User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։

  1. #16
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    շարունակություն

    Վերանորոգված զարթուցիչը զնգաց հաջորդ առավոտյան ժամը 6-ին: Հարրին արագ անջատեց այն և լուռ հագնվեց: Դուրսլիները չպետք է արթնանային: Նա իջավ ներքև՝ առանց որևէ լույս վառելու: Հարրի որոշել էր Բաղեղի փողոցի անյունում սպասել փոստատարին և առաջինը վերցնել համար չորս տան նամակները:
    Նրա սիրտն արագ զարկում էր, երբ մութ նախասրահով մոտենում էր դռանը:
    Հարրին ցատկ կատարեց օդր մեջ. նա ինչ-որ մեծ ու փափուկ բանի վրա էր կանգնել... շարժվող ինչ-որ բանի: Վերևի հարկում լույսը վառվեց, և Հարրին սարսափով գիտեկցեց, որ մեծ ու փափուկ բանը իր իր մորաքրոջ ամուսնու դեմքն էր: Քեռի Վերնոնը քնապարկի մեջ փաթաթված պառկել էր մուտքի դռան ուղիղ դիմաց՝ անկասկած կանխելու համար հենց այն, ինչ Հարրին որոշել էր անել:
    Նա կես ժամի չափ գոռգռաց Հարրի վրա և ուղարկեց թեյ սարքելու: Հարրին խեղճ-խեղճ քարշ եկավ խոհանոց և երբ վերադարձավ, փոստն արդեն ժամանել էր ուղիղ քեռի Վերնոնի ձեռքը: Հարրին տեսավ երեք ծրար, որոնց վրա գրված էր կանաչ թանաքով:
    - Նամակներս... -սկսեց Հարրին, բայց քեռի Վերնոնն արդեն պատռում էր նամակները նրա աչքի առաջ:
    Նա այդ օրը չգնաց աշխատաբնքի: Մնաց տանը և մեխեց դռան վրայի փոստի անցքը:
    - Հասկանո՞ւմ ես, - բացատրում էր նա մորաքույր Փեթունյային՝ բերանը լիքը մեխ, - եթե էլ չկարողանան նամակները հասցնել, պարզապես կդադարեն այդ անել:
    - Համոզված չեմ, որ դա կօգնի, Վերնոն:
    - Օ՜, այդ մարդկանց ուղեղն տարօրինակ կերպով է աշխատում, Փեթունյա, մերի պես չի, - ասաց քեռի Վերնոնը՝մեխին հարվածելով մրգային թխվածքաբլիթով, որ մորաքույր Փեթունյան հենց նոր իրեն էր տվել:

    Ուրբաթ օրը տասներկուսից ոչ պակաս նամակ եկավ Հարրիին: Քանի որ դրանք հնարավոր չէր այլևս ներս մտցնել փոստի հատուկ անցքով, մի քանիսը խցկել էին դռան տակով, կողքերով, երկու-երեք հատն էլ ներքևի հարկի լոգարանի փոքրիկ լուսամուտից էին ներս հրել: Քեռի Վերնոնն էլի տանը մնաց: Բոլոր նամակներն այրելուց հետո նա վերցրեց մուրճն ու տախտակներով մեխեց մուտքի ու հետևի դռների բոլոր ճեղքերը, այնպես, որ ոչ ոք չէր կարող տանից դուրս գալ: Նա ինչ-որ երգ էր մռմռում քթի տակ, մուրճի հարվածների տակտով, և վեր էր թռչում յուրաքանչյուր չկանխատեսված աղմուկից:

    Շաբաթ օրն ամեն ինչ սկսեց ձեռքից գնալ: Հարրիին ուղղված քսաներկու նամակները ներթափանցեցին տուն՝ ոլորած և թաքցրած քսաներկու ձվի մեջ, որ նրանց անչափ շփոթված կաթ-մածուն վաճառողը փոխանցեց մորաքույր Փեթունյային հյուրասենյակի լուսամուտից: Մինչ քեռի Վերնոնը փրփրած զանգում էր փոստատուն ու կաթի ֆաբրիկա մեկնումեկին բողոքելու, մորաքույր Փեթունյան նամակները մանրիկ կտորների վերածեց իր խոհանոցին կոմբայնի օգնությամբ:
    - Լավ, ո՞ւմ է այդքան պետք քեզ հետ կապվել... - Դադլին չկարողացավ զսպել իր զարմանքը:

    Կիրակի առավոտյան քեռի Վերնոնը նախաճաշի նստեց բավականին հիվանդ տեսքով, բայց երջանիկ:
    - Կիրակի փոստ չկա, - երջանկությունից շողալով հայտնեց նա՝ քսելով ջեմը լրագրի վրա, - ոչ մի գրողի տարած նամակ այսօր:
    Մինչ նա խոսում էր, խոհանոցի ծխնելույզով վզզալով ինչ-որ բան իջավ և, դուրս թռնելով, հարվածեց նրա վզակոթին: Հաջորդ վայրկյանին երեսուն-քառասուն նամակ կրակահերթի պես դուրս թռան բուխարիի միջից: Դուրսլիները թափվեցին հատակին, իսկ Հարրին սկսեց վեր-վեր թռչել՝ փորձելով բռնել գոնե մի նամակ:
    - Դո՛ւրս, ԴՈ՛՛՛ՒՐՍ, - քեռի Վերնոնը գրկեց Հարրիին գոտկատեղից և շպրտեց նախասրահ:
    Երբ մորաքույր Փեթունյան ու Դադլին նոււյնպես դուրս վազեցին՝ ձեռքերով իրենց դեմքը պաշտպանելով, քեռի Վերնոնը շրխկոցով փակեց դուռը: Նրանք դեռ լսում էին՝ ինչպես են նամակները խշշոցով լցվում սենյակ՝ պատերին ու հատակին հարվածելով:
    - Վերջ, հերիք է, - փորձելով հանգիստ խոսել, բայց, միևնույն ժամանակ մեծ-մեծ փնջերով պրճոկելով բեղերը, ասաց քեռի Վերնոնը, - հինգ րոպեից այստեղ լինեք՝ պատրաստ տնից դուրս գալու: Մենք հեռանում ենք: Միայն մի քանի կտոր շոր վերցրեք: Ոչ մի հակաճառությո՛ւն:
    Իր կիսատ-պռատ բեղերով նա այնպիսի վտանգավոր տեսք ուներ, որ ոչ ոքի մտտքով չանցավ մի բառ ասել:
    Մի քանի րոպե հետո նրանք մեխած դուռը կոտրել-հաղթահարելով նստել էին մեքենայի մեջ՝ ուղղվելով դեպի մեծ ճանապարհ:
    Դադլին հետևի նստարանին նստած թնկթնկում էր: Հայրը մի քանի անգամ խփել էր նրա գլխին սպասեցնելու համար. նա փորձել էր սպորտային պայուսակի մեջ տեղավորել իր հեռուստացույցը, տեսամագնիտոֆոնը և համակարգիչը:
    Նրանք գնում էին, գնում էին...
    Նույնիսկ մորաքույր Փեթունյան չէր համարձակվում հարցնել, թե ուր են գնում:
    Ժամանակ առ ժամանակ քեռի Վերնոնը կտրուկ շրջադարձ էր անում և քշում էր մեքենան հակառակ ուղղղությամբ:
    - Շփոթացնել...խառնել դրանց... - այդ անելու ընթացքում մրթմրթում էր նա:
    Նրանք ողջ օրվա ընթացքում չկանգնեցին՝ ուտելու կամ խմելու համար:
    Երեկոյանալիս Դադլին արդեն ոռնում էր: Նա ողջ կյանքում նման վատ օր չէր ունեցել: Քաղցած էր, բաց էր թողել հինգ հեռուստատեսային հաղորդում, որ պետք է նայեր և դեռ երբեք այսքան երկար ժամանակ չէր ապրել առանց իր համակարգչային խաղում թշնամի պայթեցնելու:


    շարունակելի


  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.04.2011), Moonwalker (02.04.2011), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  3. #17
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն

    Վերջապես քեռի Վերնոնը կանգնեց մեծ քաղաքի սահմանի մոտ՝ դժգույն տեսքով մի հյուրանոցի առաջ: Դադլիին և Հարրիին բաժին ընկավ մեկ սենյակ՝ զույգ անկողիններով և խոնավ, նամշահոտ սավաններով: Դադլին շուտով խռմփացնում էր, բայց Հարրին արթուն մնաց՝ լուսամուտագոգին նստած, աչքերը հառած երթևեկող մեքենաների լույսերին, մտածելով...
    Հաջորդ օրը նախաճաշին նրանք կերան ցախի համով եգիպտացորենի փաթիլներ ու պահածոյացված սառը լոլիկ՝ չորահացի վրա: Նոր էին վերջացրել, երբ հյուրանոցի տիրուհին մոտեցավ նրանց սեղանին:
    - Ներեցեք, բայց ձեր մեջ պրն. Հարրի Փոթեր կա՞: Մի հարյուր հատ սրանցից եմ ստացել:
    Նա պահեց նամակն այնպես, որ ծրարի վրա կարդացվի կանաչ թանաքով գրված հասցեն.

    Պրն Հարրի Փոթերին
    Սենյակ 17
    Հյուրանոց Ռեյլվյու
    Քոուքվորթ


    Հարրին փորձեց խլել նանակը, բայց քեռի Վերնոնը հարվածեց նրա ձեռքին. կինը պլշած նայում էր:
    - Ես կվերցնեմ նամակները, - ասաց քեռի Վերնոնը, հապճեպ տեղից վեր կացավ և կնոջ հետ դուրս եկավ ճաշարանից:

    - Ավելի լավ չէ՞ր լինի գնայինք տուն, սիրելիս,- մեղմիկ առաջարկեց մորաքույր Փեթունյան մի քանի ժամ հետո, բայց քեռի Վերնոնն ասես խլացել էր: Թե կոնկրետ ինչ էր նա փնտրում, որ ոք չէր հասկանում: Նա մեքենան քշեց անտառի խորքերը, դուրս եկավ, նայեց շուրջը, գլուխը դժգոհ տարուբերեց, վերադարձավ մեքենա և շարունակեց քշել: Նույն բանը կատարվեց վարած-մշակած դաշտի մեջ, կախովի կամրջի մեջտեղում և բազմահարկ ավկոկայանատեղիի վերևի հարկում:
    - Հայրիկը գժվել է, չէ՞,- կեսօրին մոտ բութ տեսքով հարցրեց Դադլին:
    Քեռի Վերնոնը մեքենան կայանել էր ծովափին, կողպել նրանց ներսում ու անհետացել:
    Անձրև սկսվեց: Մեծ-մեծ կաթիլները հարվածում էին մեքենայի ծածկին: Դադլին սկսեց կլանչել:
    - Այսոր երկուշաբթի է, “Մեծն ՈՒմբերտո”-ն են ցույց տալիս: Այնպիսի տեղ եմ ուզում մնանք, որ հեռուստացույց լինի:

    Երկուշաբթի: Սա Հարրիին ինչ-որ բան հիշեցրեց: Եթե երկուշաբթի էր (Դադլին հեռուստացույցի հետ կապված երբեք չէր սխալվում), ապա հաջորդ օրը, երեքշաբթի, իր տասնմեկերորդ տարեդարձն էր: Իհարկե, իր տարեդարձները հեռու էին եղել տոն լինելուց. անցյալ տարի, օրինակ, Դուրսլիները նրան նվիրել էին հագուստի կախիչ և քեռի Վերնոնի հին գուլպաների մի զույգ, բայց միևնույն է՝ ամեն օր չես դառնում տասնմեկ տարեկան:
    Քեռի Վերնոնը վերադարձավ՝ ժպիտը դեմքին: Նա հետը բերել էր երկարավուն, բարակ մի տուփ ու չպատասխանեց մորաքույր Փեթունյայի հարցին, թե ինչ է դրա մեջ:
    - Կատարյալ մի տեղ եմ գտել, - ասաց նա, - դո՛ւրս եկեք, բոլո՛րդ:
    Դրսում շատ ցուրտ էր: Քեռի Վերնոնն ինչ-որ բան ցույց տվեց հեռվում, ծովի մեջ, որ նման էր մեծ ժայռակտորի: Ժայռի գագաթին թառել էր մի աննկարագրելի խղճուկ ու խարխուլ հյուղակ: Մի բան հաստատ էր: Այնտեղ հեռուստացույց չկար:
    - Այս գիշերվա համար փոթորիկ է կանխատեսված,- աչքերը չարախինդ պլպլացրեց քեռի Վերնոնը՝ ձեռքի ափերն իրար զարկելով,- և այս պարոնը բարեսրտորեն համաձայնեց մեզ տրամադրել իր նավակը:
    Անատամ մի ծերուկ ճեմելով մոտեցավ նրանց և բավականին նենգ ժպիտով ցույց տվեց մետաղա-մոխրանույն ջրերի վրա վեուվար ճոճվող հինավուրց նավակը:
    - Ես արդեն սննդի հարցը լուծել եմ,- ասաց քեռի Վերնոնը,- այնպես որ՝ բոլորդ դեպի տախտակամա՛ծ:

    Նավակի վրա անտանելի սառնամանիք էր: Ծովի ջրի սառցե ցայտերն ու անձրևը հոսում էին նրանց օձիքներն ի վար, իսկ սառը քամին դաղում էր նրանց դեմքը: Ժամեր թվացած ճանապարհից հետո նրանք հասան ժայռաբեկորին, որտեղ քեռի Վերնոնը, սահելով ու սայթաքելով, տարավ նրանց դեպի կիսափուլ տնակը:
    Ներսում սոսկալի էր. ջրիմուռի ուժեղ հոտ էր գալիս, քամին վզզում էր փայտե պատերի ճեղքերից, իսկ բուխարին թաց էր և դատարկ: Երկու սենյակ կար:
    Քեռի Վերնոնի հայթայթած սնունդը, ինչպես պարզվեց, մեկական տուփ չիպսն էր յուրաքանչյուրի համար և չորս հատ բանան: Նա փորձեց կրակ բառել բուխարիում, բայց չիպսի դատարկ տուփերը պարզապես ծխացին ու ճլորվեցին:
    - Այ թե որտեղ պետք կգային նամակները, չէ՞,- ուրախ-զվարթ ասաց նա:
    Նա հիանալի տրամադրություն աւներ: Անկհայտորեն, նա համոզված էր, որ ոչ ոք ի վիճակի չի լինի այդ փոթորկին նամակ հասցնել իրենց, այն էլ՝ այդտեղ:
    Հարրին համամիտ էր մտքում, թեև դա իրեն բնավ չէր ուրախացնում:
    Գեշերը գալուն պես խոստացված փոթորիկը պայթեց նրանց շուրջը: Բարձր ալիքների շաղ տված ջուրը հարվածում էր հյուղակի պատերին, և կատաղի քամին դղրդացնում էր պատուհաննների կեղտոտ ապակիները:
    Մորաքույր Փեթունյան երկրորդ սենյակից գտավ բորբոսնած վերմակներ և դրանցով անկողին պատրաստեց Դադլիի համար՝ ցեցը կերած բազմոցի վրա: Նա և քեռի Վերնոնը գնացին մյուս սենյակ՝ քնելու գունդուկծիկներով անկողնու վրա, իսկ Հարրին Դադլիի հետ մնաց առաջին սենյակում՝ գտնելու հատակի ամենափափուկ հատվածը և կուչ գալու ամենաբարակ ու քրքրված վերմակի տակ:
    Փոթորիկն ավելի ու ու ավելի էր մոլեգնում գիշերվա հետ: Հարրին չէր կարողանում քնել: Նա դողում էր ու շուռումուռ գալիս՝ փորձելով հարմար դիրք գտնել դատարկ ստամոքսի դղրդյունի ներքո: Դադլիի խռմփոցը կորչում էր կայծակի խուլ որոտների մեջ, որ սկսվեցին կեսգիշերին մոտ: Նրա ժամացույցի լուսավորված սլաքները, որ երևում էին բազմոցի եզրից կախ ընկած փամփլիկ դաստակին, ասում էին Հարրիին, որ ինքը տասը րոպեից կդառնա տասնմեկ տարեկան: Նա պառկել և նայում էր, թե ինչպես է մոտենում իր տարեդարձը՝ մտածելով, թե Դուրսլիներն ընդհանրապես կհիշե՞ն դրա մասին, թե՞ ոչ, մտածելով, թե որտե՞ղ կլինի իրեն նամակներ գրողը հիմա:
    Հինգ րոպե մնաց: Հարրին ինչ-որ աղմուկ լսեց դրսից: Հուսաց, որ տանիքի փուլ գալու հետ դա կապ չունի, թեև այդպես գուցե ավելի տաք լիներ...Չորս րոպե: Գուցե երբ վերադառնան, Բաղեղի փողոցի տունն այնպես լցված լինի նամակներով, որ նա հաջողացնի մեկը գոնե ձեռք գցել...
    Երեք րոպե: Ծովի ձա՞յնն էր, որ զարնվում էր ժայռին այդքան ուժգին: Եվ այդ ի՞նչ (երկու րոպե) տարօրինակ ճարճատյուն էր լսվում: Ժայ՞ռն էր կտոր-կտոր լինում ծովի մեջ...
    Եվս մեկ րոպե և նա տասնմեկ է: Երեսուն վայրկյան...քսան... տասը...ինը...գուցե Դադլիին արթնացնի, թելուզ միայն բարկացնելու համար... երեք...երկու...մեկ....
    ԲՈ՛ՒՄ
    Ամբողջ խրճիթը ցնցվեց: Հարրին վեր թռավ, նստեց տեղում ու նայեց դռանը:
    Ինչ-որ մեկը ծեծում էր դուռը;


  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.01.2014), unknown (21.09.2014), Ամպ (28.01.2014), Նաիրուհի (28.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  5. #18
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԲԱՆԱԼԻՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆԸ



    ԲՈ՛ՒՄ, հարվածը կրկնվեց: Դադլին նույնպես վեր թռավ:
    - Թնդանոթի՞ց են կրակում,- ապուշ կտրած հարցրեց:
    Հետևից գլորվելու ձայն լսվեց, և քեռի Վերնոնը, սեփական թափը հազիվ կառավարելով, ներխուժեց սենյակ՝ հրացանը ձեռքին: Հիմա արդեն պարզ էր, թե ինչ էր երկարավուն փաթեթի մեջ:
    - Ո՞վ է, - գոռաց նա, - զգուշացնում եմ՝ ես զինված եմ:
    Մի պահ լռություն տիրեց, որից հետո՝ ԴԸԴԸ՜ԽԿ...
    Դռանը զարկեցին այնպիսի ուժով, որ այն իր ծխնիների հետ միասին դուրս թռավ տեղից ու անասելի աղմուկով տապալվեց հատակին:
    Հսկայահասակ մի մարդ էր կանգնած դռան մեջ: Նրա դեմքը գրեթե չէր երևում երկար, գզգզված մազերի ու վայրի, խճճված մորուքի մեջ, բայց անհնար էր չտեսնել մազերի արանքից սև բզեզների պես փայլող աչքերը:
    Հսկան մի կերպ խցկվեց ներս և գլուխը թեթևակի իջեցրեց. առաստաղին էր քսվում: Կռացավ, փետուրի պես վերցրեց գետնին ընկած դուռը և հագցրեց այն իր տեղը: Փոթորկի աղմուկը մի փոքր թուլացավ: Նա շրջվեց և հայացքով ընդրկեց բոլորին:
    - Կարայիք թեյ առաջարկեիք երևի, հա՞, ճամփես հեշտ չէր:
    Նա շարժվեց դեպի բազմոցը, որի վրա վախից չորացել էր Դադլին:
    - Տեղ տուր, չաղո, - ասաց անծանոթը:
    Դադլին ծղրտաց ու վազեց թաքնվելու մոր հետևում, որն իր հերթին վախից կուչ էր եկել քեռի Վերնոնի հետևում:
    - Էս էլ Հարրին, - ասաց հսկան:
    Հարրին նայեց նրա ահարկու, վայրի դեմքին ու տեսավ, որ հսկայի բզեզ-աչքերը պատել են ժպիտի կնճիռները:
    - Վերջի անգամ քեզ որ տեսա, պստիկ էիր լրիվ,- ասաց հսկան,- հայրկիդ ես նման, բայց աչքերդ մայրիկինն են:
    Քեռի Վերնոնը տարօրինակ դզդզացող աղմուկ հանեց կոկորդից:
    - Ես պահանջում եմ, որ դուք անմիջապես հեռանա՛ք, պարոն,- ձեր մուտքն այստեղ անօրինական է:
    - Օֆ, Դուրսլի, ձայնդ կտրի.. ա՛յ թափթփուկ, - նետեց հսկան, ձգվեց բազմոցի թիկնակի վրայով, քեռի Վերնոնի ձեռքից խլեց հրացանը, ծալեց-քարկապ գցեց այնպես, ասես այն ռետինից էր սարքված և շպրտեց սենյակի մի անկյունը:
    Քեռի Վերնոնը մեկ այլ ծիծաղելի աղմուկ արձակեց, ասես մուկ տրորած լինեին:
    - Հա, ինչ էի ասում, Հարրի, - մեջքը դարձրեց դեպի Դուրսլիները, - շնորհավոր ծնունդդ: Բան ունեմ քեզ համար մոտս, կարող է ինչ-որ պահի նստած լինեմ վրան, բայց համը հաստատ չի փոխվել:
    Իր սև վերարկուի ներսի գրպանից նա հանեց փոքր-ինչ ճխլված մի տուփ: Հարրին դողացող մատներով բացեց այն: Ներսում մեծ, շոկոլադե տորթ էր՝ վրան կանաչ սերուցքային կրեմով գրված՝ “Շնորհավոր ծնունդդ, Հարրի”:
    Հարրին նայեց հսկային: Նա ուզում էր ասել շնորհակալություն, բայց այդ բառը կորավ ինչ-որ տեղ ճանապարհին ու փոխարենը նրա բերանից դուրս թռավ՝
    - Ո՞վ եք դուք:


    Հսկան խնդմնդաց:
    - Հա, մոռացա ներկայանալ, Ռուբեուս Հագրիդ, Հոգվարթսի բանալիների և տարածքի պահապան:
    Նա մեկնեց իր ահռելի թաթը և թափահարեց Հարրիի թևը՝ մինչև ուսը:
    - Թեյ էի ուզել ոնց որ, հա՞, - ասաց՝ ձեռքերն իրար շփելով,- եթե ավելի պինդ բան առաջարկեք, չեմ հրաժարվի:
    Աչքն ընկավ դատարկ բուխարիին և դրա մեջ ճմռված չիպսի տուփերին. քմծիծաղ տվեց: Նա վեր կացավ և կռացավ բուխարու վրա: Հետևից չէր երևում, թե ինչ է նա անում, բայց երբ հետ քաշվեց մեկ վայրկյան հետո, այնտեղ ուրախ կրակ էր ճարճատում: Խոնավ հյուղակը լցվեց մարմրացող լույսով, և Հարրին զգաց, թե ինչպես է ջերմությունը պարուրում իրեն, ինչպես տաք լոգանք ընդունելիս:
    Հսկան նորից նստեց բազմոցին, որ աղիողորմ ճկվեց իր ծանրության տակ և սկսեց գրպանից տարբեր տեսակ բաներ հանել. պղնձե թեյաման, նրբերշիկների ճխլված մի տուփ, կրակխառնիչ, թեյաման, մի քանի ճաքած բաժակ և սաթագույն հեղուկով մի շիշ, որից հսկան մի կում արեց՝ մինչև թեյի պատրաստություն սկսելը:
    Քիչ անց խրճիթը լցվել էր տժտժացող նրբերշիկի ձայնով ու ախորժալի բուրմունքով: Ոչ ոք բառ չարտասանեց, մինչ հսկան ծավալել էր իր գործունեությունը, բայց երբ նա կրակխառնիչի վրայից սահհեցրեց առաջին վեց, թոթոլ, հյութեղ ու մի փոքր այրված նրբերշիկները, Դադլին անկառավարելի մի շարժում արեց:
    -Դադլի, դրա տված ոչինչը չվերցնես, - նետեց քեռի Վերնոնը:
    Հսկան մռայլ քմծիծաղ տվեց:
    - Քո գնդլիկ տղան էլ ավելի կլորանալու կարիք չունի, Դուրսլի, մի՛ խառնվի իրար:
    Նա փոխանցեց նրբերշիկները գայլի պես քաղցած Հարրիին, ում դրանք աշխարհի ամենահամեղ ուտելիքը թվացին, բայց նա միևնույն է, անկարող էր գոնե վայրկյան անգամ հայացքը հսկայի դեմքից կտրել:
    Վերջապես, երբ լիովին պարզ դարձավ, որ ոչ ոք ոչինչ չի պատրաստվում բացատրել, Հարրին ասաց.
    - Ներեցեք խնդրում եմ, բայց ես այդպես էլ չիմացա՝ դուք ով եք...
    Հսկան թեյի մի մեծ կում արեց և մաքրեց բերանը ափի հակառակ կողմով:
    - Ինձ Հագրիդ ասա, բոլորն են այդպես կանչում, - և ինչպես ասացի՝ ես Հոգվարթսի բանալիների պահապանն եմ: Դե դու իհարկե ամեն ինչ գիտես Հոգվարթսի մասին...”
    - Ըըը.. ոչ, - ասաց Հարրին:
    Հագրիդի տեսքը մեղմ ասած զարմացած էր:
    - Ներեցեք,- շտապեց արդարանալ Հարրին:
    - Ներեցե՞ք, - որոտաց Հագրիդը և շրջվեց դեպի Դուրսլիները, որոնք հետ-հետ գնացին դեպի ստվերը, - էդ սրանք պետք է ներողություն խնդրեն... ես գիտեի, որ դու նամակներդ չես ստանում, բայց մտքովս չէր անցնի, որ դու ոչինչ չգիտես Հոգվարթսի մասին: Երբեք չե՞ս մտածել՝ ծնողներդ այդ ամենը որտեղ են սովորել:
    - Ո՞ր ամենը,- Հարրին բան չէր հասկանում:
    - ՈՐ ԱՄԵ՞ՆԸ,- ճայթեց Հագրիդը, - սպասիր մի րոպե...
    Նա ոտքի ցատկեց: Կատաղության ալիքը նրան երկու անգամ ավելի խոշոր ցույց տար ասես: Դուրսլիները ծեփվել էին պատին:
    - Դուք ուզում եք ինձ ասած լինել, որ էս երեխան ոչ մի բան չգիտի՞, ՈՉ ՄԻ ԲԱ՞Ն:
    Հարրին փոքր-ինչ չափազանցություն նկատեց կատարվողի մեջ: Ի վերջո ինքը գնում էր դպրոց և գնահատականներն էլ վատը չէին:
    - Ես գիտեմ որոշ բաներ, - ասաց, - մաթեմաթիկա գիտեմ մի քիչ ու նման բաներ...
    Հագրիդը թափահարեց ձեռքն ու ասաց.
    - Ես նկատի ունեմ՝ մեր աշխարհի մասին: Իմ աշխարհի, քո աշխարհի... քո ծնողների աշխարհի:
    - Ի՞նչ աշխարհ...
    Հագրիդն ակնհայտորեն պայթելու վրա էր:
    - ԴՈ՛ՒՐՍԼԻ,- դղդրդաց նա
    Քեռի Վերնոնը, որի դեմքին գույն չէր մնացել, ինչ-որ բան շշնջաց, որ շատ նման էր «դեբաբուգուգուդա»-ի:
    Հադրիդը բարկացած հայացքը հառեց Հարրիին:
    - Բայց դու պե՛տք է իմանաս քո հոր ու մոր մասին, - այսինքն, նկատի ունեմ, նրանք ճանաչված են...դո՛ւ ես ճանաչված:
    - Ի՞նչ... ոչ.... իմ հայրն ու մայրը հայտնի չեն եղել...
    - Դու չգիտես... ոչ մի բան չգիտես... - Հագրիդն, իրեն կորցրած, մատները խրեց մազերի մեջ ու հայացքը մեխեց Հարրիի վրա:
    - Դու չգիտե՞ս, թե դու ով ես, - վերջապես հարցրեց նա:
    Քեռի Վերնոնը հանկարծ հիշեց, որ ինքը ձայն ունի:
    - Վե՛րջ,- հրամայեց նա,- հենց հիմա լռե՛ք, պարոն, ես արգելում եմ ձեզ որևէ բան ասել այդ տղային:
    Դուրսլիից շատ ավելի անվախ մարդը նույնիսկ կդողար Հագրիդի հայացքից. երբ նա խոսեց, յուրաքանչյուր արտասանած վանկը դողում էր կատաղությունից:
    - Դուք երբեք նրան չե՞ք ասել: Չե՞ք ասել՝ ինչ էր նամակում, որ Դամբլդորը թողել էր իր համար: Ես այնտեղ էի, ես իմ աչքով տեսա՝ ինչպես Դամբլդորը թողեց այն, Դո՛ւրսլի: Ու դու թաքցրե՞լ ես Հարրիից ամեն ինչ մինչև հիմա:
    - Ի՞նչ է թաքցրել, - Հարրին անհամբեր հարցրեց:
    - Լռե՛ք, ես ձեզ ԱՐԳԵԼՈ՛ՒՄ ԵՄ,- իրեն կորցրած ճղճղաց քեռի Վերնոնը:
    Մորաքույր Փեթունյան սարսափից դադարել էր շնչել:
    - Ախ, կորեք երկուսդ էլ, հիմարագլուխներ, - նետեց Հադրիդն ու դարձավ Հարրիին,- դու կախարդ ես, Հարրի:
    Խրճիթում քար լռություն տիրեց: Միայն ծովի և քամու ձայնն էր լսելի:



    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 29.01.2014, 01:30:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (29.01.2014), Chuk (29.01.2014), ivy (29.01.2014), unknown (21.09.2014), Արամ (14.02.2014), Նաիրուհի (29.01.2014), Տրիբուն (14.02.2014)

  7. #19
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն

    - Ես... ի՞նչ եմ...- Հարրիի ծնոտը կախ ընկավ:
    - Կախարդ, էլ ի՞նչ, - ասաց Հագրիդն ու նորից նստեց բազմոցին, որն ավելի խորը փոս ընկավ, - ու կարգին լավ կախարդ, ես կասեի, եթե մի քիչ պարապես: Էն ծնողները, որ դու ունեիր, ուրիշ բան չի էլ կարա լինի: Ու ոնց որ թե ժամանակն է, որ էդ նամակը կարդաս վերջապես:
    Հարրին, դեռ չհավատալով կատարվողին, ձեռքը մեկնեց՝ վերցնելու դեղնավուն ծրարը, որի վրայի զմրուխտե կանաչ թանաքով գրված բառերն ասում էին.

    Հարրի Փոթերին
    Խրճիթի սառը հատակ
    Ժայռի կատարին թառած տուն
    Ծով


    Նա ծրարից հանեց նամակն ու կարդաց.

    ԿԱԽԱՐԴՈՒԹՅԱՆ ՈՒ ՄՈԳՈՒԹՅԱՆ ՀՈԳՎԱՐԹՍ ԴՊՐՈՑ
    Տնօրեն՝ Ալբուս Դամբլդոր
    (Մերլինի անվան առաջին աստիճանի կոչում, Կախարդների միջազգային կոնֆեդերացիայի գերագույն մոգ)


    Սիրելի պարոն Փոթեր
    Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ դուք ընդունվել եք Կախարդության և մոգության Հոգվարթս դպրոցը:
    Նամակում ներառված է ձեզ անհրաժեշտ գրքերի և պարագաների ցուցակը: Կիսամյակը սկսվում է սեպտեմբերի մեկին: Ձեր բուին սպասում ենք հուլիսի 31-ից ոչ ուշ:
    Սիրով ձեր՝

    Միներվա Մաքգոննագալ
    Տնօրենի տեղակալ




    Հարրիի գլխում հրավառության պես պայթեցին հարցերը, և նա չէր կարողանում կողմնորոշվել՝ առաջինը որ հարցը տա: Վերջապես նա մրմնջաց.
    - Ի՞նչ է նշանակում՝ նրանք կսպասեն իմ բուին:
    - Գժված Գորգոններ... մոռացել էի, - ասաց Հագրիդը՝ ձեռքը ճակատին խփելով այնպիսի ուժով, որ կառքին լծված ձիուն գետնին կտապալեր և իր վերարկուի մեկ այլ գրպանից հանեց մի բու, իսկական,կենդանի, բավականին գզգզված տեսքով բու, երկար մի փետուր, և մագաղաթի կտոր: Լեզուն ատամների արաքում սեղմած նա սկսեց գրել. Հարրին գլխիվայր կարդում էր.

    Սիրելի պրոֆեսոր Դամբլդոր
    Հարրին ստացավ իր նամակը:
    Վաղը հետս տանում եմ իր համար գրքեր ու պարագաներ առնելու:
    Եղանակն ահավոր է: Հուսով եմ՝ դուք լավ եք:

    Հագրիդ


    Հագրիդը գլանաձև ոլորեց թղթի կտորը, մեկնեց բուին, որը սեղմեց այն իր կտուցի մեջ: Հետո նա վեր կացավ բազմոցի վրայից, գնաց դեպի դուռը, փոքր-ինչ տեղաշարժեց այն և բուին շպրտեց փոթորկի մեջ: Հետո վերադարձավ ու նստեց այնպես, ասես կատարվածը նույնքան նորմալ էր, որքան հեռախոսով խոսելը:
    Հարրին հանկարծ հասկացավ, որ այդ ողջ ընթացքում բերանը բաց է եղել և շտապեց փակել այն:
    - Ո՞ւր էի հասել, - հարցրեց Հագրիդը, բայց այդ պահին քեռի Վերնոնը, որի դեմքը դեռ մոխրագույն էր ու բարկացած, քայլ արեց դեպի բուխարիի կրակի տված լույսը.
    - Նա ոչ մի տեղ չի գնում:
    - Անհամբեր եմ տեսել, թե քո պես մեծն մագլն ինչպես է իրեն խանգարելու:
    - Ո՞վ,- Հարրիին հետաքրքեց անծանոթ բառը:
    - Մագլ,- ասաց Հագրիդը, - մենք այդպես ենք անվանում ոչ-կախարդներին: Ու քո բախտը չի բերել ապրել նրանցից ամենաանհաջողների ընտանիքում:
    - Երբ մենք վերցրինք նրան, երդվեցինք վերջ դնել այդ տխմարությանը: Որ իր միջից դուրս կհանենք այդ...կախարդությունը..
    - Դուք գիտեի՞ք...- հարցրեց Հարրին,- դուք գիտեի՞ք, որ կախարդ եմ...
    - Գիտեի՞նք, - անսպասելի ծղրտաց մորաքույր Փեթունյան,- գիտեինք... Իհա՛րկե մենք գիտեինք: Ինչպե՞ս կարող էի չիմանալ` իմ անիծյալ քույրն աչքներիս առաջ, այդպիսին... ինչպիսին ինքը կար: Նա էլ էր այդ նամակից ստացել ու անհետացավ դրանից հետո... այդ դպրոցը գնաց... ու միայն արձակուրդներին էր գալիս՝ գրպանները լցված գորտի ձվերով, թեյի բաժակները առնետ էր դարձնում... Միայն ես էի տեսնում նրա իսկական դեմքը՝ հրե՛շ: Բայց հորս ու մորս համար՝ օհ ո՜չ... Լիլին սա արեց, Լիլին նա արեց... նրանք հպարտ էին, որ տանը կախարդուհի կա:
    Նա մի պահ կանգ առավ, խորը շունչ քաշեց ու շարունակեց բառերի տարափը: Ըստ երևույթին՝ տարիներ շարունակ արտահայտվելու կարիք էր մեջը կուտակվել:
    - Հետո իր այդ դպրոցում նա հանդիպեց Փոթերին... գնացին ամուսնացան ու քեզ ունեցան: Ու ես իհարկե գիտեի, որ դու էլ այդպիսին կլինես, նույն տարօրինակը... նույն աննորմալը: Հետո նրան ոչնչացրին ու դու մնացիր մեզ վրա:
    Հարրիի դեմքը թղթի պես սպիտակ էր: Հենց զգաց, որ կարող է ձայնը կառավարել, ասաց.
    - Ոչնչացրի՞ն... դուք ինձ ասել եք, որ ծնողներս ավտովթարից են զոհվել...
    - Ավտովթա՞ր, - Հագրիդն այնպես գոռաց ու վեր թռավ, որ Դուրսլիները հետ գլորվեցին իրենց մութ անկյունը,- ինչպե՞ս կարող էին Լիլի ու Ջեյմս Փոթերները ավտովթարից մահանալ, սա խայտառակությո՛ւն է: Հարրի Փոթերը չիմանա իր պատմությունը, երբ մեր աշխարհում չկա մի երեխա, որ չգիտի իր անունը:
    - Բայց ինչո՞ւ գիտեն, ի՞նչ է կատարվել, - Հարրին հարցրեց՝ համբերությունը կորցնելով:
    Հագրիդի դեմքը հանկարծ փոխվեց. բարկությունը փոխվեց շփոթմունքով ու տագնապով;
    - Ես չէի ապասում սա...- ասաց նա ցածր, անհանգիստ ձայնով, - երբ Դամբլդորն զգուշացնում էր, որ քեզ վերցնելը բարդ խնդիր է լինելու, ես պատկերացում անգամ չունեի, թե դու ինչքան բան չգիտես... Օֆ Հարրի, չգիտեմ՝ ես ճի՞շտ մարդ եմ քեզ այդ ամենը պատմելու համար թե՞ ոչ, բայց ինչ-որ մեկը պետք է պատմի... դու չես կարող Հոգվարթս գնալ՝ առանց իմանալու:
    Նա զզվանքով լի հայացք նետեց Դուրսլիների կողմը:
    - Լավ կլինի, որ գոնե իմանաս այն, ինչ ես կարող եմ ասել, իսկ ես ամեն ինչ ասել չեմ կարողանա... կատարվածի մեծ մասը դեռ առեղծված է...
    Նա նստեց, մի քանի վայրկյան անթարթ նայեց կրակին, հետո ասաց:
    - Ամեն ինչ սկսվում է մեկից, որի անունն է... բայց ախր ո՞նց կարող ես դու իր անունը չիմանալ, բոլորը գիտեն մեր աշխարհում...
    - Ո՞վ է:
    - Դե... ես չեմ սիրում իր անունը տալ... եթե կարող եմ չտալ. ոչ ոք չի սիրում:
    - Բայց ինչո՞ւ:
    - Գարգուլյայի գլուխ... մարդիկ մինչև հիմա վախեցած են, Հարրի... գրողը տանի, ինչ դժվար է... Սենց էր: Մի կախարդ կար, որ... վատը դառավ: Այնքան վատ, ինչքան հնարավոր է: Ավելի վատ... վատից էլ վատ: Նրա անունը...- Հագրիդը թուքը կուլ տվեց ու բառերը լռվեցին կոկորդում:
    - Գուցե գրե՞ք, - Հարրին առաջարկեց:
    - Չէ... չգիտեմ՝ ոնց է գրվում: Լավ, ասեմ...Վոլդեմորտ էր անունը, - Հագրիդի մարմնով դող անցավ, - էլ չստիպես կրկնել: Ինչ էի ասում... էս կախարդը, մոտ մի քսան տարի առաջ սկսեց հետևորդներ ման գալ: Ու գտավ... Մի մասը վախից միացավ, մնացածը նրա ուժի մի մասնիկն էին ուզում ունենալ, որովհետև նա քանի գնում՝ ավելի հզոր էր դառնում, էդ մեկը հաստատ...Մութ օրեր էին, Հարրի: Չգիտեիր՝ ում վստահել, չէիր համարձակվում մտերմանալ անծանոթ կախարդների ու կախարդուհիների հետ... սոսկալի բաներ էին կատարվում: Նա հաղթում էր: Իհարկե, եղան մարդիկ, որ դեմ գնացին իրեն... ու նա սպանեց այդ մարդկանց: Սարսափելի դաժանությամբ... Ամենաապահով տեղերից մեկը մնացել էր Հոգվարթսը: Կարծում եմ՝ Դամբլդորը միակն էր, ումից... Դու գիտես ով վախենում էր: Չհամարձակվեց գնալ դպրոցի վրա, ոչ էն ժամանակ, համենայն դեպս:


    շարունակելի

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.01.2014), unknown (21.09.2014), Արամ (14.02.2014), Տրիբուն (14.02.2014)

  9. #20
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ու քո հայրն ու մայրն իմ իմացած ամենալավ կախարդներն էին: Հոգվարթսի իրենց դասարանի ավագները: Զարմանալի է, թե ինչու Դու Գիտես Ով հենց սկզբից չէր փորձում նրանց իր կողմը քաշել: Հավանաբար գիտեր, որ նրանք շատ մոտ են Դամբլդորի հետ՝ որպեսզի Մութ Կողմն անցնեն: Բայց հետո նա երևի որոշեց համոզել ծնողներիդ... կամ պարզապես հեռացնել նրանց իր ճանապարհից: Մի բան է հայտնի, որ նա հայտնվել էր այն գյուղում, որտեղ դուք էիք ապրում, տասը տարի առաջ, Հելոուինի օրը: Դու ընդամենը մեկ տարեկան էիր: Նա մտել էր ձեր տուն և... և...- Հագրիդը հանկարծ մի կեղտոտ, պուտիկավոր թաշկինակ հանեց գրպանից ու շեփորի ձայն հիշեցնող աղմուկով քիթը մաքրեց մեջը:
    - Կներես, - ասաց, բայց ահավոր տխուր է... ես գիտեի հորդ ու մորդ ու չկար իրենց պես լավ մարդ... մի խոսքով... Դու Գիտես Ով սպանեց նրանց: Ու հետո... ու հենց սա է ամենամեծ առեղծվածը... նա փորձցեց քեզ էլ սպանել: Ենթադրում եմ, որ ուզում էր մաքուր գործ արած լինել, հետևից բան չթողնել... կամ ինչ գիտեմ, գուցե ուղղակի սպանել էր սիրում: Բայց նա չկարողացավ այդ անել... երբևէ մտածե՞լ ես՝ այդ սպին ինչպես է հայտնվել ճակատիդ: Դա սովորական կտրածի սպի չի: Դա լինում է այն ժամանակ, երբ չար անեծքի ուժը կպչում է քեզ... այդ անեծքը կարողացավ ծնողներիդ սպանի, ձեր տունը հողին հավասարեցնի, բայց քո վրա չազդեց... դրա համար ես դու այդքան ճանաչված: Հարրի, ոչ ոք կենդանի չէր մնում այն բանից հետո, երբ Դու Գիտես Ով որոշում էր վերացել նրանց, ոչ ոք բացի քեզնից, ու նա կարողացավ իր ժամանակվա լավագույններին վերացնել...Մաքքինոններին, Բոունս ընտանիքին, Փրուեթներին... իսկ դու ընդամենը երեխա էիր ու կենդանի մնացիր:
    Հարրիի գլխում շիլաշփոթ էր: Հենց Հագրիդի պատմությունը մոտեցավ ավարտին, նա նորից մտովի տեսավ կանաչ լույսի կուրացնող շողարձակումը, նույնիսկ ավելի հստակ, քան նա առաջ հիշում էր և իր կյանքում առաջին անգամ նա մեկ ուրիշ բան ևս հիշեց. բարձր, սառը ու դաժան ծիծաղ...
    Հագրիդը տխուր նրան էր նայում.
    - Ես իմ ձեռքերով քեզ ձեր տան ավերակների միջից հանեցի, Դամբլդորի հրամանով: Քեզ բերեցի սրանց մոտ...
    - Ցնդաբանությո՛ւն,- գոռաց քեռի Վերնոնը:



    Հարրին վեր թռավ: Նա հասցրել էր մոռանալ, որ Դուրսլիներն այնտեղ են: Քեռի Վերնոնն ասես նորից վերգտել էր իր արիությունը: Նա կատաղած նայում էր Հագրիդին՝ բռունցքները սեղմած:
    - Հիմա էստեղ լսիր, տղա, - ատամները կրճտացրեց նա, - ես ընդունում եմ, որ քո մեջ տարօրինակ բան կա, բայց ոչ մի նման բան, որ լավ ջարդդ տալուց հետո չանցնի-գնա, իսկ ինչ վերաբերում է ծնողներիդ՝ նրանք աննորմալ էին, անհերքելի է դա, ու իմ կարծիքով աշխարհն առանց իրենց շատ ավելի լավն է: Նրանք ստացան այն, ինչին արժանի էին... կախարդ-կախարդ էին խաղում... ես ոչ մի ուրիշ բան չէի էլ սպասում, նրանց վերջը դա էր...
    Հադրիգը վեր կացավ բազմոցի վրայից ու վերարկուի գրպանից վարդագույն, մաշված մի անձրևանոց հանեց:
    Թրի պես պահելով այն քեռի Վերնոնի վրա՝ նա ասաց՝
    - Եվս մեկ խոսք, Դուրսլի, և ես քեզ խոստանում եմ...
    Մորուքավոր հսկայի անձրևանոցի կողմից ծակծվելու վտանգից քեռի Վերնոնի արիությունը նորից կորավ անհայտ ուղղությամբ: Նա նորից ծեփվեց պատին ու ձայնը կտրեց:
    - Այ այսպես լավ է,- ասաց Հագրիդը՝ ծանր շնչելով և տեղավորվելով բազմոցի վրա, որն այս անգամ իջավ մինչև սառը գետինը: Իսկ Հարրին հարյուր հատ հարց ուներ տալու:
    - Բայց ի՞նչ եղավ Վոլ... կներեք, Դուք Գիտեք Ում հետ:
    - Լավ հարց էր, Հարրի... անհետացավ: Գոլորշիացավ: Այդ նույն գիշերը, երբ փորձեց սպանել քեզ... ու դա քեզ ավելի հայտնի է դարձնում: Ամենամեծ առեղծվածն է: Նա իր հզորության գագաթնակետին էր... ո՞ւր կորավ... Մարդ կա՝ ասոււմ է՝ մեռել է... ախմախություն: Նրա մեջ մարդկային բան չէր մնացել, որ կարողանար մեռնել: Ասում են նաև, որ նա ինչ-որ տեղ թաքնված՝ սպասում է հարմար ժամանակի, բայց ես դրան էլ չեմ հավատում: Նրա հետևորդները վերադարձան մեր կողմը: Նրանցից ոմանք ասես տրանսից դուրս գային... եթե վերադառնալու լիներ՝ չէին կարողանա, կմնային իր ազդեցության տակ: Մեծ մասը մտածում է, որ նա պատսպարվել է մի տեղ՝ հզորությունը կորցրած: Չափազանց թույլ, որպեսզի կարողանա ոտքի կանգնել: Որովհետև քո մեջ եղած ինչ-որ բան նրա վերջը տվեց, Հարրի: Այդ գիշերվա կատարվածին նա պատրաստ չէր եղել... չգիտեմ՝ ինչ էր եղել, ոչ ոք չգիտի... բայց դա իր ուժերից վեր մի բան է եղել, դա հաստատ...
    Հագրիդը նայեց Հարրիին՝ հայացքում ջերմություն ու հարգանք, բայց Հարրին, շոյված ու հպարտ զգալու փոխարեն քանի գնում ավելի էր համոզվում, որ մի սխալ բան կա: Ահավոր սխալ: կախար՞դ, Ի՞նքը: Ախր անհնարին էր դա: Որքան իրեն հիշում էր՝ Դադլին իրեն ճնշել էր, իսկ մորաքույր Փեթունյան ու քեռի Վերնոնը՝ կյանքը դժոխքի էին վերածել... եթե իսկապես կախարդ էր ինքը, ինչո՞ւ նրանք զզվելի դոդոշների չէին վերածվում, երբ կողպում էին իրեն իր խորդանոց-սենյակում; Եթե նա ի վիճակի է եղել մի օր տապալել աշխարհի ամենահզոր կախարդին, ինչպե՞ս էր Դադլին կարողանում իրեն ֆուտբոլի գնդակի պես ոտքի տակ առնել ու այսուայն կողմ նետել:
    - Հագրիդ, ասաց նա հանգիստ, - ինձ թվում է դուք սխալվել եք, ես չեմ կարող կախարդ լինել:


    շարունակելի

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (15.02.2014), ivy (15.02.2014), unknown (21.09.2014), Տրիբուն (14.02.2014)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փիլիսոփայական հարցերի շուրջ բանավեճեր
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 314
    Վերջինը: 06.06.2014, 15:02
  2. Ռուսական ռոքային, կամ փիլիսոփայական երաժշտություն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 23.03.2014, 21:19
  3. Հարրի Փոթերը և Փիլիսոփայական Քարը։ (Քննարկումներ)
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 27.01.2014, 01:12
  4. 20. Հարրի Փոթթեր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 28
    Վերջինը: 07.04.2011, 14:50
  5. Քարը (տուֆ քարը)
    Հեղինակ՝ Simon, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 08.12.2006, 18:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •