Chuk-ի խոսքերից
Տարօրինակ միտք է անընդհատ թևածում Արիացու գրառումներում. նա համոզվածություն ունի, որ Սերժ Սարգսյանը մինչև պայմանագրերի ստորագրումը հրաժարական է տալու: Սա հեքիաթ է, բայց դրանում համոզվելու համար պետք է սպասել մինչև այդ պահը: Իսկ մինչ այդ ես սկսում եմ հասկանալ թե համոզվածությունը որտեղից է եկել:
Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն իր դեմքը փրկելու խնդիր ունի, չէ որ նաև իր մասնակցությամբ ու մեղսակցությամբ են ստեղծվել այս փաստաթղթերը: Տարուց ավել նրանք այս փաստաթղթի գոյությունը փորձել են կոծկել, պատրանք ստեղծել, որ այն չկա, խաբել են, կեղծել են, որպեսզի հնարավորինս երկար մնան կերակրատաշտի մոտ: Վերջին պահին, երբ արդեն փաստաթղթի գոյությունը դարձել է անհերքելի ճշմարտություն, նրանք կամ պիտի էնպիսի բան անեն, որ շարքային դաշնակներն ու համախոհները չնկատեն իրենց մասնակցությունն այդ ամենին, չհիասթափվեն, կամ էլ ընդունեն իրենց ծախված, երեսպաշտ լինելը:
ՀՅԴ-ը պարագլուխներն իրենց դեմքը կորցնել չեն ուզում: Դրա համար իրենք պիտի պայքարեին, կամ պայքարի իմիտացիա ստեղծեին: Պայքարն նպատակակետը պետք է լիներ Սերժ Սարգսյանը, բայց իրենց դուխը դրան չէր հերիքի: Հետևաբար գնացին իմիտացիոն ճանապարհով, պահանջելով ինչ-որ կամակատար նախարարի հրաժարականը: Բայց սա, իրականում, բավական չէր չհասկացվածության մթնոլորտը ցրելու համար, մանավանդ որ շատ քաղաքական ուժեր, հրապարակախոսներ հիմնավորեցին այդ քայլի կեղծ լինելը, շարքային դաշնակներն ու համախոհներն առնվազն զգում էին, որ իրենց խաբում են:
ՀՅԴ-ն, կարծես թե, գտել է ելքը: Կարծում եմ, որ շշուկներ է տարածում, որ թեև իրենք նախարարի հրաժարական են պահանջում, բայց հիմնական թիրախը նախագահն է, ու այդ շշուկներում համոզմունք հայտնում, որ նախագահը չի ստորագրելու, հրաժարական է տալու: Չեմ կարծում, որ Արիացուն հենց դաշնակներից է հասել շշուկը (չեմ էլ բացառում), բայց կարծում եմ, որ հենց այդ շշուկն է հասել: Հակառակ դեպքում ուղղակի անհասկանալի է այդ ֆանտաստիկ մտքի առաջացումը Արիացու մոտ:
Էջանիշներ