, նույնիսկ 29 օրանոց փետրվար չզուգադիպեց նրա ծառայության հետ: Հետո զորացրվեց, դե հեղինակը իմաստ չի տեսել պատմելու, որ ընթացքում նա 2 անգամ արձակուրդ է եկել, մի անգամ` որպես խրախուսանք, իսկ 2-րդ անգամ` կարծեմ նորից գրված էր որպես խրախուսանք, դրա համար միանգամից անցել է զորացրմանը: Բանակից հետո մի երկու ամիս պարապ-սարապ թրև եկավ, հետո զգաց, որ այդպես չի կարող շարունակվել, որ ամաչում է ամեն անգամ ծնողներից ծխախոտի փող ուզել, ու քանի որ իրենց վերևի հարևանը լավ ոսկերիչ էր, որոշեց գնալ նրա մոտ, ոսկերչություն սովորել: Այսպես արհեստի տեր դարձավ, ժողովրդի լեզվով ասած` ձեռքին ոսկե բիլազուկ կապեց, սակայն վերևի հարևանի արհեստանոցում աշակերտության շրջանը մի այլ նշանավորում ևս ստացավ, մի անգամ արհեստանոց էր եկել այդ ոսկերիչ հարևանի ազգականուհին իր դստեր հետ, որ հարսանիքի էին հրավիրված և եկել էին հարսի համար ոսկե վզնոց պատվիրելու: Տղան ինչ-որ մի նոր զգացում ունեցավ, որ երևի ունեցել էր ժամանակին իր հայրը, երբ առաջին անգամ իր մորն էր տեսել, կամ ոսկերիչ հարևանը առաջին անգամ իր կնոջը տեսնելիս, կամ ոսկե վզնոց պատվիրող կնոջ ամուսինը տարիներ առաջ նրան, երբ դեռ աղջնակ էր, տեսնելիս: Ոսկերիչ հարևանը բնականաբար օգնեց տղային, որ այդ աղջկա հետ հանդիպելու նոր առիթներ ունենա, աղջկա ծնողների մոտ էլ շատ գովեց տղային, թե աշխատող տղա է, խելոք, համեստ, մեր աչքի առաջ է մեծացել, դե համ էլ մեր հարևանն է, մեզ մոտ կլինի, մենք էլ հո այդտեղ ենք: Մի խոսքով, սիրո խոստովանություն, հետո` չէ, հետո` կմտածեմ, հետո` հա: Իսկ հետո` հարսանիք, հարսի շոր, եկեղեցի, վալս, որի համար տղան և աղջիկը մի ամբողջ ամիս դասերի էին գնացել: Սա կարող էր հրաշալի ավարտ լինել այս պատմության, ամեն դեպքում պատմությունը սկսողը այստեղ կանգ է առել, սակայն ով գիտե, թե ինչ են մտածում մյուս հեղինակները, մի գուցե նրանք նախատեսել են իրադարձությունների մի այնպիսի հորձանուտ, որոնց մասին պատմությունը սկսողը չէր էլ կարող երևակայել, իսկ միգուցե այս պատմության հերոսը ընդհանրապես այս տղան չի, և նրա դերը դեպքերի հետագա զարգացման մեջ դրվագային է ու ոչ էական, կամ գուցե նա ընդհանրապես չկա այս պատմության մեջ և պատմությունը սկսողը, չտեսնելով ամենակարևորը, նրան գտել է մի այլ իրականությունից կամ ինչ-որ մեկի երազից:
***
Վերջին խմբագրող՝ Շինարար: 11.02.2010, 10:46:
A.r.p.i. (11.02.2010), Ariadna (29.08.2010), einnA (08.10.2010), KiLa (05.03.2010), My World My Space (11.02.2010), Sona_Yar (13.02.2010), Tig (11.02.2010), _Հրաչ_ (13.02.2010), Արևհատիկ (11.02.2010), Դատարկություն (11.02.2010), Դեկադա (13.02.2010), Էլիզե (19.06.2010), Ինչուիկ (13.02.2010), Կաթիլ (12.02.2010), Մանոն (11.02.2010)
Շնորհակալություն ովքեր կարդացին պատմվածքիս առաջին մասը, ստորև դնում եմ երկրորդ մասը, երրորդ մասն էլ կխմբագրեմ ու վաղը կդնեմ:
***
Նույն պետության բոլորովին այլ քաղաքում մի ուրիշ տղա էր ապրում, որի մասին մի այլ հեղինակ է արդեն պատմում: Այս տղան թեև մեզ ծանոթ տղայի ոսկերիչ հարևանի կնոջ հեռավոր ազգականներից էր, բայց այդ տղայի գոյության մասին չէր էլ կասկածում, նույնիսկ երազում չէր տեսել նրան: Ամեն դեպքում այս երկու տղաներին միացնում էր այն հանգամանքը, որ նրանք ապրում էին միևնույն իրականության մեջ: Երկրորդ հեղինակն այս տղայի ծննդյան, մանկության, դպրոցական տարիներին ընդհանրապես չի անդրադառնում, չի խոսւմ նաև զինվորական ծառայության մասին, նույնիսկ չենք տեղեկանում` արդյոք նա ծառայել է բանակում, թե ինչ-ինչ պատճառներով ծառայությունից ազատվել է: Նաև հայտնի չէ` այս բացի պատճառը երկրորդ հեղինակի երևակայության պակասն է, թե պարզապես նա կարևորություն չի տվել այդ ամենին: Ինչևէ, մենք այս տղային հանդիպում ենք արդեն այն տարիքում, երբ նա ամուսնացած էր և երկու դուստրերի հայր: Հեղինակը նույնիսկ նախընտրում է նրա մասին պատմելիս օգտագործել ոչ թե տղա, այլ տղամարդ բառը: Որքան էլ կասկածելու լինենք հեղինակի երևակայության հնարավորությունների վրա, փաստն այն է, որ նրա հերոսի ճակատագիրը այնքան էլ սովորական չէր: Օրերից մի օր այս տղային, որին այսուհետ տղամարդ կանվանենք` հավատարիմ մնալով հեղինակի կամքին, ձերբակալում են` դրամական մեքենայություններ կատարած լինելու մեղադրանքով: Հեղինակը մեզ տեղեկացնում է, որ տղամարդը, թեև տեղյակ էր, որ հիմնարկում, ուր ինքը աշխատում էր, ինչ-որ անօրինական գործեր էին արվում ղեկավարների կողմից, բայց ինքն անմասն էր այդ ամենից: Մենք էլ առիթ չունենք չհավատալու հեղինակին, քանի որ սա նրա պատմվածքն է, և ճշմարիտ է այն ամենը, ինչ ինքն է ասում, ու կասկածի ենթակա կարող է լինել միայն այն, ինչի մասին նա չի խոսում, քանի որ երբ ինչ-որ բանի մասին հեղինակը լռում է, այստեղ կարող է լինել երկու տարբերակ` կամ նման բան չի եղել կամ եղել է, բայց հեղինակը դրան կարևորություն չի տվել: Մեքենայությունների հետևում կանգնած էին հզոր մարդիկ, իսկ տղան, թեև հեղինակը նրան տղամարդ է անվանում, փոքր մարդ էր ու անզոր պայքարելու այդ հզոր մարդկանց դեմ: Ուստի դատարանը նրան ի վերջո մեղավոր է ճանաչում: Ամենահմուտ հեղինակի համար էլ դժվար է նկարագրել անմեղ դատապարտվածի հոգեվիճակը, երբ ինքը չի զգացել այդ, և չնայած լուրջ պատճառներ կան ենթադրելու, որ այս երկրորդ հեղինակը ինչ-որ անձնական ապրումներ դրել է պատմվածքի մեջ, ամեն դեպքում իր հերոսի ներքին մտորումների, սեփական դժբախտության գիտակցման, հիասթափության մասով նա կարծես թե լռում է` պատումի հետագա շարադրանքը դուրս բերելով բանտախցի ճաղերից և ավելի շատ խոսելով կենդանի որդի ունեցող որդեկորույս մոր, սեփական անճարակության գիտակցումով, որդուն օգնելու անզորությունից իր անելիքը, ասելիքը, ապրելը այլևս չգիտակցող հոր, հանցագործ ամուսնու խայտառակության բեռան տակ կքած կնոջ, հոր մասին բամբասանքների շշուկներ ամենուր լսող, երբեմն չլսող, բայց ենթադրող դուստրերի ապրումներից, սակայն այդ ամենին անդրադառնալով ոչ թե անմիջականորեն, այլ ճաղավանդակի ետևում հայտնված տղամարդու ենթադրությունների, կասկածների, վախերի միջոցով: Այս ամենի հետ պատումի ոճն առաջին հեղինակի ոճի համեմատությամբ մեծ փոփոխություններ չի կրում, քանի որ տարիները հաջորդում են իրար նույն հերթականությամբ, օրերը դեռ քսանչորս ժամ ունեն, իսկ այն պետությունում, որտեղ ծավալվում են պատմվածքի իրադարձությունները, տարվա ամենաերկար գիշերներն էլ, ցերեկներն էլ տևում են 15 ժամ: Եվ չնայած երկրորդ հեղինակը շարունակում է լռել առաջինի պատմած հերոսի մասին, բայց մենք ենթադրում ենք, որ նա շարունակում է իր բնականոն կյանքը` սովորական մարդու, ոչնչով աչքի չընկնող, ձանձրալի ու իր ձանձրալիությամբ հետաքրքիր գոնե արվեստագետի համար, որի արվեստը ուսումնասիրում է կյանքը` ժամանակի և ծավալների մեջ: Թերևս նա արդեն զավակներ ունի, թերևս գործերը լավ են, շատ պատվերներ է ընդունում, թերևս առաջնեկը տղա չի եղել, ինչի համար շատ է տխրել, բայց կնոջ երրորդ ծննդաբերությունը ի վերջո երջանկացրել է նրան իր ազգանունը փոխանցելու, իր տոհմի կյանքը մարդկային ևս մի կյանքի չափով երկարաձգելու հնարավորության ձեռքբերման երջանկությամբ: Ինչևէ, երկրորդ հեղինակին այս ամենը չի հետաքրքրում, նրա հերոսը բանտում է, դատապարտված է ութ տարվա ազատազրկման, թեև լրիվ անմեղ է: Այս ամենից հետո ինչպես կարելի է հետաքրքրվել մարդկային մի խղճուկ ճակատագրով, որը վայելողը երևելի ոչինչ չունի արած, բայց այդքան երջանիկ է, ունի կին, որին սիրում է և որը, թեև տարիների հետ սկսել է գիրանալ, բայց նույնչափ սիրում է ամուսնուն, ունի երկու չքնաղ դուստրեր և մի որդի, որը չնայած մի փոքր թլվատ է, բայց ամենևին չի կաշկանդվում դրանից: Այս տղամարդու պատմությունը եթե պատմելիս լիներ առաջին հեղինակը, որի ոճի մասին մենք որոշակի պատկերացում ստացանք պատմվածքի սկզբում, պատումը կավարտեր դատավորի դատավճռի ընթերցմամբ կամ լավագույն դեպքում կնկարագրեր, թե դատավճռից հետո ինչպես են նրան բանտախուց տանում և դուռը փակում վրան, քանի որ այն տղայի պատումից մենք հասկացանք, որ առաջին հեղինակին հետաքրքրում են սովորական, ոչնչով աչքի չընկնող ավարտով պատմությունները անկախ դրանց երջանիկ, թե ողբերգական լինելուց: Սակայն երկրորդ հեղինակը սիրում է խճճված պատմություններ` անսպասելի հանգուցալուծումներով, և նրա պատումի մեջ անհնար էր, որ հանցագործության իրական մեղավորները լուրջ խնդիրներ չունենային ավելի մեծ մարդկանց հետ, որոնց ձեռնտու կլիներ նրանց կատարած հանցագործությունների բացահայտումը: Այսպես ճակատագրի, ներեցեք, հեղինակի կամքով նոր հանցանշաններ են բացահայտվում այս գործի հետ կապված, ինչը հանգեցնում է գործի վերաբացմանը, տղամարդը հնարավորություն է ստանում նոր դատավարության ժամանակ ապացուցելու իր անմեղությունը: Չնայած արդեն վեց տարի էր անցել, և ազատությանը սպասելուն մնացել էր ընդամենը երկու տարի, չնայած առաջին դատավարության դատավորը և դատախազը ևս փոքր մարդիկ չէին կամ գոնե իրենց թիկունքում մեծ մարդիկ կային կանգնած, բայց հեղինակն է տնօրինում պատմվածքում, իսկ հեղինակի համար կարևոր էր, որ իր հերոսն ազատվի ոչ միայն բանտարկությունից, այլև հանցագործի ու խարդախի խայտառակ համբավից: Եվ նոր դատավարությունը եղավ, բայց պետք է ասել, որ հեղինակը վատ գրող չէր, սերիալային պատմվածքը նրա տարերքը չէր, և քանի որ նա ապրում էր այն նույն պետությունում, որում ապրում էր նաև իր պատումի հերոս տղամարդը, ամեն ինչ չէր կարող այդպիսի հրաշալի ավարտ ունենալ: Միևնույն ժամանակ հեղինակը չէր կարող իր հերոսին երկրորդ անգամ ստիպել վերապրելու այն նույն զգացմունքներրը, որ նա ունեցավ առաջին դատավարության արդյունքում, և քանի որ երկրորդ հեղինակը, ի տարբերություն առաջինի, այնքան էլ հակված չէր ստեղծագործության պարտադիր տրամաբանական ավարտ ունենալուն, երբ բոլոր հանգույցները պարտադիր լուծում պետք է ստանան, նա գտավ լավագույն տարբերակը, պատմվածքը իր մասով ավարտեց այն պահին, երբ դատարանը բոլոր ապացույցների մանրամասն քննությունից հետո հեռացավ վճիռ կայացնելու` դեպքերի հետագա զարգացումը թողնելով ընթերցողների երևակայությանը կամ հաջորդ հեղինակի կամքին, եթե նրան էլ նույնքան հետաքրքիր լինի այս տղամարդու ճակատագիրը:
***
*e}|{uka* (12.02.2010), Ariadna (29.08.2010), einnA (08.10.2010), KiLa (05.03.2010), My World My Space (12.02.2010), Tig (12.02.2010), Yeghoyan (13.02.2010), _Հրաչ_ (13.02.2010), Արևհատիկ (12.02.2010), Դատարկություն (13.02.2010), Էլիզե (19.06.2010), Ինչուիկ (13.02.2010), Կաթիլ (12.02.2010), Մանոն (13.02.2010)
Լավ էր.... նենց արագ կարդացի )))) վերջում հասկացա, որ շատ նմանա մեզ հայտնի «Տղամարդիկ» ֆիլմի նկարագրություններին, առաջին մասը ոնց-որ Կարինեի սիրելիի նկարագրությունը լինիպատմում պատմում է, վերջում հիշում, որ նա ամենևին կապ չունի ֆիլմի հետ
![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
My World My Space (12.02.2010), Ինչուիկ (13.02.2010), Կաթիլ (12.02.2010), Շինարար (12.02.2010)
Էհ, ապրեք, ժողովուրդ ջան, իսկ հիմա դըդըդը` վերջին մասը![]()
***
Այստեղից ահա պատմվածքը շարունակում է երրորդ հեղինակը: Երրորդ հեղինակին միանգամից հետաքրքրում է ողբերգական ճակատագրով տղամարդու կյանքը: Խոր կարեկցանքով լցված նա մասնակից է դառնում դատավորի կյանքի բնազդի ու մարդկային խղճի պայքարին` սատարելով խղճին: Սակայն գոյության կռվում մարդուն միշտ օգնական է եղել նախ և առաջ կյանքի բնազդը: Եվ խիղճը, ճիշտ է, կարողացել է ստիպել դատավորին մինչև դատը այս գործի հետ կապված իրական հանցագործներից կաշառք վերցնելուց հրաժարվել, սակայն ընկրկել է հանցագործների հետևում կանգնած հզոր մարդկանց թիկնապահների ահաբեկող հեռախոսազանգերից հետո: Արդարության և ապրելու միջև այս ընտրության հարցում դատավորը ընկերոջ զանգից օգտվելու հնարավորություն այլևս չուներ: Այն մարդիկ, որոնց ձեռնտու էր եղել այդ գործի հետ կապված նոր հանգամանքների բացահայտումը, կորցրել էին մի քանի ամիս առաջվա իրենց հզորությունը կամ պարզապես այն ժամանակ գերագնահատել էին հզորության իրենց չափը: Սարսափելի է դատապարտված լինել ընտրելու տարիների ընթացքում ձեռք բերած հզորության որոշակի քանակության, իսկ դատավորը եթե այնքան հզոր չէր, որ իրեն չկարողանային ահաբեկել, հզոր էր այնքան, որ իր ձեռքերում էր մի անմեղ դատապարտյալի ճակատագիրը, և արդարության, սեփական սկզբունքների միջև, և եթե ընտրում ես հզորությունը, արդյոք դրանով իսկ չես կորցնում այն, որովհետև սեփական սկզբունքներին հավատարիմ լինելու անզոր մարդը որքանով է հզոր: Այս ընտրությունը որքան էլ դժվար էր դատավորի, էլ ավելի դժվար էր հեղինակի համար: Թերևս դժվար բառը ընդհանրապես չի էլ համապատասխանում հեղինակի առջև դրված խնդրին, որովհետև դժվարությունը ենթադրում է կարելիություն, լուծման հնարավորություն, որի համար սակայն շատ բանաձևեր է պետք իմանալ և նույնիսկ որոշ բանաձևեր դուրս բերել սեփական մտահանգումների միջոցով, սակայն հեղինակը անհնար մի իրավիճակում էր հայտնվել, երբ արդեն պայքարի մեջ են ոչ թե կյանքի բնազդը և սկզբունքները, այլ իրականությունը և կարեկցանքը: Հեղինակը պետք է ընտրեր, թե որն է ավելի կարևոր` պատմվածքին տալ այնպիսի ավարտ, որ ցանկալի կլիներ ընթերցողների համար, թե այնպիսի ավարտ, որին կհավատային ընթերցողները: Մարդկանց հաճելի ընթերցանության մի քանի րոպեներ պարգևել, ստիպել բարեհոգաբար, բայց թերահավատորեն ժպտալ բարու հաղթանակի համար, թե անմահանալ գրականության պատմության դասագրքերում և անմահացնելով իր պատմվածքը գրական տարբեր քրեստոմատիաներում` ընթերցողներին ստիպել մտորել ապարդյունության, օտարման ու անհեթեթի մասին: Հենց այդ ժամանակ էլ կատարվեց մի իրադարձություն, որ ամեն ինչ խառնեց այս պատմվածքում: Մահացավ այն տղան, որի մասին պատումով սկսվել էր պատմվածքը: Երկրորդ և երրորդ հեղինակներն ընդհանրապես անտարբերության էին մատնել այդ տղայի հետագա կյանքը, իսկ հետագայում ամեն ինչ չէր, որ հրաշալի էր դասավորվել: Տղայի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, և երկրորդ դատավարության օրերին նա իր վերջին ճիգերով պայքարում էր մահվան դեմ: Այն պահին, երբ դատարանը հեռացավ վճիռ կայացնելու, տղան հոգեվարքի մեջ էր, իսկ հինգ րոպե անց հոգին ավանդեց: Այստեղ հասկանալի դարձավ, որ պատմվածքը իրականում հենց այդ առաջին տղայի մասին էր, որովհետև որքան էլ սարսափելի, բարդ ու հակասական թվար պայքարը արդարության և բարեկեցության, սկզբունքների և փառասիրության, ազատության և բանտի, երջանիկ ավարտի և իրականության միջև, որքան էլ անհնարին թվար պայքարը հեղինակի և պատմվածքի միջև, այս ամենի կողքին անհեթեթ ու ապարդյուն էր կյանքի և մահվան միջև պայքարը, որովհետև դեռևս հայտնի չի մի դեպք, երբ կյանքը հաղթած լինի այս պայքարում, չնայած կյանքի ու մահվան պայքարում մարդիկ, որոնց համար հենց մղվում է այդ պայքարը, սովորաբար աջակցում են կյանքին, իսկ մահը հիմնականում մենակ է մնում: Սակայն այս մենությունը սեփական ուժերը գիտակցող, իր արժեքը իմացող հաղթողի ամբարտավան մենություն է, և նույնիսկ այն դեպքերում, երբ մարդիկ այդ պայքարում աջակցում են հենց մահվանը, նա վերևից, բարձրից է ընդունում այդ աջակցությունը, կարծես այդ աջակցությունը ընդունելով ծառայություն մեծահոգաբար լավություն է անում իրեն աջակցողին, որովհետև առանց այդ օգնության էլ նա պիտի անխուսափելիորեն հաղթեր: Ահա այսպես հասկանալի դարձավ, որ երկրորդ հեղինակը շեղվել էր բուն թեմայից, պատումը տարել սխալ ուղիով, որն ավարտվելու էր առանց մեծ ճանապարհին միանալու, իսկ երրորդ հեղինակը փորձում էր շարունակել ընթացքը այդ նույն ուղիով` անխուսափելիորեն մոտենալով այն կետին, երբ պիտի հայտնաբերեր, որ այս ուղին ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական փակուղի, և տղայի մահվան պահին էլ նա հանդիպեց պատին, որից այն կողմ այս պատմվածքի սահմաններում անհնար էր առաջանալ:
***
Ariadna (29.08.2010), einnA (08.10.2010), KiLa (05.03.2010), My World My Space (12.02.2010), Tig (15.02.2010), Yeghoyan (13.02.2010), _Հրաչ_ (13.02.2010), Արևհատիկ (12.02.2010), Դատարկություն (12.02.2010), Դեկադա (13.02.2010), Էլիզե (19.06.2010), Ինչուիկ (13.02.2010), Կաթիլ (12.02.2010), Մանոն (13.02.2010)
Տնաշեն ջան, առաջին մասը երբ կարդացի, շատ նմանեցրի Գարսիա Մարկեսի ոճին ու նրա «100 տարվա մենությանը»: Այնտեղ նույնպես ամեն նկարագրված հերոս ոչ թե գլխավոր էր, այլ կապող օղակ էր հանդիսանում հաջորդ սերնդի հերոսի միջև: Բայց քո պատմվածքը շատ ավելի խճճված էր, 3 մասերում էլ իրարից անկախ, միմյանց կյանքի ու գոյության մասին չիմացող մարդիկ էին: Բայց հետաքրքրությունն էլ հենց դրա մեջ էր: Ու, որքան հասկացա, նկարագրված էր մի իրականություն, ուր վերջին հաշվով ամեն ուղի, տարավ տուպիկի՝ մահվան՝ անկախ նրանց ապրելու ժամանակից, ապրելակերպից, մասնագիտությունից ու նրանց սեփական եսի գիտակցումից: «Суита сует...»մտածեցի կարդալուց հետո, ինչը հենց ուզեցել էին ասել պատմվածքի 3 տարբեր հեղինակները...
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.02.2010, 21:04: Պատճառ: Հեղինակի խնդրանքով
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
My World My Space (06.04.2010), Շինարար (15.02.2010)
My World My Space (16.02.2010), Կաթիլ (02.03.2010), Մանոն (23.02.2010)
Դատավոր -Լավ, տիկին Հայաստան, եթե էլ բան չունեք ավելացնելու, ավարտենք լսումը:
Հայաստան -Միայն մի բան, պարոն դատավոր:
Դատավոր -Խնդրեմ:
Հայաստան -Մհերիս մասին էի ուզում` պատմեմ:
Դատավոր -Մհերի մասին արդեն պատմել եք: Ամեն դեպքում, եթե ավելացնելու բան կա, խնդրեմ, ես Ձեզ լսում եմ: Ի վերջո, միգուցե սա էլ բոլորովին ուրիշ Մհեր է, որի մասին դեռ չեք խոսացել: Երևի կարիք էլ չկա ճշտելու, թե ով է, Ձեր ինչն է Մհերը: Այսինքը, երևի անհնար է…
Հայաստան -Անհնարը անհնար չէ, բայց դա կարևոր էլ չէ:
Ուզում էի` պատմեմ, որ Մհերս փակվել է քարայրում…
Դատավոր -Ու սպասում է, թե երբ է աշխարհում արդարություն լինելու: Արդեն պատմել եք:
Հայաստան -Պատմե՞լ եմ: Որովհետև կարևորը դա է: Այսինքը ամեն ինչն էլ կարևոր է, սակայն դա ամենակարևորն է: Ամենակարևորը չի, բայց շատ կարևոր է: Ուրեմն էլ բան չունեմ ավելացնելու: Կարևորը ասել եմ: Արդեն հոգնել եմ: Դե, իմ տարիքի կնոջ համար այնքան էլ հեշտ չէ մի օրվա մեջ այսքան բան վերապրել: Ամբողջ կյանքս կինոժապավենի պես նորից անցավ աչքերիս առաջով:
Դատավոր (ժպտում է) -Ինչպես այն գովազդում:
Հայաստան -Ինչպես այն գովազդում: Ինչ ես կարծում` այսքանը բավարա՞ր է, որ հասցնեմ հեռանալ ընկնող արձանի տակից:
Դատավոր -Կարծում եմ` ավելի քան:
Հայաստան -Բայց ու՞ր գնամ: Որ գնացող լինեի, վաղուց էի գնացել: Ախր, այդ նստարանին նստած ինձ այնքան լավ էի զգում: Հնարավոր չի՞, որ արձանը չընկնի:
Դատավոր -Արձանն արդեն ընկնում է: Միակ տարբերակն այն է, որ տակից փախչեք:
Հայաստան -Դա տարբերակ է, բայց լուծում չէ: Ես ինձ նստարանին նստած եմ լավ զգում, ու քանի հիշելու բան ունեմ, քանի կարող եմ հեռացնել իմ և արձանի բախումը, տեղիցս չեմ շարժվելու:
Դատավոր -Բայց դա էլ ախր լուծում չի: Վտանգը մնում է: Բախումը հեռու է, բայց մոտենում է:
Հայաստան -Լավ, բա ի՞նչ անեմ:
Դատավոր -Վեր կացեք, մի կողմ քաշվեք, սպասեք, մինչև արձանը ընկնի: Հետո, երբ այլևս վտանգ չի լինի, հանգիստ և ապահով կնստեք Ձեր տեղը:
Հայաստան -Մհերի պե՞ս: Չէ, դա էլ լուծում չի: Արձանը ինքն իրեն չի ընկել: Ինչ-որ մեկը այն գցել է: Նա, ով մի անգամ պատուհանից արձան է դուրս նետել, միշտ էլ կարող է դա նորից անել: Վտանգը մնում է: Հետո ինքն էլ չանի, մի ուրիշը կանի: Շենքը բազմահարկ է, երկնաքեր է և շատ բնակարաններ ունի:
Դու որոշիր, ես էլ ասելու բան չունեմ:
Դատավոր -Որքան հասկացա, Դուք ավարտեցիք:
Հայաստան -Այո:
Դատավոր -Ամեն դեպքում, տիկին Հայկազյան, Դուք վերջին խոսքի իրավունք ունեք, որից կարող եք օգտվել: Միգուցե ինչ-որ բան բաց եք թողել կամ ինչ-որ բան թերի եք ներկայացրել:
Հայաստան -Գիտե՞ս` ինչ, պարոն դատավոր, ինչ պատմեցի` այդ է: Վերջին է, սկզբի է, նույնն է: Նորից չեմ ուզում` սկզբից սկսեմ:
Աստվածաշնչից այսօր շատ խոսեցինք: Ես սկզբից մինչև վերջ չեմ կարդացել: Դու ասացիր` իմ կյանքի պատմությունն է: Որ ասեմ` ես մոլի հավատացյալ եմ, ամբողջ հոգով հավատում եմ Աստծուն, այդպես չէ: Բայց անհավատ էլ չեմ ու չեմ էլ հավատում մեկին, որ իբր անուրանալիորեն հավատում է, ոչ էլ նրան, որ աներկբայելիորեն հերքում է Աստծո գոյությունը, որովհետև այս դարում, ճիշտ ես ասում, Աստվածաշունչը առասպել է, գիտություն չի: Բայց առասպել է, իրական է` ոչ լիովին, ու անիրական է` ոչ լիովին: Ինչքան ուզում է` լի լինես հավատքով, չես կարող չկասկածել, և ինչքան ուզում է` չհավատաս, էլի չես կարող չկասկածել: Աստված կա ու չկա: Ջրհեղեղը եղել է, դա իրական է, ես եմ տեսել, իսկ արդարությունը կլինի, թե ոչ` չգիտեմ, որովհետև, ճիշտ է` Աստվածաշնչում գրված է, բայց այն նույնքան իրական է, որքան անիրական…
Կարևորը մեր հոգում է, մեր սրտում է: Իմ հոգու վրա ես բեռ չունեմ, որովհետև իմ սրտում բանտարկյալներ չկան, ես քանդել եմ իմ սրտի բոլոր քարայրները, որ ոչ ոք այնտեղ չկարողանա թաքնվել: Իմ սրտում բոլորն ազատ շրջում են: Դրա համար էլ ես երջանիկ մարդ եմ:
Պարոն դատավոր, քեզ էլ երջանկություն եմ մաղթում:
Դատավոր -Նիստը համարում եմ փակված: Դատարանը հեռանում է որոշում կայացնելու:
A.r.p.i. (25.04.2010), einnA (08.10.2010), My World My Space (24.04.2010), Sambitbaba (29.08.2010), Yeghoyan (25.04.2010), Արևածագ (24.04.2010), Արևհատիկ (24.04.2010), Ժունդիայի (24.04.2010)
Եղեռնը ծեծված թեմա է, ով ուզում է ցույց տալ իր հայրենասիրությունը, այդ թեմայից մի բան գրում է: Ես էլ բոլորից մեկն եմ ու բոլորի պես իրականում այն, ինչ գրել եմ, գրել եմ ոչ թե ինչ-որ բան ցույց տալու համար, այլ ներշնճանքով: Գրել եմ այնպես, որ չիմացող մարդը չի հասկանա, որ Եղեռնի մասին է: Հայերը կհասկանան, հայերը գիտեն: ինքը երկար է, սա երկրորդ հատվածն է այդ ստեղծագործությունից, որ դնում եմ ակումբում: Որոշել էի՝ չդնեմ, հիմա էլ որոշեցի՝ դնեմ:
Շինարար: Ողջույն, հարգելիս… Ինձ կներես, չէ՞, եթե եղբայրաբար արտահայտվեմ: Վերը նշված «եռամաս» պատմվածքը /ինձ, թերևս/ popcorn հիշեցրեց՝ աչքներս բան տեսավ, բայց փորներս բան չընկավ:
Ինչպես ժողովուրդը կասեր` մեջը «նյութ» չկա, նյու՜թ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ