User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Նոդար Դումբաձե. Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Նոդար Դումբաձե. Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը

    Որոշեցի այս թեմայում հատվածաբար (շարունակաբար) տեղադրել իմ շատ սիրելի ստեղծագործություններից մեկը՝ վրաց հայտնի գրող Նոդար Դումբաձեի «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպը: Մինչ վեպին անցնելը հակիրճ ներկայացնեմ Դումբաձեի կենսագրությունը:


    Նոդար Վլադիմիրի Դումբաձե
    Վրաց գրող (1928-1984)



    Ծնվել է 1928 թ.-ի հուլիսի 14-ին, Թիֆլիսում: Մանկությունը մթագնել է 1930-ականների քաղաքական իրադարձություններով, ապա՝ պատերազմով: Ծնողները ձերբակալվել են 1937 թ.-ին (հայրը ռայկոմի քարտուղար էր), և փոքրիկ տղայի համար սկսվել է «ազգի թշնամիների» զավակի դժվար կյանքը (ծնողները վերադարձել են միայն 1956 թ.-ին): Ապրել է արևմտյան Վրաստանի Խիդիստավի գյուղում՝ ազգականների մոտ: Գյուղի դպրոցն ավարտելով ընդունվել է Թիֆլիսի Պետական Համալսարանի (որն այդ տարիներին Ստալինի անունն էր կրում) տնտեսագիտության ֆակուլտետ: Ավարտել է 1950 թ.-ին: Մի քանի տարի համալսարանում որպես լաբորանտ աշխատելուց հետո, 1957 թ.-ից սկսած իրեն ամբողջովին նվիրել է գրական աշխատանքին. եղել է «Ցիսկարի» («Արևածագ») ամսագրի աշխատակից (1957 թ.), հումորային «Նիանգի» («Կոկորդիլոս») ամսագրի խմբագրի տեղակալ (1957-1962 թթ.), «Վրաց-ֆիլմի» սցենարների բաժնի աշխատակից (1962-1965 թթ.), «Նիանգի» ամսագրի խմբագիր (1965-1973 թթ.): 1973 թ.-ից եղել է Վրաստանի Գրողների միության քարտուղար, իսկ 1981 թ.-ից մինչև մահը եղել է ղեկավարության ներկայացուցիչ: Գրական կարեիերայի հենց սկզբից մեծ ճանաչում ձեռք բերելու հետ միասին պարբերաբար արժանացել է տարբեր պարգ՞ների. Արժանացել է Ռուստավելիի մրցանակի (1975 թ.), Լենինյան կոմսոմոլի (1966 թ.), Լենինյան մրցանակի (1980 թ.): Եղել է Վրացաստանի Գերագույն Խորհրդի երկու գումարումների (1971-1978 թթ.) և ՍՍՀՄ Գերագույն Խորհրդի (1979-1984 թթ.) պատգամավոր:

    Առաջին բանաստեղծությունները հրապարակվել են 1950 թ.-ին համալսարականակ «Առաջին ճառագայթ» ալմանախում: 1956-1957 թթ.-ին լույս են տեսել հումորային պատմվածքների երեք գրքեր, որոնք անմիջապես ուշադրություն են գրավել, սակայն իրական փառքը բերել է 1960 թ.-ին լույս տեսած «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպը: Շուտով Գ. Լորդկիպանիձեի համահեղինակությամբ վեպի հիման վրա գրվեց պիես, որը մեծ հաջողություն ունեցավ Վրաստանում՝ մի քանի բեմականացումներով: Այնուհետև 1962 թ.-ին կինոռեժիսոր Թենգիզ Աբուլաձեն նկարեց հռչակավոր ֆիլմը: Մանկական բանաստեղծություններին ու պատմվածքների ժողովածուներին (1960-1962 թթ.) հաջորդեցին վեպերն ու վիպակները, որոնք հաջողությամբ ամրագրում էին իր ժամանակների երևելի արձակագիրներից մեկի փառքը: Դրանք էին. «Ես տեսնում եմ արևը» (1962 թ.), «Արևային գիշեր» (1967 թ.), «Մի վախեցիր, մայրիկ» (1971 թ.), «Սպիտակ դրոշներ» (1973 թ.), «Հավերժության օրենք» (1978 թ.): Բոլոր այս վեպերն ու բազմաթիվ պատմվածքները լույս են տեսել տասնյակ հրատարակություններով: Դումբաձեն հեղինակ է բանաստեղծությունների, պոեմների, մանկական ստեղծագործությունների, հրապարակախոսական հոդվածների ու ճանապարհորդկան նոթերի:

    «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարոնը» ու «Ես տեսնում եմ արևը» վեպերը շատ առումներով ինքնակենսագրական են:

    Կյանքի բազում դժվարությունները, հարազատների, այդ թվում փոքրիկ որդու կորուստը, ծանր հիվանդությունը գրողին չկարողացան կոտրել: Նա շարունակում էր ստեղծագործել նույն եռանդով, կատարել հասարակական աշխատանք: Մահացել է 1984 թ.-ի սեպտեմբերի 14-ին՝ Թիֆլիսում, թաղվել է Թիֆլիսում իր նախաձեռնությամբ կառուցված «Մզիուրի» («Արևային») մանկական քաղաքիկում:

    Ստեղծագործական կյանքի սկզբներում հանրահայտ դարձած Դումբաձեն շարունակում է մնալ Վրաստանի ամենից ընթերցվող ժամանակակից գրողներից մեկը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, մոլդովերեն, ադրբեջաներեն, ճապոներեն, թուրքերեն, արաբերեն և այլ լեզուներով: Նրա բոլոր վեպերն ու «Կուկարաչա» վիպակը էկրանավորվել են, գոյություն ունեն նրա ստեղծագործությունների թատերական բեմադրությունները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (16.08.2009), Nasha (17.08.2009), Հայկօ (10.08.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոդար Դումբաձե. Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը

    Նոդար Դումբաձե


    Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը

    վրացերենից թարգմանեց՝ Հրաչյա Բայրամյանը


    Իմ գյուղի աջ կողմից Գուբազոուլն է հոսում, ձախից՝ Լաշիսողլեն, որ լիքն է կարբերով, ծովաձկներով ու շալվարները վեր քշտած տղեկներով: Գուբազոուլի վրա գցված է մի կամուրջ և կոչվում է Բոգա: Ամեն գարնան վարարած գետը քշում, տանում է այն, մեզ թողնելով միայն ցցամասերը: Չնայած դրան, իմ գյուղը Գուրիայում ամենից ուրախն է և ամենագեղեցիկը: Աշխարհի բոլոր գյուղերից ամենաշատը ես իմ գյուղն եմ սիրում, որովհետև մի ուրիշ տեղ չի կարող լինել այնպիսի գյուղ, որտեղ ապրեինք ես, տատիկը, Իլիկոն, Իլարիոնը և իմ շունը՝ Մուրադան:

    * * *


    Իմաստուն կին է տատս, միշտ ինձ ասում է.

    - Սովորի, այ մեռած, թե չէ անուսում կմնաս:

    Նա յուրատեսակ պատկերացում ունի գիտության մասին: Մի անգամ, երբ պատշգամբում նստած բարձրաձայն սերտում էի վրաց լեզվի քերականության կանոնները, տատս իմիջիայլոց հարցրեց.

    - Էդ ի՞նչ ես անգիր անում, բալա:
    - Բայի դեմքն եմ սովորում, տատ:
    - Բայի դեմքը ո՞րն է, այ որդի, մարդը դեմք կունենա:
    - Սա ուրիշ դեմք է, քո գիտեցածը չի:
    - Արար աշխարհում մի դեմք կա, տղա:
    - Դե որ այդպես է, ասա տեսնեմ՝ ի՞նչ է նշանակում դեմք, - հարցրի ու գիրքը փակեցի:
    - Դեմքը ի՞նչ է... Դեմք դեմք է, էլի:
    - Նստիր, տատ, դասդ չգիտես, երկուս եմ նշանակում:
    - Ես քեզ երկու ցույց կտամ, պոչավոր, հենց հիմի վեր կաց էծը կապի, թե չէ էն օրը կգցեմ, ոնց որ երեսիդ ռումբ պայթած:
    - Մի հարց էլ տամ ու գնամ: Դեմքը քանի՞ տեսակ է լինում:
    - Գլուխ մի տանի, էնքան տեսակ է լինում, ինչքան մարդ է ման գալի երկրի վրա: Եվ դեմքը նրա համար է, որ մարդ միշտ պարզերես լինի, բայց դե մեկի երեսը երկար է, մեկէլինը՝ տափակ, մեկը պնդերես է, մյուսը՝ երեսառած, անաբուռ մարդիկ էլ կան, ոնց որ դու:
    - Աներես խալխ էլ կա, - ավելացրի ես:
    - Ճիշտ է: Մեր փոստատարը, օրինակ, սևերես մարդ է. ծրարների մարկաները պոկում է, հետո գալի ասում, թե՝ մարկա չկա կպցրած, մի մանեթ պիտի տաս:
    - Ես ինչպիսի՞ն եմ, տատ:
    - Դու՞: Դու աներես ես, աստծու երեսից ընկած, դրա համար էլ երեսդ հողով ծածկելու է: Շունն էլ երեսիդ հաց չի ուտի:

    Գուրիայում դժվար թե գտնվի մի ուրիշ կին, որ տատիս նման անիծել իմանա, բայց նրա անեծքներից ես չեմ վախենում, որովհետև մի անգամ ասաց. «Չվախենաս, բալա, լեզուս անծելիս սիրտս միշտ օրհնում է»:

    Վերոհիշյալից բացի, տատս թերահավատորեն է նայում լուսավորության կոմիսարիատի անսիրտ, անհոգի այն որոշմանը, համաձայն որի մենք՝ երեխաներս, օրական վեց դաս ենք անում, թեև անձամբ ես տատիս երբեք դրա առիթը չեմ տալիս: Իմ պարապմունքները տևում են շատ-շատ չորս ժամ: Չորրորդ դասին, կորցնելով ժամանակի ու չափի զգացողությունը, բավականին բարձրաձայն հարցնում եմ հարևանիս.

    - Ռոմուլի, իմաստուն ջանիդ մեռնեմ, էս որ զանգը չի հնչում՝ զա՞նգն է շարքից դուրս եկել, թե՞ պահակը:

    Ռոմուլին կրճտացնում է ատամները, իսկ ուսուցիչը ցուցամատն ուղղելով ինձ (ես մատնացույց անելու աշակերտ եմ), փաղաքուշ ձայնով ասում է.

    - Հենց հիմի դուրս կգնաս, գլուխդ թեկուզ պատեպատ կտաս, բայց մինչև ծնող չբերես, դպրոցի անունը չտաս:

    Ես չեմ հարցնում՝ «Ինչու՞», որովհետև նման հարցից հետո վիճաբանությանը խառնվում են նաև կավիճն ու քանոնը, ուստի վերցնում եմ գլխարկս ու գնում դեպի դուռը:

    - Ցտեսությու՛ն, - ասում եմ Ռոմուլիին:
    - Ցտեսությու՛ն, - պատասխանում է Ռոմուլին և ձեռքով անում:

    Հաջորդ օրը տատիս բերում եմ դպրոց, հետո տանում եմ տուն, հետո տատս ինձ բերում է դպրոց և այսպես շարունակ: Անվերապահորեն կարելի է ասել, որ ես ու տատս տասնամյակը միասին ենք ավարտում: Կարծեմ մարդկության պատմության մեջ սա միակ դեպքն է:


    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (16.08.2009), Nasha (17.08.2009), Norton (10.08.2009), Գալաթեա (11.08.2009), Կաթիլ (13.08.2009), Մանուլ (16.08.2009), Ուլուանա (22.08.2009), Ֆոտոն (10.08.2009)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոդար Դումբաձե. Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը

    շարունակություն


    * * *


    Է՛հ, ես ինչ, ես սովորական գյուղացի տղա եմ, գրքերիս հետ, պայուսակում նաև պարսատիկ ու թրխկան ունեմ: Մինչև ձմեռնամուտ ոտաբոբիկ եմ դպրոց գնում: Մի շալվար ունեմ, աշնանային ամենամյա երկու քննություն: Քանի որ ես ու իմ շունը՝ Մուրադան, միշտ անբաժան ենք իրարից, գյուղում ինձ շնարած են ասում, դպրոցում՝ յալանչի, տատս պոչավոր է կանչում, մինչդեռ իմ իսկական անունը Զուրիկո է:

    Թե տատիս ջղայնացնում եմ՝ գիշերը հնձանում է քնեցնում, հաշտվելուց հետո սակայն՝ միասին ենք քնում: Ցերեկը տատս ինձ անիծում է, ճիպոտով դաղում թիկունքս, իսկ երեկոյան ոտքերս լվանում է, կուրծքս համբուրում ու նոր միայն անկողին գնում:

    Դպրոցո՞ւմ ինչպիսին եմ: Իմ վարքի մասին դպրոցում փաստաթուղթ կա, ես նկատի ունեմ «Մանկխորհրդի նիստի արձանագրությունը», նման տպավորությունների այն գրքին, որ դնում են անտաղանդ նկարչի ցուցահանդեսում և այցելուներին աղաչանք պաղատանք անում, թե՝ ի սեր աստծու, մի բան գրեք մեջը:

    Հիշյալ փաստաթղթի բովանդակությունը մոտավորապես այսպիսին է.

    Արձանագրություն
    N գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհրդի
    1940 թվականի մարտի 18-ի նիստի

    Նիստին ներկա էին. Բոլոր ուսուցիչները:

    Լսեցին. Վեցերորդ դասարանի դասղեկի զեկուցումը նույն դասարանի աշակերտ Զուրաբ Վաշալոմիձեի վարքի մասին:

    Արտահայտվեցին.

    Մաթեմատիկայի ուսուցիչը. «Վաշալոմիձեն ինձ համար հարյուր անհայտով հավասարում է: Մինչև ես նրա մեջ ճանաչեմ մարդուն, հավանաբար հոգիս տամ աստծուն»:

    Ֆիզիկայի ուսուցիչը. (Ուսումնասիրելով անձս, ֆիզիկայի ուսուցիչը սահմանել է ֆիզիկայի նոր, անխախտ օրենք). «Բնության մեջ դեռևս չկա այնպիսի էներգիա, որ շարժման մեջ դնի Վաշալոմիձեին: Նա հեղուկի մեջ ընկղմված մարմին է, որի վրա չի ազդում արտամղող ոչ մի ուժ»:

    Քիմիայի ուսուցիչը. «Ոչ մի ռեակցիա, նստում է ու ամբողջ օրը հոգիս հանում: Նման է ինչ-որ անսովոր լակմուսի, որի վրա ոչինչ չի ազդում: Նա երբեք չի կարմրում»:

    Ռուսերենի ուսուցիչը. «По моему он просто идиот»:

    Աշխարհագրության ուսուցիչը. «Վաշալոմիձեի գիտելիքները ամբողջությամբ ռելիեֆային են: Նա կամ պակասավոր է, կամ հյուծախտավոր: Անհրաժեշտ է չափավոր գոտի, որպեսզի լայնքն ու երկայնքը համաչափ լինեն»:

    Պատմության ուսուցիչը. «Ավելի շուտ նա քարի դարի մարդ է, քան քսաներորդ դարի քաղաքակիրթ քաղաքացի: Դժվար է թվագրել պահը, երբ նա դասին հանգիստ է լինում: Զարգացման ոչ մի նշույլ. նա խայտառակում է դասարանը»:

    Դպրոցի պահակը. «Ի՞նչ եք ուզում քորփից, թե որ էդչափ խելառ է, դասարանից դասարան ո՞նց է փոխադրվում»:

    Ուսումնական մասի վարիչը. «Քեզ հարցնող չկա. քո գործն էն է, որ ամեն առավոտ վեր կենաս ու ժամանակին զանգը տաս»:

    Վրացերենի ուսուցիչը. (իմ մերձավոր բարեկամն է). »Ի՜նչ եք երկար բարակ ճառում. միանգամից սպանեք, պրծեք, էլի, երեխին: Սրանից լավ ո՞վ ունեք: Գործն այնպես վատ չէ, ինչպես ներկայացնում եք. դիրեկտորի տղան, օրինակ, բոլոր առարկաներից «հինգ» ունի, բայց նրա պես բթամիտ ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել իմ կյանքում: Դասերին բուի նման է նստում»:

    Ֆիզկուլտուրայի ուսուցիչը. «Թե էդպես է, դու՞ ինչու ես «հինգ» նշանակում»:

    Վրացերենի ուսուցիչը. «Պլոճիկով տղա ես՝ փորձիր չնշանակել»:

    Ուսմասվար. «Երկուսդ էլ լռեք: Դու՞ ինչ կասես, Վաշալոմիձե»:

    Վաշալոմիձե. «Ճիշտ է ասում վրացերենի դասատուն»:

    Ուսմասվար. «Քեզ չեն հարցնում՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Ընդհանրապես ի՞նչ կարող ես ասել»:

    Վաշալոմիձե. «Ընդհանրապես էն կարող եմ ասել, որ եթե հիմա ներեք, հետագայում անպայման կուղղվեմ»:

    Լսելով այս ամենը, ես նույնիսկ սկսեցի մտածել, թե հոգով ու մարմնով պակասավոր չե՞մ արդյոք, բայց մի դեպք կասկածներս փարատեց: Բանն այն է, որ եգիպտացորենի արտը թորխելու համար մի շաբաթ պիտի տանը մնայի, այսինքն՝ նույնքան ժամանակ դպրոց չպիտի գնայի: Բայց որպեսզի բացակայությանս պատճառով դպրոցից չհեռացնեին՝ բժշկի տեղեկանք էր պետք: Այդ տարիներին, ցավոք սրտի, իմ գյուղում առողջ մարդկանց հիվանդության տեղեկանք չէին տալիս: Անհրաժեշտ էր, որ մի ժամ պառկեի անկողնում, բժիշկ կանչեինք ու տեղեկանք վերցնեինք: Նպատակներիս հասնելու համար առավոտից ինձ սոված պահեցին, որպեսզի տեսքս հիվանդի լիներ, գլուխս էլ երեսսրբիչով փաթաթեցին ու տատս գնաց բժշկի ետևից: Կես ժամ չէր անցել՝ բժշկի նժույգը ծառս եղավ մեր բակում:

    - Ի՞նչ է պատահել, տղա՛, - հարցրեց բժիշկն ու նստեց անկողնուս վրա:
    - Մեռնում եմ, բժիշկ:
    - Ի՞նչդ է ցավում:

    Անկեղծ ասած նման հարցի չէի սպասում, ուստի վախվորած նայեցի տատիս:

    - Ամեն ինչն էլ ցավում է, - օգնության հասավ տատս:
    - Մազերդ ցավու՞մ են:
    - Հա՜, - հառաչեցի:

    Մինչ այս, մինչ այն, հարևաններս եկան: Իլարիոնն ու Իլիկոն գիտեին ի՜նչ հիվանդ եմ, ուստի իսկույն խառնվեցին խոսակցությանը:

    - Էս քորփեն վերջերս շատ թուլացած է երևում աչքիս, - ասաց Իլարիոնը:
    - Օրինակ, ինչպե՞ս:
    - Օրինակ ուտելու ախորժակ չունի: Մի երկու օր առաջ ինձ մոտ էր. խեղճը մի սաջահացից ու երեք աման լոբու ճաշից բացի պատառ չդրեց բերանը:
    - Ի՜նչ ես ասում, ա՛յ մարդ, - ափիբերան բացականչեց բժիշկը:
    - Հա՛, մահս տենամ, թե սուտ եմ ասում. առաջներում ահագին պանիր էլ էր խփշտում, համա էդ օրը բերանը կողպել էր, ինչ արի-չարի՝ ասածիցս մի պատառ ավելի չկարեցա կերցնել:
    - Ճի՞շտ, այ տղա, - հարցրեց բժիշկը:
    - Հա՛, բժիշկ, լոբի եմ տեսնում թե չէ, սիրտս խառնում է:
    - Հավատա՞մ, որ եթե սխտորաջրով համեմված տապակա լինի, որ կորթինով հորած պանիր լինի, որ բոլորակ խորոված հավ լինի, ախպորս ասեմ, որ անուշ համեմունով գանձակ լինի, կամ էլ որ պոպոքով սոուսում թաթախված միրոն ու կարմրախայտ լինի, չես ուտի, հա՞:
    - Էս տնաքանդը կգժվացնի երեխին, - շշնջաց տատս:

    Չդիմանալով նման ճաշացուցակի գայթակղությանը, Իլիկոն ափալ-թափալ դուրս նետվեց: Իլարիոնը մի կերպ իրեն զսպես ու սկսեց նկարներն աչքի անցկացնել:

    - Էլ ի՞նչն է ցավում, - ժպտալով հարցրեց բժիշկը, հետո քանդեց գլխիս փաթաթած երեսսրբիչն ու զգուշորեն սրբեց բերանիս անկյուններից ծորող ջուրը:
    - Փռշտում էլ է, - պատասխանեց Իլարիոնը:
    - Մե՞զն ինչպիսին է:

    Հարցն այնքան անսպասելի էր, որ նույնիսկ Իլարիոնը կարկամեց ու դիմեց Իլիկոյին, որ արդեն վերադարձել էր:

    - Մեզը ո՞նց է, Իլիկո:
    - Վերջերս ինձ իսկի դուր չի գալի սրա մեզը, - Իլիկոն չկորցրեց իրեն:
    - Առաջ լա՞վ էր:
    - Էն էլ ո՜նց:
    - Է՞լ ինչդ է ցավում, երիտասարդ:
    - Մի քիչ էլ... – ասաց Իլիկոն, ցուցամատը դրեց քունքին ու պտտեց:

    Ես անմիջապես հասկացա, թե դրանով ինչ է ուզում ասել:

    - Իսկապե՞ս: Հալա ասա տեսնեմ՝ սա քանիսն է, - բժիշկը հինգ մատը չռեց քթիս տակ:
    - Յո՛թը, - պատասխանեցի ու կարողությանս չափ հիմարավուն ժպտացի:
    - Ճի՛շտ է, - բացականչեց բժիշկը:

    Զարմանքից Իլիկոյի ակնոցն ընկավ, տատս ետ-ետ գնաց, բժիշկը նախ՝ սկսեց աչքերը ճպճպացնել, հետո՝ ինձ նստեցրեց անկողնում, նայեց աչքերիս մեջ, գլուխը կարեկցաբար շարժեց ու հարցրեց:

    - Ձեր հարազատներին ու մտերիմներին ճանաչու՞մ եք:
    - Դժվարությամբ, - պատասխանեց Իլարիոնը:
    - Բարի: Էս մարդը ո՞վ է, - Իլիկոյին մատնացույց արեց բժիշկը:
    - Դա մարդ չի, գազան է, - պատասխանեցի ու ավելի հիմար կերպարանք առա, քան Իլիկոն էր սպասում:
    - Զուրիկո, այ տղա, ինձ չե՞ս ճանաչում: Իլիկիոն եմ, քո Իլիկո քեռին:

    Գլուխս բացասաբար շարժեցի ու աչքերս ծռեցի: Տատս ներքին շրթունքը կծեց ու երեսը ծվատեց:

    - Հիվանդին ինչո՞վ եք բուժում, - հետաքրքրվեց բժիշկը:
    - Քներակին արաղով կոմպրես ենք դնում, որդի, - պատասխանեց տատս:
    - Էդ արաղը մի բեր, տեսնեմ:

    Տատս քստքստացնելով գնաց ու բերեց:

    - Էն չայի բաժակը դեսը տվեք:

    Մատուցեցին: Բժիշկը պռնկեպռունկ լցրեց ու սկեց.

    - Երեխի դրությունը շատ լուրջ է, շատ էլ հնարավոր է, որ չլուսացնի, հենց հիմի պիտի տեղափոխենք հիվանդանոց ու շտապ վիրահատենք:
    - Ի՞նչը, բժիշկ, - անկողնուց ցատկելով հարցրի ես:
    - Գանգդ պիտի փոխենք:
    - Քանի գլուխս սաղ է, չեմ թողնի, - աղաղակեց տատս, - գանգը փոխելս ո՞րն է, դդում հո չի՞: Սարի նման էս երեխին ի՞նչ է եղել, որ վիրահատեք: Մեռնեմ աստծու զորությանը: Վեր կաց, բալա: Ի՜նչ հիվանդ, ի՜նչ բան, պինդ պոպոք է: Երեսս սրա ոտի տակը, սատաղ սրա արևին:
    - Դե որ էդպես է, աստծու ձեռը ձեր գլխից անպակաս լինի, միշտ ուրախության մեջ ըլնեք ու վատ օր չտենաք, - մաղթեց բժիշկը ու բաժակի ամբողջ պարունակությունը մի ակնթարթում պարպեց:
    - Անու-ու՜շ, - ասաց Իլարիոնը ու մի տանձ տվեց:

    Բժիշկն ախորժակով կծեց, այտերս թփթփացրեց ու հրաժեշտ տվեց: Դռան մոտ շրջվեց և ի լուր տատիս ասաց.

    - Սրա նման պնդակազմ ու առողջ երեխա էս գյուղում դժվար թե ըլնի: - Հետո դուրս ելավ, մի ոստյունով թռավ ձիու մեջքին, մեզ ձեռքով արեց ու շորորավարգ ճամփա ընկավ:



    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Chuk: 11.08.2009, 03:18:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (17.08.2009), Nasha (17.08.2009), Գալաթեա (11.08.2009), Կաթիլ (13.08.2009), Մանուլ (16.08.2009), Ֆոտոն (11.08.2009)

  7. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոդար Դումբաձե. Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը


    Չուկ, արդեն մոռացել էի, թե ինչ խնդալու ու լավն ա էս գործը
    Ապրես, որ չես ալարում, ջան

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (11.08.2009)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոդար Դումբաձե. Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը

    շարունակություն

    Որսը


    Ծանր հիվանդանալուս շաբաթվա գլխին Իլարիոնը մտավ մեր բակը, հասակով մեկ փռվեց տանձենու տակ, ծխախոտը վառեց ու իմիջիայլոց հարցրեց.

    - Ո՞նց ես, շնարած, օպերացիադ արի՞ն:
    - Քեզ ու Իլիկոյին ի՜նչ, իսկ ես քիչ էր մնում մեռնեի:
    - Ինչի՞ պիտի մեռնեիր, այ տղա. էն մարդը գանգատուփդ պիտի բաց աներ, ստուգեր, քիչ-միչ էլ կդզեր կփչեր ու պրծավ գնա՜ց...
    - Էնպես ես խոսում, լսողն էլ կկարծի քո և Իլիկոյի ականջներից խելք է ծորում:
    - Դու էն ասա, թե ու՞ր է քնձռոտ Մուրադան:

    Նրա հարցնելն ու շան կաղկանձելը մեկ եղավ:
    - Սատկացնելու եմ էս անտերին... Շունն ուտի թափանփսորդ: Զուրիկելա, որտեղի՞ց ես բերել էս քոքը կտրածին: Տեսնվա՞ծ բան է, ա՛յ ժողովուրդ, հավաբներում ձու չթողեց, քիչ է, հիմի էլ ճտերին է կպել: - Գյուղամիջի ճամփով բիրն ուսին շան ետևից վազում ու բերանը քափ կտրած հոխորտում էր Էփրոսինեն: Իսկ առջևից ծկլթալով ու ոտքը հազիվ քարշ տալով փախչում էր իմ խեղճ Մուրադան:
    - Հե՜թ, ուր պիտի փախչի, - իր բակից գոչում էր Էփրոսինեի ամուսինը:
    - Ի՞նչ է պատահել, այ կնիկ, ինչ ես ձենդ գեղովը մեկ արել, սև կարկուտ հո չի՞ խփել գլխիդ, - տանից դուրս թռչելով բացականչեց տատս, - քո մարդու քոքը կտրի: Ի՞նչ ասել է՝ քոքը կտրած: Էդ շանը երկու գլուխ պանրով եմ առել ջաղացման Սիմոնից:

    Էփրոսինեն ծղրտում էր, շունը՝ ծկլթում:

    - Բարիաջողում, Մուրադա, - ողջունեց Իլարիոնը:

    «Բարև», - սրտի խորքուս պատասխանեց շունը և պոչով թակեց գետինը:

    - Սա հաստատ աղվեսի ցեղից է, - ասաց Իլարիոնը և հավի փետուրը հանեց շան բերանից:
    - Ի՞նչ է պատահել, Մուրադա, Էփրոսինեն քեզանից ի՞նչ է ուզում, - հետաքրքրվեց Իլարիոնը:

    «Եսիմ, տնաշենն էլ էնպիսի բաց տեղում է բույն դրել, դե արի ու գայթակղությանը դիմացի», - սրտի խորքում պատասխանեց Մուրադան և թախծոտ հայացքը հառեց Իլարիոնին:

    - Շատ ծեծե՞ց:

    «Ըհը», - Մուրադան գլխով արեց ու նշանացի ցույց տվեց ցավող ոտքը:

    - Մի՛ վախենա, շունը կաղալով չի սատկի, - հարեց Իլարիոնը:

    «Էնքան ուժեղ չի ցավում, ինչքան Էփրոսինեն է կարծում», - սրտի խորքում ասաց Մուրադան, ժպտաց, ոտքի ելավ, ականջները թափ տվեց ու սկսեց լպստել Իլարիոնի ձեռքերը:

    - Դունչն ինչի՞ է էսպես, ա՛յ տղա:
    - Երեկ սաջի վրայից հաց թռցնելիս քիթը խրվեց մոխրի մեջ ու դաղվեց:
    - Ճի՞շտ է ասում, Մուրադա:

    «Է՛հ, մի քիչ շտապեցի, թե չէ էդպիսի՞ սաջհացեր եմ թռցրել», - սրտի խորքում հավաստեց Մուրադան և թաթով մեղմիվ շոյեց քիթը:

    - Դու՜, շուն չէ՝ ոսկի ես, ոսկի: Տեսնու՞մ ես սրան, էս շնարածին, եքա քուռակ է, բայց տատն է պահում, մեծացնում, իսկ դու ինքդ ես քո մասին հոգ տանում, - գովաբանեց Իլարիոնը և սկսեց շանը փաղաքշել: - Մենակ թե լավ չի, որ գողություն ես անում, հալալ քրտինքով ճարած պատառից քաղցր բան չկա: Հրեն, մեր պահեստապետ Դաթիկոն քեզ օրինակ. մեռած է, թաղած չի: Քանի կարող էր անտակ կարասի նման լցնում էր փորը, իսկ հիմի ուռուցվորվել է ու դուրս գրված ապրանքի նման անկողին ընկել. սազակա՞ն է, - հարցրեց Իլարիոնը:

    «Սազականը ո՞րն է, բոլորն էլ գողանում են, իսկ ես ի՜նչ է՝ հայր Աբրահամի գա՞ռն եմ: Շուն եմ, չէ՜, վերջիվերջո», - սրտի խորքում իրեն արդարացրեց Մուրադան ու նայեց ինձ:

    - Հենց հիմի գնա ու տեղդ վեր ընկի, շուն շան լակոտ, ոտդ էլ տանից դուրս չդնես, թե չէ կսատկացնեմ՝ շան ծեծ տալով, - սպառնացի Մուրադային ու աքացի հասցրի:

    «Մի՛ հայհոյի», - գռմռաց Մուրադան, պոչը սեղմեց շեքամեջում ու գնաց իր կացարանը:

    - Էսօր կոլխոզի արտերն էի գնացել, - ասաց Իլարիոնը, - սոյայի տերևը լրիվ կրծոտած էր, նապաստակի ոտնատեղ էլ տեսա, վատ չէր ըլնի էգուց ծեգահան գնայինք էն կողմերի վրա:
    - Դու էն անգամ էլ ինձ տարար, բայց նապաստակի ոտնահետքի տեղ էծի ոտնահետք դուրս եկավ:
    - Էս անգամ ճիշտ որ նապաստակի է, կտիտն էլ տեսա:
    - Լավ, համաձայն եմ, ախպեր, գնանք որսի, միայն թե էս անգամ էլ տեսածդ նապաստակի կտիտը այծի չլինի:
    - Տո պնչատի մեկը, դու պիտի՞ ինձ սովորեցնես, որն է քակորը, որը՝ կտիտը: Քոնն էն է՝ հրացանը սարքի բերես ու Մուրադային էլ հետդ վերցնես, կարող է պետք գա, - հանձնարարեց, գլխարկս քաշեց աչքերիս ու գնաց:


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.08.2009, 02:34:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nasha (17.08.2009), Գալաթեա (13.08.2009), Կաթիլ (13.08.2009), Մանուլ (16.08.2009), Ուլուանա (22.08.2009), Ֆոտոն (12.08.2009)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոդար Դումբաձե. Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը

    շարունակություն


    Վաղ առավոտյան ես, Իլարիոնը և Մուրադան ճեղքում ենք գոտկատեղերիս հասնող ցողոտ խոտերը: Առջևից գնում է Իլարիոնը, նրա ետևից՝ ես, վերջից ֆռթֆռթացնելով գալիս էր ոտից գլուխ թրջված ու կոծոծներով ծածկված Մուրադան:

    - Հըմմ, շունը հենց սրա նման պիտի, - սկսեց Իլարիոնը, - սա մեզ նապաստակի տե՞ղ ա դրել, որ մեր հետքերով է գալիս: Ասա՝ թող առաջ ընկնի, ա՛յ տղա:
    - Առաջ ընկի, է՜յ, - կարգադրեցի Մուրադային:

    Շունը նստեց:

    - Բեզարեց: Մենք էլ չդինջանա՞նք, մի բան չուտե՞նք, - հարցրեց արդեն գետնին նստած Իլարիոնը:

    - Վատ չի լինի, հանգստանանք, - պատասխանեցի ու տեղավորվեցի Իլարիոնի կողքին:

    Իլարիոնը բացեց աբգան, խաշած հավ, տաք-տաք ճադի, թարմ պանից և մի շիշ ճաճի օղի հանեց ու շարեց սեղանանման հարթ քարի վրա, որ ընկած էր իմ ու իր միջև: Իմ կողմից սուփրային ավելացրի բանջարի աղցան, կիրկաշ լոբի, խաշած կարտոֆիլ, աղ: Սկսվեց մեր համեստ ճաշկերույթը:

    - Բերանդ մի ծպծպացրու, Իլարիոն, թե չէ նապաստակները կլսեն ու կխրտնեն, - զգուշացրի ես:
    - Ու՞մ ես ձեռ առնում, ա՛յ օրապակաս: Նապաստակից շատ ի՞նչ կա էստեղ, միայն թե ման գալ է պետք, - Իլարիոնը զայրացավ, օղի լցրեց, - աստված հաջողի մեր բանը, - ասաց ու բաժակը քաշեց գլխին:
    - Հաջողի, - ասացի ես ու նույնպես գլխիս քաշեցի:
    - Հացի կտոր դիր բերանդ, թունդ է՝ կխեղդի:
    - Հացից է, ինչու՞ պիտի խեղդի:
    - Տատիդ արաղն է հացից, շան թուլա: Աստված ջուխտ է սիրում:
    - Աստված ջուխտ է սիրում, - կրկնեցի ես, խմեցի և իսկույն տրամադրությունս բարձրացավ:
    - Վա՛հ, անտերն իսկույն թոքերս չանչեց:
    - Չանչից է, բա ի՞նչ էիր կարծում:
    - Աստված երրորդություն է սիրում, - առաջարկեցի ես:
    - Աստված երրորդություն է սիրում, - կրկնեց Իլարիոնը բաժակը դատարկելով, թութուն հանեց:
    - Իմից ծխիր, լավն է՝ Ստամբուլի, - ասացի և Իլիկոյի նվիրած թութունով ճխտած քիսան մեկնեցի նրան:

    Իլարիոնը թութունը վերցրեց, հոտ քաշեց, կասկածանքով նայեց ինձ, բայց և այնպես փաթաթեց, լուցկին կպցրեց, ծուխը խոր ներս քաշեց ու ընկավ մեջքի վրա:

    - Ի՞նչ պատահեց, Իլարիոն, - բացականչեցի ու վախեցած վեր թռա:

    Իլարիոնի աչքերը կուլ գնացին. նա մարող հայացքը հառել էր ինձ:

    - Հե՜, Մուրադա, ջու՛ր, - վախեցած գոչեցի ես:

    Իլարիոնը ձեռքի շարժումով հասկացրեց, թե պետք չի, հետո նստեց տեղում, արցունքոտ աչքերը սևեռեց ինձ, վիշապի նման ֆշշացրեց ու մահվան դատապարտվածի տոնով հարցրեց.

    - Էս թութունը ո՞վ է քեզ տվել, ա՛յ տղա:
    - Իլիկոն:

    Իլարիոնը օղի լցրեց, արցունքը սրբեց, բաժակը բարձրացրեց գլխից վեր ու բարբառեց.

    - Էս մեկը խմենք նրա համար, որ տերը պատժի բոլոր խաբեբաներին ու ցիգաններին: Աստված ջան, Իլիկո Չիգոգիձեի կոկորդից էնպես բռնի, որ չկարենա շունչը տեղը բերի ու մտերքում էլ ինձնից բացի ուրիշ ոչ ոք չլինի:
    - Ի՞նչ է պատահել, Իլարիոն:
    - Թութունին տաքդեղ է խառնել:
    - Դե որ էդպես է՝ չորրորդենք և թող աստված խռով կենա Իլիկոյի գլխին, - ասացի, պարպեցի և մտքովս անցավ համբուրել Իլարիոնի քիթը:

    - Իլարիոն քեռի ջան, ցավդ տանեմ, քեզ նմանը չի եղել ու չկա, ես քեզ շատ-շա՜տ եմ սիրում, դու երկար քիթ ունես և բարի սիրտ, դու որ չլինես՝ ես չեմ ապրի էս աշխարհում: Հավատա՛, ճիշտ եմ ասում, Իլարիոն քեռի ջան, քո ցավը տանեմ ես, քեզ պետք է համբուրեմ, - և համբուրեցի իմ Իլարիոնի քիթը:
    - Ինձ թե հարցնես, Զուրիկելա բալա, քեզ նման երեխա էս աշխարհում ոչ եղել է, ոչ էլ կլինի: Ճիշտ է, քեզնից երեսուն տարով մեծ եմ, բայց երբ ես քո տարիքին էի, էն ժամանակ հո ե՞ս էլ քո տարիքին էի: Հա, երեսուն տարուց հետո էլ հո դու՞ իմ տարիքին կդառնաս: Ուրեմն մեր միջև տարբերություն կա՞: Չկա՛: Կամ նշանակություն ունի՞, թե մեզնից ով ավելի շատ բուրդ ու բմբուլ ունի գլխին: Չունի՛: Մենք բարեկամներ ենք: Աստված մեր բարեկամությունը հաստատ պահի: Էս իններորդ բաժակով էլ խմենք...
    - Իններորդը չի, հինգերորդն է, Իլարիոն:
    - Դա ոչ մի նշանակություն չունի: Երրորդից հետո բոլորը մեկ է:

    ...Ընկեր-տղերանց մեջ իմ բազում,
    Ման եմ գալի տխուր, տրտում,
    Ես, Սիմոնա Դոլիձես... *

    Սկսեցի երգել ես:
    - Քեզ ո՞վ է նեղացրել. ընկեր-տղերանցից ո՞վ է, որ սիրտը կոտրել է իմ Զուրիկոյի: Դպրոցում քեզ նեղությու՞ն են տալիս: Որևէ մեկին սպանելու կարիք կա՞: Նավթ կլցնեմ, կվառեմ բոլորին: Էս գյուլլեն մեկեն գնացքի ռելս է ծակում, դու մենակ ինձ ասա, թե ում ես ուզում սպանել, - Իլարիոնը հրացանն ուսից իջեցրեց ու պատրաստակամ ոտքի կանգնեց:
    - Կրակի, Իլարիոն: Հերն եմ անիծել բոլորի: Կրակի, թող աշխարհն իմանա, որ մենք կանք ու էստեղ ենք:
    Սիսոնայի Դարչինային**
    Քաջ էր, արի, դեռ շատ փոքրից,
    Գնաց, լացեց եղբոր վրա,
    Չվախեցավ նա ծով զորքից:

    Իլարիոնը քաշեց ձգանները. հրացանը երկու անգամ որոտաց: Արձագանքը, ինչպես վանդակում փակված թռչնակ, զարկվեց Գուրիայի սարերին, հետո ելք գտնելով, դուրս թռավ ու ճախրեց ինչ-որ ուղղությամբ:

    Շատ էի քնել, թե քիչ, չգիտեմ, բայց երբ ցրտից արթնացա, աչքերս տրորեցի ու նայեցի սուփրային: Մուրադան նախաճաշը վերջացրել էր, սուփրան հավաքել ու գնացել ինչ-որ տեղ:

    Իլարիոնին արթնացրի.
    - Ի՞նչ ես ուզում, ա՛յ տղա: Ստրաժնիկի նման կանգնել ես գլխիս, որ ի՞նչ: Էդ անտեր հրացանն էլ դենը տար՝ չտրաքի ու ինձ դիպչի, թե չէ վեր կկենամ դունչ-մունչդ աղցան կանեմ, - մռլտաց Իլարիոնը:
    - Ասում եմ՝ գնամ էս կողմերն աչքի ածեմ, գուցե թե նապաստակներ հանդիպեն, դու պատրաստ կաց:
    - Կրակելու ժամանակ ձախ աչքդ կփակես, մտահան չանես, - հիշեցրեց Իլարիոնը:

    Տասը քայլ չէի արել՝ ականջիս հասավ Իլարիոնի լուտանք-հայհոյանքները:

    - Ոչ երանի քո տիրոջը, անտեր մնաս, անտեր, դու շուն չէ, փալաս ես, փալաս, միսդ գոնե ուտվեր, մարդ կսպաներ ու կպրծներ, թե չէ լսվա՞ծ բան է, որ շունն ալարի հաչել:
    - Ի՞նչ է պիտի պատահի, հալա մի սրան նայի, - ասաց Իլարիոնը և ձեռքի ափը պարզեց ինձ. ափի մեջ նապաստակի մանրագնդակ հիշեցնող խոշոր կատոր էր:
    - Տեսնու՞մ ես, ախր տաք է, տա՜ք, - հառաչեց Իլարիոնը և կատորը պլնթացրեց ափից:
    - Որտե՞ղ էր:
    - Ա՛յ, էստեղ, երկու քայլի վրա: Հե՜, թռի գնա վերևից վրա տուր, հեռու չէր կարող գնալ, ես էլ էստեղից առաջը կառնեմ:

    Հրացանը պատրաստ բարձրանում էի արտի միջով: Տասնհինգ քայլ հազիվ էի արել, սոյայի կրծոտված տերևներ տեսա. «Նապաստակի արած բան է սա», - մտածեցի, մանավանդ հետք էլ կար: Հետքով գնացի, քիչ անց դեմ առա մրտավարդի թփի. հետքն այստեղ վերջանում էր: Թուփը շրջանցեցի, ոչ մի բան որ չերևաց՝ հրացանի խզակոթով թփթփացրի: Թփթփոցի վրա դուրս թռավ... մի իսկական նապաստակ, երկարականջ, մեջքն սպիտակ զոլերով մի շլդիկ:

    - Ու՜ր պիտի փախչես, - բացականչեցի ու կրակեցի:

    Նապաստակն ականջները սեղմեց մեջքին ու պուկ արավ:

    - Իլարիոն, գալիս է, բաց չթողնես:
    - Ես էստեղ եմ, դու հանգիստ կաց:

    Մեկ-երկու րոպես գերեզմանային լրություն տիրեց: Նախ խշխշոց լսվեց, ապա՝ մեկը բարձրաձայն թքեց, հետո ինչ-որ բան շրմփաց արտի մեջ, այնուհետև՝ հայհոյանք, ախուվախ, հառաչանք և հանկարծ.

    - Բռնի՛, Զուրիկելա, քո կողմն է գալիս:

    Դարձա աչք ու ականջ:

    Հանկարծ հրացանը որոտաց մի անգամ, ապա՝ երկրորդ, և շան կաղկանձը պատռեց երկինքը: Աչքերս մթնեցին, մարմինս փշաքաղվեց, ծնկներս թուլացան ու առանց ձայն-ծպտուն հանելու չոքեցի գետնին:


    * Սիմոնա Դոլիձե (1884-1911) – հայտնի վրիժառու: Տողերը վերցված են նրա մասին հորինված ժողովրդական երգից:
    ** Դարչիա Սիսոնա (1860-1891) – Գուրիացի վրիժառու:



    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nasha (17.08.2009), SDes77 (13.08.2009), Գալաթեա (13.08.2009), Կաթիլ (13.08.2009), Մանուլ (16.08.2009), Ֆոտոն (13.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Շենքի տատիկը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.03.2013, 14:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •