Արձանագրություն
N գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհրդի
1940 թվականի մարտի 18-ի նիստի
Նիստին ներկա էին. Բոլոր ուսուցիչները:
Լսեցին. Վեցերորդ դասարանի դասղեկի զեկուցումը նույն դասարանի աշակերտ Զուրաբ Վաշալոմիձեի վարքի մասին:
Արտահայտվեցին.
Մաթեմատիկայի ուսուցիչը. «Վաշալոմիձեն ինձ համար հարյուր անհայտով հավասարում է: Մինչև ես նրա մեջ ճանաչեմ մարդուն, հավանաբար հոգիս տամ աստծուն»:
Ֆիզիկայի ուսուցիչը. (Ուսումնասիրելով անձս, ֆիզիկայի ուսուցիչը սահմանել է ֆիզիկայի նոր, անխախտ օրենք). «Բնության մեջ դեռևս չկա այնպիսի էներգիա, որ շարժման մեջ դնի Վաշալոմիձեին: Նա հեղուկի մեջ ընկղմված մարմին է, որի վրա չի ազդում արտամղող ոչ մի ուժ»:
Քիմիայի ուսուցիչը. «Ոչ մի ռեակցիա, նստում է ու ամբողջ օրը հոգիս հանում: Նման է ինչ-որ անսովոր լակմուսի, որի վրա ոչինչ չի ազդում: Նա երբեք չի կարմրում»:
Ռուսերենի ուսուցիչը. «По моему он просто идиот»:
Աշխարհագրության ուսուցիչը. «Վաշալոմիձեի գիտելիքները ամբողջությամբ ռելիեֆային են: Նա կամ պակասավոր է, կամ հյուծախտավոր: Անհրաժեշտ է չափավոր գոտի, որպեսզի լայնքն ու երկայնքը համաչափ լինեն»:
Պատմության ուսուցիչը. «Ավելի շուտ նա քարի դարի մարդ է, քան քսաներորդ դարի քաղաքակիրթ քաղաքացի: Դժվար է թվագրել պահը, երբ նա դասին հանգիստ է լինում: Զարգացման ոչ մի նշույլ. նա խայտառակում է դասարանը»:
Դպրոցի պահակը. «Ի՞նչ եք ուզում քորփից, թե որ էդչափ խելառ է, դասարանից դասարան ո՞նց է փոխադրվում»:
Ուսումնական մասի վարիչը. «Քեզ հարցնող չկա. քո գործն էն է, որ ամեն առավոտ վեր կենաս ու ժամանակին զանգը տաս»:
Վրացերենի ուսուցիչը. (իմ մերձավոր բարեկամն է). »Ի՜նչ եք երկար բարակ ճառում. միանգամից սպանեք, պրծեք, էլի, երեխին: Սրանից լավ ո՞վ ունեք: Գործն այնպես վատ չէ, ինչպես ներկայացնում եք. դիրեկտորի տղան, օրինակ, բոլոր առարկաներից «հինգ» ունի, բայց նրա պես բթամիտ ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել իմ կյանքում: Դասերին բուի նման է նստում»:
Ֆիզկուլտուրայի ուսուցիչը. «Թե էդպես է, դու՞ ինչու ես «հինգ» նշանակում»:
Վրացերենի ուսուցիչը. «Պլոճիկով տղա ես՝ փորձիր չնշանակել»:
Ուսմասվար. «Երկուսդ էլ լռեք: Դու՞ ինչ կասես, Վաշալոմիձե»:
Վաշալոմիձե. «Ճիշտ է ասում վրացերենի դասատուն»:
Ուսմասվար. «Քեզ չեն հարցնում՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Ընդհանրապես ի՞նչ կարող ես ասել»:
Վաշալոմիձե. «Ընդհանրապես էն կարող եմ ասել, որ եթե հիմա ներեք, հետագայում անպայման կուղղվեմ»:
Էջանիշներ