ԸՆԴԴԵՄ ՄԱՅՐ ԺՈՂՈՎՐԴԻ
Մենախոսություն ՀՀ երկրորդ «նախագահ» Ռոբերտ Քոչարյանի հետ
Որպես նախաբան
Ձեր դաժան վարքը դրսեւորել եք տարիներ առաջ՝ «Պապլավոկում», երբ Ձեր միամիտ ծանոթը իրեն թույլ տվեց մտերմաբար տալ Ձեր անունը: Մի՞թե կարող էիք նման բան հանդուրժել: Եվ Ձեր թիկնապահներից մեկն այդ մի բառի համար սպանեց նրան, ապա սպանության համար ստացավ նվազագույն պատիժ: Սա է Ձեր «Ոճիր ու պատիժ»-ի սկզբունքը եւ Ձեր՝ Սահմանադրության եւ Քրեական օրենսգրքի ընդունման կերպը:
Ոչինչ չի՛ մոռացվում...
Երկփեղկում
Երբեք չեմ մասնակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած հանրահավաքներին ու երթերին՝ նրա նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքի պատճառով: Սակայն այսօր զգում եմ, թե ինչ մեծ մեղք եմ գործել՝ անձնականս վեր դասելով: Չէ՞ որ հրապարակում հավաքվածները փորձում էին ի հայտ բերել ընտրությունների ճշմարիտ պատկերը, որը խեղաթյուրել էին ընտրական բազում տեղամասերը եւ ԿԸՀ-ն: Իսկ թե իրականում ինչպես են ընթացել ընտրությունները՝ Ձեզանից եւ Սերժ Սարգսյանից լավ ոչ ոք չգիտի: Դուք չէի՞ք՝ «արդար, ազատ, թափանցիկ ընտրությունների ջատագովներդ», Ձեր ստորադասների միջոցներով կազմակերպել զանգվածային ընտրախախտումները՝ փող բաժանելուց, ահաբեկելուց մինչեւ լցոնում:
Մասսայական ընտրակեղծիքները հասարակության մեջ էլ ավելի խորացրին երկփեղկվածությունը, որը սկիզբ էր առել 90-ականների կեսերից: Եվ Ազատության հրապարակն ասես վերածվեց մեղվի փեթակի՝ 9 օր շարունակվող հանրահավաքներ, երթեր, նստացույց: Ի պատասխան՝ մարզերում կազմակերպվեցին կառավարական հանրահավաքներ, եզրափակիչը՝ փետրվարի 26-ին, Երեւանում, Հանրապետության հրապարակում: Այդ հանրահավաքում հանդես եկավ «նորընտիր նախագահը»՝ գայթակղիչ առաջարկով: Արձագանքեց... Արթուր Բաղդասարյանը: Ինչո՞ւ, Ձեր իսկ բնորոշմամբ՝ «ազգի դավաճանին» վստահեցիք, այն էլ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Նկատի ունեցաք նրա՝ ընդդիմությանը դավաճանե՞լը, շուրջ 300 հազար ձայն խլե՞լը...
Նույն օրը կառավարական հանրահավաքին հաջորդեց Ազատության հրապարակից ծայր առած բազմահազարանոց երթը, որը Մաշտոցի, Ամիրյանի փողոցներով մտավ Հանրապետության հրապարակ, ապա շարունակվեց դեպի Ազատության հրապարակ: Այդ երթը, թվում էր՝ վերջ չի ունենալու... այլեւս չէր կարելի «հանդուրժել»:
Կրկին ողբերգություն
Նախագահական տարիներին Ձեզ հաջողվեց ստեղծել անվերապահ ենթարկվող իշխանական կառույց՝ Ձեր դրածոներին ներգրավելով օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններում, զանգվածային լրատվամիջոցներում: Ու երբ զգացիք՝ սասանվում են միապետության հիմքերը, գործի դրեցիք հպատակախմբին՝ ընդդեմ «հիպնոսացված ամբոխի»: Ո՞ւր մնացին Սերժ Սարգսյանի խոսքերը՝ «այնտեղ մեր եղբայրներն ու քույրերն են», երբ գարնան առաջին օրվա լուսադեմին Ազատության հրապարակը ցավագար վանկարկեց. «գարուն ա, ձուն ա արել...»:
Ինչո՞ւ անխնա գանակոծեցին կեսքուն-կեսարթուն «մեր եղբայրներին ու քույրերին»: «Տեղեկություն էր ստացվել, որ հրապարակ են բերվել մարմնական վնասվածք պատճառող գործիքներ, զենք, զինամթերք...», եւ որ անզեն ոստիկանները փորձել են դա ստուգել, հանդիպել են դիմադրության եւ «միայն դրանից հետո են ոստիկանական ուժերը միջամտել...»: Ինչո՞ւ այդ ստուգումը կատարվեց մթնալուսին: Ըստ իս, այդ «տեղեկությունը» պատրվակ էր՝ իրականացնելու Ձեր հանցավոր նպատակը, որի համար ճանապարհ հարթեցին արտակարգ դրության հրամանագիրը եւ իշխանական ԶԼՄ-ների՝ «իշխանությունը բռնությամբ զավթելու» մասին հրապարակումները: Դուք դաժան հաշվեհարդար տեսաք անարդար ընտրությունների դեմ ընդվզողների հետ: Հաջորդ օրերին հեռուստաընկերությունները ցուցադրեցին «բախման տեսաերիզը»: Ով՝ ով, բայց ես՝ երկար տարիների հեռուստալրագրողս, լավ գիտեմ, թե ինչպես են կատարվում նկարահանումները, ինչու են արվում խոշոր եւ ընդհանուր պլանները, որ կադրերն են մոնտաժվում եւ ինչու... Ներկայացված տեսաերիզում չկա բախման խոշոր պլան: Միայն հեռվում՝ թիկունքից երեւացող մարդկային սիլուետներ եւ բախման պատրանք ստեղծող՝ վեր բարձրացրած մի երկու տասնյակ փայտեր: Տարօրինակ չէ՞, որ դրանցից եւ ոչ մեկը չգործեց:
Առավոտվա տեսանյութում՝ ասֆալտին ընկած ատրճանակ, երկրորդը՝ թփուտների տակ: Մի քանի շիշ, մեկ նռնակ եւ մի երկու տեղ կողք կողքի խնամքով շարված երկարավուն փայտեր՝ լուսադեմին ցուցադրվածները: Այսքանը:
Չընկրկած ցուցարարներին անողորմ հաշվեհարդար էր սպասվում գիշերամուտին, քաղաքապետարանի հարակից տարածքներում: Ըստ պաշտոնական տեղեկատվության. «ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ բանակի փոխհամաձայնեցված գործողությունների ճնշման տակ ջարդարարները տեղի տվեցին...»: Սեփական ժողովրդի դեմ ռազմական հարձակում հիշեցնող օպերացիան, նույնիսկ մի դրվագ, չներկայացվեց հանրությանը: Եթե մեղավորները, իրոք, հանրահավաքի մասնակիցներն են, թույլ տայիք ներկայացնեին մի երկու տեսարան:
Արյունալի բախումները պատկերող մի տեսաերիզ, ինտերնետով ներկայացված՝ «Նշանառու կրակոցներ» խորագրով, տագնապ է առաջացրել Ձեր թիմում: Գլխավոր դատախազը որոշել է այն ուղարկել միջազգային փորձաքննության՝ պարզելու, տեսանյութը մոնտաժվա՞ծ է, թե՞ ոչ: Եթե իրոք ուղարկվել է, մնանք պատասխանին սպասող: Չնայած դժվար չէ ուղարկելուց առաջ օրիգինալը դարձնել մոնտաժված:
Ողբերգական իրադարձությունները պատկերող բազմաթիվ տեսագրություններ կան, որոնք իշխանությունը հասկանալի պատճառով չի ցուցադրել, սակայն օգտագործվելու են դատավարություններում: Դա հավաստեց գլխավոր դատախազը՝ «զննվում եւ քրեական գործին են կցվում մեծածավալ տեսաժապավեններ»: Չեմ կասկածում՝ դրանց մոնտաժված տարբերակները կկիրառվեն կալանավորված ցուցարարների, այլ ոչ՝ նրանց ճնշողների դեմ:
Անմեղ զոհվածների մի կաթիլ արյունը չէի փոխի Հայաստանում Ձեր կատարածի հետ:
Ձեռք բարձրացնել մայր ժողովրդի վրա, որի շնորհիվ է նաեւ անկախացել Ղարաբաղը: Մղել եղբայրասպան բախումների, սպանել, վիրավորել, կալանավորել նրա բազմաթիվ զավակներին հանուն... նախագահական աթոռի: Եվ այդ ամենից հետո ողբերգության մեղքը բարդել խաղաղ հանրահավաքի ղեկավարի եւ մասնակիցների վրա...
Որքա՜ն է այս ամենը հիշեցնում ստալինիզմը:
Հավատացած եղեք՝ պատմությունը Ձեզ կգամի անարգանքի սյունին:
«Ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է»
Դուք գործով ապացուցեցիք այդ արատավոր սկզբունքը. աշխատանքից ազատեցիք, ապա՝ կալանավորել տվեցիք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին, դեսպաններ Լեւոն Խաչատրյանին, Ռուբեն Շուգարյանին: ՀՀ գլխավոր դատախազի առաջարկով ԱԺ-ում անձեռնմխելիությունից զրկեցին պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին: Առաջին երեքը կալանավորված են, չորրորդը հետախուզման մեջ է: Մի՞թե հնարավոր է բոլորին թվարկել...
Դուք ջանում էիք ահաբեկել, հանրահավաքից վանել մասնակիցներին, ջլատել ժողովրդական շարժումը: Իսկ երբ չհաջողվեց, դիմեցիք արտակարգ դրության: Քայլեր ձեռնարկեցիք՝ վնասազերծելու նաեւ ընդդիմադիր թերթերը: Հրամանագրով բոլոր թերթերը փակելն ապահով չէր՝ կոպտորեն խախտվում էր խոսքի ազատության իրավունքը, մեծ աղմուկ կբարձրանար: Ընտրեցիք այլ եղանակ՝ կտրուկ սահմանափակեցիք նրանց գործունեությունը: Քաջ գիտակցում էիք՝ արժանապատվություն ունեցող խմբագրությունները կմերժեն նման պահանջը եւ թերթերը լույս չեն տեսնի: Ստեղծելով լրատվական վակուում՝ Ձեզ ապահովագրեցիք մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների տեսագրական եւ լրագրական կեղծիքը բացահայտող նյութերից: Միաժամանակ հող նախապատրաստեցիք իշխանական լրատվամիջոցների համար՝ առավել լայնածավալ դարձնելու հասարակությանը հրամցվող ապատեղեկատվությունը:
Ճշմարտությունը ի հայտ գալուց այնքան եք վախենում, որ կոպտորեն խախտելով ՀՀ օրենքները՝ հանձնարարեցիք գրաքննության ենթարկել ընդդիմադիր թերթերի նյութերը:
«Մեր դեմ խաղ չկա»
Այս տողերը գրում եմ, երբ շարունակվում է վհուկների որսը՝ մասսայական ձերբակալություններ, «մոլորվածներին» պատժախցիկներում «դարձի բերելու» միջոցառումներ, «զանգվածային անկարգություններ» հրահրողներին այս կամ այն հոդվածով դատապարտելու մասին հայտարարություններ... Եվ այս ամենը ներկայացվում է հանրությանը՝ ահաբեկելու, ընկճելու, հնազանդեցնելու համար: Ցավով պետք է ասեմ, որ հասել եք որոշ հաջողության: Ստեղծվել է անառողջ մթնոլորտ՝ միմյանց հանդեպ անվստահություն, կասկածամտություն, պատերի տակ շշուկով խոսել: Կրկին դրսեւորվում է այն արատավորը, որից մարդիկ ձերբազատվել էին ազգային զարթոնքի ժամանակ...
Որքա՜ն եք փոխվել, որքա՜ն է Քոչարյան-Սարգսյան տանդեմը նմանվել Պոլյանիչկո-Սաֆոնով տանդեմին: Նրանք ոչ միայն Շուշիի, Բաքվի բանտերը հեղեղել էին հայ ընդդիմադիրներով, շրջափակման մեջ առել Ղարաբաղի սահմանամերձ շրջանները:
Այդ ժամանակ, անտեսելով գեներալ Սաֆոնովի՝ 24 ժամում ԼՂԻՄ-ը լքելու հրամանագիրը, հանդիպեցի Ձեզ: 90թ. մայիսի սկզբներին էր: Դուք, խախտելով արտակարգ դրությամբ սահմանված օրենքը եւ Ձեզ տնային կալանքի ենթարկելու որոշումը, եկաք քաղկոմի շենք: Ձեզ, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի, լուծարված մարզխորհրդի գործկոմի նախագահ Սեմյոն Բաբայանի, «Լեռնային Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Հովհաննիսյանի եւ այլոց հետ զրույցները հաղորդվեցին Հայաստանի ռադիոյով, լույս տեսան թերթերում: Հնարավոր չէ լռեցնել ազատ խոսքը:
Հայաստանում կրկին արտակարգ դրություն էր, բայց՝ Ձեր հրամանագրով: Այդ օրերին Երեւանը հիշեցնում էր 88-ը, երբ խորհրդային զորքերը շուրջկալել էին Օպերան, Մատենադարանը, խորհրդային ԶԼՄ-ները վարկաբեկում էին համազգային շարժումը, մասնակիցներին պիտակավորում՝ «նացիոնալիստներ», «ծայրահեղականներ»: Սակայն այդ դժնի օրերին «Ղարաբաղ», «ղարաբաղցիներ» բառերը չէին իջնում հայի շուրթերից՝ Հայաստանում, Սփյուռքում: Ակնածանքով էին խոսում նրանց մասին: Այսօր՝ քամահրանքով: Ո՞վ է մեղավորը: Փորձեք խորհել սթափ, անանձնական: Գուցե գտնեք պատասխանը: Թե՞ ցանկալի չի լինի եզրահանգումը...
Միակողմանի «տեղեկատվություն»
Ձեզ հպատակվող ԶԼՄ-ները Ձեզ հաճոյանալու համար մրցության էին մտել, թե ով ավելի կվարկաբեկի ընդդիմության հանրահավաքները, նրա առաջնորդներին: Եվ այդ եղկելի գործընթացի մեջ ներգրավել էին օրենսդիր, գործադիր եւ իրավական համակարգի չինովնիկներին, «մտավորականներին», անգամ՝ հոգեբաններին...
Նսեմացնել ժողովրդի մի հատվածին՝ «հիպնոսացված», «զոմբիացված», «զանգվածային պսիխոզի» ենթարկված եւ նման որակավորումներով, ու քարոզել, որ դրա հետեւանքով են կայացել ընդդիմության հանրահավաքները՝ անբարոյականություն է:
Իսկ Դո՞ւք. «Այն, ինչ կատարվեց, քաղաքականության հետ առնչություն չունի, քրեական հանցագործություն է, որը պետք է մանրակրկիտ քննվի, եւ մեղավորները պատասխանատվություն պետք է կրեն օրենքի առջեւ»: Եթե խոսքը վերաբերում է «զանգվածային անկարգություններին», ապա հրահրողը Դուք եք եւ Դուք պետք է կանգնեք օրենքի առջեւ: Իսկ եթե՝ խանութների թալանին, ապա միշտ էլ պղտոր ջրում ձուկ որսացողներ եղել են: Եվ մի խումբ հանցագործ տարրերին (եթե դա՛ եւս Դուք չեք կազմակերպել) նույնացնել ցուցարարների հետ...




Մեջբերել
Էջանիշներ