User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Նոդար Դումբաձե. Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոդար Դումբաձե. Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը

    շարունակություն



    Յափնջի, սապոգներ և գուլպաներ


    Ձմեռն այդ տարի շատ դաժան էր. բուք ու սառնամանիք: Պատերի ու լուսամուտների ճեղքերից խստաշունչ քամին անարգել սողոսկում էր ներս: Տատս այդ ճեղքերը խցկում էր փալաս-փուլուսով, բայց տեսնելով չի հերիքում՝ անցավ իմ տետրերին: Չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի հաճույքով ու եռանդով էի օգնում նրան՝ ինձ խայտառակող այդ փաստաթղթերը ոչնչացնելու գործում: Ի վերջո, երբ բոլոր ճեղքերը փակեցինք՝ բնակարանը փոքր-ինչ տաքացավ: Ձյունում էր անընդհատ: Նաև բուք էր: Ես ու տատս նստում էինք բուխարու առաջ: Տատս սկսում էր ինչ-որ հեքիաթ և ժամանակ առ ժամանակ ստուգելու նպատակով նայում էր՝ լսու՞մ եմ արդյոք: Հետո շարունակում էր և այնպիսի հափշտակությամբ, ասես առաջին անգամ էր պատմում: Լուռ նստած՝ ես մի կտոր պաստեղ էի ծամում, երբեմն գլխով անում, բայց մտածում էի բոլորովին այլ բանի մասին: Հասել էր այնտեղ, երբ քաջազունն իր հրեղեն նժույգով հաղթահարում է բոլոր խոչընդոտները, մոտենում բյուրեղապակյա ամրոցի դռանը և լսում յոթ փականքի ետևում տառապող արև-աղջկա երգը: Հենց այդ պահին լսելի եղան ոտնաձայներ:

    - Հալա մի տես՝ ո՞վ է, - ասաց տատս ու թեժացրեց բուխարու կրակը:

    Դուրս գնացի: Իլիկոն ու Իլարիոնը պատշգամբում իրենց վրայի ձյունն էին թափ տալիս: Դուռը բացեցի ու երկուսին էլ հրավիրեցի ներս:

    - Բարև ձեզ, - ողջունեց Իլարիոնը և նոփ-նոր դահուկներ դրես սենյակի անկյունում:
    - Որտե՞ղ էին այս դահուկները, Իլարիոն, - հարցրի ես:
    - Կարևոր չի: Էգուց չե՞ս ուզում դպրոց գնալ: Էս գիշեր մարդաբոյ ձյուն կնստի: Առավոտից ռանդում հա ռանդում եմ: Փորձի՝ տեսնեմ ոտիդ հարմա՞ր է...

    Փաթաթվեցի Իլարիոնին ու այտը համբուրեցի: Հետո պաղատանքով նայեցի տատիս: Տատս գլխով արավ, ժպտաց ու մտավ խորդանոց, որին, չգիտես ինչու «փողանոց» էր կոչում:

    Նստեցինք բուխարու մոտ: Տատս դուրս եկավ «փողանոցից» մի ձեռքում՝ մի շիշ օղի և երկու չուչխել, մյուսով բռնել էր գոգնոցի փեշը, որը գրեթե լիքն էր խնձորով ու խեճեճուրի տանձով:

    - Օլգա, բա դրա ժամանա՞կն է: Ի՞նչ կարիք կա: Մենք եկել ենք հենց էնպես՝ զրույց անելու, - ասաց Իլարիոնն ու տատիս ձեռից վերցրեց օղու շիշը:
    - Չեք ուզում, ետ կտանեմ, դժվա՞ր է:
    - Լեզվիցդ կրակն ես ընկել, ա՛յ մարդ: Չես ուզում՝ մի ուզի, ուրիշի բախտի գլխին ինչի՞ ես քար գցում, - նախատեց Իլիկոն և ձեռքը գցեց օղու շշին:
    - Վա՛, արա՞ղ ես խմում, - Իլիկոյին հարցրեց Իլարիոնը և այնպիսի ապշահար տեսք ընդունեց, ասես կյանքում առաջին անգամ էր զարմանում:
    - Էս սառնամանիքին արաղ չէ, ջերմաչափ էլ կուլ կտամ, եթե միայն գրադուս ունենա, - պատասխանեց Իլիկոն և օղի լցրեց:
    - Էս տարի շատ երկար ու խիստ ձմեռ է. անաստված ցուրտ է անում: Վերջը բարի ըլնի:
    - Ցուրտ է, - իր հերթին հաստատեց Իլարիոնը, ինքն էլ լցրեց բաժակն ու մի ումպով դատարկեց. հետո գլուխը թափ տվեց, օձիքի մեջ հու՛ արեց, խնձորից կծեց ու ասես օրհնելով՝ ասաց, - էս քո խնձորը, սիրելի Օլգա, աշնանն էնքան թթու է լինում, որ խոզն ուտի՝ ճոպանով էլ կապած ըլնի, կկտրի, ինչի՞ց է էսպես քաղցրացել:
    - Քեզ մարդ միայն արաղ խմացնի, լեզուդ էնպես կքաղցրանա՝ տղեմալին մուրաբա կշինես, - պատասխանեց տատս:

    Մի-մի բաժակ էլ կոնծեցին: Հետո էլի մի-մի բաժակ, հետո նորից մի-մի...

    - Էսօր մեր փոստատարն ինձ մոտ էր. Գերասիմի տղի զոհվելու թուղթն էր բերել: Ես չեմ կարող, ասեց, դու տուր իրեն:
    - Վա՛խ բալա ջան, վա՛խ: Ջուրը տանի քո անբախտ մորը, - ձեռքի ափերը երեսին խփելով բացականչեց տատս:
    - Կերչում է զոհվել, խեղճը, - շարունակեց Իլարիոնը, - սա թվով յոթերորդ թուղթն է, որ մեր գյուղն է գալիս:
    - Գերասիմին հայտնեցի՞ր, - հարցրի ես:
    - Գժվե՞լ ես, այտա, մարդը ամեն օր տղի վերադարձին ա սպասում. լուրը որ իմանա հո կքանդվի նրա օջախը, - ինձ վրա հարձակվեց Իլիկոն:
    - Աստվա՛ծ, դու քանդես Հիտլերի օջախը: Խավարի նրա օրն ու արևը, նա կյանքում ուրախություն չտեսնի, ո՛չ օջախից, ո՛չ բարեկամ-հարազատից, - ողբաձայն անիծեց տատս:
    - Բա ի՞նչ ես անելու, - կրկին հարցրի ես:
    - Ի՞նչ եմ անելու, - իր հերթին հարցրեց Իլարիոնը և թղթի կտորը ծոցագրպանից հանելով՝ երկար նայեց, նայեց ու նետեց կրակի մեջ: Բռնկված բոցը մի պահ լուսավորեց Իլարիոնի դեմքը. արցունքի երկու խոշոր կաթիլ գլորվում էին նրա այտերի վրայով, - էս եմ անելու, որդի, աստծու ողորմածությամբ թե ողջ է՝ կգա երբ էլ լինի, չէ, թող սպասի նրա հերը, մարդը հույսով է ապրում: Իսկ դու ոչ մի տեղ բերանիցդ խոսք չթռցնես, հասկացա՞ր:
    - Հասկացա:
    - Օլգա՜, - լսվեց բակից: Հետո ինչ-որ մեկը բարձրացավ պատշգամբ, ձյունը թափ տվեց ու ներս մտավ մեր գյուղի ագիտատոր Գեորգի Վաշակիձեն:
    - Բարև բոլորիդ, ներող կլինեք, որ էսպես ուշ ժամի անհանգստացնում եմ ձեզ, բայց անհետաձգելի գործ ունեմ:
    - Ողջու՜յն, ագիտատոր, - ի պատասխան ասաց Իլիկոն և օղի լցրեց:
    - Բուխարուն մոտ արի, որդի, - հրավիրեց տատս:
    - Ի՞նչ նոր բան ունեք ասելու, ընկեր ագիտատոր: Գործերը ո՞նց են ֆրոնտում, - հարցրեց Իլարիոնը:
    - Ֆրոնտում ոչինչ, հակառակորդի հարձակումը կասեցված է. կայծակնային պատերազմի մասին Հիտլերի պլանները ձախողված են:
    - Էդ ամենի մասին հունվարի թերթերում ենք կարդացել, հիմի փետրվարն է, նոր բան ասա:
    - Ես ձեզ հետ լուրջ գործ ունեմ, ականջ արեք:
    - Սկսի՛, - կարգադրեց Իլարիոնը:

    Ագիտատորը հազաց, ոտքի ելավ ու այնպես սկսեց, ասես բազմահազարանոց միտինգում էր ելույթ ունենում:

    - Ընկերնե՛ր, սոցիալիստական հայրենիքը վտանգի մեջ է: Վայրագ թշնամին իր արյունոտ ձեռքերով ուզում է խեղդել մեր երկի ազատությունն ու անկախությունը: Մեր փառապանթ կարմիր բանակը հերոսաբար մարտնչում է ֆաշիստական հորդաների դեմ...
    - Ի՞նչ ես թերթի նման վրա տալիս, այ տղա, ասելի՞ք ունես՝ մարդավարի ասա, - ագիտատորին ընդհատեց համբերությունը սպառած Իլիկոն:

    Ագիտատորը ապուշ կտրեց:

    - Ասա՛, տղա, ասա տեսնենք ի՞նչ կա, - փորձեց սիրտ տալ Իլարիոնը:
    - Կարմիրբանակայինների համար նվերներ ենք հավաքում, կարո՞ղ եք ինչ-որ մի բանով օգնել, - ագիտատորն այնպիսի թեթևությամբ շունչ քաշեց, ասես կոկորդը խեղդող պարանն արձակեցին:
    - Էդպես ասեիր, բալա, թե չէ երկար բարակ ճառ ես կարդում գլխներիս, - ներողամտաբար նկատեց տատս:
    - Իսկ ի՞նչ նվերներ եք ուզում ուղարկել, - հետաքրքրվեց Իլիկոն:
    - Ամեն ինչ՝ մրգեղեն, տաք հագուստ, ձեռնոց, գուլպա, ով ինչ կարող է: Այսօր հինգշաբթի է, երկուշաբթի մեր գյուղի անունից մի ամբող վագոն նվեր է ուղարկվելու ռազմաճակատ: Դուք էլ թե մի բան կունենաք տալու՝ հավաքեք այստեղ, Օլգայի մոտ: Մեր տղաները վաղը կգան ու կտանեն, - ասաց ագիտատորն ու գնաց:

    Երկար ժամանակ լուռ էինք. հավանաբար մեզնից յուրաքանչյուրը խորհում էր, թե ինչ կարելի է նվիրել կարմիրանակայիններին:

    Լռությունը խզեց Իլիկոն.
    - Ես ին՞չ գանձ ու բարիք եմ ետ գցել: Ոչինչ: Ունեցած-չունեցածս մի յափնջի է: Զուրիկելա, դրսում կախած է, գնա՛ ներս բեր:

    Զարմացած նայեցի Իլիկոյին:

    - Ի՜նչ ես աչքերդ վրաս չռել, գնա ներս բեր: Ինձ նման մի քավթառ որ յափնջի չգցի վրեն՝ աշխարհը չի քանդվի: Ես, սիրելի Զուրիկո, էս քրքրված տելեգրեյկայով էլ յոլա կգնամ, մանավանդ որ շուտով գարուն կգա:

    Դուրս գնացի ու գրեթե նոր յափնջին ներս բերեցի: Դա այն յափնջին էր, որ Իլիկոն օգտագործում էր իբրև վերմակ, աչքի լույսի պես էր պահում և նույնիսկ մի քանի ժամով Իլարիոնին չզիջեց՝ հարսանյաց հանդեսին, թե՝ կփչանա:

    - Մնա ձեզ մոտ, էն տղերքը որ կգան, կտաք, կտանեն, - հանձնարարեց Իլիկոն՝ մի հայացք անգամ չձգելով յափնջու վրա:
    - Քոռաչք Իլիկո, ամոթ է՛ն աստծուն, որ աչքդ փորել է: Ես իհարկե, գիտեի, որ անսահման բարի սիրտ ունես, բայց որ էդ չորուցամաք կրծքի տակ ոսկու հսկայական գանձ է թաքնված՝ չգիտեի, - ասաց Իլարիոնը, գլուխը քորեց, անհանգիստ շարժումներ արեց տեղում, հետո՝ էս րոպեին կգամ, ասաց, անսպասելիորեն վեր թռավ ու նետվեց դուրս:
    - Գիտեմ՝ ուր գնաց, - կիսաձայն ասաց Իլիկոն ու քթի տակ ժպտաց:
    - Ու՞ր գնաց, - հետաքրքրվեց տատս:
    - Տու՛ն, ծանոթ չե՞ս նրա բնավորությանը: Իմ ջգրու հիմա ինչ լավ բան ունի՝ կվերցնի կբերի, բայց դե ի՞նչ՝ տունը վառես՝ շորահոտ չի գա:

    Հինգ րոպե չէր անցել, Իլարիոնը դուռը բացեց, գնաց դեպի սենյակի անկյունը և Իլիկոյի յափնջու կողքը դրեց բոլորովին նոր, դեռևս ոչ անգամ չհագած մի զույգ սապոգ:

    - Խելքդ թռցրի՞ր, ա՛յ խելառ, - բացականչեց Իլիկոն:
    - Վեր կաց, քավթառ, հո էստեղ չե՞ս լուսացնելու, - պատասխանեց Իլարիոնը և լռելյայն դուրս գնաց:

    Այդ գիշեր ես ու տատս միասին քնեցինք: Նոր էի դանթել, երբ խշխշոցից արթնացա. աչքերս բացեցի ու տեսա, որ տատս մահճակալի ծայրին նստած զգուշորեն հագնվում է: Ոչինչ չասացի, բայց կիսախուփ աչքերով սկսեցի հետևել: Հագնվեց, ոտքի ելավ, իր բարձը աթոռին դրեց, հետո զգուշորեն ոտքերս ծալեց ու իր սնարի կողմից վերմակը սկսեց քանդել: Քանդեց, մի քանի բուռ բուրդ հանեց, թեթևաքայլ մտավ «փողանոց», սանդերքը ձեռքին եկավ, մոտեցավ բուխարուն, կրակը թեժացրեց ու հենց այնտեղ փռած այծենու վրա ծալապատիկ նստեց: Սանդերքը դրեց ծնկների արանքը, բուրդը վերցրեց ու սկսեց գզել: Ձեռքերի շարժման հետ նա ամբողջ մարմնով օրորվում էր և քթի տակ ինչ-որ մրմնջում: Նստել էր ինձ թիկնադարձ և ավելի շատ նման էր որդու դիակի վրա հակված պառավ մոր, որ ոսկրացած ձեռքերով իր ճերմակ մազերն է բուռ-բուռ փետում:

    Անկողնում նստել, նայում էի տատիս. աչքերս լցվեցին արցունքով: Այդ պահին ես մտածում էի այն երջանիկ զինվորի մասին, որի համար իր լղարիկ մարմինը քիչ-միչ տաքացնող բրդից, սառած մատներին փչելով, այս խստաշունչ ձմեռվա ցուրտ գիշերը գուլպա էր գործում պառավ տատս:



    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանուլ (01.09.2009), Ֆոտոն (31.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Շենքի տատիկը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.03.2013, 14:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •