Մենք հիանում ենք ժամանակակից լատինաամերիկյան, 20-րդ դարի ֆրանսիական կամ 19-րդ դարի ռուս գրականությամբ և հաճախ չենք նկատում, որ մեր կողքին, մեր լեզվով ստեղծագործել և ստեղծագործում են գրողներ, որոնք ոչ միայն ոչնչով չեն զիջում, այլ երբեմն կարող են նույնիսկ գերազանցել այն գրողներին, որոնցից սիրում ենք մեջբերումներ անել զարգացած երևալու համար:
Շատ եմ սիրում դրամատուրգիան, կարդացել եմ եվրոպական, ռուսական , նույնիսկ աֆրիկյան և ասիական բազմաթիվ դրամատուրգների ստեղծագործություններ և չեմ հանդիպել այնպիսի մի ստեղծագործության, որ այնքան տարբեր, այլ կլինի, որքան Լ. Շանթի "Հին աստվածներն" են:
Մեր Մաթևոսյանը նույնքան ինքնատիպ է, որքան 20-րդ դարի համաշխարհային գրականության այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Կաֆկան, Կամյուն, Բուլգակովը, Մարկեսը... Ես դիտմամբ եմ նշում իրարից բավականին տարբեր գրողների, որպեսզի ավելի ակնառու լինի այն առանձնահատկությունը, որ ունի մեր գրողը այնպես, ինչպես և թվարկածս ոչ հայազգի ստեղծագործողները: Իհարկե, ես որոշակի նմանություն եմ տեսնում Մաթևոսյանի "Ծառերի" և Թ. Վուլֆի "Երկրի ուժի" միջև, հետաքրքիր է նաև այն, որ "Աշնան արևը", որի գլխավոր հերոսը նույնական է "Ծառերի" գլխավոր հերոսի հետ, սկզբնապես կոչվել է "Երկրի ջիղը": Ինչևէ, Մաթևոսյանը ավելի լավ է գրում, քան Վուլֆը:
Այս թեմայում ուզում եմ դիտարկենք մեր գրողներին` վերացարկվելով նրանց հայ լինելու հանգամանքից, և գնահատենք նրանց համաշխարհային գրականության հարթությունում: Դրանով, ինձ թվում է, նորովի կվերաբերվենք մեր գրականությանը, և միգուցե այս կայքը այցելողները սկսեն ավելի շատ հետաքրքրվել հայ գրականությամբ: Ինձ համար ցավալի է, որ այսօր մեր գրողները տպագրվում են 500 տպաքանակով, իսկ 1000 օրինակ տպաքանակ ունեցող գրողները պարծենում են դրանով: Եթե բրազիլացի գրողը կարող է տպագրվել 10-յակ միլիոնանոց տպաքանակով, ապա հաշվի առնելով պորտուգալերեն և հայերեն կարդալ կարողացողների հարաբերությունը` մենք այսօր պետք է ունենանք 100000 տպաքանակ ունեցող գրողներ: Պատճառը ամենևին էլ արժանի գրականություն ունենալու մեջ չէ, նշածս բրազիլացու մակարդակի գրողներ այսօր պետք է, որ լինեն, համոզված եմ, որ այդ 500-անոց տպաքանակներում կարող ենք գտնել: Պարզապես կորել է վստահությունը հայ գրականության հանդեպ: Դեռ 20 տարի առաջ Հ. Խաչատրյանի "Տիգրան Մեծ" վեպը լույս է տեսել 100000 տպաքանակով, ընդ որում ոչ առաջին հրատարակությունը, իսկ Խաչատրյանը, համաձայնեք, հանճար չի:
Այս թեմայում ես ուզում եմ, որ մենք ինքներս մեզ ցույց տանք, որ թեև "մենք փոքր ածու ենք..."
Էջանիշներ