Կալանավորվել է «Հայկական Ժամանակ»-ի լրագրող Հայկ Գեւորգյանը
03.02.12
Լուսանկարը Հասմիկ Սմբատյանի
Այսօր առավոտյան կալանավորվել է «Հայկական Ժամանակ»-ի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը: Նրան նախ տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնականի բաժին, իսկ հետո՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ըստ դեռեւս չհաստատված տեղեկությունների լրագրողը կասկածվում է ինչ-որ ավտովթարին մասնակից լինելու համար:
Հայկ Գեւորգյանի փաստաբան Վահե Գրիգորյանը Ոստիկանությունում չի կարողացել պարզել, թե հատկապե ինչի համար է կալանավորվել լրագրողը: Փաստաբանը կարողացել է տեսնել Հայկին եւ համոզվել, որ նրա հետ ամեն ինչ կարգին է:
Փաստաբանը պարզել է, որ Հայկ Գեւորգյանը հետախուզման մեջ է հունվարի 23-ից: Լրագրողը ոստիկանությունից չի թաքնվել եւ տեղյակ էլ չի եղել, որ ինքը հետախուզվում է: Հայկն ամեն օր աշխատանքի է գնացել ու անգամ, ասենք, կառավարության շենք է մտել եւ դուրս եկել: Թե ինչու է նա հատկապես այսօր կալանավորվել, պարզ չէ:
«Հայկական Ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարում, որ Հայկի կալանավորումը կարող է կապված լինել նրա մասնագիտական գործունեության, մասնավորապես, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին հրապարակումների հետ:
Աղբյուրը՝ http://media.am/hayk-gevorgyan-arrested
Էջանիշներ