1. Քոչարյանը իշխանության է եկել պալատական հեղաշրջման արդյունքում՝ որպես պատրվակ օգտագործելով Ղարաբաղի հարցում Տեր-Պետրոսյանի «պարտվողական» կեցվածքը և խոստանալով խնդրի «հաղթողական» լուծում։ Անցել է արդեն ինը տարի, ունե՞նք այդ «հաղթողական» լուծումը։
2. Քոչարյանի իշխանության օրոք տեղի ունեցած յուրաքանչյուր համապետական ընտրական գործընթաց իր որակով զիջում է նախորդին։ Իսկ այն, որ դրա հիմքերը դրվել են մինչև Քոչարյանը, բացարձակապես ոչինչ չի նշանակում։
3. Քոչարյանի իշխանության օրոք մենք ունենք բացառապես «պետականամետ» ու «լավատեսական» լրատվամիջոցներ, չհաշված մի քանի թերթերը, որոնց գումարային լսարանը կարող է կազմել առավելագույնը մի քանի հազար։ Չունենք Ա1+, որը միակն էր, որ խոսեց 2001թ. սեպտեմբերին «Առագաստի» զուգարանում «անզգուշաբար քաշքշման» մասին։
4. Քոչարյանի իշխանության օրոք տեղի են ունեցել «Գույքի պարտքի դիմաց» տիպի գործարքներ, որոնց արդյունքում Հայաստանը արդեն ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե վեր է ածվել Ռուսաստանի վասալի։
5. Քոչարյանի իշխանության օրոք Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային տարբեր ծրագրերից, փոխարենն արտաքին քաղաքականության հիմքում դրվել է ցեղասպանության խնդիրը, արդյունքում, երբ ԱՄՆ դեսպանը սահմանադրության հանրաքվեն բնորոշում է «նորմալ», ոչ ոք ոչինչ չունի ասելու. իսկ երբ նույն մարդն օգտագործում է «ցեղասպանություն» բառը, բոլորն ընկնում են էքստազի մեջ։
Այս ամենի համար, ես, որպես ՀՀ քաղաքացի, մեղադրում եմ հենց Քոչարյանին։
Էջանիշներ