Այսօրվա կայանալիք հանրահավաքին, ինչպես միշտ, ամենաերկար ելույթը լինելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանինը: Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, Լեւոն Տեր- Պետրոսյանը հանգամանորեն անդրադառնալու է վերջին զարգացումներին, մասնավորապես հայ-թուրքական արձանագրություններին, դրա ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա եւ հատուկ շեշտ է դրվելու ներքաղաքական զարգացումներին, քաղբանտարկյալների շուրջ ստեղծված իրավիճակին:
«Կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոր շեշտադրումներ կանի հայ-թուրքական բանակցությունների արդյունքում նախաստորագրված այս արձանագրությունների վերաբերյալ: Հայ Ազգային Կոնգրեսը 2 հայտարարություն է արել այս կապակցությամբ, բայց կարծում եմ, որ Լեւոն Տեր- Պետրոսյանը կբացի այդ հայտարարությունները եւ մատչելի կերպով կներկայացնի հանրությանը, թե մենք ինչ ենք մտածում եւ ի՞նչ ծրագրեր ունենք նման վտանգավոր զարգացումների դեմը առնելու համար»- ասում է Վլադիմիր Կարապետյանը:
Նրա խոսքերով' այսօրվա հանրահավաքին շատ հետաքրքիր զեկույցներ են լինելու: Կարապետյանը կարծում է, որ մոտ 5 ելույթ կլինի: Հանրահավաքում ելույթ կունենան նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Իսկ ինչ վերաբերում է հայ- թուրքական բանակցությունների նախաստորագրված արձանագրություններին, ապա Վլադիմիր Կարապետյանի խոսքերով, սա պարտադրված փաստաթուղթ է. «Սա թուրքական փաստաթուղթ է, թուրքական շահերը արտացոլող փաստաթուղթ: Դրա վկայությունը կա գրեթե բոլոր կետերում, բոլոր տողերում, եւ կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը ընդհանրապես չպետք է թույլ տար, որպեսզի նման խոցելի փաստաթուղթ առհասարակ լույս տեսներ եւ մանավանդ նախաստորագրվեր մեր կողմից»,- ասում է նա:
Իսկ ինչպե՞ս եք գնահատում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը' հարցին, Կոնգրեսի ներկայացուցիչն ասաց, որ մարտի 1-ի գործերով վստահելի հետաքննություն չի արվել. «Մենք մշտապես ասել ենք, որ այդ հանձնաժողովը համարում ենք կոծկման, պարտակման հանձնաժողով եւ զեկույցը ցույց տվեց, որ այն բազմաթիվ հարցերը, որ Հայ Ազգային կոնգրեսը եւ Մարդու իրավունքների պաշտպանը, բարձրացրել էին չկային պատասխաններ»:
Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ թե հասարակությունը, թե միջազգային հանրությունը պահանջելու է, որպեսզի նոր հետաքննություն անցկացվի մարտի 1-ի գործերով:
Էջանիշներ