Ընդդիմությանը չպետք է հետաքրքրի ՀՀԿ-ԲՀԿ հակասությունը, քանի որ այդ հակասությունը զուտ տնտեսական խնդիրների, սեփականության վերաբաշխմանը վերաբերող հակասություն է եւ երկրի զարգացման վերաբերյալ բանավեճ չի պարունակում: Այդ կարծիքի հեղինակը ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն է:
Կարապետյանը համարում է, որ ներիշխանական հակասությունները, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան ներկայիս հարաբերությունները վերաբերում են տնտեսական հարցերին, եւ Ռոբերտ Քոչարյանն իր տեղն է որոնում, քանի որ նա այժմ ըստ էության ոչմիբան է: Արամ Կարապետյանը նշել է, որ Քոչարյանը ռուսական Սիստեմա ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, բայց իր տեղեկություններով այդ ընկերությունը Ռուսաստանում ֆինանսական խնդիրներ ունի Մոսկվայի բանկի հետ:
Կարապետյանը նշում է, որ Քոչարյանը հենց բիզնես խնդիրների համար էր մեկնել Մոսկվա եւ հանդիպումներ ունեցել: Կարապետյանի խոսքով, բիզնես խնդիրներն էին, որ Սերժ Սարգսյանին էլ տարել էին Կիպրոս: Կարապետյանը նշում է, որ Կիպրոսը օֆշորային գոտի է եւ քանի որ անդամակցել է Եվրամիությանը, պետք է դադարի այդպիսին լինելուց: Ըստ ՆԺԿ ղեկավարի, Հայաստանց շատ փողեր կան այդ օֆշորային գոտիներում եւ այժմ առաջանում է այդ փողերը, բիզնեսները այլ տեղ տանելու հարցեր:
Արամ Կարապետյանը նշել է նաեւ, որ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության գլոբալ համաժողովին գնաց եւ Հիլարի Քլինթոնին ու Ավստրալիայի արտգործնախարարին հանդիպեց Վիկիլիքսի պարունակած ինֆորմացիայից դրդված: Ըստ Կարապետյանի, Վիկիլիքսը ունի բավական նյութեր Հայաստանից դեպի արտասահմանյան բանկեր փողերի հոսքի մասին եւ դրանք առաջիկայում կհրապարակվեն: Ըստ ՆԺԿ նախագահի, Վիկիլիքսի “հայաստանյան դոսյեն” կհրապարակվի մինչեւ վերջ:
Արամ Կարապետյանը նշել է նաեւ, որ ներիշխանական հակասությունները չեն հանգի ավելի խորը քաղաքական առճակատման, քանի որ այդ ուժերն իրենք իրենց դեմ չեն գնա:
http://www.lragir.am/armsrc/country43992.html
Էջանիշներ