Երեկ` սեպտեմբերի 6-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես Արարատի մարզից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել 34-ամյա Ռոզա Ալոյանը, ով բնակվում է Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 69 շենքում: Նա ոստիկաններին հայտնում է, որ սավանի միջոցով խեղդամահ է արել իր երկու տղա երեխաներին` 6-ամյա Վարդանին և 4-ամյա Հայկին:
Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սևան Քոչարյանի, օպեր գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքում, բաժանմունքի պետ Անդրանիկ Մնացականյանի կողմից ստեղծվում է քննչական խումբ: Քննիչ Արթուր Ավետիսյանի կողմից, հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանություն):
Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննությունները: Դեպքի վայրում է եղել նաև, Արարատի մարզի դատախազության, ավագ դատախազ Սարգիս Մալխասյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Արարատ քաղաքի նշված շենքի հարևանները, ովքեր չեն ցանկացել ներկայանալ, ֆոտոլրագրողին պատմել են, որ իրենք դեպքի վերաբերյալ որոշ խոսակցություններ են լսել հենց գիշերը, երբ այնտեղ են եղել մեծ թվով ոստիկաններ և բժիշկներ:
Նրանց խոսքերով մայրը սկզբից տանը կախել է մեծ տղային. 6-ամյա Վարդանը փորձում է դիմադրություն ցույց տալ, որպեսզի մայրը չկախի իրեն: Սակայն մայրը ձեռքով փակում է մեծ որդու բերանը և կախում է նրան: Կախելուց հետո երկու ժամ տղան մնում է կախված վիճակում:
Այդ ընթացքում փոքր որդին` 4-ամյա Հայկը, ըստ հարևանների պատմածի, մորը խնդրել է. «Մա՛մ ջան, ինձ Վարդանի նման չկախես էլի, ինձ Վարդանի օրը չգցես», մայրն էլ պատասխանել է. «Չէ, բալա ջան, քեզ հետ ես նման բան չեմ անի»:
Սակայն 34-ամյա Ռոզան քիչ անց փոքր որդուն ևս կախում է, այս անգամ` տան ուրիշ հատվածում. 4-ամյա Հայկին մայրը ևս երկու ժամ թողնում է կախված վիճակում, ինչից հետո իջեցնում է որդիներին և պառկեցնում մահճակալի վրա` իրար կողք ու վերմակով ծածկում, ապա ինքը դուրս է գալիս տանից:
Հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են նաև, որ Ռոզայի` մարդասպան մոր հայրը` Հակոբը, 1989 թվականին ոսկու կորզիչ ֆաբրիկայի (ԶՈԴ) բանավանում, կացինով սպանել էր իր կնոջը` Շողիկ Ալոյանին, և սպանությունը տեղի է ունեցել, այն ժամանակ 10-ամյա Ռոզայի, նրա քույրերի և եղբոր՝ Հովհաննեսին ներկայությամբ, որն էլ մի քանի տարի առաջ ինքնասպան է եղել, բանտում: Հակոբ Ալոյանը սպանության համար դատապարտվել էր երկար տարիների ազատազրկման:
Հարևանները հայտնել են նաև, որ երբ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի օպերատիվ-քննչական խումբը ժամանել է հանցագործության վայր և ներս է մտել տուն, ոստիկանական համազգեստով և քաղաքացիական հագուստով իրավապահներ, տեսնելով կատարվածը, բարձր ձայնով լաց են եղել:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ իրավապահները մարդասպան մոր տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ հոգևորական գրականություն` տարբեր աղանդների պատկանող:
Գագիկ Շամշյանը ևս մեկ դրվագ է փոխանցում. սեղանին է դրված է եղել մանկական Աստվածաշունչը, որը բացված է եղել այն էջը, որտեղ գրված է եղել. «Հիսուսը օրհնում է երեխաներին»:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ մարդասպան մայրը մեծացել է Գավառի մանկատանը, իսկ մարդասպանության վայր դարձած բնակարանը պետական ծրագրով, որպես ծնողազուրկ ստացել է պետությունից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
http://news.armeniatv.com/2011/09/մա...�նչափահ/
Էջանիշներ