Ռուս ոստիկանը կրակել է հայ վարորդի վրա. ուղևորները շոկի մեջ են
Սանկտ Պետերբուրգում՝ Մարիինսկի թատրոնի մոտ, ոստիկանը կրակ է բացել երթուղային ավտոբուսի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է ազգությամբ հայ վարորդը։ Նա ստացել է հետույքի վնասվածք։ Ուղևորները լուրջ շոկ են ապրել, նրանք մտադիր են դիմել դատախազություն՝ բողոքելով ոստիկանի դեմ։ Մինչդեռ վերջինը պնդում է, որ վարորդն ինքն է նախահարձակ եղել։ Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ, տեղի ժամանակով ժամը 18-ի սահմաններում։ Golden Dragon ընկերության № 350 ավտոբուսի վարորդը կանգնել է Խառլամովի կամրջի մոտ՝ ճանապարհի երկրորդ գծում, և իջեցրել ուղևորներից մեկին։ Ճանապարհային կանոնների խախտումը նկատել է ավտոբուսի հետևից ընթացող Chevrolet մակնիշի մեքենայի ոստիկան վարորդը։ Ըստ ուղևորների՝ նա դուրս է եկել մեքենայից, սկսել է անվայելուչ խոսքեր և հայհոյանքներ տեղալ վարորդի հասցեին, վերցրել է ատրճանակն ու կրակել նրա վրա։
Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է Մարիինսկի թատրոնի մոտ, որտեղ, ըստ ականատես ուղևորների, ոստիկանը 12 անգամ կրակել է ավտոբուսի վրա (ենթադրվում է՝ ռետինե գնդակներով)։
Այնուհետև քաղաքացիական հագուստով ոստիկանը քարշ տալով ավտոբուսից դուրս է բերել ազգությամբ հայ վարորդին, հարվածել նրան և հետո կրակել նրա վրա։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, ովքեր ողջունել են իրենց գործընկերոջը՝ ոստիկանին, զրուցել, ծիծաղել, հավաքել պարկուճները, ոստիկանական բաժանմունք տարել վարորդին և ուղևորներին, ովքեր փորձել են պաշտպանել վարորդին։
Սակայն ներքին գործերի պետական վարչության հետաքննության վարկածը խիստ տարբերվում է ականատես ուղևորների ցուցմունքներից։ Ոստիկանությունում պնդում են, թե վարորդն է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, վիճել ոստիկանի հետ, վիրավորել և նույնիսկ ծեծել նրան։
Ազգությամբ հայ վարորդ Արթուր Բ.-ի դեմ կարող է հարուցվել քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ինչպես մեկնաբանել է ներքին գործերի պետական վարչության աշխատակիցներից մեկը, «բոլորն էլ գիտեն, թե ինչպես են մեքենա վարում մեր քաղաքում ծագումով կովկասցի վարորդները։ Մեր փողոցներում հարկավոր է հետևել կանոններին և հանգիստ մնալ, երբ նկատողություն ես ստանում։ Սա Երևանը չէ, սա Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքն է...»։
Ավտոբուսի ուղևորները մտադիր են դիմել դատախազություն՝ ոստիկանին պատժելու պահանջով։ Ըստ նրանց՝ մոտակա շենքի բնակիչներից մեկը նկարահանել է վիճաբանությունը սկզբից մինչև վերջ, և նրանք կարող են ներկայացնել այդ ապացույցը։
Էջանիշներ