«Իմ վերևի մարդը» թեմայում վերջինը Բարեկամի գրառումն էր, ես էլ հավես ունեմ իր մասին գրելու, բայց էդ թեմայում գրառում անել չեմ ուզում, էնպես որ, էստեղ կգրեմ:
Ոչինչ, չէ՞, որ արտաքինից սկսեմ, չնայած իրեն երբեք իրականում չեմ տեսել:
Ամեն դեպքում, ինձ համար Բարեկամը շատ սիրուն ու նուրբ կին է՝ տաքուկ աչքերով, անդիմադրելի հմայիչ ժպիտով ու ախորժելի խոպոպներով (որոնք հաճախ հարթեցնում է ):
Ինձ համար ինքն էն կանանցից է, որոնք արտաքնապես միշտ նույն, համարյա աղջկական տարիքի են՝ անկախ ժամանակից:
Բարեկամը ներքուստ էլ է նուրբ ու փխրուն կին: Ընդհանրապես, Բարեկամը ոտքից գլուխ կին է, և կարծում եմ, իր աշխարհն էլ հստակ բաժանված է իգականի և արականի՝ իրենց կոնկրետ դերերով ու տարբերություններով:
Մի ժամանակ շատ անհանդուրժող էի Բարեկամի հանդեպ, ինչի պատճառով էլ հաճախ բախումներ էինք ունենում: Չեմ կարծում, թե իմ ու իր միջև տարբերությունները միայն արտաքին դրսևորումներով են բնորոշվում, ինչպես գրել էր վերջերս. կարծում եմ մենք էապես տարբեր մարդիկ ենք՝ տարբեր արժեհամակարգերով ապրող: Գուցե նման ենք զգացմունքայնությամբ ու դա արտահայտելու հանգստությամբ, գուցե նաև մանրուքներ նկատող հայացքով, բայց դրանից էն կողմ նմանություններն էլ կարծես վերջանում են:
Զարմանում եմ Բարեկամի՝ մարդկային հարաբերություններին առնչվող լավատեսության վրա, երբ ամեն անգամ փորձում է որևէ իրավիճակում առաջացած «իրար չհասկանալը» բոլոր հնարավոր միջոցներով պարզել, ընդհանուր հայտարարի գալ. դրա համար ոչ ջանքեր է խնայում, ոչ «վիրտուալ թանաք»: Անկեղծ հուսով եմ, որ նման իրավիճակներում վերջնական արդյունքն իրեն չի հիասթափեցնում:
Կարծում եմ, որ Բարեկամը կարող է լավ ու հավատարիմ ընկեր լիներ, և իրենից լիքը բաներ կարելի է սովորել, թեև մենք երբևէ ընկերներ չենք եղել, ու ինչ-որ պատճառով համոզված եմ, որ երբևէ չենք էլ լինի:
Բարեկամը մարդկանց հանդեպ բարի ու նրբանկատ է, էսպես ասած՝ մարդկանց խնայող. կարծեմ, երբևէ կանխամտածված փորձ չի անում ինչ-որ մեկին, թեկուզ որևէ ակնարկով, տհաճություն պատճառել, ու կարծում եմ, որ նույնն էլ իր հանդեպ է ակնկալում, իսկ երբ իր պատկերացմամբ այլ վերաբերմունքի է արժանանում, ահագին խոցվում է և անցնում «արի ամեն ինչ պարզենք» իր մոդելին:
Գնահատում եմ Բարեկամի՝ «խնայենք իրար, մարդիկ» չգրված կարգախոսը: Գուցե ժամանակի ընթացքում մի քիչ էլ ոգեշնչվել եմ դրանից ու վաղեմի ճանկերս ներս քաշել կամ գոնե նկատելիորեն կարճացրել:
Բարեկամի ակումբային գրառումների հետ հազվադեպ եմ համաձայն լինում, թեև հետաքրքրությամբ կարդում եմ, իսկ այ մանրապատումային-օրագրային գրառումներից մի կարգին բավականություն եմ ստանում (ափսոս, որ դրանք հիմա քիչ են Ակումբում): Հատկապես սիրում եմ որևէ բանի՝ լինի իրավիճակ, մարդ, թե շորի կտոր, մանրակրկիտ նկարագրությունը, էն որ արդեն լրիվ իրական տեսնում ես նկարագրածը:
Բարեկամը ժամանակ առ ժամանակ կորչում է Ակումբից, առաջներում՝ ավելի հաճախ ու երկարատև, բայց հուսով եմ, որ հիմա արդեն իր ամուր տեղը գտել է Ակումբում և այլևս հեռանալու դռներ չի փնտրում:
Էջանիշներ